• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-13] Սուրբ Հոգու Գործերը և Պարգևները (Հովհաննու 16:5-11)

2021.04.02 190
Սուրբ Հոգու Գործերը և Պարգևները(Հովհաննու 16:5-11)
«Բայց հիմա ինձ ուղարկողի մոտ եմ գնում. և ձեզանից ոչ մեկը չի հարցնում ինձ, թե Ո՞ւր ես գնում: Այլ որովհետև այս բաները խոսեցի ձեզ հետ, տրտմությունը լցրեց ձեր սիրտը: Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ. բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ: Եվ նա երբ որ գա` աշխարհքին կհանդիմանե մեղքերի համար, և արդարության համար, և դատաստանի համար: Մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում: Արդարության համար, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում, և ինձ այլևս չեք տեսնի: Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է»:
 
 
Որո՞նք են Սուրբ Հոգու գործերը
Նա հանդիմանում է մեղքի համար, արդարության համար և դատաստանի համար
 
Ծննդոց 1:2. «Եվ երկիրն անձև ու դատարկ էր. և խավար կար անդունդի վրա. և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա»: Մենք այս հատվածից տեսնում ենք, որ Սուրբ Հոգին չի բնակվում մեղավոր և շփոթված սրտում, այլ միայն ապրում է հիանալի ավետարանին հավատացողների սրտերում: Բայց շատ մարդիկ իրենց սրտում տիրող դատարկության և շփոթմունքի պատճառով ընկած են ծայրահեղական հավատացյալների ճանկերը և ասում են, թե ուզում են ստանալ Սուրբ Հոգի, մինչդեռ բազում մեղքեր ունեն իրենց սրտում:
Հոգին, որ ստանում են ֆանատիկ պաշտամունքների նոպաների ժամանակ, Աստծո Հոգին չէ: Սատանայի գործերն ընկած են անօրեն հավատացյալների ֆանատիկության վրա, և հենց ֆանատիկ, ծայրահեղ հավատացյալներն են հեշտությամբ ընկնում սատանայի սարքած ծուղակը: Բայց Սուրբ Հոգին Աստվածության Անձերից մեկն է, որը իմաստուն է, զգացմունքային և ունի հստակ կամք: Նա ստեղծագործեց աշխարհը Հայր Աստծո և Որդի Աստծո` Հիսուս Քրիստոսի հետ միասին: Հիմա կիմանանք, թե ինչպիսի գործ է կատարել աշխարհում Սուրբ Հոգին: 
 
 

Սուրբ Հոգին հանդիմանում է աշխարհին մեղքի համար

 
Ո՞րն է Սուրբ Հոգու առաջին գործը: Նա հանդիմանում է աշխարհին մեղքի համար: Մարդիկ, որոնց հանդիմանում է Սուրբ Հոգին, չեն ընդունում Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտության և Խաչի վրա թափած արյան հիանալի ավետարանը: Նա հանդիմանում է բոլոր մեղավորներին, որոնք չեն հավատում ջրի և Հոգու հիանալի ավետարանին: 
 
 

Նա հանդիմանում է աշխարհին արդարության համար

 
Ո՞րն է Սուրբ Հոգու երկրորդ գործը: Նա վկայում է Աստծո արդարությունը և մեղավորներին փրկելու Հիսուսի Քրիստոսի գործերը: Հովհաննու 16:10. «Արդարության համար, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում, և ինձ այլևս չեք տեսնի»: Մենք պետք է իմանանք, թե ինչ է Աստծո արդարությունը նշանակում Աստվածաշնչում: Դա այն ճշմարտությունն է, որ Հիսուսն Իր մկրտության միջոցով վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, և ով որ հավատա Նրան, կարող է արդարանալ Աստծո շնորհքի միջոցով: Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, Խաչի վրա թափեց Իր արյունը, հարություն առավ և դարձավ մեր Փրկիչը: Սա է հիանալի ավետարանը, որը ստացանք Աստծուց: Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը ջրի և Հոգու միջոցով Աստծո կամքի համաձայն և դարձավ մեր կյանքերի Տիրակալը: 
Սուրբ Հոգին օգնում է մարդկանց հավատալ Հիսուսի մկրտության և արյան ավետարանին: Սրանով կարող ենք օգնել մարդկանց ստանալ մեղքերի թողություն և փրկություն: Պետք է գիտենաք, որ Սուրբ Երրորդության գործերը լրացնում են միմյանց: Սուրբ Հոգին գործում է հիանալի ավետարանի համար` դրդելով մարդկանց հավատալ Աստծո սիրուն: Նա նաև երաշխավորում է, որ ջրի և Հոգու իրական հիանալի ավետարանը ճշմարիտ է:
 
 

Նա հանդիմանում է աշխարհին դատաստանի համար 

 
Ո՞րն է Սուրբ Հոգու երրորդ գործը: Նա քանդում է սատանայի գործերը: Սատանան շշնջում է մարդկանց ականջներին. «Դուք կարող եք հավատալ Հիսուսին, բայց քրիստոնեությունը համարել աշխարհի կրոններից մեկը»: Սատանան փորձում է խանգարել մարդկանց Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալու համար, որպեսզի չկարողանան ստանալ մեղքերի թողություն, նույնիսկ եթե հավատում են Հիսուսին: Քանի որ սատանան քրիստոնեությունը դարձնում է աշխարհի կրոնների նման մի «հասարակ» կրոն, շատերը խաբվելով` ընկնում են սատանայի լարած ծուղակը և կարծում են, որ Հիսուսին պետք է հավատալ լավ մարդ լինելու համար: Սակայն Հիսուսին հավատալու իրական նպատակը որպես արդարներ վերստին ծնվելն է: 
Դուք չպետք է խաբնվեք կեղծ հավատքներով: Կեղծ հավատքը չի կարող մարդուն սրբացնել, ինչքան էլ որ հավատաք Հիսուսին: Եթե ունեք սխալ հավատք, չեք կարողանա տեսնել Հիսուսին: Սուրբ Հոգին է փրկության երաշխիքը նրանց համար, ովքեր փրկվել են ջրի և Հոգու հիանալի ավետարանին հավատալու միջոցով: Իսկ մեղավորների հավատքը անօգուտ է, որոնք իրենց սրտում դեռ ունեն մեղքեր: 
Սուրբ Հոգին վկայում է հիանալի ավետարանի ճշմարտության մասին: Հիսուսը մկրտվեց, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը և խաչվեց, որ վճարեր այդ մեղքերի դիմաց: Սուրբ Հոգին վկայում է այս ճշմարտության համար: Սուրբ Հոգին առաջարկում է աշխարհի բոլոր մարդկանց հավատալով ճշմարիտ ավետարանին` ստանալ մեղքերի թողություն: Սակայն մենք պետք է հիշենք, որ Սուրբ Հոգին հանդիմանում և դատում է նրանց, ովքեր իրենց սրտում չեն հավատում հիանալի ավետարանին:
 
 
Բոլորը պետք է ունենան օրհնյալ հավատք
 
Ո՞րն է օրհնյալ հավատքը: Դա այն հավատքն է, որը տանում է դեպի Սուրբ Հոգի ստանալուն` մեղքերի թողություն ստանալու միջոցով: Բայց տեսնում ենք շատ քրիստոնյաների աշխարհով մեկ, որ դեռ մեղքեր ունեն իրենց սրտում, չնայած որ երկար տարիներ հավատում են Հիսուսին: Որքան երկար են հավատում Հիսուսին, այնքան երկար են մնում մեղքի մեջ: Մեծագույն խնդիրը, որ խանգարում է նրանց մեղքերի թողություն ստանալու համար, դա այն է, որ կարծում են, թե լեզուներով խոսելը և տեսիլքներ տեսնելը ճշմարիտ ապացույց են Սուրբ Հոգի ստանալու համար: Նրանք տեղյակ չեն Աստծո դատաստանից:
Շատ մարդիկ այս աշխարհում չեն կարող զանազանել Սուրբ Հոգու գործը սատանայի գործերից: Սատանայի գործերը մարդկանց տանում են խառնաշփոթության, քանի որ նրանց տալիս են կեղծ հավատք և կործանում: Ահա, թե ինչին է ձգտում հասնել սատանան Աստծուն հակառակվելով: Սատանան ստիպում է մարդկանց ընկնել կասկածելի հավատքների և հրաշքների ազդեցության տակ և նրանց դարձնում է ծառաներ: Սատանան մարդկանց համոզում է, որ կասկածելի հրաշքներն ու հավատքներն ավելի կարևոր են, քան` հիանալի ավետարանին հավատալու միջոցով Սուրբ Հոգի ստանալը: 
Այնուհանդերձ Սուրբ Հոգին թույլ է տալիս մարդկանց տեսնել Աստծո խոսքի ճշմարտությունը Խոսքի միջոցով: Սուրբ Հոգու միջոցով նրանք կարող են ճանաչել և հավատալ, որ Աստված է ստեղծել մարդուն, Աստված սիրում է մարդուն և ուզում է փրկել բոլորին: Նրա ծրագիրը մեղավորների համար այն է, որ Հիսուս Քրիստոսը փրկի նրանց ջրի և Հոգու ավետարանի միջոցով և հրավիրի նրանց հավատքով ապրել Իր սիրո մեջ: 
1 Պետրոս 3:21. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է», և 1 Պետրոս 1:23 «Վերստին ծնվելով ոչ թե ապականության սերմից այլ անապական սերմից. Աստծո կենդանի և հավիտենական խոսքովը»: 
Սուրբ Հոգու գործն այն է, որ լուսավորի մարդուն մեղքի ճշմարտության, արդարության և դատաստանի համար, ինչպես նաև ստիպել նրանց հավատալ այս ճշմարտությանը: Սուրբ Հոգին թույլ է տալիս մարդկանց ճանաչել Աստծո դատաստանը և որ կարող են ազատվել իրենց մեղքերից հավատալով Հիսուսի մկրտության և Խաչի արյան հիանալի ավետարանին: Սուրբ Հոգին տալիս է մարդկանց այն գիտությունը, որը Ինքը մարդկանց մեջ է բնակվում, երբ նրանք հավատում են ջրի և Հոգու ավետարանին: 
Եվ այսպես նայեցինք Սուրբ Հոգու գործերին: Աշխարհի բոլոր մարդիկ կարող են ստանալ Սուրբ Հոգի և Աստծո սերը, եթե ստանան մեղքերի թողություն` հավատալով Հիսուսի ջրի և Հոգու հիանալի ավետարանին: 
 
 
Սուրբ Հոգու անհատականությունը
 
Սուրբ Հոգին Ամենակարող Աստված է: Նա ունի անհատականության հիմնական բաղադրիչները, այսինքն` անուն, իմացականություն, զգացմունք և կամք: Քանի որ Սուրբ Հոգին ունի իմացականություն, նույնիսկ թափանցում է Աստծո խորքերը (1 Կորնթացիս 2:10) և մարդկանց սրտերը: 
Քանի որ Սուրբ Հոգին ունի զգացմունք, հավանում է նրանց, ովքեր հավատում են Աստծո խոսքին, և չի սիրում անհավատներին: Սուրբ Հոգու միջոցով կարելի է զգալ նաև Աստծո սերը: 
Սուրբ Հոգին կոչվում է նաև «Մխիթարիչ»: Սա նշանակում է, որ Սուրբ Հոգին օգնում է արդարներին դժվարությունները հաղթահարելու և թշնամուն հաղթելու գործում: Նա մեր նման ունի իմացականություն, զգացմունք և կամք: Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ, ովքեր հավատում են ջրի և Հոգու հիանալի ավետարանին:
 
 
Սուրբ Հոգու գործը հետևյալն է
 
Սուրբ Հոգին թույլ է տալիս մարդկանց ճանաչելու մեղքերի թողության ճշմարտությունը և բնակվում է հավատացյալների սրտերում: Նրա գործը ճշմարտությունը վկայելն է, որ Հիսուսն իր մկրտության և արյան միջոցով վերցրեց աշխարհի մեղքերը (1 Հովհաննու 5:6-8): Նա նաև մխիթարում է Իր ծառաներին և սրբերին խնդիրների մեջ և տալիս զորություն դիմագրավելու դրանք: Սուրբ Հոգին երբեմն միջամտում է մարդկանց կյանքում, երբ նրանք չգիտեն, թե ինչի համար աղոթեն (Հռոմեացիս 8:26): Եվ Նա հանգստացնում է Աստծո եկեղեցու արդարներին և առաջնորդում նրանց դեպի Իր խոսքի լիությունը (Սաղմոս 23):
 
 
Սուրբ Հոգու գործը Աստվածաշնչի համաձայն
 
Սուրբ Հոգին առաջնորդում է արդարներին ճանաչել և հավատալ ճշմարտությանը և քարոզել այն բոլորին: «Ամեն գիրք աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար» (2 Տիմոթեոս 3:16):
«Որոնեցեք Տիրոջ գրքումը և կարդացեք, սրանցից մեկ հատը չի պակասի, մեկի մոտ իր ընկերը պակաս չի լինի, որովհետև նրա բերանն է հրամայել. և նրա հոգին ինքն է ժողովելու նրանց» (Եսայիա 34:16): 
«Բայց առաջ այս գիտեցեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի: Որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեցավ մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուցը շարժված խոսեցան Աստծո մարդիկը» (2 Պետրոս 1:20-21): 
Սուրբ Հոգին ոգեշնչեց Աստծո ծառաներին գրելու Աստծո խոսքը, այնպես, որ կարողանանք այն կարդալ: Նա ծանոթացրեց մարդկանց ջրի և Հոգու ավետարանի հետ և մեզ օգնում է քարոզել այն բոլոր մարդկանց: Դրա համար, չնայած որ արդարները կարող են ունենալ բազմաթիվ փորձություններ իրենց կյանքում, բայց կարող են հաղթահարել դրանք Սուրբ Հոգու զորության շնորհիվ: 
 
 
Սուրբ Հոգու պարգևներն ու պտուղը
 
Սուրբ Հոգու գործերը նշանակում են այն կարողությունները, որոնք Նա տալիս է սրբերին Աստծո հիանալի ավետարանը քարոզելու համար: Ուստի սրբերը նվիրվում են Աստծո գործին Աստծո տված պարգևների շնորհիվ, իսկ Սուրբ Հոգին օգնում է նրանց փառաբանել Տիրոջը: «Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգտի համար» (1 Կորնթացիս 12:7): 
Սուրբ Հոգու պարգևների նպատակը սրբերին սպառազինելն է հավատքով և օգնել նրանց հասնել իրենց առջև դրված նպատակակետին (Եփեսացիս 4:11-12): Սուրբ Հոգին Աստծո ծառաներին տալիս է ավետարանը քարոզելու կարողություն: Աստծո եկեղեցին սրբերի համայնք է, որոնք սրբացված են Հիսուս Քրիստոսով (1 Կորնթացիս 1:2): 
Ամեն մի քրիստոնյա, որ ունի Սուրբ Հոգի, պետք է առաջնորդվի Նրա տված կարգադրություններով և պարտականություններով, քանզի եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է: Սուրբ Հոգին տալիս է հոգևոր ներըմբռնում և սրբերին կարողություն, որպեսզի նրանք կարողանան աշխատել Աստծո Թագավորության համար: Նա ասում է. «Ուրեմն` թե ուտեք թե խմեք, թե ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք» (1 Կորնթացիս 10:31): 
 
 
Հոգու զանազան պարգևները
 
Սուրբ Հոգին ունի 12 տեսակի պարգևներ: Մենք կարող ենք Աստվածաշնչում տեսնել, որ այս պարգևները տարբեր մարդկանց տրվում են տարբեր դրսևորումներով: Այս պարգևների ընդլայնված ցանկը կարելի է կարդալ հետևյալ հատվածներում` Հռոմեացիս 12:6-8, 1 Կորնթացիս 12:8-10 և Եփեսացիս 4:11: Ահա Հոգու ինը պարգևները, որոնց մասին խոսվում է 1 Կորնթացիս 12 գլխում.
1. Իմաստության խոսք- Սա տալիս է հոգևոր ոգեշնչում հասկանալու ջրի և Հոգու ավետարանը և թույլ է տալիս քարոզել այս հիանալի ավետարանը:
2. Գիտության խոսք- Սա կյանքի բազմաթիվ խնդիրները հաղթահարելու կարողությունն է:
3. Հավատք- Սուրբ Հոգին սրբերին տալիս է ամուր հավատք և վստահություն, որպեսզի նրանք կարողանան իրականացնել սատանայից և մեղքերից ազատվելու հրաշքներ: Արդարը կարող է ստանալ մեղքերի թողություն և բուժել իրենց հոգևոր անկարգությունը հավատքի զորությամբ: 
4. Բժշկություն- Սուրբ Հոգին տալիս է արդարներին բժշկության կարողություն` Աստծո խոսքին հավատալու միջոցով: 
5. Հրաշքների ներգործություն- Սա զարմանալի պարգև է, որը սրբերին հնարավորություն է տալիս Աստծո խոսքին հավատալով կատարել Աստծո գործը: Հրաշքը մի բան է, որը տեղի է ունենում գերբնականորեն հավատքի միջոցով, գերազանցելով մարդկային գիտակցության և բնական օրենքների սահմանները:
6. Մարգարեություն- Ներկայումս միայն նրանք, որ հավատում են և հնազանդվում Աստծո խոսքին, կարող են մարգարեանալ Աստվածաշնչի գրվածի համաձայն: Ով որ մարգարեանում է Աստծո խոսքից դուրս, չի կարող լինել ճշմարիտ մարգարեություն: Աստծո ծառաները, որոնք ունեն Սուրբ Հոգի, քարոզում են Աստծո խոսքը և դրանով իսկ համոզում են մյուսներին կատարել Աստծո գործը եկեղեցու միջոցով, որը հանդիսանում է Աստծո մարմինը: Սուրբ Հոգին այս կարողությունը տալիս է Աստծո ծառաներին և սրբերին: 
7. Հոգիների ընտրություն- Սա մի կարողություն է, որով կարելի է որոշել, արդյոք մարդու մեղքերը ներված են, թե ոչ: Սատանայի կողմից հեշտ ենք խաբվում, եթե այս կարողությունը չունենք: Քանի որ աշխարհը գտնվում է սատանայի իշխանության տակ, մենք կարող ենք ստանալ այս պարգևը, եթե միայն հավատանք հիանալի ավետարանին, որը տվել է Աստված, և որով կարող ենք հաղթահարել փորձությունները, դժվարությունները և աշխարհի չար գործերը: Արդար անձնավորությունը ստանում է այս պարգևը հավատալով ճշմարիտ ավետարանին: Այս պարգևն ունեցողը կարող է ասել, մարդն ունի մեղքեր, թե ոչ: 
8. Լեզուներով խոսել- Աստվածաշունչը խոսում է լեզուներով խոսելու մասին. «Բայց եկեղեցու մեջ ավելի կամենում եմ որ հինգ խոսք իմ մտքով խոսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թե բյուրավոր խոսքեր լեզուներով» (1 Կորնթացիս 14:19): Սուրբերը պետք է գիտենան, որ ավելի կարևոր է հասկանալ Աստծո խոսքը, քան թե խոսել լեզուներով, որ իրենք էլ չեն հասկանում: Նրանք հետևաբար պետք է խուսափեն լեզուներով խուսելուց: 
9. Լեզուների թարգմանություն- Այս պարգևը տրվել էր Հիսուսի աշակերտներին, որ քարոզեին ավետարանը վաղ եկեղեցու ժամանակներում: Ներկայումս Սուրբ Հոգին տարածում է ավետարանը տարբեր լեզուներով թարգմանության ծառայության միջոցով: Քարոզիչը, որ կարող է քարոզել մի քանի լեզուներով, թարգմանչի կարիք չունի: Բայց երբ որ հանդիպում ենք լեզվային խնդրի, Աստված տալիս է թարգմանիչներ, որ գրավոր կամ բանավոր թարգմանություններով իրականացնեն Նրա գործը: Աստված չի գործում անկարգության կամ ծայրահեղական վիճակներում: Սուրբ Հոգին գործում է հիանալի ավետարանի մեջ և առաջնորդում է սրբերին թարգմանելու ավետարանը տարբեր լեզուներով: 
 
 
Որո՞նք են Սուրբ Հոգու պտուղը 
 
Սուրբ Հոգու պտուղների վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Բայց Հոգու պտուղն է` սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատացիս 5:22-23): 
1. Սեր- Արդարների համար ճշմարիտ սերն այն է, որ փրկի բոլոր մեղավորներին իրենց մեղքերից քարոզելով ջրի և Հոգու հիանալի ավետարանը: Քանի որ արդարներն ունեն հիանալի ավետարանը, այսինքն Հիսուսի սերը, քարոզում են ճշմարիտ սիրո ավետարանը, և այդ սերը բաժնեկցում են մյուսների հետ: 
2. Ուրախություն- Սա մի աննկարագրելի փառավոր երջանկություն է, որ բխում է սրտի խորքից, երբ ծնվում ենք վերստին: Արդար մարդը, որը ստացել է մեղքերի թողություն, իր սրտում ունի մեծ ուրախություն (Փիլիպեցիս 4:4): Քանի որ արդարներն ունեն ներքին ուրախություն, իրենց ուրախությունը կիսվում են նաև մյուսների հետ: 
3. Խաղաղություն- Սա մխիթարության սիրտն է, որը տրված է արդարներին, որոնց մեղքերը ներված են ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով: Սուրբ Հոգին արդարներին դրդում է քարոզել խաղաղության հիանալի ավետարանը: Մարդիկ, ովքեր լսել են խաղաղության հիանալի ավետարանը, կարող են առաջնորդել մարդկանց հաղթահարելու աշխարհի մեղքերը և ունենալ ամուր հավատք և վստահություն փրկության պարգևի հանդեպ: Արդարները, որ խաղաղություն են բերում մարդկության և Աստծո միջև, կոչվում են Աստծո որդիներ (Մաթևոս 5:9) և օգնում են մարդկանց ստանալ մեղքերի թողություն (Առակաց 12:20): Սուրբ Հոգին արդարներին ստիպում է ապրել արդար կյանք և օրհնել մյուսներին խաղաղությամբ` տարածելով հիանալի ավետարանը: 
4. Երկայնմտություն- Երկայնմտության պարգևը արդարների սրտերում է, որոնք հավատալով ճշմարիտ ավետարանին, ազատվել են իրենց մեղքերից: Մենք կարող ենք ունենալ այս պարգևը Սուրբ Հոգու հետ մշտական և մտերիմ հարաբերություններ հաստատելով: Արդարներն ունեն երկայնմտություն և համբերություն: 
5. Քաղցրություն- Աստված ողորմած էր մեր հանդեպ, երբ մենք դեռ մեղքի մեջ էինք և ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից Հիսուսի մկրտության և Խաչին թափած արյան միջոցով: Մենք կարող ենք սիրել և ողորմալ մյուսներին, որովհետև Հիսուսն էլ ողորմած մեզ և մաքրեց մեր բոլոր մեղքերը, նաև քանի որ մենք հավատալով Նրան ստացանք Իր շնորհքը: Արդարների սիրտը լի է քաղցրությամբ և հիանալի ավետարանի պտուղներով:
6. Բարություն- Այստեղ բարությունը նշանակում է «արժանիք»: Արդարները բարի են և ունեն հավատք Տիրոջմով:
7. Հավատք- Հավատքը, նշանակում է ի սրտե հավատալ Աստծուն: Սրբերի հավատքը գալիս է Հիսուսին հավատարիմ լինելուց:
8. Հեզություն- Սա նշանակում է ունենալ մյուսներին շատ լավ հասկանալու և ջերմորեն ու խնամքով նրանց սրտում պահելու կարողություն: Արդարների սիրտը պատրաստ է սիրելու նույնիսկ թշնամուն և աղոթել նրանց ազատվելու համար:
9. Ժուժկալություն- Ժուժկալությունը ինքնակառավարման կարողությունն է, այսինքն խուսափել կործանարար կյանքից և փոխարենը ապրել սեփական անձը կառավարելով և չափավորության մեջ: 
 
 
Լցվել Սուրբ Հոգով
 
Ինչպիսի՞ն է Սուրբ Հոգով լցվելու հետևանքը: Այս օրհնությունը ստանալը հնարավորություն է տալիս սրբերին ապրել Հիսուս Քրիստոսի աշակերտների նման, միանալով Աստծո եկեղեցուն: Սուրբ Հոգին արդարներին տալիս է արդարության գործիք լինելու հնարավորություն, ինչպես նաև նվիրվելու Քրիստոսի կամքն իրականացնելուն: Արդարների կամքը գտնվում է Տիրոջ կամքի հսկողության տակ, և նրանք ուրախությամբ նվիրում են իրենց տաղանդներն ու կարողություններն Աստծուն: Սուրբ Հոգին ստիպում է արդարներին ապրել այնպիսի կյանք, որը հաղթահարում է աշխարհի մեղքերը հաղթանակի, ուրախության և վստահության զգացմունքի միջոցով, և ոչ թե` հոգևոր աղքատության, պարտության կամ անհանգստության (Հռոմեացիս 7 գլուխ): 
«Բայց դուք զորություն կառնեք` երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմումը և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք Առաքելոց 1:8): Սուրբ Հոգու լիությունն առաջնորդում է արդարներին քարոզել ավետարանը:
Տերը հավատքի ամուր զգացողություն է տվել նրանց, որոնց մեջ բնակվում է Սուրբ Հոգին: Եվ Աստված նրանց տվեց Իր զավակները լինելու իշխանություն, որոնց մեղքերը ներված են Հիսուսի հիանալի ավետարանին հավատալու միջոցով (Հովահաննու 1:12): Արդարները, որոնք հավատքի միջոցով դարձել են Աստծո զավակները, կարող են աշխարհով մեկ քարոզել հիանալի ավետարանը: 
Արդարներն ունեն մեղքերի թողության ավետարանի միջոցով սատանային հաղթելու կարողություն: Նրանք նաև կարող են բժշկել հոգևոր հիվանդությունները (Մարկոս 16:18), գրոհել սատանայի զորության վրա (Ղուկաս 10:19) և մտնել Երկնային Արքայություն (Հայտնություն 22:14): Արդարները հավատալով Աստծո խոսքին` ապրում են այն հեղինակությամբ, ինչպես որ թագավորները (2 Կորնթացիս 6:17-18): 
Սուրբ Հոգին ստիպում է, որ արդարները հրաժարվեն իրենց բոլոր աշխարհիկ ցանկություններից: Նա նաև առաջնորդում է քարոզել ճշմարիտ ավետարանը (Գաղատացիս 5:6):
Սուրբ Հոգին դրդում է արդարներին կարդալ և հավատալ հիանալի ավետարանին և սովորեցնել այն մյուսներին (1 Տիմոթեոս 4:13):
Սուրբ Հոգին ամեն օր հավաքում է արդարներին Աստծո եկեղեցում (Եբրայեցիս 10:25): 
Սուրբ Հոգին դրդում է արդարներին խոստովանել իրենց մեղքերը (1 Հովհաննու 1:9), որպեսզի իրենց սրտերը հայտնի դառնան ճշմարտության լույսով (Եփեսացիս 5:13): 
Սուրբ Հոգին արդարներին իրենց կյանքում տանում է ճիշտ արահետներով (Սաղմոս 23):
Սուրբ Հոգին արդարներին ասում է չհանգցնել Իր պարգևները (1 Թեսաղոնիկեցիս 5:19):
Սուրբ Հոգին կատարում է մեծ գործեր հիանալի ավետարանի միջոցով (Մարկոս 16:17-18):
Սուրբ Հոգին առաջնորդում է արդարներին ապրել այնպես, ինչպես ապրում էին Տիրոջ աշակերտները` միացնելով նրանց Աստծո եկեղեցուն: Նա օգնում է, որ արդարներն ապրեն հիանալի ավետարանը քարոզելու հոգևոր կյանք և լցվեն Սուրբ Հոգով: Սա է Սուրբ Հոգու գործը, որ կատարվում է հիանալի ավետարանի միջոցով (1 Պետրոս 2:9): 
Եվ հենց այս պահին էլ Նա գործում է սրբերի սրտերում: Ալելուիա: