(Հռոմեացիս 3:1-31)
«Արդ ի՞նչ է Հրեայի առավելությունը, կամ ի՞նչ է թլփատության օգուտը: Շատ, ամեն կերպով. առաջ հենց նա որ Աստծո պատգամները նրանց հավատացվեցան: Բայց ի՞նչ. եթե ոմանք չհավատացին, մի՞թե նրանց անհավատությունն Աստծո հավատքը կխափանե . քավ լիցի: Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպես գրված է, որ արդար լինես քո խոսքերումը, և հաղթես քո դատվելումը: Բայց եթե մեր անիրավությունն Աստծո արդարությունը հայտնի երևացնում է, ի՞նչ ասենք. մի՞թե անիրավ է Աստված, որ բարկությունը բերում է: Մարդի կերպով եմ ասում, քավ լիցի. ապա Աստված ինչպե՞ս կդատե աշխարհքը: Որովհետև եթե Աստծո ճշմարտությունն իմ ստությունովն ավելացավ նրա փառքի համար, էլ ինչո՞ւ եմ ես մեղավորի պես դատվում: Եվ ինչո՞ւ համար այնպես չանենք ինչպես չարախոսվում ենք, և ինչպես ոմանք ասում են մեզ համար, թե ասում լինենք, թե Չար գործենք՝ որ բարին գա, որոնց դատաստանը արդար է: Եվ հիմա ի՞նչ. ավելի՞ ենք. ամենևին ոչ. որովհետև առաջ մեղադրեցինք Հրեաներին և Հեթանոսներին, թե ամենքը մեղքի տակ են. Ինչպես որ գրված է, Թե արդար չկա՝ մեկն էլ չկա: Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող: Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. չկա բարություն անող, մինչև մեկն էլ չկա: Նրանց կոկորդը բաց գերեզման է , և իրենց լեզուներովը նենգություն են անում. Իժերի թույն կա նրանց շրթունքների տակ: Որոնց բերանը անեծքով և դառնությունով լիքն է: Որոնց ոտները շուտագնաց են արյուն թափելու համար:Կործանում և թշվառություն է նրանց ճանապարհներումը: Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին: Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ: Բայց գիտենք, թե ամեն ինչ որ օրենքն ասում է նրանց է ասում, որ օրենքի տակ են. որ ամեն բերան խփվի, և բոլոր աշխարհք Աստծո առաջին դատապարտ լինի: Որովհետև օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նրա առաջին. որովհետև օրենքովը լինում է մեղքի գիտություն: Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է, օրենքից և մարգարեներից վկայված լինելով. Այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են. որովհետև խտրություն չկա: Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են. Ձրի են արդարանում նրա շնորհքովը՝ այն փրկության ձեռովը՝ որ Հիսուս Քրիստոսումն է: Որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունովը, որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին: Որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար և արդարացնող նրան՝ որ Հիսուսի հավատքիցն է: Հիմա ո՞ւր է պարծանքը. խափանվեցավ. ո՞ր օրենքով, գործերի՞ օրենքովը, ոչ, այլ հավատքի օրենքովը: Ուրեմն համարում ենք, որ մարդը հավատքով է արդարանում առանց օրենքի գործերի: Մի՞թե Աստված միայն Հրեաներինն է, և հեթանոսներինն էլ չէ. այո, հեթանոսներինն էլ է: Որովհետև մեկ Աստված է՝ որ արդարացնում է թլփատությունը հավատքից, և անթլփատությունը նույն հավատքովը: Արդ մի՞թե օրենքը խափանում ենք հավատքովը. քավ լիցի. այլ օրենքը հաստատում ենք»:
Մարդկանց անհավատությունը չի կարող ազդել Աստծո փրկության վրա
Պողոս առաքյալն ասում է, որ օրենքի կատարումը և Աստծո շնորհով փրկությունը չեն տրվել մեզ մեր գործերի միջոցով, այլ միայն հավատքի միջոցով: Մենք փրկվել ենք մեր մեղքերից և դարձել արդարներ Աստծո տված փրկության միջոցով: «Արդ ի՞նչ է Հրեայ առավելությունը, կամ ի՞նչ է թլփատության օգուտը: Շատ, ամեն կերպով. առաջ հենց նա որ Աստծո պատգամները նրանց հավատացվեցան: Բայց ի՞նչ. եթե ոմանք չհավատացին, մի՞թե նրանց անհավատությունն Աստծո հավատքը կխափանե . քավ լիցի: Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպես գրված է, որ արդար լինես քո խոսքերումը, և հաղթես քո դատվելումը» (Հռոմեացիս 3:1-4):
Հրեա լինելու առավելությունն այն է, որ Աստված Իր խոսքը վստահեց նրանց: Նրանք լսում էին խոսքն իրենց հայրերից: Քանի որ Աստված նրանց վստահեց Իր խոսքը, իսկ նրանք այն փոխանցում էին սերնդե սերունդ, մտածեցին, որ իրենք առավել են մյուս հեթանոս ազգերից: Այնուամենայնիվ, Աստվածաշունչն ասում է, որ Աստված թողեց հրեաներին, քանի որ նրանք չհավատացին Հիսուս Քրիստոսին, որն ազատեց նրանց իրենց մեղքերից:
Պողոսն ասում է. «Բայց ի՞նչ. եթե ոմանք չհավատացին, մի՞թե նրանց անհավատությունն Աստծո հավատքը կխափանե . քավ լիցի »: Մարդկանց անհավատությունը չի կարող խափանել Աստծո փրկությունը: «Աստծո հավատք» նշանակում է «Աստծո անկեղծություն»: Նա նկատի ունի, որ Աստծո անկեղծությունը և փրկությունը չի կարող կորցնել իր ուժը, եթե հրեաները չհավատան դրան: Աստծո խոստումի խոսքը, որ Նա փրկում է ամեն հավատացողի, չի խափանվի, եթե նրանք չհավատան դրան:
Հեթանոսները կհավատան, եթե հրեաները չհավատան: Աստված ասում է, որ ով հավատում է, փրկվելու է իր մեղքերից: Դրա համար Աստված թողեց հրեաներին, քանի որ նրանք չհավատացին, որ ճշմարտության խոսքը կատարվել է Աստծո խոստումի համաձայն, նույնիսկ եթե Աստված նրանց էր վստահել այդ խոսքը:
Պողոս առաքյալը հաստատում է հետևյալը. Աստված փրկության պարգևը տվեց բոլոր մարդկանց: Աստված ասում է, որ խոստացել էր այն Հին Կտակարանում և իրականացրեց՝ ուղարկելով Հիսուս Քրիստոսին, Իր Միածին Որդուն: Ոմանք հավատում են Աստծո ավետարանին, սակայն ուրիշներն էլ չեն հավատում: Այնպես որ, ով հավատում է, օրհնված է լինելով Աստծո զավակներ, ճիշտ այնպես, ինչպես որ Նա խոստացել էր: Իսկ Աստծո օրհնությունները չեն կարող խափանվել, անկախ նրանից, թե որքան մարդ չի հավատա դրան:
Ով որ հավատում է ճշմարտությանը, կարող է ստանալ Նրա մեծ սերը
Ով որ լսում է ճշմարտության խոսքը և հավատում դրան, կարող է ստանալ Աստծո մեծ սերը, բայց անհավատները պնդում են, որ Աստված ստախոս է: Իրականում, Աստված կատարեց Իր խոստումը, սակայն անհավատները բացառված են Աստծո փրկության ծրագրից, որովհետև չհավատացին մեղքերի թողության շնորհքին:
Պողոս առաքյալն ասում է. «մի՞թե նրանց անհավատությունն Աստծո հավատքը կխափանե . քավ լիցի »: Աստված խոստացել էր և հավատարմորեն տվեց Իր փրկության պարգևը և փառքը բոլոր հավատացողներին:
Ի՞նչ է ըստ Աստվածաշունչի Աստծո պարգևը: Աստվածաշունչն ասում է, որ Հայր Աստվածն ուղարկեց Իր Սիրելի Որդուն և Իր զավակները դառնալու շնորհը տվեց նրանց, ովքեր հավատում են Իր Որդու միջոցով մեղքերի թողությանը: Նույնիսկ աշխարհի ստեղծումից առաջ Նա ծրագրել էր, որ բոլոր մարդկանց տալու է Իր զավակները լինելու շնորհը և Իր արդարության միջոցով մեղքերի թողություն: Եվ Նա հավատարմորեն կատարեց Իր խոստումը: Հետևաբար, հավատացյալներն ունեն Աստծո խոսքի օրհնությունը, իսկ անհավատները դատվելու են ըստ այդ խոսքի:
Անհավատները գնալու են դժոխք: Աստված ստեղծեց օրենքը, որպեսզի մենք կարողանանք փրկվել Նրա Խոսքի հավատքով: Նա նաև ասում է, որ Աստծո հավատարմությունը երբեք չի խափանվի, թեկուզ մարդիկ չհավատան դրան: Մենք օրհնված ենք՝ ընդունելով Աստծո փրկության հավատքը: Աստված ասում է. «Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպես գրված է, որ արդար լինես քո խոսքերումը, և հաղթես քո դատվելումը» (Հռոմեացիս 3:4):
Ամեն մարդ ստախոս է: Աստված ճշմարիտ է: Ինչո՞ւ: Որովհետև Աստված ասում է. «Ինչպես գրված է, որ արդար լինես քո խոսքերումը, և հաղթես քո դատվելումը»: Աստված ասում է, որ Ինքը նախապես խոստանում է, որ օրհնվում են նրանք, որ օրհնյալ են և անիծում նրանց, որ անիծված են: Աստված արդար է, որ օրհնում է հավատացյալներին ու անիծում անհավատներին: Աստված ասում է. «Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ»:
«...որ արդար լինես քո խոսքերումը, և հաղթես քո դատվելումը»: Նա ասում է, որ փրկելու է մարդկանց Իր կամքի համեմատ: Խոսքը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ և փրկեց մեզ: Հետևաբար Աստված արդար է Իր խոսքով:
Տերը հաղթել է սատանային Աստծո գրավոր խոսքով: Տերն արդար է և անկեղծ Ինքն Իր առջև, սատանայի և բոլոր հոգևոր էակների առաջ, որովհետև Նա կատարեց այն, ինչ խոստացել էր: Այնուամենայնիվ մարդիկ անկեղծ չեն: Նրանց վարքագիծը փոփոխվում է անընդհատ, հենց որ ընկնում են մի անհարմար վիճակի մեջ: Սրան հակառակ, Աստված երբեք չի խախտում Իր խոստումները: Դրա համար Պողոս առաքյալն ասում է, որ մեր հավատքը պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա:
Մեր անիրավությունը ցույց է տալիս Աստծո արդարությունը
Հռոմեացիս 3:5 «Բայց եթե մեր անիրավությունն Աստծո արդարությունը հայտնի երևացնում է, ի՞նչ ասենք. մի՞թե անիրավ է Աստված, որ բարկությունը բերում է: Մարդի կերպով եմ ասում»: Բոլոր մարդկային էակները անիրավ են, բայց ի՞նչ կարող ենք ասել, եթե նրանց անիրավությունը ցույց է տալիս Աստծո փրկության արդարությունը: Ի՞նչ կարող ենք ասել, եթե մեր մեղքերը հայտնի են դարձնում Աստծո արդարությունը:
Աստծո արդարությունը ավելի շատ հայտնված է մեր մեղքերի և անիրավությունների մեջ: Աստված իսկապես հավատարիմ է: Նա փրկության Աստվածն է, Փրկիչն ու ճշմարիտ Աստված, որ խոստացավ փրկել մեզ Իր խոսքով և կատարեց Իր խոստումը: Ի՞նչ կարող ենք ասել, եթե Աստծո արդարությունը հայտնված է մեր տկարությունների մեջ: Մեր տկարությունները հայտնում են Աստծո արդարությունն ավելի շատ, քանի որ մենք մեղանչում ենք մինչև մահանալը:
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Աստված սիրո Տերն է: Մենք կարող ենք իմանալ այն մեր անկատարությունից: Աստծո սերը հայտնվեց մեր միջոցով, որովհետև մենք մեղանչում ենք մինչև մեր կյանքի վերջին օրը: Տերն ասում է, որ սրբել է աշխարհի բոլոր մեղքերը: Աստծո սերը չէր լինի կատարյալ, եթե Նա սիրեր միայն բարի մարդկանց, ովքեր մեղքեր չունեն: Միայն Նրա ճշմարիտ սիրո շնորհիվ է, որ Աստված ընդունում և գործ ունի մեր նման մեղավորների հետ, ովքեր երբեք արժանի չէին այդ սիրուն:
Մենք անարդար ենք և դավաճանել ենք Աստծուն: Մենք չենք հավատում Նրան և ոչ մի բարի բան չունենք Նրա առաջին: Մեղավորները նրանք են, որ միայն չարիք են անում, բայց Հիսուսը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից և անիրավություններից և մեզ ցույց տվեց Աստծո սերը:
Աստված ասում է, որ Իր արդարության և սիրո միջոցով է Նա ուղարկել Իր Միածին Որդուն աշխարհ, որ փրկի մեզ սատանայի խավարից և անեծքից, երբ մարդ արարածը՝ խաբվելով սատանայից, մեղանչեց ու կանգնեց դժոխքի ճանապարհին: Այսպիսին է Աստծո սերն ու շնորհը:
«Բայց եթե մեր անիրավությունն Աստծո արդարությունը հայտնի երևացնում է, ի՞նչ ասենք»,- ասում է Պողոս առաքյալը: Հավատացյալների և անհավատների մտքերը իրարից տարբերվում են այս հատվածում: Անհավատները փորձում են լինել լավը, որպեսզի մտնեն Երկնքի Արքայություն և ստանան Աստծո օրհնությունները: Բայց Պողոսը տալիս է հակառակ մեկնաբանությունը, ասելով. «Բայց եթե մեր անիրավությունն Աստծո արդարությունը հայտնի երևացնում է, ի՞նչ ասենք»: Պողոս առաքյալն ասում է, որ մենք՝ մարդ արարածներս, չենք կարող անել Աստծո արդարությունը, այլ միայն մեղք ենք գործում Նրա առաջ, և որ մեզնից դուրս եկող չարը ցույց է տալիս Աստծո ճշմարիտ սերը: Այո, դա ճիշտ է: Բոլոր մարդիկ չար են և չեն կարող լինել արդար, սակայն Աստված փրկեց նրանց իրենց բոլոր մեղքերից:
Մենք փրկված ենք Աստծո արդարությամբ
Պողոս առաքյալն ասում է, որ մարդիկ չեն կարող լինել արդար և ընկած են մեղքի թակարդը: Տերը փրկեց այդ մեղավորներին իրենց մեղքերից և ցույց տվեց Իր սերը: Մենք Նրա կատարյալ սիրո կարիքն ունենք, որովհետև մենք չենք կարող խուսափել մեղից: Մենք փրկվեցինք միայն Հիսուսի բացարձակ սիրո, Նրա ազատ շնորհի և փրկության պարգևի շնորհիվ:
Պողոս առաքյալն ասում է, որ իր փրկության համար պարտական է Աստծո արդարությանը: Այն, ինչ Աստված արեց բոլոր մեղավորներին իրենց մեղքերից փրկելու համար, վկայում է Նրա արդարությունը: Պողոսն ասում է, որ ավետարանին հավատալը փրկեց իրեն: Աստծո արդարությունը հայտնվեց ջրի և Հոգու ավետարանում: Մեր փրկությունը կախված է Աստծո արդարության գործողությունից, որ Նա արել էր մեզ համար: Հետևաբար մեղավորները փրկվում են իրենց բոլոր մեղքերից հավատքով: Նրանք, ովքեր վերստին ծնված չեն, կարծում են, որ պետք է լինեն լավը կամ կատարեն բարի գործեր, որ կարողանան մտնել Երկնքի Արքայություն:
Պողոս առաքյալը նկատի չուներ, որ մենք դիտավորյալ ենք անում չար բաներ, բայց մարդիկ քամու նման սլանում են դեպի դժոխք, քանի որ փորձում են բարի գործերով արդարանալ, առանց ստանալու Աստծո արդարությունը: Նրանք պետք է ապաշխարեն և հավատան Աստծո տված փրկությանը, որպեսզի խուսափեն դժոխքից:
Ո՞վ կարող է անել բարի գործեր Աստծո առաջ: Ոչ ոք: Այդ դեպքում, ինչպե՞ս կարող է մեղավորը ազատվել իր բոլոր մեղքերից: Նա պետք է փոխի իր մտքերը: Պողոս առաքյալն ասում է, որ ինքը փրկվեց հավատքով: Բայց ի՞նչ են մարդիկ մտածում: Մարդիկ կարծում են, թե կարող են փրկվել բարի գործերով, դրա համար էլ չեն կարող ազատվել իրենց մեղքերից: Նրանք, ովքեր Հիսուսին հավատալով փրկվել են իրենց մեղքերից և ստացել մեղքերի կատարյալ թողություն, հպարտանում են միայն Աստծո արդարությամբ և մեծարում են այն:
Սակայն նրանք, որ վերստին ծնված չեն, թեև հավատում են Հիսուսին, կարծում են, որ նրանք կարող են մտնել Երկնքի Արքայություն իրենց բարի գործերով և հակառակը, կգնան դժոխք, եթե չանեն բարի գործեր: Իրենց հավատքը սխալ է: Պողոս առաքյալի հավատքը վերստին ծնված հավատացյալի հավատքն է: Նրանք, ովքեր վերստին ծնված չեն, թեև կարծում են, թե հավատում են Հիսուսին, սխալ են հավատում, որովհետև փորձում են իրենց հավատքին ավելացնել իրենց գործերը: Մենք չենք փրկվել մեր գործերի միջոցով, այլ փրկվել ենք Աստծո արդարությանը հավատալով՝ Հիսուսի մկրտությանը և Խաչի վրա Նրա մահվանը:
Արդարը չի կարող դիտավորյալ մեղանչել
«Բայց եթե մեր անիրավությունն Աստծո արդարությունը հայտնի երևացնում է, ի՞նչ ասենք»: Աստվածաշունչն ասում է, որ մեր անիրավությունը հայտնի է դարձնում Աստծո արդարությունն ու սերը: Աստվածաշունչը նաև ասում է. «Որովհետև եթե Աստծո ճշմարտությունն իմ ստությունովն ավելացավ նրա փառքի համար, էլ ինչո՞ւ եմ ես մեղավորի պես դատվում: Եվ ինչո՞ւ համար այնպես չանենք ինչպես չարախոսվում ենք, և ինչպես ոմանք ասում են մեզ համար, թե ասում լինենք, թե Չար գործենք՝ որ բարին գա, որոնց դատաստանը արդար է» (Հռոմեացիս 3:7-8): Անհավատների անունները գրված են Դատաստանի Գրքում, և նրանք պետք է ընկնեն կրակի լճի մեջ: Նրանք պետք է ապաշխարեն և հավատան ջրով և արյամբ կատարված փրկությանը:
Պողոս առաքյալն ասում է, «Մի՞թե անիրավ է Աստված, որ բարկությունը բերում է: Մարդի կերպով եմ ասում. Քավ լիցի»: Մարդիկ հերքում են, ասելով. «Մի՞թե անարդար չէ, որ Աստված Իր բարկությունն է բերում անհավատների վրա և ուղարկում է նրանց դժոխք միայն այն պատճառով, որ նրանք չեն հավատում, որ Հիսուսն արդեն փրկել է նրանց իրենց բոլոր մեղքերից»: Սակայն Պողոսն ասում է. «Մի՞թե անիրավ է Աստված, որ Իր բարկությունն է բերում: Արդար կլինի, եթե անհավատները գնան դժոխք, քանի որ նրանք չեն հավատում ճշմարտությանը: Աստված անարդար չէ»:
Հռոմեացիս 3:7 «Որովհետև եթե Աստծո ճշմարտությունն իմ ստությունովն ավելացավ նրա փառքի համար, էլ ինչո՞ւ եմ ես մեղավորի պես դատվում»: Իսկ ժողովուրդը կարող է ասել. «Ի՞նչ: Դուք մեղանչելո՞ւ եք դիտավորյալ, որովհետև ստացել եք մեղքերի թողություն: Դուք ավելի շատ կստեք, քանի որ փրկված եք Աստծո արդարությամբ: Մեղք գործելու ե՞ք դիտավորյալ»: Բայց Աստվածաշունչն ասում է, որ նրանք այսպես են գործում չար սրտով, չիմանալով Աստծո փրկությունը և ոչ էլ ընդունելով Նրա մեծ սերը:
Հետևաբար, Պողոսն ասում է, որ Աստծո ճշմարտությունը մեր մեղավորության ու ստախոսության շնորհիվ մեծացնում է Նրա փառքը: Բայց մարդիկ հերքում էին Պողոսին իրենց ենթադրություններով և ասում էին. «Դու կարող ես ավելի շատ մեղքեր գործել, եթե կարծում ես, որ փրկված ես հավատքով, ոչ թե գործերով»: Ճիշտ չէ, որ մարդիկ մեղք են գործում, որովհետև ուզում են: Նրանք չեն կարող խուսափել մեղք գործելուց, որովհետև ծնվել են որպես մեղավորներ: Խնձորենու համար բնական բան է խնձոր բերելը: Աստվածաշունչն ասում է, որ բնական է մեղավոր մարդու համար մեղք գործելը: Տերը փրկեց այդ մեղավորներին Իր արդարությամբ, և նրանք կարող են ազատվել միայն ընդունելով Տիրոջ փրկությունը:
«Եվ ինչո՞ւ համար այնպես չանենք ինչպես չարախոսվում ենք, և ինչպես ոմանք ասում են մեզ համար, թե ասում լինենք, թե Չար գործենք՝ որ բարին գա, որոնց դատաստանը արդար է» (Հռոմեացիս 3:8): Նրանք, ովքեր գտնվում են կեղծ ուսուցիչների ազդեցության տակ, թեև մտածում են, որ հավատում են Հիսուսին, այսպես են կարծում: Հռոմեացիս թուղթը Պողոս առաքյալը գրել է մոտ 2000 տարի առաջ: Շատ մարդիկ այդ ժամանակ այդպես էին մտածում, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա անհավատները: Կեղծ հավատացյալները մտածում են այնպես, ինչպես անհավատներն այն ժամանակ, որ ասում էին. «Մի՞թե դիտավորյալ չեք մեղանչի, եթե ստացել եք մեղքերի թողություն, անմեղ եք և գիտեք, որ ձեր ապագա մեղքերը ներված են»:
Անհավատները գործում են իրենց անհավատ մարմնի մտքերով: Նրանք չեն կարող մտնել Աստծո փրկության ճշմարտությունն իրենց կեղծ մտքերի պատճառով: Իհարկե, նույնիսկ արդարները դեռ մեղանչում են, չնայած որ ստացել են մեղքերի թողություն, բայց այդպիսիները քիչ են: Աստվածաշունչն ասում է, որ ջրից և Հոգուց վերստին չծնված մեղավորները շարունակում են մեղք գործել, քանի որ նրանք չեն գիտակցում, որ իրենք մեղքի մեջ են և չգիտեն, որ դա մեղք է: Այնուամենայնիվ, Աստվածաշունչն ասում է, որ արդարները չեն կարող դիտավորյալ մեղանչել, քանի որ նրանք գտնվում են Աստծո իշխանության տակ:
Ոմանք ասում էին Պողոս առաքյալին. «Դու ինչ է, չար բաներ չե՞ս անում, քանի որ Աստված փրկել է քեզ քո բոլոր մեղքերից: Ավելի լավ կլիներ, եթե չար արարքներ գործես Աստծո արդարությունը հայտնի անելու համար»: Պողոսն ասում է, որ նրանց դատաստանը լինելու է արդար: Նա նկատի ունի, որ ճիշտ կլինի, որ նրանք դատապարտվեն և գնան դժոխք: Ինչո՞ւ: Որովհետև նրանք կախված չեն հավատքից, այլ իրենց գործերից:
Աստծո արդարությունը երբեք ուժը չի կորցնում
Պողոս առաքյալն ասում է, «Բայց ի՞նչ. եթե ոմանք չհավատացին, մի՞թե նրանց անհավատությունն Աստծո հավատքը կխափանե»: Արդյո՞ք նրանց անհավատությունը կարող է խափանել Աստծո փրկությունը, միայն այն պատճառով, որ նրանք չեն հավատում Աստծո փրկությանը: Մարդիկ փրկվում են, եթե հավատում են, բայց նրանք կորցնում են շնորհքով մեղքերի թողությունը, եթե չեն հավատում: Աստծո արդարությունը հաստատուն է: Հասկանո՞ւմ եք: Նրանք, ովքեր գնում են դժոխք, կամավորներ են, քանի որ նրանք ընտրել են այդ ճանապարհը: Աստծո գործերը և շնորհով փրկությունը երբեք չի խափանվի: Դրանք հաստատուն են:
Տիրոջ փրկությունը չունի կապ մարդկային ջանքերի հետ, որոնք հիմնված են օրենքի գործերի վրա: Այն միայն առնչություն ունի հավատացյալների հետ: Հավատացյալները փրկվում են Աստծո ճշմարտությամբ, իսկ անհավատները գնալու են դժոխք, քանի որ նրանք մերժելով Աստծո ճշմարտությունը, չեն փրկվելու: Աստված ուղարկեց «գայթակղության քար և գլորման վեմ» (Եսայիա 8:14): Ամեն Հիսուսին հավատացող արդարանում է և ստանում հավիտենական կյանք, թեկուզ լինի տկար անձնավորություն: Իսկ ով չի հավատում Հիսուսին, գնալու է դժոխք, քանզի մեղքի վարձքը մահ է, թեկուզ լինի լավ անձնավորություն: Հիսուսը եղավ գայթակղության քար և գլորման վեմ նրանց համար, ովքեր չեն հավատում մեղքերի ներմանը:
Չկա արդար անձ, որ մեղք ունենա
Պողոս առաքյալն խոսում է փրկության հավատքի մասին նրանց համար, ովքեր ձևացնում են, թե լավն են, դրա համար մարդիկ Հռոմեացիների այս նամակը համարում են որպես Աստծո ճշմարիտ խոսք, որ խոսում է հավատքի մասին: Ոմանք զարմանում են նրանց համար, ովքեր նույնանում են արդարների հետ: Իրականում, նրանց, ում մեղքերը ներված են Հիսուսի կողմից, արդարացած են, քանի որ իրենց բոլոր մեղքերը մաքրված են: «Հիսուսը հավատարիմ է» նշանակում է «Նա հավատարմորեն փրկվեց մեղավորներին իրենց մեղքերից»: Ոմանք ասում են, որ իրենք «ազատված» մեղավորներ են, բայց այդպիսիք չկան Աստծո առաջ: Ինչպե՞ս կարող է մեկը դեռ լինել մեղավոր այն բանից հետո, երբ նրա մեղքերը մաքրված են: Մենք փրկված ենք, եթե Հիսուսը փրկի մեզ և մեղավոր ենք, եթե Հիսուսը չփրկի մեզ: Փրկության մեջ չկա «միջին» վիճակ:
Կա՞ արդյոք արդար մարդ, ով ունի մեղքեր: Չկա մի արդար, որ ունենա մեղքեր: Անձը մեղավոր է, եթե ունի մեղքեր, բայց արդար ու անմեղ է, եթե հավատում է Հիսուսին: Ինչպե՞ս կարող ենք լուծել այսօրվա և ապագայի մեղքերի հարցը: Մարդիկ կարծում են, որ իրենք անխուսափելի մեղավորներ են, քանի որ ամեն օր մեղքեր են գործում և մեղանչելու են մինչև իրենց կյանքի վերջին օրը: Սակայն մենք արդարացած ենք ավետարանին հավատալու շնորհիվ, որն ասում է, որ Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքերը, ներառյալ ապագա մեղքերը, Հորդանան գետում և խաչվեց դրանց համար:
«Արդար մարդն, ով ունի մեղքեր», լրիվ անհեթեթություն է: Խելամիտ կլինի՞ մտածել, որ մարդը դեռ պարտքեր ունի, եթե արդեն վճարել է իր պարտքերը: Ենթադրենք, որ մի մարդ կար, ով շատ փող ուներ, բայց նրա որդին մի վատ սովորություն ուներ, որ քաղաքի բոլոր խանութներից ամեն օր ապառիկ գնում էր կոնֆետներ: Սակայն նրա հարուստ հայրը նախորոք վճարել էր այնպիսի մեծ գումար, որ գերազանցում էր իր որդու բոլոր պարտքերը մինչև կյանքի վերջ: Եվ փաստորեն նա երբեք չէր կարող պարտք մնալ, ինչքան էլ որ ուտեր կոնֆետներ, չվճարելով մինչև իր կյանքի վերջին օրը:
Տերը փրկեց մեզ Իր արդարությամբ՝ Հիսուսին փոխանցելով մեր մեղքերը Հորդանան գետում: Նա կատարելապես փրկեց մեզ բոլորիս: Ուստի, մենք երբեք չենք կարող կրկին լինել մեղավորներ, թեկուզ լինենք տկար ու անզոր: Աստված ասում է, որ մենք արդարացած ենք, եթե չենք հերքում այն, ինչ նա արել է:
Մարդիկ ունենալով մարմնական մտքեր՝ ոչ կարող են հավատալ ավետարանին, ոչ էլ վերստին ծնվել
Քրիստոնյաները, որոնք համարում են իրենց «ազատված» մեղավորներ, մտածում են մարմնական մտքերով: Հոգևոր մտքեր ունենալը, նշանակում է հավատալ Աստծո խոսքին: Իսկ մարմնական միտքը, դա մարդու միտքն է: Դա մարդկային իմաստությունն է: Մարմինը չի կարող մեղք չգործել, բայց մենք կարող ենք արդարանալ Աստծո առաջ՝ հավատալով Հիսուսի մկրտությանն ու Խաչին: Աստվածաշունչն ասում է, որ մենք երբեք չենք կարող դառնալ արդարներ ու սրբագործվել, եթե փորձում ենք մեղք չգործել:
Կարո՞ղ է արդյոք մեկը մտնել Երկնքի Արքայություն՝ դառնալով սուրբ անձ, որը հավատալով Հիսուսին այլևս երբեք մեղք չի գործում: Թե՞ այն հնարավոր է միայն մեկընդմիշտ փրկվելով: Արդյո՞ք մեղավորներն իրականում արդարացել են մեղքերի թողության շնորհքով: Անհնար է լինել արդարացված մարմնական մտքերով: Մարմինը երբեք չի կարող դառնալ արդար: Մարմինը միշտ ուտելու բան է ցանկանում, երբ որ քաղցած է լունում:
Մարմնի համար անհնար է լինել սրբագործված, որովհետև մարմինն ունի կիրք ու ցանկություններ: Դրա համար մենք արդարացել ենք միայն հավատալով Հիսուսի ջրին և արյանը: Կարո՞ղ ենք արդյոք մտնել Երկնային Արքայություն այլևս մեղք չգործելով և մաքրելով մեզ, ինչպես մաքուր ձյուն: Մեծամիտ մտածելակերպ է այն, որ մարդն, ով ունի կրքեր և ցանկություններ, կարող է սրբագործվել՝ խուսափելով մեղքից: Դա անհնար է:
Մարդիկ ոչ կարող են հավատալ ավետարանին, և ոչ էլ վերստին ծնվել, որովհետև նրանք հավատքի մասին մտածում են մարմնական մտքերով: Հիսուսն ասեց. «Մարմնից ծնվածը մարմին է, և Հոգուց ծնվածը հոգի է» (Հովհաննու 3:6):
Անհնար է արդարանալ մարմնական մտքերով: Դուք կարող եք նաև կարծել, որ դա անհնար է, քանի որ վաղը նորից եք մեղանչելու, թեկուզ մինչ այսօր շատ լավ եք ապաշխարել և հավատացել Հիսուսին: Դուք կարող եք մտածել. «Ինչպե՞ս կարող եմ ասել, որ մեղք չունեմ, երբ շարունակում եմ մեղք գործել նույնիսկ հիմա»: Հնարավո՞ր է արդարանալ, եթե մարմնապես եք մտածում: Անհնար է սրբագործվել մարմնով:
Սակայն Աստված կարող է մեզ դարձնել արդար
Սակայն Աստված կարող է կատարելապես փրկել մեզ, եթե անգամ մարդը չի կարող դա անել: Աստված կարող է մաքրել մեր գիտակցությունը և ստիպել, որ խոստովանենք, որ արդար ենք և Նա մեր Հայրն է և մեր Փրկիչը: Դուք պետք է գիտենաք, որ հավատքը սկսվում է սրտում ճշմարիտ խոսքին հավատալուց: Այն սկսվում է ճշմարտության խոսքից: Մենք արդարանում ենք սրտում հավատալով ճշմարիտ խոսքին: Մենք երբեք չենք կարող մարմնի գործերով արդարանալ:
Սակայն նրանք, ովքեր չունեն վերստին ծնունդ, չեն կարող ազատվել իրենց սեփական մտքերից, քանի որ նրանք փակված են իրենց մտքերում: Նրանք երբեք չեն կարող ասել, որ արդար են, որովհետև նրանք մտածում են մարմնական մտքերով: Սրան հակառակ հավատքը, որով մենք արդարացած ենք, սկսվում է Աստծո խոսքի ճշմարտությունն իմանալով: Եթե իսկապես ուզում եք վերստին ծնվել, ապա անշուշտ կարող եք՝ լսելով ճշմարիտ խոսքը վերստին ծնված քրիստոնյաներից, որովհետև Հոգին հավանում է վերստին ծնվածներին, որոնք գործում են ճշմարտությամբ և «Որովհետև Հոգին ամեն բաները քննում է, և Աստծո խորքն էլ» (1 Կորնթացիս 2:10): Մարդիկ կարող են վերստին ծնվել, եթե լսեն Աստծո խոսքը արդարների միջոցով, որովհետև Հոգին բնակվում է արդարների մեջ, ովքեր ունեն վերստին ծնունդ: Ուզում եմ, որ սա լավ հիշեք: Դուք պետք է հանդիպեք արդար քրիստոնյայի, մեկին, որ վերստին ծնված է, եթե ցանկանում եք ստանալ վերստին ծնվելու շնորհը:
Աբրահամը ծնեց Իսմայելին և Իսահակին: Իսմայելը ծնվեց հարճից: Իսմայելն արդեն 14 տարեկան էր, երբ ծնվեց Իսահակը: Իսմայելը հալածում էր Իսահակին, ով ծնվել էր ազատ կնոջից: Նրանցից ո՞վ իրականում իրավահաջորդության իրավունք ուներ: Իսահակը, նա, որ ծնվել էր ազատ կնոջից՝ Սառայից:
Իսահակն ուներ իրավահաջորդության իրավունք և ճանաչում, թեև Իսմայելը տարիքով մեծ էր և ֆիզիկապես ուժեղ: Ինչո՞ւ: Որովհետև Իսահակը ծնվել էր Աստծո խոսքից հետո: Հավատքը հիմնված մարդկային մտքով, նման է ավազահատիկներով կառուցած ամրոցի: Մարդիկ կարող են ծնվել վերստին, եթե սովորեն Աստծո խոսքի ճշմարտությունը և հավատան դրան:
«Եվ հիմա ի՞նչ. ավելի՞ ենք. ամենևին ոչ. որովհետև առաջ մեղադրեցինք Հրեաներին և Հեթանոսներին, թե ամենքը մեղքի տակ են. Ինչպես որ գրված է, Թե արդար չկա՝ մեկն էլ չկա» (Հռոմեացիս 3:9-10): Ի՞նչ է ուզում ասել այս հատվածը: Արդյո՞ք այն ցույց է տալիս մարդու կարգավիճակը վերստին ծնվելուց առաջ և հետո: Մենք բոլորս մեղավորներ էինք մինչ վերստին ծնվելը: «Ոչ մի արդար չկա, մեկն էլ չկա»: Ահա այսպիսին էր մարդու կարգավիճակը մինչ Հիսուսը մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը: Մարդը երբեք չի կարող սրբագործվել առանց Հիսուսին հավատալու:
«Աստիճանական սրբացում» արտահայտությունը եկել է հեթանոսական կրոնների կուռքերի պաշտամունքից: Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Ինչպե՞ս կարելի է սրբագործվել մարզելով իրեն: Մարդը չի կարող արդարանալ ինքն իրեն: Չկա մեկը, որ ինքնուրույն արդարանա կամ լինի արդարացած: Ոչ մեկը չի կարող ազատվել իր մեղքերից սեփական ջանքերով: Դա հնարավոր է միայն Աստծո խոսքին հավատալով: Աստվածաշունչն ասում է. «Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող» (Հռոմեացիս 3:11):
Նրանք բոլորը խոտորեցին
«Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան» (Հռոմեացիս 3:12): Մարդն օգուտ ունի՞ Աստծո առաջ: Մարդն անօգուտ է Աստծո առաջ: Բոլոր նրանք, ովքեր դեռ վերստին ծնված չեն, անօգուտ են Աստծո առաջ: Մի՞թե նրանք չեն մատնացույց անում երկինքն ու անիծում Աստծուն նրա համար, որ անձրև չի գալիս, չնայած որ բոլորս ստեղծված ենք Նրա կողմից:
«Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան», ասեց Աստված: Ինչպե՞ս կարող է մարդն, ով ունի մեղքեր իր սրտում, փառաբանել Աստծուն: Ինչպե՞ս կարող է մեղավորը, որ չի կարող լուծել մեղքի խնդիրը, փառաբանել Տիրոջը: Ինչպե՞ս կարող է մեղավոր մարդը փառաբանել Աստծուն: Մեղավորները չեն կարող փառաբանել Աստծուն:
Մեր օրերում շատ են փառաբանության պաշտամունքի եկեղեցիները: Մեղավորները բազում հոգևոր երգեր են գրել՝ մեջբերելով Սուրբ Գրքի Հայտնության խոսքերը. «Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 5:13): Տերն արժանի է փառքի և պատվի, բայց միայն արդարները կարող են փառաբանել Նրան: Ի՞նչ եք կարծում, Աստված ուրախությամբ է ընդունում մեղավորների փառաբանությունը: Մեղավորների փառաբանությունը նման է Կայենի մատուցած զոհաբերությանը: Նրանց փառաբանությունը իզուր է, իսկ նրանց երգերը բարձրանում են դեպի դատարկ երկինքը, թեև նրանք կարծում են, որ փառաբանում են Տիրոջը: Ինչո՞ւ: Որովհետև Աստված չի ուրախանում նրանց փառաբանությամբ: Աստված երբեք չի լսում մեղավորների աղոթքները (Եսայիա 59:1-2):
Աստվածաշունչն ասում է, որ բոլորը խոտորեցին ճանապարհից և միասին անպիտան եղան: «Ամենքը խոտորեցան», խոսքերը նշանակում են, որ նրանք մերժելով Աստծո խոսքը՝ հավատում էին իրենց սեփական մտքերին: Ճշմարիտ դատաստանը կատարվելու է Աստծո խոսքով: Դատում է միայն Աստված: Մարդիկ չեն կարող դատել: «Ամենքը խոտորեցան» խոսքերը նշանակում է, որ նրանք ապրում են իրենց սեփական մտքերով: Նրանք միշտ ասում են. «Ես միշտ այսպես եմ մտածում և այսպես հավատում»: Նրանք, ովքեր չեն թողնում իրենց մտքերը, հենվում են իրենց մտքերի վրա և այլևս չեն դառնում դեպի Աստծո խոսքը:
Ովքեր վերստին ծնված չեն, մտածում են, որ իրենք իրենց դատավորն են: Իրենց համար կարևոր չէ, թե ինչ է գրված Աստվածաշնչում: Նրանք կառչում են իրենց մտքերից և դատում ճիշտն ու սխալն ըստ այդ մտքերի, ասելով. «Ես այսպես եմ մտածում և հավատում: Սա այն չէ, ինչ ես մտածում եմ»: Ինչպե՞ս կարող են նրանք գտնել ճշմարտությունը: Աստված ասում է, բոլոր մարդիկ խոտորեցին դեպի իրենց սեփական մտքերը: Մենք չպետք է խոտորենք, չպետք է դառնանք դեպի մեր սեփական մտքերը: Փոխարենը, պետք է վերադառնանք դեպի Տերը: Մենք պետք է փրկվենք արդար ճանապարհով: Մենք պետք է դատվենք ճշմարիտ խոսքի առաջ: Ապա ի՞նչ է արդարությունը:
Մենք պետք է վերստին ծնվենք Աստծո խոսքից
Արդարությունն Աստծո խոսքն է, որը հենց ճշմարտությունն է: Աստծո խոսքը կանոնն է, որով չափվում է ամեն բան: Մենք պետք է գիտենանք, որ Աստծո խոսքը չափանիշն է կամ մեր ելակետը: «Սկզբումն էր Բանը» (Հովհաննու 1:1): Ո՞վ էր Աստծո հետ, Հոր և Սուրբ Հոգու: Նա Աստված է, Խոսքը: Խոսքն Աստված է: Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու թագավորների Թագավորը Խոսքն է, մեր Աստվածը:
Գրված է, որ Խոսքն Աստծո հետ էր հենց սկզբում: Ո՞վ էր Աստծո հետ: Խոսքը: Խոսքը Հիսուսն է, մեր Փրկիչը և Աստվածը: Փրկիչն Աստվածն է: Նրա բնույթի ճիշտ նկարագիրը Խոսքն է: Աստծո խոսքը տարբերվում է մեր մտքերից, որովհետև Խոսքը Աստված է: Մարդը չի կարող հասկանալ Աստծո Խոսքն իր մարմնական մտքերով:
Հետևաբար Աստված կարող է օգտագործել այն անձնավորությանը, ով հաստատուն է Նրա խոսքի և հավատքի մեջ: Այն մարդն, ով հաստատուն է Աստծո խոսքի մեջ, հավատարիմ է և օգտակար Աստծո առաջ, և Աստված օրհնում է այդպիսի մարդուն:
Կարո՞ղ է արդյոք մարդն անել բարի բան: Խոսքը, որ Աստվածն է, ասում է, որ արդար չկա, մեկն էլ չկա: Այնուամենայնիվ ոմանք կարծում են. «Կարծես մեկն անում է արդար գործեր»: Փաստորեն մարդիկ կեղծավորություն են անում Աստծո առաջ: Մենք պետք է գիտենանք, որ ոչ մի արդարություն չունենք մինչ վերստին ծնվելը:
Բոլոր մարդիկ ապստամբում են Աստծո դեմ: Նրանք խաբում են միմյանց, և նույնիսկ Աստծուն, սակայն ձևացնում են, թե սուրբ են, բարի և ողորմած: Նրանք մարտահրավեր են նետում Աստծուն՝ ձևացնելով, թե լավն են: Միայն Աստված է բարի: Նրա սիրուն և արդարությանը չհավատալով ձևացնել, թե մարդը բարի է, առանց վերստին ծնունդ ունենալու, նշանակում է դեմ կանգնել Աստծուն և ապստամբել Նրա ճշմարտության դեմ:
Ի՞նչ եք կարծում, միայն ծանր մեղավորներն են դատվելու Աստծո կողմից: Ով որ վերստին ծնված չէ, եթե նույնիսկ քրիստոնյա է, չի կարող խուսափել Աստծո բարկությունից: Հրաժարվեք ձեր կեղծավոր կյանքից և լսեք Աստծո խոսքը: Վերստին ծնվեք, որպեսզի կարողանաք խուսափել Աստծո դատաստանից:
Երբևէ վերստին ծնունդ չունեցողների մեջ տեսե՞լ եք չար մարդ, ով չի ցանկանում լինել լավը: Մարդիկ այրվում են լավը լինելու ցանկությունից: Ո՞վ է սերմանում այդ մտքերը: Սատանան: Մարդն ի սկզբանե չի կարող լինել լավը: Մարդը կարող է ապրել լավ կյանքով, երբ նրա բոլոր մեղքերը սրբված են Աստծո առաջ: Մի՞թե Աստված մեզ ասում է դիտավորյալ անել չար բաներ: Ո ՛չ: Աստված մեզ ասում է ստանալ մեղքերի թողություն, որովհետև նախքան վերստին ծնվելը մենք արդեն վարակված էինք մեղքով և գնալու էինք դժոխք: Աստված ցանկանում է, որ բոլորս ընդունենք Նրա ճշմարիտ խոսքը, որպեսզի կարողանանք փրկվել:
Սատանան միշտ ստում է անհավատների միջոցով
Հռոմեացիս 3:13-18 «Նրանց կոկորդը բաց գերեզման է , և իրենց լեզուներովը նենգություն են անում. Իժերի թույն կա նրանց շրթունքների տակ: Որոնց բերանը անեծքով և դառնությունով լիքն է: Որոնց ոտները շուտագնաց են արյուն թափելու համար:Կործանում և թշվառություն է նրանց ճանապարհներումը: Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին: Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ»:
«Իրենց լեզուներովը նենգություն են անում»: Բոլոր մարդիկ լավ են խաբելու մեջ: Աստված սատանայի համար ասում է. «Երբ որ սուտն է խոսում, իրաններիցն է խոսում» (Հովհաննու 8:44): Բոլոր նրանք, ովքեր վերստին ծնված չեն, ասում են. «Ես իսկապես ճիշտ եմ ասում: Դա ճշմարտություն է», բայց նրանց ասածները ամբողջովին սուտ են:
Ովքեր որ պնդում են, թե իրենց բոլոր խոսքերը ճիշտ են, իրական ստախոսներ են: Դուք երբևէ տեսել եք, որ խաբեբաներն ասեն՝ «Ես ստախոս ու խաբեբա եմ», երբ որ փորձում են խաբել ինչ-որ մեկին: Նրանք խոսում են այնպես, կարծես ամեն ինչ ճիշտ են ասում: Նրանք կարող են լինել համոզիչ, ասելով «Թույլ տվեք պատմել ձեզ մի բան: Եթե դուք ներդնեք ձեր գումարներն այս ծրագրի մեջ, դուք կստանաք մեծ գումարներ: Եթե ներդնեք մեկ միլիոն դոլար, դուք կկարողանաք շուտով ստանալ ղեկավարին հավասար գումար և մի քանի տարի անց արդեն կունենաք տասը միլիոն դոլար: Սա ֆանտաստիկ ներդրումային ծրագիր է: Դե, ինչ, ցանկանո՞ւմ եք ներդնել»: Նրանք, ովքեր վերստին ծնված չեն, միշտ ստում են իրենց լեզվով:
Երբ Սատանան ստում է, նա խոսում է իր սեփականը: Մի քարոզիչ, որ վերստին ծնված չէր, միշտ սուտ էր խոսում: Նա պնդում էր, որ մարդ կարող է հարստանալ, եթե մեծ քանակությամբ դրամ նվիրաբերի եկեղեցուն: Մի՞թե Աստվածաշնչում կա մի համար, որ ասում է, որ եկեղեցու երեց դառնալով կարելի է հասրտանալ: Ինչո՞ւ են մարդիկ փորձում դառնալ երեց: Նրանք փորձում են դառնալ երեցներ, որովհետև նրանց խաբել են, թե երեց դառնալով Աստծուց ստանալու են երկրային օրհնություններ: Նրանք խաբվել են, որովհետև հավատում էին, որ կարող են ստանալ հարստության շնորհ, եթե դառնան եկեղեցու երեցներ: Նրանք ընկել են խաբեության թակարդը:
Դուք երբևէ ցանկացե՞լ եք լինել երեց՝ խաբված լինելով նման սուտ քարոզիչներից: Շատ մարդիկ են դարձել մուրացկաններ եկեղեցու ավագներ ընտրվելուց հետո: Ես շատերին եմ ճանաչում: Սուտ մարգարեները, որոնք վերստին ծնված չեն, հարուստներին նշանակում են որպես երեցներ իրենց եկեղեցիներում: Ինչո՞ւ: Որովհտեև նրանք ցանկանում են, որ երեցները մեծ նվիրաբերություններ անեն իրենց եկեղեցիներին: Երբեմն նրանք հասարակ մարդկանց են նշանակում որպես երեց, որպեսզի նրանց դարձնեն կույր հետևորդներ:
Ընդունված խոսքը. «Մարդը կօրհնվի հարստությամբ, եթե դառնա եկեղեցու ավագ», սուտ է: Նման բան չկա Աստվածաշնչում: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո ծառաներին ավելի շատ հալածելու են, քան թե հարստանալու են: Տերն ասում է, «Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենքը կտրվի ձեզ» (Մատթեոս 6:33):
«Իժերի թույն կա նրանց շրթունքների տակ», հայտարարում է Աստվածաշունչը: Մարդիկ իրոք իժերի թույն ունեն: Ի՞նչ են ասում արդարներին նրանք, որ վերստին ծնված չեն: Նրանք անիծում են և խայթում իժերի նման: Աստվածաշունչն ասում է. «Որոնց ոտները շուտագնաց են արյուն թափելու համար:Կործանում և թշվառություն է նրանց ճանապարհներումը: Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին: Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ»:
Ո՞րն է օրենքի նպատակը
«Ինչպես գրված է» արտահայտությունը նշանակում է, որ այն մեջբերում է Հին Կտակարանից: Պողոս առաքյալը բազմաթիվ անգամներ է մեջբերում Հին Կտակարանից: Նա ասում էր. «Որոնց ոտները շուտագնաց են արյուն թափելու համար:Կործանում և թշվառություն է նրանց ճանապարհներումը: Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին: Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ»: Ես ափսոսանք եմ զգում նրանց համար, ովքեր գնում են դժոխք, առանց իմանալու վերստին ծնվելու ճանապարհները:
Հռոմեացիս 3:19 «Բայց գիտենք, թե ամեն ինչ որ օրենքն ասում է նրանց է ասում, որ օրենքի տակ են. որ ամեն բերան խփվի, և բոլոր աշխարհք Աստծո առաջին դատապարտ լինի»: Աստված բերում է Իր բարկությունն ըստ օրենքի: Պատճառը, որ Պողոսն ասում է, «թե ամեն ինչ որ օրենքն ասում է նրանց է ասում» այն է, որ Աստված տվեց օրենքը նրանց, ովքեր վերստին ծնված չեն, ովքեր չգիտեն մեղքն ու չեն համարում, որ մեղքը մեղք է, որպեսզի մեղավորները լուսավորվեն, որ իրենց գոյության ընթացքում երբեք չեն կարող պահել օրենքը: Աստված չտվեց օրենքը, որպեսզի այն պահեինք: Աստված ասո՞ւմ է, որ քանդեց օրենքը: Ոչ: Նա տվեց օրենքը Մովսեսի ձեռքով, որպեսզի մեզ տար մեղքի գիտությունը: Նա չտվեց մեզ օրենքը այն պահելու համար: Աստծո օրենքը սովորեցնում է, թե որքան մենք մեղավոր ենք:
Ոչ ոք չի կարող արդարանալ օրենքի գործերից
Հռոմեացիս 3:20 «Որովհետև օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նրա առաջին. որովհետև օրենքովը լինում է մեղքի գիտություն»: Վերստին ծնված քրիստոնյաները գիտեն, որ ոչ մի մարմին չի կարող արդարանալ օրենքի գործերից: Պողոս առաքյալն ու Աստծո բոլոր ծառաներն ասում են. «Ոչ ոք չի արդարանալու օրենքի գործերից»: Ոչ ոք չի կարող պահել օրենքը, ոչ հիմա, ոչ ապագայում: Հետևաբար մենք պետք է խոստովանենք, որ երբեք չենք կարող արդարանալ օրենքի գործերից: Մեր գործերը չեն կարող մեզ արդարացնել:
Պողոս առաքյալը գիտեր ու հավատում էր սրան: Կարո՞ղ ենք արդյոք արդարանալ օրենքը պահելով: Կարո՞ղ է օրենքն արդարացնել մեզ: Երբ որ կարդում եք Սուրբ գիրքը, ի՞նչ եք կարծում, ճիշտ կլինի հավատալ, որ մեր մարմինները արդարանալու են և մտնելու Երկնքի Արքայություն՝ Հիսուսին հավատալով և կատարելով բարի գործեր: Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Դա սուտ է: Փաստը, որ մարդը մտնում է Աստծո Թագավորություն՝ աստիճանաբար արդարանալով, սուտ է: Բոլոր նրանք, ովքեր վերստին ծնված չեն, օրենքի տակ են, որովհետև կարծում են, թե պահելու են Աստծո խոսքն իրենց գործերով: Այն ստիպում է նրանց փորձել պահել օրենքը և ամեն օր աղոթել ներման համար: Եվ սա, որովհետև նրանք սխալ են ամրացնում առաջին կոճակը: Օրենքը մեզ սովորեցնում է, որ մենք մեղավոր ենք: Մեղավորների օրենք պահելու ջանքերը իրենց տգիտության և մտքերի արդյունքն է, որոնք դեմ են ճշմարիտ փրկությանը: Դա սխալ կողմնորոշում ունեցող հավատք է:
Սրբացման վարդապետությունը, որն ասում է, որ մենք աստիճանաբար փոխվելու ենք դեպի արդարություն, առկա է նաև այլ աշխարհիկ կրոններում: Բուդդայականությունն ունի նման վարդապետություն: Նիրվաննայի վարդապետությունն աստիճանական սրբացման վարդապետություն է: Շատերը ասում են, որ իրենց մարմինը կարող է սրբագործվել ավելի ու ավելի, և ի վերջո նրանք կարող են մտնել Երկնային Թագավորություն: Բայց ճշմարտությունն այն է, որ Տերը սրբագործեց մեր հոգիները մեկընդմիշտ:
Նույնիսկ արդարները չեն կարող դառնալ սուրբ մարմնով: Նրանք, ովքեր չունեն Հոգի, չեն կարող սրբագործվել: Որքան շատ են նրանք փորձում անել բարի գործեր, այնքան ավելի ծանր մեղավորներ են դառնում: Որովհետև նրանք մեղք ունեն իրենց սրտերում: Միշտ ինչ-որ կեղտոտ բաներ են դուրս գալիս նրանցից և կեղտոտում նրանց, ինչքան էլ որ չեն չարչարվում մաքուր պահել իրենց արտաքուստ, որովհետև նրանք ներքուստ լի են մեղքով: Սա է մեղավորի իրական գոյությունը:
Այս հոգեվիճակը հակառակ է նրանց մոտ, ովքեր ունեն մեղքերի թողություն: Նրանք կարող են ապրել մաքուր կյանքով, թեպետ նրանք չեն կարող մեղք չգործել իրենց մարմնով: Մեղավորները, որոնք ծնված օրվանից վարակված են մեղքով, տարածում են մեղքն իրենց ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև մեղքը գալիս է նրանց կամքին հակառակ: Նրանք չունեն ընտրություն, բացի նրանից, որ ընդունեն բուժիչ ներարկում, որ կարող է վերացնել իրենց մեղքերը մեկընդմիշտ: Այդ ներարկումը Աստծո ճշմարտության ավետարանն է: Նրանք կարող են ազատվել իրենց մեղքերից լսելով մեղքերի թողության խոսքը: Ես ուզում եմ, որ դուք լսեք վերստին ծնվելու խոսքը և ստանաք մեղքերի թողություն:
Ո՞վ կարող է ապրել օրենքով: Ո՞վ կարող է կատարելապես պահել օրենքը, նույնիսկ, եթե ծնվել է վերստին: Ոչ ոք: Հռոմեացիս նամակում գրված է. «օրենքովը լինում է մեղքի գիտություն»: Սա այնքան պարզ է: Ադամն ու Եվան խաբվել էին սատանայի կողմից իրենց անմեղության մեջ և տրվել մեղքին: Մեղքը փոխանցվեց նրանց ժառանգներին, ովքեր չգիտեին Աստծո խոսքը: Նրանք չգիտեին, որ իրենք ծնվել են մեղքով:
Աբրահամի և Հակոբի ժամանակներից հետո իսրայելացիները մոռացան հավատքի ու իրենց մեղավոր էության մասին, թեև իրենց նախահայր Աբրահամը արդարացավ հավատքով: Դրա համար Աստված տվեց Իր օրենքը, որպեսզի նրանք գիտենային, թե ինչն է մեղք և ցանկանում էր, որ նրանք ստանան մեղքերի թողություն՝ հավատալով Իր խոստմանը: Հավատո՞ւմ եք սրան:
Բայց հիմա Աստծո արդարությունը հայտնված է առանց օրենքի
Հռոմեացիս 3:21 «Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է, օրենքից և մարգարեներից վկայված լինելով»: Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո արդարությունը հայտնվեց առանց օրենքի: «օրենքից և մարգարեներից վկայված լինելով» խոսքերը ցույց են տալիս Հին Կտակարանը: Ջրի և Հոգու ավետարանն Աստծո արդարությունն է, որը հայտնվեց զոհաբերության համակարգի միջոցով: Ավետարանը հայտնում է այն արդարությունը, որը օգնում է մեզ ստանալ մեղքերի թողություն մեղքի պատարագի միջոցով:
Հռոմեացիս 3:22. «Այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են. որովհետև խտրություն չկա»: Մեր հավատքը մեր սրտերում է: Հավատքի հեղինակն ու կատարողը Հիսուս Քրիստոսն է: Եբրայեցիս 12:2 . «մտիկ տանք հավատքի զորագլխին և կատարողին»: Մեր հավատքի հեղինակն ու կատարողը Հիսուսն է և մենք հավատում ենք ճշմարիտ Խոսքին, որն Աստված է: Մենք պետք է սովորենք և հավատանք Աստվածաշունչի ճշմարիտ խոսքերին, որը կլսենք վերստին ծնված ծառայողներից, որպեսզի փրկվենք մեր բոլոր մեղքերից և ապրենք հավատքով: Մենք պետք է մեր սրտերում հավատանք Հիսուսին:
Աստված ասում է. «Այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են. որովհետև խտրություն չկա»: Հետևաբար մենք արդարացած ենք մեր սրտերում հավատալով ճշմարիտ խոսքին և ունենք կատարյալ փրկության հաստատումը՝ բերանով դավանելով այն: Մենք չենք կարող փրկվել մեր սեփական գործերով, այլ միայն հավատքով: Մենք շնորհակալություն ենք հայտնում միայն Տիրոջը և Աստծո եկեղեցուն:
Երբևէ պատահե՞լ է, որ կապված լինեք ձեր արարքներին, չնայած այն բանին, որ ձեր բոլոր մեղքերը մաքրված են: Դուք արդար եք ձեր մարմնի տկարություններից անկախ, եթե ամբողջ սրտով հավատում եք Աստծուն:
Սուրբ Հոգին , ձեր սրտում վկայում է Աստծո խոսքն՝ ասելով. «Դուք արդար եք», որովհետև Նա օգնում է հասկանալ ճշմարիտ խոսքը, երբ լսում ենք այն: Աստծո խոսքը լսելով և հավատալով ե՞ք փրկվել:
«Այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են. որովհետև խտրություն չկա»: Ով որ սովորում և հավատում է Աստծո խոսքին, որը ճշմարտությունն է, կարող է փրկվել իր բոլոր մեղքերից:
Հիսուսը սրբում է բոլոր մեղքերը, աշխարհի սկզբից մինչև վերջը
Հռոմեացիս 3:23-25 «Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են. Ձրի են արդարանում նրա շնորհքովը՝ այն փրկության ձեռովը՝ որ Հիսուս Քրիստոսումն է: Որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունովը, որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին»:
Աստվածաշունչն ասում է, որ բոլորը մեղանչեցին և Աստծո փառքից ընկան: Մենք ստացել ենք մեղքերի թողություն և ձրիաբար արդարացել Նրա շնորհով ու սիրով, իսկ մեղավորները գնալու են դժոխք: Մենք հասանք Աստծո փառքին և դարձանք արդարացված: Աստված Հիսուսին սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունովը:
Հռոմեացիս 3:25-26 «Որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունովը, որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին: Որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար և արդարացնող նրան՝ որ Հիսուսի հավատքիցն է»: Այստեղ «առաջուց սահմանեց» խոսքերը նշանակում են, որ Աստված ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ քավություն լինի աշխարհի բոլոր մեղքերի համար:
Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ: Հիսուսն է Ալֆան և Օմեգան: Եկեք խորհենք աշխարհի սկզբի և վերջի մասին: Աստված ազատում է մեզ հավատքի շնորհիվ, որը մաքրում է մեր բոլոր մեղքերն աշխարհի սկզբից մինչև վերջ: Աստված սահմանեց Հիսուսին, որ լինի քավություն՝ հավատալով ճշմարտությանը: Եվ միայն ավետարանին հավատալով՝ ես հասկացա հետևյալ խոսքերը «որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին»:
Մեր բոլոր մեղքերը վերացան, երբ մենք հավատացինք այն խոսքին, որ Հիսուսը մաքրում է մեր բոլոր մեղքերն Իր մկրտության և արյան միջոցով: Մենք մեկընդմիշտ ստացել ենք մեղքերի թողություն, բայց մեր մարմինը շարունակում է մեղանչել: Մարմինը մեղանչում է մեր թուլության պատճառով: Սակայն Աստվածաշունչն ասում է. «որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին»: Այն մեղքերը, որոնք մարդը հիմա կամ ապագայում գործում է մարմնով, նախկինում կատարված մեղքեր են Աստծո առաջ:
Ինչո՞ւ: Աստված Հիսուսի մկրտությունը համարում է հիմնական սկզբնակետ մեր փրկության համար: Հետևաբար, Աստծո առաջ ներկա մեղքերը անցյալում գործված մեղքեր են, որովհետև մեղքերի թողությունն իրականացավ Հիսուս Քրիստոսով մեկ անգամ, բոլորի համար: Ներկա մեղքերը արդեն սրբված են: «Որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին» խոսքերը նշանակում են, որ «Նա արդեն վճարել է աշխարհի մեղքի վարձքը»: Աշխարհի բոլոր մեղքերն արդեն ներված են Հիսուսի մկրտության և Խաչի միջոցով:
Այսպիսով, Աստված արդեն սրբել է այն բոլոր մեղքերը, որոնք կատարվել են սկզբից մինչև աշխարհի վերջը: Եվ ուրեմն մարդկության բոլոր մեղքերն արդեն նախկինում կատարվել են Աստծո աչքի առաջ: Մարդիկ աշխարհում կատարում են հանցանքներ, որոնք արդեն սրբված են Աստծո Որդու կողմից: Մոտ 2000 տարի առաջ Հիսուսը ջնջեց այն մեղքերը, որոնք պետք է կատարվեին 2002 թվականին. Հասկանո՞ւմ եք սա:
Աստված արդեն սրբել է աշխարհի մեղքերը, այդ թվում, ձեր և իմ մեղքերը: Արդյո՞ք հասկանում եք, թե սա ինչ է նշանակում: Եթե լավ չեք հասկանում, ապա կշփոթվեք, երբ քարոզեք ավետարանն ուրիշներին: «Որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին» խոսքերը նշանակում են, որ Աստված աչքից բաց է թողնում բոլոր մեղքերը, որովհետև արդեն վերացրել է դրանք մոտ 2000 տարի առաջ: Մարդկանց բոլոր մեղքերն արդեն դատապարտված են, որովհետև Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում և խաչվեց: Աստված աչքաթող է անում բոլոր մեղքերը, քանի որ Հիսուսն ուղարկվեց աշխարհ և կատարյալ արդարություն բերեց բոլոր մարդկանց: Դրա համար Աստված չի մեղադրում այն մեղքերը, որոնք կատարվում են մարդկանց կողմից աշխարհում, և որոնք արդեն սրբվել են, սակայն մեղադրում է նրանց, ովքեր չեն հավատում Հիսուսի մկրտությանն ու Խաչի վրա թափած արյանը:
Հասկանո՞ւմ եք, թե ինչ նկատի ուներ Պողոս առաքյալը: Մեր համար շատ կարևոր է դա, որ փրկված ենք: Նրանք, ովքեր վերստին ծնված չեն գնալու են դժոխք, որովհետև անտարբեր են այս ճշմարտության հանդեպ: Մենք պետք է լսենք և ունենանք խոսքի վերաբերյալ ճիշտ գիտելիք: Այն շատ օգտակար կլինի ձեր հավատքի և ավետարանի քարոզչության համար:
Հիմա ո՞ւր է պարծանքը
Աստվածաշունչն ասում է. ««Որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին»: Աստված սովորեցնում է մեզ, որ անցյալի մեղքերը արդեն սրբվել են, որովհետև Աստված առաջուց սահմանեց Հիսուսին քավություն լինելու համար: Դրա համար մենք արդարացած ենք հավատքով:
Հռոմեացիս 3:26. «Որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար և արդարացնող նրան՝ որ Հիսուսի հավատքիցն է»: «Այս ժամանակումը» Աստված տվել է աշխարհին հավիտենական կյանք, որպեսզի աշխարհը չմեռնի: Այս ժամանակում Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին ցույց տալու Իր արդարությունը և իրականացնելու Իր խոստումը: Տերը ցույց տվեց Իր արդարությունը: Աստված ուղարկեց Իր Միածին Որդին և թողեց, որ Նա մկրտվի և խաչվի՝ ճշմարիտ փրկության միջոցով ցույց տալով մեզ Իր սերը:
Տերը եկավ մեղավորներին որպես իրենց Փրկիչ: «Որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար և արդարացնող նրան՝ որ Հիսուսի հավատքիցն է»: Աստված արդար է և մեկընդմիշտ ջնջում է աշխարհի մեղքերը: Մենք ամբողջ սրտով հավատում ենք Հիսուսին և չունենք մեղքեր: Նրանք, ովքեր ճշմարտապես հավատում են Հիսուսին, մաքրված են իրենց մեղքերից, որովհետև Նա մաքրել է դրանք և նույնիսկ փրկել նրանց իրենց ապագա մեղքերից: Հիսուսի գործերին հավատալը բերում է փրկություն: Մեր գործերը Քրիստոսով փրկության հավատքի հետ ոչ մի կապ չունեն, նույնիսկ 0,1%:
Հռոմեացիս 3:27-31 «Հիմա ո՞ւր է պարծանքը. խափանվեցավ. ո՞ր օրենքով, գործերի՞ օրենքովը, ոչ, այլ հավատքի օրենքովը: Ուրեմն համարում ենք, որ մարդը հավատքով է արդարանում առանց օրենքի գործերի: Մի՞թե Աստված միայն Հրեաներինն է, և հեթանոսներինն էլ չէ. այո, հեթանոսներինն էլ է: Որովհետև մեկ Աստված է՝ որ արդարացնում է թլփատությունը հավատքից, և անթլփատությունը նույն հավատքովը: Արդ մի՞թե օրենքը խափանում ենք հավատքովը. քավ լիցի. այլ օրենքը հաստատում ենք»:
«Օրենքը հաստատում ենք» խոսքերը նշանակում են, որ չենք կարող փրկվել մեր գործերով: Մենք անկատար ենք ու թույլ և օրենքի առաջ ստիպված էինք գնալու դժոխք: Այնուամենայնիվ Աստծո խոսքը մեզ արդարացրեց և կատարյալ դարձրեց, որովհետև փրկվեցինք Նրա խոսքով: Տերը մեզ ասում է, որ մեր մարմինը դեռ անկատար է, նույնիսկ այն բանից հետո, ինչ մենք փրկվել ենք մեր բոլոր մեղքերից, բայց Նա կատարելապես ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: Մենք կարող ենք մոտենալ Աստծուն՝ հավատալով, որ Հիսուսը փրկել է մեզ:
«Հիմա ո՞ւր է պարծանքը. խափանվեցավ. ո՞ր օրենքով, գործերի՞ օրենքովը, ոչ, այլ հավատքի օրենքովը »: Մենք պետք է գիտենանք Աստծո հաստատած օրենքը և որ այդ օրենքը հավիտենական է Նրա Թագավորության մեջ: «Ո՞ր օրենքով, գործերի՞ օրենքովը, ոչ, այլ հավատքի օրենքովը», -ասում է Աստված: Հասկանալի՞ է սա: Աստված փրկեց մեզ աշխարհի բոլոր մեղքերից: Մենք փրկվում ենք, երբ հավատում ենք այս ճշմարտության համեմատ: Մենք պետք է հիշենք, որ օրենքի գործերը չեն կարող փրկել մեզ:
Հռոմեացիս 3 գլխում Աստված Պողոս առաքյալի միջոցով խոսում է հավատքի օրենքի մասին: Աստված ասում է. «Մի՞թե նրանց անհավատությունն Աստծո հավատքը կխափանե» (Հռոմեացիս 3:3): Հավատացյալները հավատքով են հաստատուն, իսկ անհավատները գլորվելու են ներքև: Նրանք, ովքեր կատարելապես չեն հավատում ճշմարիտ ավետարանին, գնալու են դժոխք, նույնիսկ եթե կարծում են, թե հավատում են Հիսուսին:
Աստված կատարելապես փրկեց մեզ բոլորիս բոլոր մեղքերից
Աստված հաստատեց օրենքը, որպեսզի նրանք, ովքեր հավատում են իրենց սեփական մտքերի համեմատ, կարողանան ճանաչել հավատքի օրենքը: Աստված կատարելապես փրկեց մեզ բոլորիս մեր մեղքերից: Հռոմեացիս 3 գլուխը խոսում է հավատքի օրենքի մասին: Մենք փրկված ենք ճշմարիտ խոսքին հավատալով: Մենք ժառանգում ենք Երկնքի Արքայությունը և հավատքով ձեռք բերում խաղաղություն: Անհավատները չեն կարող ունենալ խաղաղություն: Դրա փոխարեն նրանք գնալու են դժոխք: Ի՞նչն է դրա պատճառը: Առաջին հերթին նրանք դատվել են Աստծո ճշմարտության օրենքով, քանի որ չընդունեցին Աստծո ճշմարտության խոսքը: Փրկությունը գալիս է Աստծո սիրուց և մենք փրկված ենք ճշմարտությունն իմանալով, ինչպես նաև հավատալով Աստծո բոլոր գործերին, որ արեց մեզ համար: Հասկանո՞ւմ եք:
Ես փառաբանում եմ Աստծուն, որը տալիս է մեզ այս հավատքը և Իր Եկեղեցին երկրի վրա: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Տիրոջը, ով տալիս է ճշմարտությունը, հավատքը և խոսքը, որն ուներ Պողոս առաքյալը, և որը հայտնեց մեղքերի թողության գաղտնիքն Իր եկեղեցուն: Սրտիս ամբողջ լիությամբ փառաբանում եմ մեր Տիրոջը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը, որովհետև Նա փրկեց մեզ Իր մկրտության և Խաչի մահվան միջոցով: Առանց այս հավատքի մեզ մնում է գնալ դժոխք: Մենք մեղավորներ Էինք, որոնք երբեք չէին կարող փրկվել բնության շնորհիվ, բայց մեր սրտերում մենք հավատացինք արդարությանը: Մենք դառնում ենք Նրա զավակները, ովքեր սրտում հավատում են արդարանալու համար և բերանով դավանում փրկվելու համար (Հռոմեացիս 10:10):