(Մարկոս 7:20-23)
«Եվ ասում էր Թե մարդիցը դուրս եկողն է պղծում մարդուն: Որովհետև ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, և մարդին պղծում:»
Մարդիկ մոլորված են և ապրում են իրենց երևակայության ներքո
Ո՞վ կարող է փրկվել
Նա, ով կարծում է իրեն ամենամեղավորը
Նախ և առաջ ուզում եմ ձեզ մի հարց տալ: Ի՞նչ եք կարծում ձեր մասին: Կարծում եք, որ լա՞վն եք, թե` վատը: Ի՞նչ եք կարծում:
Բոլոր մարդիկ ապրում են իրենց երևակայություններով: Դուք միգուցե այնքան վատը չեք, որքան կարծում եք, և ոչ էլ այնքան լավը, որքան կարծում եք:
Ապա ձեր կարծիքով, ո՞վ է ապրում իրական հավատքի կյանքով: Նա, ով իրեն կարծում է լավ մարդ, թե՞ նա, ով կարծում է իրեն վատ:
Դա վերջին տարբերակը ներկայացնող մարդն է: Թույլ տվեք մեկ այլ հարց ուղղեմ ձեզ: Ո՞վ է հավանական, որ կփրկվի: Մեկը, որ շատ մեղքեր է գործել, թե՞ նա, ով քիչ մեղքեր է գործել: Այն մարդը, որն ընդունում է, որ գործել է անթիվ մեղքեր, հենց այդ մարդը ամենայն հավանականությամբ կփրկվի, որովհետև նա ընդունում է իր մեղավոր լինելը: Նման մարդն ավելի լավ կհասկանա Հիսուսով տրված փրկությունը:
Երբ մենք ճիշտ աչքերով նայենք մեզ, կտեսնենք, որ բազում մեղքեր են թաքնված մեր սրտում: Ինչպիսի՞ն է մարդը: Մարդը միայն «չարագործների սերունդ է:» Եսայիա 59 գլխում ասվում է, որ մարդկանց սիրտը լի է ամեն անօրենություններով: Ուստի ճիշտ է, որ մարդն ունի բազում մեղքեր իր սրտում: Բայց քչերն են համաձայն սրա հետ: Թեև շատ ճիշտ սահմանում է, որ մարդը «չարագործների սերունդ է:» Եթե անկեղծ լինենք մեր հետ, կհամաձայնվենք, որ մեր սրտում անթիվ չարություն է կուտակված: Ովքեր անկեղծ են և փնտրում են ճշմարտությունը, անպայման կգան այս համոզմունքին:
Բայց կարծես թե շատերը չեն էլ ընդունում, որ մեղավոր են: Շատերն ապրում են հանգիստ կյանքով, առանց դույզն կասկած ունենալու, որ մեղավոր են: Եվ քանի որ մենք ի ծնե մեղավորներ ենք, ձևավորել ենք մեղավոր հասարակություն: Եթե ես սխալ եմ, ուրեմն ամեն մի մեղքի համար մենք ահավոր ամոթ ենք զգալու, բայց շատերը պարզապես մեղք են գործում առանց ամոթի որևէ զգացում ունենալու:
Բայց մարդկանց խիղճը չի կարծրացած: Ամեն ոք ունի խիղճ, որը հուշում է, որ «սա ամոթ է:» Ադամը և Եվան մեղանչելուց հետո թաքնվեցին ծառերի ետևում: Այսօր շատ մեղավորներ թաքնվում են զազրելի հասարակության ետևում, հասարակություն, որ լի է մեղքով: Նրանք թաքնվում են իրենց մյուս մեղավոր ընկերների ետևում, որպեսզի խուսափեն Աստծո դատաստանից:
Մարդիկ խաբված են իրենց անձնական երևակայությամբ: Նրանք կարծում են իրենց պարկեշտ և առաքինի: Եվ ամեն անգամ, որ լսում են մի վատ լուր, ասում են. «Ինչպե՞ս կարող է մարդ նման բան անել: Ինչպե՞ս կարող է որդին ծնողի հանդեպ այսպես վարվել:» Նրանք կարծում են, որ իրենք նման բան երբեք չեն անի:
Սիրելի ընկերներ, գիտեմ, որ դժվար է մարդկային էությունը ճանաչելը: Ինքներս մեզ ճանաչելու համար պետք է նախ ընդունենք, որ մեղավոր ենք և ստանանք մեղքերի թողություն: Երկար ժամանակ է պահանջվում ինքներս մեզ ամբողջովին ճանաչելու համար, և մեզանից շատերը չեն կարողանում դա անել մինչև կյանքի վերջ:
Ճանաչիր Քեզ
Ինչպե՞ս են ապրում նրանք, ովքեր չգիտեն իրենց
Նրանք ապրում են կեղծավոր կյանքով` թաքցնելով իրենց մեղավոր էությունը
Երբեմն մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք իրոք չեն ճանաչում իրենք իրենց: Սոկրատն ասում է. «Ճանաչիր ինքդ քեզ:» Եվ այնուհանդերձ շատերս չգիտենք, որ մեր սիրտը լի է սպանությունով, գողությունով, չարությունով, բարկությունով, ստախոսությամբ, անբարոյականությամբ, չար նայվածքով և այլն:
Մեկը, որ չի ճանաչում ինքն իրեն, օձի թույն ունի շուրթերին, բայց խոսում է բարությունից: Սրա պատճառն այն է, որ նման անձը չգիտե, որ ինքը ծնված օրվանից մեղավոր է:
Շատերն այսօր աշխարհում չգիտեն, թե ով են իրենք: Նրանք խաբում են իրենք իրենց, և իրենց կյանքն անցկացնում են մշտական խաբեության մթնոլորտում: Նրանք չեն հասկանում, որ իրենց ձեռքերով գցում են իրենց դժոխքի մեջ` մոլորվելով սեփական ստի մեջ:
Մարդիկ մեղանչում են իրենց ամբողջ կյանքում
Ինչո՞ւ են նրանք գնում դժոխք
Որովհետև չեն ճանաչում իրենք իրենց
Եկեք կարդանք Մարկոս 7:21-23 համարները. «Որովհետև ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, և մարդին պղծում:» Մարդու սիրտը լի է չարությամբ իր բեղմնավորման օրվանից:
Եկեք պատկերացնենք, որ մարդու սիրտը մի բաժակ է, որը լի է կեղտոտ հեղուկով, դա մեր մեղքերն են: Ի՞նչ տեղի կունենա, երբ մարդը տեղաշարժվի: Այդ կեղտոտ հեղուկը, այսինքն մեր մեղքերը, կթափվեն և մեր մեղքերը կտարածվեն շրջակայքում: Մարդն ինչպես էլ որ շարժվի, իր մեղքերով անմիջապես կեղտոտում է շրջապատը:
Մենք, որ լի ենք բազում մեղքերով, կյանքն ապրում ենք հենց նույն կերպ: Մենք թողնում ենք մեր մեղքի հետքը, որտեղ էլ որ գտնվենք: Մենք մեղանչում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում:
Խնդիրն այն է, որ մենք չգիտենք, որ մեր սրտում ունենք անթիվ մեղքեր, որ մենք «չարագործների սերունդ ենք:» Մենք լի ենք մեղքով և մեր սրտում մեղքը բուն է դնում մեր ծնված օրվանից:
Մեղքերը պատրաստ են թափվելու և տարածվելու: Որքան էլ մարդիկ չհավատան, որ մեղավոր են, նրանք իրականում անկապտելիորեն մեղավոր են: Շատերը մտածում են, որ մյուսներն են իրենց դրդում մեղքի և իրենք իրականում վատը չեն:
Նույնիսկ մեղք գործելով մարդիկ մտածում են, որ դրանից կարող են ազատվել` այն իրենց վրայից լվալով, մաքրելով: Եվ ամեն անգամ, որ մեղք են գործում, փորձում են արդարանալ և մտածել, որ իրենք մեղավոր չեն դրանում: Եթե մենք մաքրում ենք մեր ետևից, մի՞թե սա նշանակում է, որ պետք է նորից աղտոտենք: Մենք այս դեպքում կարիք կունենանք անընդհատ մաքրվելու:
Երբ բաժակը լի է մեղքով, այն անընդհատ թափվելու է: Կարիք չկա դրսից մաքրել, անկախ այն բանի, թե որքան հաճախակի ենք դուրսը մաքրում մեր պարկեշտությամբ, քանի որ ներսը լի է մեղքերով:
Երբ մարդը չի գիտակցում, որ լի է մեղքով, շարունակում է թաքցնել իր մեղավոր էությունը: Մեղքը թաքնված է ամեն մարդու սրտում և այն չի հեռանում միայն արտաքինը մաքրելուց: Երբ մենք թափում ենք մի քիչ մեղք, այն մաքրում ենք որևէ կտորով, հետո նորից ենք թափում և այս անգամ այն սրբում ենք սպունգով, հետո նորից ենք թափում ու սրբում ենք սրբիչով և այլն: Մենք անընդհատ սրբում ենք` մտածելով, որ մաքրում ենք մեր թափած մեղքը, բայց իրականում այն ավելի է թափվում և տարածվում:
Ձեր կարծիքով, որքա՞ն է սա շարունակվելու: Սա շարունակվում է մինչև կյանքի վերջը: Մարդիկ մեղք են գործում մինչև մահանալը: Ահա, թե ինչու մենք պետք է հավատանք Հիսուսին, որպեսզի ստանանք մեղքերի թողություն: Բայց մեղքերի թողություն ստանալու համար, նախ պետք է ճանաչենք ինքներս մեզ:
Ովքե՞ր են գոհունակությամբ ընդունում Հիսուսի սերը
Մեղավորներն, ովքեր ընդունում են, որ գործել են անթիվ սխալներ
Եկեք պատկերացնենք երկու մարդու, երկու բաժակի, որ լի են աղտով: Երկու բաժակն էլ լի են մեղքով: Մեկը նայում է իրեն և ասում. «Օհ, ես որքան մեղավոր մարդ եմ» և գնում է գտնելու մեկին, որ կարող է օգնել իրեն:
Իսկ մյուս մարդը մտածում է, որ ինքն այնքան էլ չար մարդ չի: Նա չի կարող տեսնել իր ողջ էությունը, իր մեղավոր բնույթը և մտածում է, որ ինքը մեղքեր չունի: Իր ամբողջ կյանքում նա շարունակաբար մաքրում է իր թափած մեղքերը: Մաքրում է այս կողմը, բայց տեսնում է աղտ մյուս կողմում, անմիջապես մաքրում է այդ մյուսը, հետո նորից մի ուրիշ տեղ և այդպես շարունակ:
Շատ մարդիկ ապրում են զգուշորեն և փորձում են որքան հնարավոր է քիչ մեղք գործել, որպեսզի չթափվեն մեղքերը: Բայց եթե իրենց սիրտն է լի մեղքերով, մի՞թե նրանք կարող են խուսափել մեղքից: Զգույշ կյանքը երաշխիք չէ դրախտ գնալու համար, ընդհակառակը, զգուշավորությունը նույնպես տանում է դեպի դժոխք:
Սիրելի ընկերներ զգուշավորությունը տանում է դեպի դժոխք: Պետք է սրանից դաս սովորենք: Երբ մարդիկ զգույշ են, նրանց մեղքերը շատ չեն թափվում այստեղ ու այնտեղ, բայց այնուհանդերձ նրանք մնում են մեղավորներ:
Ի՞նչ կա մարդու սրտում: Մե՞ղք, անբարոյականությո՞ւն: Այո, մարդու սիրտը լի է չար մտքերով, գողությամբ, անպարկեշտությամբ և սրանց նման մեղքերով:
Մենք ոչինչ չենք կարող անել, բացի նրանից, որ ընդունենք այն փաստը, որ մենք անխուսափելիորեն մեղավորներ ենք, նույնիսկ եթե այդ մասին մեզ չեն սովորեցրել:
Երբ շատ երիտասարդ ես, մեղավոր բնույթն ակնառու չէ: Բայց երբ մեծանո՞ւմ ենք: Դպրոց, ուսումնարան կամ ավելի բարձր հաստատությունում սովորելով` մենք սկսում ենք հասկանալ, որ մեր ներսում թագավորում է մեղքը: Մի՞թե ես սխալ եմ: Անկեղծ ասած հնարավոր չէ թաքցնել մեր մեղավոր էությունը: Այնպես չէ՞: Մենք անընդհատ մեղանչում ենք: Բայց երբեմն ափսոսանքով մտածում. «Լավ կլիներ սա չանեի», բայց ուղղել արդեն չենք կարող: Ինչո՞ւ: Որովհետև մեզանից ամեն մեկն ի ծնե մեղավոր է:
Զգուշությամբ մենք չենք կարող մաքրվել: Փրկվելու համար պետք է ընդունել, որ մենք մեղավոր ենք ի ծնե: Մեղավորները, որ գոհունակությամբ ընդունում են Հիսուսի պատրաստած փրկությունը, կարող են ազատորեն փրկվել:
Իսկ նրանք, որ մտածում են. «Ես այնքան մեծ մեղքեր չեմ գործել կամ սխալներ չեմ արել», չեն հավատում, որ Հիսուսը վերցրել է իրենց մեղքերը, և նրանք դատապարտված են դժոխքի: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներսը լի է մեղքով, որովհետև այդ մեղքով ենք մենք ծնվում:
Եթե մեկը մտածում է. «Ես այնքան էլ մեծ մեղք չեմ գործել, միայն թե ազատվեի այդ փոքրիկ մեղքից», ապա նա երբեք չի ազատվի իր մեղքերից:
Այն մարդը, որն արժանի է փրկության, շատ լավ հասկանում և գիտակցում է, որ ինքն ունի բազում մեղքեր: Նա հավատում է, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր մկրտությամբ Հորդանան գետում, և այդ մեղքի վարձքը վճարել Խաչի վրա:
Մենք ապրում ենք մեր երևակայությամբ և իրականում լի ենք մեղքերով: Ահա, թե ինչպիսին ենք մենք: Մենք կարող ենք ստանալ փրկություն միայն, երբ հավատում ենք, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերը:
Աստված չի փրկում նրան, ով ունի «մի փոքր մեղք»
Ո՞վ է խաբում Աստծուն
Նա, ով ամեն օր մեղքերի թողություն է խնդրում
Աստված չի փրկում նրան, ով ունի «մի փոքր մեղք:» Աստված նունիսկ չի նայում նրանց, ովքեր ասում են. «Տեր իմ, ես միայն մի փոքր մեղք ունեմ:» Աստված ընդունում է նրանց, ովքեր ասում են. «Տեր իմ, ես ամբողջովին մեղավոր եմ, ես արժանի եմ դժոխքի: Խնդրում եմ փրկիր ինձ:» Մեղավորներն ասում են. «Աստված իմ, ես կփրկվեմ միայն, եթե դու ինձ փրկես: Ես չեմ կարող այլևս ապաշխարության աղոթք ասել, որովհետև գիտեմ, որ անդադար մեղք եմ գործում: Խնդրում եմ փրկիր ինձ:»
Աստված փրկում է նրանց, ովքեր իրենց հույսը դնում են միայն Իր վրա: Ես ինքս երկար ժամանակ ամենօրյա մեղքերի թողության աղոթք էի արտասանում, բայց դրանք ինձ չէին ազատում իմ մեղքերից: Եվ ես մի օր ծնկի եկա ու խնդրեցի Աստծուց. «Աստված իմ, խնդրում եմ զղջա ինձ և փրկիր ինձ իմ բոլոր մեղքերից:» Նման աղոթքը կարող է փրկել բոլորին: Պետք է հավատալ Հովհաննես Մկրտչի ձեռքով Հիսուսի մկրտությանը և Աստծո շնորհած փրկությանը:
Աստված փրկում է նրանց, ովքեր ընդունում են, որ իրենք մեղքի մեջ են: Նրանք ովքեր ասում են. «Ես միայն մի փոքր մեղք եմ գործել, խնդրում եմ ներիր ինձ Տեր», դեռ մեղքի մեջ են, և Աստված չի կարող փրկել նրանց:
Եսայիա 59:1-2 «Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց, և նրա ականջը չի ծանրացել լսելուց. Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր և ձեր Աստծո մեջ տեղը. և ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ չլսե:»
Քանի որ մենք ի ծնե մեղավորներ ենք, Աստված չի ուրախանում մեզանով: Նրա ձեռքը չի կարճացել, ոչ էլ ականջն է ծանրացել մեր խնդրանքները լսելու համար:
Աստված ասում է. «Ձեր անօրենություններն են բաժանում ձեր և ձեր Աստծո մեջ տեղը. և ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ չլսե:» Մեր սրտում այնքան շատ են մեղքերը, որ մենք արժանի չենք դրախտին, չնայած որ դրախտի դռները լայն բաց են բոլորի համար:
Եթե մենք ամեն ժամանակ ներում խնդրենք մեր մեղքերի համար, Աստված պետք է կրկին և կրկին խաչը հանի Իր Որդուն: Աստված ասում է. «Ամեն օր մի խնդրեք ձեր մեղքերի համար: Ես Իմ Որդին եմ ուղարկել, որ ձեզ փրկի ձեր մեղքերից: Դուք պետք է պարզապես հասկանաք, որ Նա Իր վրա է վերցրել բոլորի մեղքերը և ընդունեք այդ ճշմարտությունը: Եվ անպայման պետք է հավատաք քավության ավետարանին, որպեսզի փրկվեք: Սա է այն մեծ սերը, որ Ես տվեցի ձեզ:»
Աստված ասում է. «Հավատացեք Իմ Որդուն և ստացեք մեղքերի թողություն: Ես Իմ միակ Որդին եմ ուղարկել ձեզ, որ քավի ձեր բոլոր մեղքերը և անօրենությունները: Հավատացեք Նրան և փրկվեք:»
Նրանք, ովքեր չեն գիտակցում իրենց ի ծնե մեղավոր լինելը, ամեն օր միայն աղոթում են իրենց փոքր մեղքերի համար, և նրանք կանգնելով Հիսուսի առաջ աղոթում են. «Խնդրում եմ ներիր այս փոքր մեղքը, այլևս այն չի կրկնվի:»
Նրանք փորձում են նման աղոթքներով խաբել Աստծուն: Մենք մեղանչում ենք ամեն անգամ, շարունակաբար, մինչև մահանալը: Ուրեմն և պետք է ներում խնդրենք մինչև մեր մահիճ ընկնելը, քանի որ մենք չենք կարող մեղք չգործել, իսկ մեր մարմինը գտնվում է մեղքի օրենքի տակ մինչև կյանքի վերջին շունչը:
Մի փոքրիկ մեղքից ազատվելը չի լուծում խնդիրը, որովհետև ամեն օր բազում մեղքեր ենք գործում: Մեղքերից կատարելապես ազատվել կարող ենք միայն, եթե մեր մեղքերը փոխանցենք Հիսուսին:
Ինչպիսի՞ն է մարդկային բնույթը
Այն մեղքի անդունդ է
Աստվածաշունչը թվարկում է մարդկային մեղքերը. «Որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատերը` անօրենությունով, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է արտաբերում: Չկա արդարությամբ բողոքող, և ճշմարտությամբ դատ վարող, նրանք հույս են դնում դատարկ բաների, և խոսում են ունայնություն. հղի են թշվառությունով և կծնեն անօրենություն: Քարբի ձվերով են թուխս գալիս, և սարդի ոստայն են հինում, նրանց ձվերից ուտողը կմեռնի, և կոտրվողիցը իժ է դուրս պրծնում: Նրանց ոստայնները հանդերձ չեն դառնա, և չի ծածկվի նրանց գործերովը, և նրանց գործերը անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքինը: Նրանց ոտները չարության են վազում, և շտապում են անմեղ արյուն թափելու, նրանց խորհուրդները անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներումը ավերում ու ապականություն կա: Խաղաղության ճանապարհ չգիտեն, և իրավունք չկա նրանց ուղիներումը. իրենց շավիղները ծռմռել են, ամեն ով որ նրանում ման է գալիս` խաղաղություն չգիտե» (Եսայիա 59:3-8):
Մարդկանց մատները լիքն են անօրենությամբ և ինչ էլ որ անում են, կապվում է մեղքի հետ: Ամեն մարդկային գործերը չար են: Եվ մեր լեզուն խոսում է ստախոսություն: Մեր բերանից դուրս եկած բառերը կեղծավոր են:
«Երբ սատանան է ստում, նա ստում է իրաններիցը» (Հովհաննու 8:44): Ովքեր չունեն վեստին ծնունդ, սիրում են ասել. «Ես ճիշտն եմ ասում... Ես իրոք սուտ չեմ ասում: Ինչ որ ասում եմ, ճշմարտություն է...:» Բայց իրականում նրանց բոլոր խոսքերը կեղծ են: Ինչպես գրված է. «Երբ սատանան է ստում, նա ստում է իրաններիցը:»
Մարդիկ հավատում են սին խոսքերին և ասում են ստեր: Նրանց խորհուրդները չար են և գործերը` անօրեն: Աստված ասում է. «Քարբի ձվերով են թուխս գալիս, և սարդի ոստայն են հինում, նրանց ձվերից ուտողը կմեռնի, և կոտրվողիցը իժ է դուրս պրծնում:» Մարդու սրտում չարն է թագավորում: Ահա, թե ինչու մենք պետք է փրկվենք ջրի և արյան ավետարանին հավատալով:
Ամեն անգամ, որ ես խոսում եմ Աստծո մասին, միշտ հայտնվում են մարդիկ, որ ասում են. «Էհ, սիրելիս, խնդրում եմ մի խոսի Աստծուց: Հենց որ մի բան եմ ձեռնարկում, մեղքն անպակաս է լինում: Իմ բոլոր գործերի մեջ մեղք կա: Ես պարզապես չեմ կարող չմեղանչել: Լրիվ անհույս եմ, և խնդրում եմ, որ Աստծուց չխոսես:»
Այս մարդը գիտակցում է, որ ինքը մեղավոր է, մեղքեր ունի, բայց չգիտե, որ Աստված նրան մաքրել է իր բոլոր մեղքերից սիրո ավետարանի միջոցով: Իրենց մեղքերը ընդունողները միայն կարող են փրկվել:
Իրականում բոլորս այսպիսին ենք: Բոլորը շարունակաբար մեղանչում են և այստեղ ու այնտեղ շաղ տալիս իրենց մեղավոր գործերը: Մեղքը մեզանից անսպառ է, որովհետև մենք մեղքով ենք ծնվում: Եվ միայն Աստծո զորությամբ կարող ենք ազատվել այս խնդրից: Մի՞թե սքանչելի չէ: Մեղավոր մարդը, լինի ուրախ թե վշատացած, կարող է փրկվել միայն Հիսուս Քրիստոսով:
Նա մաքրել է ձեր բոլոր մեղքերը: Ընդունեք, որ մեղավոր եք և փրկվեք Հիսուսով: