(Հռոմեացիս 7:14-25)
«Որովհետև մեղքը առիթ առած պատվիրանքովը՝ խաբեց ինձ և նրանով սպանեց: Ուրեմն՝ օրենքը սուրբ է՝ և պատվիրանքն էլ սուրբ և արդար և բարի: Ապա բարի՞ն ինձ մահ եղավ. քավ լիցի. այլ մեղքը. որ մեղքն երևի որ բարիովն ինձ մահ գործեց. որ մեղքն ավելի ևս մեղավոր լինի պատվիրանքի ձեռովը: Որովհետև գիտենք՝ որ օրենքը հոգևոր է. բայց ես եմ մարմնավոր՝ մեղքի տակ ծախված: Որովհետև ինչ որ գործում եմ չգիտեմ. որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում: Եվ եթե ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրենքի համար վկայում եմ՝ թե բարի է: Արդ ուրեմն ոչ թե ես եմ գործում այն, այլ ինձանում բնակված մեղքը: Որովհետև գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չի բնակվում. Քանզի կամենալն էլ կա իմ մոտը. բայց բարին անելը չեմ գտնում: Քանզի ոչ թե բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում: Ուրեմն եթե այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը: Ուրեմն գտնում եմ այդ օրենքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մոտը կա: Որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին՝ ներսի մարդովը: Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը՝ որ իմ անդամներումն է: Ես ինչ խեղճ մարդ եմ. ով կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին»:
Ինչ հրաշալի է Նրա շնորհքը
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր Աստծուն, ով թույլ տվեց մեզ անցկացնելու այս ամառային Բակային Ճամբարը և թույլ չտվեց, որ փոթորիկը խանգարի մեր դասերին: Նա հավաքեց Իր ժողովրդին և պարգևեց Իր Խոսքը, որ մենք ուրախանանք միասնական եղբայրակցությամբ և Սուրբ Հոգով:
Աստված կենդանի է: Ինչ հիանալի է Նրա շնորհքը: Մարդիկ հիմա կարծում են, որ «Դագ» փոթորիկը հասնելու է մեր երկիր, և դրա համար պաշտոնյաները խնդրում են բոլոր այն բնակիչներին, որոնք գտնվում են Ին-Ջէ վայրում, լքել այն: Ես այստեղ հասա կեսօրին: Լսեցի, որ մարդիկ անհանգստացած խոսում էին իրար հետ այս փոթորկի մասին: Նրանք խոսում էին, թե որքան կործանարար և ուժեղ կարող է լինել այս փոթորիկը:
Բայց մի՞թե այն կլինի այնպես, ինչպես մարդիկ սպասում են, այն դեպքում, երբ մենք՝ Աստծո զավակները, հավաքվել ենք այստեղ ամառային սեմինարների համար: Եթե աղոթենք, ապա Աստծո ողորմությամբ անձրև չի գա: Մի՞թե Աստված ցրելու է Իր ժողովրդին: Աստված թագավորում է բնական երևույթների վրա, բայց դա կախված է մեր հավատքից: Նա գործում է իմաստությամբ, որը նշանակում է, որ Նա չի փորձում նրանց, ովքեր զարմանում են և հարցնում. «Ինչո՞ւ պետք է Աստված փոթորիկ բերի մեր վրա, երբ հավաքվել ենք ամառային սեմինարի»:
Ես անկարող էի կանխել «Դագ» փոթորիկը, երբ դրա մասին լսեցի լուրերով: Ինձ մնում էր միայն աղոթել: Ամառային Սեմինարի համար արդեն պայմանավորված էինք և մարդիկ հավաքվել էին: Ես մի քիչ անհանգստանում էի նրա համար, որ մեր մատուռը կարող է չդիմանալ փոթորկի հարվածին, քանի որ այն պատրաստված էր թույլ նյութերից: Ինձ մնում էր միայն վստահել Աստծո ողորմությանը: «Օգնիր մեզ, Տեր: Պաշտպանիր մեզ: Հիսուսի անունով եմ աղոթում, Ամեն»: Եվ Աստվածը կանխեց «Դագ» փոթորիկը: Հավատում եմ, որ Աստված գիտի ամեն բան: Նա մեզ պահում է ապահով ձեռքերում, քանի որ մեզանից լավ գիտի մեր իրավիճակը:
Բնությունը ցույց է տալիս, որ Աստված կենդանի է: Երբ վրանիս մեջ էի, լսեցի մի ամպրոպ, որը նման էր թնդանոթի զարկի: Դուրս վազեցի վրանից և նայեցի երկնքին: Երկինքը մռայլ էր և հավաքվել էին մութ ամպեր: Եվ աղոթեցի. «Տեր, մի՞թե կուտակվում են ամպեր»: Հավատքս սկսեց թուլանալ: «Տեր, մի՞թե փոթորիկը հասնելու է մեզ»: Բայց ես հավատքով աղոթում էի. «Աստված իմ, ես հավատում եմ, որ պաշտպանելու ես մեզ, ես հավատում եմ Քեզ: Ես արդեն հավատում եմ, որ հոգալու ես մեր համար»: Աստված օրհնեց մեզ մեր հավատքի համաձայն: Մենք ամբողջ սրտով փառաբանեցինք Նրան:
Մարմինը եսասեր է և լի չարությամբ
Մենք ոչինչ չենք կարող անել առանց Աստծո թույլտվության: Մեր Աստվածը պահպանում և օգնում է մեզ: Եկեք կարդանք աստվածաշնչյան հատվածը: Հռոմեացիս 7:14-25 հատվածները խոսում են այն մասին, որ Պողոս առաքյալն իրեն տեսնում էր մարմնի մեջ և վաճառված մեղքին: Նա նաև գտնում էր, որ օրենքի պատճառով իր մարմինը չի կարող չմեղանչել ողջ կյանքի ընթացքում:
Մենք՝ վերստին ծնվածներս, նույնպես ունենք չար գործեր, թեև ցանկանում ենք մարմնով անել բարի գործեր: Հռոմեացիս 7:19. «Քանզի ոչ թե բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում»: Մենք տեսնում ենք, որ ոչ մի բարի բան չկա մեր մեջ: Դրա համար դառնորեն հառաչում ենք. «Կկարողանամ արդյո՞ք պահել իմ հավատքը»: Մենք շատ ենք տխրում մեր անօգնական և չարությամբ լի մարմնի պատճառով: Գիտե՞ք, թե որքան եսասեր է մարմինը: Հռոմեացիս 7:18. «Որովհետև գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չի բնակվում. քանզի կամենալն կա իմ մոտը, բայց բարին անելը չեմ գտնում»:
Մենք միշտ փորձում ենք արդարացնել մեր սխալները, չնայած որ ամենուր տարածում ենք չարիք: Գիտե՞ք, թե որքան եսասեր են մարդիկ: Մենք հաստատ գիտենք, որ մեր մեջ չար կա, բայց երբեք չենք կանգնում Աստծո կողմը, այլ միշտ պնդում ենք մերը: Տերը բարի և բարի է Նրա կամքը: Մենք գիտենք, որ մենք չար ենք, բայց շարունակում ենք սիրել ինքներս մեզ: Աստված պատվիրել է չունենալ այլ աստվածներ: Նա ասեց դա, որպեսզի հասկանանք, թե որքան մեղավոր ենք մենք:
Մենք սիրում ենք ինքներս մեզ և ամեն բան անում ինքնուրույն, թեև գիտենք որքան եսասեր ու ինքնաբավ ենք: Մենք անհանգստանում ենք, երբ ինչ-որ շահ կա մեր համար, բայց որքան խեղճ ենք մենք Աստծո առաջին: Պատճառն այն է, որ մենք անմիտ ենք: Երեխաները երբեք ուրիշին չեն տալիս իրենց թխվածքները: Նրանք իրենց ձեռքերի մեջ են պահում այն այնքան ժամանակ, մինչև որ այն փշրվում է և ուրիշի չեն տալիս, որովհետև շատ բան չեն հասկանում: Նրանք չեն հասկանում, որ կյանքում կան շատ ավելի թանկ բաներ, քան` թխվածքը: Մենք նման ենք երեխաներին:
Մեր մեղքերը մաքրվեցին, բայց մենք դեռ եսասեր ենք: Մենք շնորհակալ ենք Տիրոջից մեր մեղքերը մաքրելու և մեզ Սուրբ Հոգի տալու համար: Բայց պատերազմը սկսվում է մեր ներսում մեղքերի թողություն և վերստին ծնունդ ստանալուց հետո: Այդ պատերազմը մարմնի և Հոգու միջև է: Մենք երջանիկ ենք, երբ ծնվում ենք վերստին, բայց շուտով հալվում ենք այդ պատերազմից: Իսկ Տերն ուզում է, որ մենք գործենք Աստծո Թագավորության համար:
Մեր Տերը հրաժարվեց Իր փառքից մեզ համար: Նա աշխարհ եկավ մարդու կերպարանքով: Նա չեկավ, որպես մի գեղեցիկ տղամարդ: Նա եկավ որպես խոնարհ, միգուցե նաև տգեղ մարդ: Իրականում, Եսայիա մարգարեն ասում է. «Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին, և արմատի պես՝ ծարավոտ երկրից. ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, և մենք տեսանք նրան, և մի տեսք չկար, որ նրան ախորժեինք» (Եսայիա 53:2): Բայց Տերն ամեն դեպքում մաքրեց մեր բոլոր մեղքերը:
Մեր մարմինը ծառայում է միայն մեղքին: Պողոսը գիտեր, որ իր մարմինը լի է մեղքերով, դրա համար ասում է. «Որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում»: Այնուհանդերձ նա չի մանրամասնում, որովհետև ամաչում էր իր մեղքերից:
Մենք նման ենք աղբամանի: Մեր մեջ թագավորում է մեղքը: Եթե նայեինք մեր ետևից, կտեսնեինք մեղքի հետքերը: Եվ դեռ խղճի խայթը ստիպում է ասել. «Տեր, ես չպետք է սա անեի, ուզում եմ ապրել Քո կամքի համեմատ, բայց կրկին մեղք եմ գործում: Ինչպե՞ս կարող եմ սա դադարեցնել»:
Մենք կարող ենք շնորհակալ լինել Աստծուց, երբ որ գիտակցում ենք մեր մեղավոր վիճակը
Մենք պետք է մտածենք այն շնորհքի մասին, որը մեզ տվեց Հիսուս Քրիստոսը: Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ արեց Աստված մեր սրտի հետ: Միայն այն ժամանակ մենք կկարողանանք հասկանալ ճիշտն ու ծառայել Տիրոջը: Աստծո շնորհիվ ու մեր հավատքի միջոցով ենք մենք փնտրում Աստծուն, առաջարկում մեզ Նրան և հաղթահարում այն դժվարությունները, որոնք առաջանում են այն պատճառով, որ սրտով հետևում ենք Աստծուն և քայլում Նրա հետ:
Մենք սկսում ենք հրաժարվել ինքներս մեզանից, երբ հասկանում ենք, որ անօգուտ և անկատար ենք Աստծո առաջ: Մենք գիտակցում ենք, որ մեղքից ազատվել հնարավոր չէ մարմնով, և չնայած մեծ օրհնություններին, մենք չենք կարող ոչինչ անել մեր տկարությունների պատճառով: Ես շնորհակալ եմ Տիրոջից, ով օրհնեց ինձ Իրեն ծառայելու մեջ: Եթե Աստված թույլ չտար, որ ես քարոզեի ավետարանը, ես կմնայի մեղքի կույտ և ոչ մի արդար բան չէի կարողանա անել Աստծո համար:
Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ թույլ տվեց ծառայել Իրեն: Դրա համար եմ ես այսպես աղոթում. «Շնորհակալ եմ Տեր: Տեր ես դրամի կարիք ունեմ: Ես ուզում եմ ամեն արդար բաներն անել Քո համար, բայց չեմ կարող: Խնդրում եմ օգնիր ինձ: Ինձ դրամ է պետք, որ դրանք օգտագործեմ Քո համար: Եթե դրամն օգտագործեմ իմ համար, մարմինս գոհ կլինի, բայց ես ուզում եմ այն օգտագործել Աստծո և արդար գործի համար: Այդ գումարը ինձ համար ունի մեծ արժեք, որովհետև դրանք ես դժվարությամբ եմ վաստակել: Եվ քանի այդ դրամը թանկ է ինձ համար, ես ուզում եմ առաջարկել այն Քո փառքի համար: Խնդրեմ, օգտագործիր այն Քո արդար գործի համար»:
Ովքեր որ գիտեն իրենց չար էությունը, գիտեն, որ ոչ մի բարի բան չկա իրենց մեջ: Ի՞նչ եմ ուզում ասել «բարի բան չկա նրանց մեջ» արտահայտությունով: Դա նշանակում է, որ նրանք իրենց մարմնում ունեն միայն չարիք: Միայն սեփական անձի համար ապրելը չարիք է:
Մենք շնարհակալ ենք Տիրոջից Հիսուս Քրիստոսով, մեր Տիրոջմով
Պողոսը խոստովանում է. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին» (Հռոմեացիս 7:24-25): Ինչի՞ն է ծառայում մարմինը: Մարմինը միշտ ծառայում է մեղքին: Սակայն մենք սրտում ծառայում ենք Աստծուն: Ո՞ւմ միջոցով ենք շնորհակալություն հայտնում Աստծուն: Մենք շնորհակալ ենք Աստծուց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, միջոցով:
Պողոսն ասում է. «Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Ես նույնպես: Եթե Տերը չվերցներ իմ բոլոր մեղքերը, ես չէի կարողանա փրկվել, որովհետև մարմինս դեռ ծառայում է մեղքին:
«Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Մենք շնորհակալ ենք Տիրոջից, որովհետև Նա մաքրեց մարմնի բոլոր մեղքերը: Մեր մարմինը ծառայում է միայն մեղքին, նույնիսկ մեղքերի թողություն ստանալուց հետո: Բայց սիրտը ցանկանում է ծառայել Աստծուն: Մենք շնորհակալ ենք Աստծուց Հիսուս Քրիստոսի ձեռով, որով արդարացան մեր սրտերը: Դուք հավատո՞ւմ եք սրան: Մենք շնորհակալ ենք Աստծուց և ծառայում ենք Նրան, որովհետև Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը: Եթե Տերը չվերցներ մեր մեղքերը և չփրկեր մեզ, մենք հավիտենապես կպատժվեինք: Հավատո՞ւմ եք սրան:
Եթե Տերը չվերցներ մեր բոլոր մեղքերը, ինչպե՞ս էինք ունենալու խաղաղություն, ինչպե՞ս էինք հայտնելու մեր շնորհակալությունը Աստծուն, և ինչպե՞ս էինք ծառայելու Նրան: Ինչպե՞ս կարող է մեկը օգնել մյուսներին, եթե ծառայում է մեղքին: Ինչպե՞ս կարող է մեկը, որ գտնվում է բանտարկության մեջ, ազատել մեկ այլ բանտարկյալի: «Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Տերը մաքրեց մեր բոլոր մեղքերը, որ ծառայենք Իրեն և տվեց մեզ խաղաղություն:
Մենք արդեն մեռած ենք աշխարհին
Ինչպե՞ս կարող ենք առանց Աստծո քարոզել ավետարանը, ծառայել Աստծուն, գործել Նրա համար և նպաստել Նրա ծառայությանը: Այս ամենը կարելի է Տիրոջ օգնությամբ: Մենք շարունակում ենք հետևել Տիրոջն այսօր, վաղը և միշտ: Այսպիսին է ճիշտ հավատքը: Ովքեր որ ծառայում են Աստծուն, նման են իմաստուն կնոջը, ով հոգ է տանում իր ընտանիքի համար: Թող ձեր հավատքը չնմանվի տապակին, որն արագ սառչում է, ինչպես որ տաքանում է: Դուք պետք է միշտ հետևեք Տիրոջը, մինչ Նրա երկրորդ գալուստը: Վերստին ծնվելով համարեք ձեզ աշխարհից կտրված, մեռած աշխարհին: Ուզում եմ հիշեք, որ դուք այս աշխարհից չեք այլևս: Մենք արդեն մեռել ենք աշխարհին:
Մեր անունները ջնջված են այս աշխարհի տոհմածառից: Հասկանո՞ւմ եք: Մեր անուններն այդտեղ չեն:
Մարդիկ կարող է ասեն ձեզ. «Վաղուց է, ինչ չենք տեսնվել: Ի՞նչ կա չկա: Լսել եմ եկեղեցի եք գնում: Նաև լսել եմ, որ ձեր բոլոր մեղքերը ներվել են: Դե, ուրեմն այլևս մեղք չունեք, հը՞»:
«Ոչ, այլևս մեղք չունեմ»:
«Տարօրինակ է: Հավանաբար սխալ եկեղեցի եք հաճախում»:
«Դե, եկեք իմ հետ եկեղեցի, և ինքներդ կհամոզվեք, որ սխալվում եք»:
«Չէ, իմ կարծիքով ինչ որ բան այնպես չէ այդտեղ»:
Մենք մտածում ենք. «Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում մեզ: Շատ կուզենայի, որ մարդիկ հասկանային ինձ»: Բայց կարո՞ղ են արդյոք նրանք, ովքեր դեռ ծնվելու են վերստին, հասկանալ մեզ: Ինչպե՞ս կարող են նրանք հասկանալ մեզ, ովքեր չեն հավատում, որ մարդ կարող է լինել առանց մեղքերի: Ինչպե՞ս կարող են նրանք հասկանալ, որ Հիսուսը ջնջեց աշխարհի ողջ մեղքերը: Չեն կարող հասկանալ: Մի սպասեք, որ նրանք կարող են հասկանալ ձեզ: Տերը մեր փոխարեն աշխարհին ասել է «Ցտեսություն»: Նա դեղին թաշկինակ թափահարեց Խաչի վրա: Նա ասեց. «Կատարված է» (Հովհաննու 19:30) այն վախով, որ մենք չենք կարողանա աշխարհին հրաժեշտ տալ ափսոսանք ապրելու պատճառով: Նա նաև ասում է, որ ջնջել է մեր անունները աշխարհի տոհմածառից:
Մեր բոլոր մեղքերը վերցնելով՝ Տերը թույլ տվեց մեզ ծառայել Իրեն
Մենք, որ երբեք չէինք կարող ծառայել Տիրոջը, Հիսուս Քրիստոսի միջոցով դարձանք այնպիսին, որ կարողացանք ծառայել Նրան: Ըստ էության մենք չէինք կարող ծառայել Աստծուն: Մենք պետք է փառաբանենք Տիրոջը, որ մեզ բերեց Իր եկեղեցի և թույլ տվեց, որ ծառայենք Իրեն: Տերն օգտագործում է մեզ: Այո, մենք կատարում ենք Նրա գործը, հասկանո՞ւմ եք: Արդար Տերը օգտագործում է մեզ Իր արդար գործի համար:
Ավետարանիչ Լիին մի անգամ պատգամի ժամանակ ակնարկում է, որ ինքն այնքան աղտոտ է, որ նման է տհաճ գոմաղբի: Բայց նույնիսկ սա նուրբ համեմատություն է: Ինչ էլ, որ երևակայեք, միևնույն է, մենք ավելի գարշելի ենք: Երեմիա 17:9. «Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված»: Աստված թուլ տվեց նրանց, որոնց սիրտը լի է խաբեությամբ, ապրել Աստծո փառքի համար, Տիրոջ և Ամենաբարձրյալի համար: Նա կոչ է անում մեզ կատարել Իր արդար գործը:
Մենք կարող ենք հետևել Տիրոջը և ապրել Նրա շնորհքի տակ, որովհետև Տերը մաքրեց մեր բոլոր մեղքերը: Մենք կարող ենք կրել Նրա տառապանքը և փառավորվել Նրա հետ: Մենք արդեն մահացել ենք աշխարհին Տիրոջ համար: Եթե Տերը չվերցներ մեր բոլոր մեղքերը, մենք դուրս կմնայինք Նրա փրկության ծրագրից: Մենք դեռ կլինեինք աշխարհիկ մարդիկ, եթե շարունակեինք ապրել մարմնով:
Տերը հավիտենապես փրկեց մեզ մահից: Նա փրկեց մեզ և դարձրեց Իր հավիտենական ծառայության գործիքը: Ինչ չար և աղտոտ ենք մենք: Տիրոջը հանդիպելուց հետո մենք ավելի ու ավելի ենք հասկանում, թե որքան չարիք ու աղտ կա մեր մեջ: Դրա համար մենք ուրախանում ենք Նրա լույսը տեսնելով: Բայց, երբ նայում ենք ինքներս մեզ, դառնորեն հառաչում ենք Պողոսի նման. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը» (Հռոմեացիս 7:24):
Բայց Պողոսն անմիջապես փառաբանում է Աստծուն. «Շնորհակալ եմ Ատվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Տերը սրբեց մեր բոլոր մեղքերը: Նա ջնջեց մարմնի բոլոր մեղքերը: Որքա՞ն մեղք է մեր մարմինը գործում ամեն օր: Մի ձևացրեք, թե ձեր մարմինը մեղք չի գործում:
Դուք շնորհակա՞լ եք Տիրոջից
Տերը սրբեց բոլոր այն մեղքերը, որոնք գործում ենք մարմնով: Հավատո՞ւմ եք: Այն փաստը, որ Աստված սրբել է աշխարհի մեղքերը, կարող է թվալ ոչ շատ կարևոր բան, բայց երբ գիտակցում ես, որ Նա սրբել է նաև քո մարմնի բոլոր մեղքերը, հիացած կկանչես. «Ես շնորհակալ եմ Աստվածանից Հիսուս Քրիստոսի ձեռով: Շնորհակալ եմ, Տեր: Փառք Քեզ, Տեր»:
Ամեն մի մեղք ունի իր կշիռը: Տերը սրբեց մեր կյանքում գործած բոլոր մեղքերը: Մենք պետք է Աստծուց լինենք շնորհակալ: Եթե մի փոքր մեղք գործած լինենք, կխնդրենք, որ Աստված ների, բայց մեր մեղքերն անթիվ են: Երբ որ գիտակցում ենք սա, մեզ մնում է միայն փառաբանել Նրան: «Տեր Աստված, շնորհակալ եմ Քեզանից, որ սրբեցիր իմ բոլոր մեղքերը: Ես փառք եմ տալիս Քեզ»: Մենք շնորհակալ ենք Տիրոջից, այլ կերպ ասած՝ «Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Դուք գո՞հ եք Աստծուց: «Շնորհակալ եմ Աստված: Ես իմ գոհությունն եմ հայտնում Քեզ, որ կանչեցիր ինձ փրկելու և թույլ տվեցիր ծառայել Քո արդարությանը: Ես փառք եմ տալիս Տիրոջը, որ մաքրեց իմ բոլոր մարմնային մեղքերը»: Դուք գո՞հ եք Աստծուց: Ճշմարիտ ազատումը առաջին հայացքից կարող է թվալ հասարակ բան, բայց միաժամանակ այն լուրջ և ծանր բան է: Այն խորն է, մեծ, լայն, թանկագին և հավիտենական:
Մենք պետք է հետևենք Տիրոջը, որովհետև ոչ մի բարի բան չկա մեր մեջ
Մենք մեղքի զանգված ենք: Մենք պետք է գիտենանք, որ մենք խավարի մեջ ենք: «Ես խավարի մեջ եմ, բայց Դու լույս ես: Դու ճշմարիտ լույս ես, իսկ իմ հոգում խավար կա: Դու արև ես, ես՝ լուսին»: Լուսինը կարող է լուսավորել երկիրը միայն արևի լույսի շնորհիվ:
Լուսինը չունի սեփական լույս, այն արտացոլում է արևի լույսը: Ամեն ինչ խավարի մեջ է: Դուք լո՞ւյս եք, թե խավար: Առանց Աստծո մենք բոլորս խավարի մեջն ենք: Մենք պետք է շնորհակալ լինենք, փառաբանենք և ծառայենք Տիրոջը Հիսուսի Քրիստոսի շնորհիվ, քանի որ այլևս մեր համար չկա դատապարտություն: Ծառայել մարմնին, նշանակում է ծառայել խավարին: Հրաժարվեք այդ ծառայությունից որքան կարող եք արագ: Մեր մարմինը չի փոխվի, որքան էլ որ շատ չարչարվենք, մեր մեջ չկա ոչ մի յուրահատուկ բան: Մեր մարմինը հավիտենական չէ, և մենք պետք է ձգտենք հավիտենական բաներին: Ով որ ապրում է հավիտենական արժեքների համար, իմաստուն մարդ է: Մենք պետք է որքան կարող ենք արագ ճանաչել մեր էությունը և ընդունել, որ ոչ մի բարի բան չկա մեր մեջ: Մենք մեղքի հավաքածու ենք, որ միայն ծառայում է մարմնին: Մարմինն ասում է. «Տուր ինձ իմ բոլոր ուզածները», և տզրուկի նման, որ ծծում է արյունը, կպչում է մարմնին (Առակաց 30:15):
Մենք զուգարան գնալուց հետո միանգամից սովածանում ենք: Մարմնին չես գոհացնի, որքան էլ որ չարչարվես: Մենք միանգամից սովածանում ենք, թեկուզ կերած լինենք ամենահամեղ ուտեստը, բայց եթե շնորհակալ լինենք Տիրոջից և հետևենք Նրան, մեր ուրախությունը միայն կմեծանա:
Մենք սով չենք զգա, եթե հետևենք Աստծուն: Ուզո՞ւմ եք ունենալ մնայուն ուրախություն, հետևեք Տիրոջը: Ուզո՞ւմ եք ապրել լույսի մեջ, հետևեք Տիրոջը: Ուզո՞ւմ եք լինել պտղաբեր, ընդունեք, որ խավարի մեջ եք և հետևեք լույսին:
Մենք հետևում ենք Տիրոջը ուր էլ, որ Նա գնա և կանգ ենք առնում, երբ Նա է կանգնում: Մենք անում ենք այն, ինչ Տերն է ուզում և չենք անում, այն, ինչ հաճելի չէ Նրան: Մենք պետք է հետևենք Նրան: Ինչ որ բան ակնկալո՞ւմ եք ինքներդ ձեզանից: Իհարկե, ոչ: Մենք պետք է հետևենք Նրան, որովհետև ոչ մի ակնկալիք չունենք մեզանից: Ձեր մարմինը հավիտենակա՞ն է: Իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ հետևել մի բանի, որը ոչ հավիտենական է, ոչ էլ կարող է տալ որևէ բան:
Տարիներ առաջ ես մի երգ էի երգում, բառերն այսպիսին էին. «♪Վերադարձրու իմ երիտասարդությունը♪»: Բայց հիմա ես երջանիկ եմ, նույնիսկ, եթե Աստված չվերադարձնի իմ երիտասարդությունը: Հետո հասկացա, որ ես բոլորովին երջանիկ չեմ լինի, եթե վերադառնա իմ երիտասարդությունը: Եթե մենք հետևենք Տիրոջը, որ մեր կյանքի լույսն է, մեր վրա կփայլի Նրա փառքի թագը: Պետք չէ, որ վերադառնաք դեպի ձեր մանկություն: Փոխարենը երգում ենք. «♪Ես չեմ ուրանա Տիրոջը և կհետևեմ Նրան կյանքիս բոլոր օրերին♪»: Սա ցույց է տալիս այն ճշմարիտ հավատքը, որով մենք չենք ուրանում Տիրոջը և որով փառաբանում ենք Նրան: Եկեք երգենք այս երգը.
«♪Ես սիրում եմ Տեր Աստծուն, ով ստեղծեց մարդուն հողու փոշուց, ով կյանքի շունչ տվեց մարդուն, ♫և ով Իր Որդին ուղարկեց աշխարհ մեր համար: Ես ստեղծված եմ Նրա նմանությամբ և իմ մարմինը նվիրում եմ Նրան: ♫Ես չեմ ուրանա Տիրոջը և հետևելու եմ Նրան կյանքիս բոլոր օրերին♪»:
Իսկապես շնորհակալ եմ Տիրոջից
Ես իսկապես շնորհակալ եմ Տիրոջից: Տերը վերցրեց մեր մեղքերը և թողեց, որ ծառայենք Իրեն, հետևենք Իրեն և կատարենք Իր արդար գործը: Եթե Տերը չվերցներ մեր բոլոր մեղքերը, որ գործում ենք մարմնում, ինչպե՞ս կկարողանայինք կատարել Նրա արդար գործը: Չէինք կարողանա կատարել գործի նույնիսկ 0.1%-ը: Մեղավորը մնում է մեղավոր, նույնիսկ, եթե արտաքինից թվում է կոկիկ: Ինչ հիանալի է, որ Տերը ջնջել է մեր բոլոր մեղքերը և օրհնել մեզ, որ ընկած էինք մեղքի աղտի մեջ՝ ապրելով հոգևոր աղքատության մեջ, կապված էինք դժոխքին:
Աստծո շնորհքի մեծությունը կայանում է նրանում, որ Նա ջնջեց մեր բոլոր մեղքերը, օրհնեց մեզ և ընտրեց մեզ Իրեն ծառայելու համար: Ինչպե՞ս կարող ենք լինել արդար ունենալով մեղքեր մեր սրտերում: Այն փաստը, որ մենք չունենք ոչ մի մեղք, ցույց է տալիս Աստծո մեծ շնորհքը, փառաբանեք Տիրոջը: Մարմինը հավանաբար կրկին կմեղանչի: Նույնիսկ Աստծո Խոսքը լսելուց հետո, երբ դուրս գանք եկեղեցուց, մեղանչում ենք: Ես փառք եմ տալիս Աստծուն, որ մաքրեց իմ բոլոր մեղքերը: Անկասկած մեր Տերը, Հիսուս Քրիստոսը Հորդանան գետում Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը և Խաչի վրա վերջ դրեց մեր դատաստանին: Ես հավատում և փառք եմ տալիս Աստծուն: Ինչպե՞ս կարող ենք փառք տալ Աստծուն: Կարող ենք փառք տալ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով:
Սիրելի սրբեր, մենք չենք կարող վարձահատույց լինել Աստծո շնորհքի համար, որքան էլ որ չարչարվենք: Նույնիսկ, եթե մի ամբողջ հավիտենականություն մենք շնորհակալություն հայտնենք Աստծուն, Նրան, ով թույլ տվեց, որ կատարենք Իր արդար և պտղաբեր գործը, կրկին բավական չի լինի: Մեր փառաբանությունը երբեք բավական չի լինի, որքան էլ որ շատ չարչարվենք:
Մենք շատ լավ գիտենք, որ մեր մեջ ոչ մի բարի բան չկա: Լավ քննեք ձեր սիրտը: Մի՞թե ձեր ողջ կյանքում մեղք եք գործելու: Անշուշտ, բայց Տերն արդեն վերցրել է ձեր բոլոր մեղքերը: Տերը օրհնեց մեզ կատարելու Իր գործը: Տերը թույլ տվեց, որ ծառայենք Իրեն: Մենք չենք կարող շնորհակալ չլինել Աստծուց, չենք կարող չփառաբանել Նրան Հիսուս Քրիստոսի միջոցով: Մեր Աստվածը թուլ տվեց մեզ ապրել՝ Իրեն փառաբանելով: Աստված փրկեց մեզ այն բոլոր մեղքերից, որոնք գործում էինք ամեն օր, որպեսզի մենք սրտով ծառայենք Իրեն: Քանի որ մեր Տիրոջ շնորհքը մեծ է, մենք ցանկանում ենք հետևել և ծառայել Նրան: Եկեք ի սրտե շնորհակալ լինենք Աստծուց:
Ինչ հիանալի է Աստծո շնորհքը, որ տրվեց մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ես իրոք ուզում եմ, որ հասկանաք, թե որքան տկար ու թույլ է մարդկային մարմինը, ուզում եմ, որ նայեք ձեր սրտի ներսը, նայեք ձեր գործերին, տեսեք, արդյո՞ք Աստված չի մաքրել ձեր բոլոր մեղքերը, շնորհակալ եղեք և փառք տվեք Աստծուն: Ես փառք եմ տալիս Աստծուն, ով պարգևեց մեզ աննման կյանք: «Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին» (Հռոմեացիս 7:25): Մենք սրտով սիրում ենք Աստծուն, իսկ մարմնով սիրում ենք մեղքը: Բայց Աստված ներող է: Մեզ ապագայում սպասում են ուրիշ մեղքեր ևս, բայց Աստված արդեն ներել է մեր բոլոր մեղքերը, նույնիսկ ապագա մեղքերը: Դրա համար Աստված ներող է, և դրա համար մենք պետք է Նրան փառաբանենք:
Շնորհակալ եմ Տեր: Ես փառաբանում են Քեզ, Դու տվեցիր մեզ Քեզ ծառայելու սիրտ և ամբողջովին մաքրեցիր մեր բոլոր մեղքերը: