(Հռոմեացիս 8:4-11)
«Որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում՝ այլ հոգևորապես: Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգևոր լինողները՝ հոգու բաները: Որովհետև մարմնի խորհուրդը մահ է. և հոգու խորհուրդը՝ կյանք և խաղաղություն: Որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է. որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում, և կարող էլ չէ: Եվ նրանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճո լինել: Բայց դուք մարմնով չեք՝ այլ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ: Եվ եթե Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար: Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է»:
Միսիոներական առաքելությունն արդյունավետ է, երբ կատարվում է գրականության միջոցով, որը և անում ենք մենք: Մենք օրհնվում ենք, երբ կարդում ենք Աստծո Խոսքը և մեր հավատքն աճում է, որովհետև մենք հավատում ենք Նրա Խոսքին:
Մարդիկ տառապում էին անցած հինգ դարերի ընթացքում՝ խաբված լինելով այնպիսի կեղծ վարդապետություններով, ինչպիսին է «աստիճանաբար սրբացման վարդապետությունը» և «արդարացման վարդապետությունը» կամ ապաշխարության աղոթքներով փրկություն ձեռք բերելը:
Հռոմեացիս 8:3 մեզ ասում է, որ Աստված արեց այն, ինչ օրենքը չէր կարող անել, որը տկար էր մարմնում: Աստված ուղարկեց Իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ, դատապարտեց մեղքը Նրա մարմնում և թողեց, որ խաչի վրա մահանար մեզ մեղքերից ազատելու համար:
Այսօր, մենք նայելու ենք Հռոմեացիս 8:4-11 Աստծո ճշմարտությունը հասկանալու համար: Հռոմեացիս 8:3-4 ասում է. «Որովհետև այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը. Որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում՝ այլ հոգևորապես»: Ի՞նչ է այս ամենը նշանակում:
Նախ և առաջ, ի՞նչ է նշանակում վարվել մարմնավորապես
Սա նշանակում է՝ չփնտրել սեփական մարմնի շահը: Նշանակում է զատորոշել Հոգու և մարմնի ցանկությունները և հեռու մնալ նրանցից, ովքեր չեն հնազանդվում Աստծո Խոսքին: 5 հատվածն ասում է. «Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգևոր լինողները՝ հոգու բաները»: Ի՞նչ է նշանակում «մարմնի բաներ»: Նշանակում է, որ կան մարդիկ, որոնք նույնիսկ, երբ հաճախում են եկեղեցի, որոնում են սեփական ցանկությունները:
Պարզ ասած, քրիստոնյաները չպետք է գնան եկեղեցի սեփական շահույթը փնտրելու: Սա նշանակում է վարվել մարմնով: Այս մարդիկ հաճախում են այնպիսի եկեղեցիներ, որտեղ համայնքը մեծ է, որպեսզի գովազդեն իրենց բիզնեսը, նոր հաճախորդներ ձեռք բերելու համար: Նրանք հաճախում են եկեղեցի և հավատում Հիսուսին հանուն սեփական մարմնի:
Այսպիսի մարդկանցից բացի կան նաև ուրիշներ, որոնք քրիստոնյա համայնքի մեջ ուսուցանում են աղանդավորություն և այնպիսիներն, ովքեր ուսուցանում են իրենց հետևորդներին հետամուտ լինել միայն նյութական օրհնություններին:
Մենք հեշտությամբ կարող ենք զանազանել աղանդավորներին մեր քրիստոնեական համայնքում: Ովքե՞ր են այդ աղանդավորները: Նրանք այն մարդիկ են, ովքեր խաբում են իրենք իրենց՝ հավատալով, որ իրենց հարանվանությունը գերազանցություն ունի մյուսների նկատմամբ: Նրանք ասում են, որ իրենց աղանդը ստեղծվել է այսպես ու այնպես, որ իրենց հիմնադիրները այսինչ ու այնինչ հայտնի աստվածաբաններն են, որոնց ճանաչում են ամբողջ աշխարհում և այլն: Այս բոլոր պոռոտախոսությունները նրա համար են, որ մարդիկ հավատան ու հետևեն այդ աղանդներին: Այդպիսիները շատ են աշխարհում:
Աղանդավորները Հիսուսին հավատում են իրենց սեփական մարմնի օգուտների համար: Նրանք, ովքեր ապրում են մարմնով, դեռ պարծենում են իրենց եկեղեցիներով և նյութական ձեռքբերումներով, որոնց հասել են իրենց մեծ եկեղեցիներ հաճախելով: Մի շարք եկեղեցիներում կան այսպիսի նպատակներ. «Սիրեցեք ձեր կանանց»: Բայց սա դառնում է կարծես հոգևոր նպատակ: Մի՞թե եկեղեցիները որպես հոգևոր նապատակ պետք է սիրեն իրենց կանանց: Ես չեմ ասում, թե չսիրենք մեր կանանց: Բայց նման նպատակները, որքան էլ որ գեղեցիկ են և գրավիչ, չպետք է դառնան եկեղեցու հոգևոր հիմնային նպատակները:
Նրանք, ովքեր ապրում են մարմնով, իրենց մտքերը կենտրոնացնում են մարմնային բաների վրա: Շատ հովիվներ այսօր նմանվել են այն մարդկանց, որոնց հետաքրքրում է միայն եկեղեցու անդամության քանակի մեծացումը, նվիրատվությունները և ճոխ շենքերը: Այս ամենը դարձել է նրանց հոգևոր նպատակը: Նրանք ցանկանում են կառուցել մեծ, բարձր և ընդարձակ եկեղեցիներ: Նույնիսկ, եթե նրանք արտաքուստ ասում են, թե շատ հետևորդներ ունենալը նրա համար է, որ առաջնորդվեն դեպի երկինք, դա միայն արդարացում է, իսկ իրական նպատակն այն է, որ հավաքեն շատ գումար ավելի մեծ եկեղեցի կառուցելու համար:
Որպեսզի իրենց եկեղեցիները հետևեին մարմնային բաներին, նրանք ստիպված եղան իրենց հետևորդներին դարձնել կրոնական մոլեռանդներ: Որոշ հովիվներ իրենց հաջողություններին հասել են նրա շնորհիվ, որ կարողացան իրենց համայնքը դարձնել մոլեռանդ, կիսախելագար և անկառավարելի հավատացյալներ:
Ովքեր ապրում են Աստծո Հոգու համեմատ
Այնուամենայնիվ քրիստոնյաների մեջ կան այնպիսիները, որոնք իսկապես ապրում են Աստծո Հոգու համեմատ: Ովքեր որ ապրում են Հոգու համեմատ, ապրում են Աստծո Խոսքի համեմատ, հավատում են Սուրբ Գրքին և մերժում են իրենց սեփական մտքերը՝ ապրելով Աստծո սրտով և քարոզելով ջրի և Հոգու ավետարանը:
Աստվածաշունչն ասում է, որ ովքեր ապրում են Հոգու համեմատ, մտքով կենտրոնանում են հոգևոր բաների վրա: Եթե Աստծո արդարությանը հավատալով մեր բոլոր մեղքերը ներվել են, մենք չպետք է ապրենք անխոհեմությամբ, այլ ապրենք Սուրբ Հոգու գործի վրա կենտրոնանալով: Նրանք, ովքեր որ ապրում են Հոգով, մտածում են հոգեպես և հավատքով ձեռնարկում են հոգևոր գործեր: Երջանիկ են նրանք, ովքեր հետապնդում են Հոգու գործերը: Սրանք այն մարդիկ են, ովքեր հաճելի են Աստծուն և մյուսներին փրկում են աշխարհի մեղքերից: Մենք արդեն ստացել ենք մեղքերի թողություն և դրա համար պետք է մեր միտքը կենտրոնացնենք հոգևոր բաների վրա և ապրենք Նրա կամքի համեմատ:
Մեր կյանքի նպատակն է իրականացնել Հոգու գործը, որը ջրի և Հոգու ավետարանը քարոզելն է: Մենք պետք է կենտրոնանանք հոգևոր բաների վրա: Որքա՞ն եք մտքով կենտրոնանում հոգևոր բաների վրա: Մենք հոգևոր պայքարի մեջ ենք և պետք է Աստծո արդարությանը հավատալով ու քարոզելով՝ կիրառենք հոգևոր բաներ մեր կյանքի մեջ: Մենք միշտ պետք է մտածենք, թե ինչն է գոհացնում Տիրոջը և կենտրոնանալով Տիրոջ վրա՝ կատարենք Հոգու գործը, նույնիսկ եթե տկար ենք և թերություններով: Որևէ գործ կատարելով՝ մենք պետք է ձգտենք նոր հոգևոր գործեր կատարել, որոնք հաճելի կլինեն Տիրոջը:
Մենք հիմա քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանն ամբողջ աշխարհին գրականության միջոցով: Մոտ 200 -300 մարդ ստանում են մեր անվճար քրիստոնեական գրքերը և էլեկտրոնային գրքերը ամեն օր այցելելով մեր ինտերնետային կայքը: Ձգտելով քարոզել ջրի և Հոգու ավետարանն աշխարհի բոլոր մարդկանց, մենք ձեզ հետ միասին ծառայում ենք ավետարանին և Եկեղեցուն: Եթե մենք չխորհենք հոգևոր բաներ, չէինք ստանա Սուրբ Հոգու պտուղները: Մենք պետք է իրականացնենք Իր գործը՝ մեր միտքը կենտրոնացնելով Հոգու վրա: Եվ այդ ժամանակ առաքինի կնոջ նման հաճելի կլինենք մեր հոգևոր Փեսացուին, Հիսուս Քրիստոսին, ինչպես գրված է Առակաց գրքի 31 գլխում:
8 հատվածն ասում է. «Եվ նրանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճո լինել»: Սա վերաբերվում է նրանց, ովքեր չեն ստացել մեղքերի ներում: «Որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է. որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում, և կարող էլ չէ: Եվ նրանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճո լինել» (Հռոմեացիս 8:7-8): Այսպես, մեղավորները, որոնք չունեն Հոգի, չեն կարող Աստծուն հաճելի լինել և կամ կատարել Նրա գործը:
Մեղավորները չեն ենթարկվում Աստծո օրենքին, ինչպես նաև Աստծո արդարությանը: Նրանք չեն կարող հաճելի լինել Նրան: Նրանք չեն կարող հասկանալ, թե որն է Աստծո կամքը իրենց համար, որովհետև Սուրբ Հոգին չի բնակվում իրենց մեջ: Տիրոջը հաճելի է այն, որ մարդկության բոլոր մեղքերը ներվեն ջրի ու Հոգու ավետարանով: Նրան պետք չեն մեղավորների փառաբանությունը և պաշտամունքները:
Աստված չի սիրում, երբ մեղավորները փառաբանում են Իրեն: Անկախ նրանից, թե որքան են մեղավորները արցունք թափում և փառաբանում Իրեն, նրանք չեն կարող հաճելի լինել Նրան: Մեղավոր քրիստոնյաները փորձում են հաճելի լինել Աստծուն իրենց զգացմունքային պաշտամունքներով: Նրանք չեն կարող հաճելի լինել Տիրոջը: Ովքեր որ ունեն մեղք, չեն կարող հաճելի լինել Տիրոջը: Անկախ նրանից, թե որքան են ջանք թափում, մեղավորները երբեք չեն կարող հաճելի լինել Տիրոջը: Հարցն այն չէ, թե որքան շատ են ցանկանում հաճելի լինել Տիրոջը, այլ այն, թե որքան անհնար է նրանց համար Աստծուն հաճելի լինելը:
Մի՞թե Աստծուն հաճելի կլիներ, եթե մարդիկ կառուցեին մեծ եկեղեցիներ: Ոչ: Եթե անհրաժեշտություն լինի տեղափոխել ավելի մեծ եկեղեցի, ապա դա անկասկած կլինի: Սակայն պարզապես մեծ եկեղեցի ունենալը հաճելի չէ Աստծուն:
Մեր քաղաքում վերջերս ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլլար ծախսվեց նոր եկեղեցաշենք կառուցելու համար, այն դեպքում, երբ հին շենքը գտնվում էր շատ լավ վիճակում: Երբ անդամների քանակը կազմում է 200-300 հոգի, մի՞թե կարիք կա ավելի մեծ եկեղեցի կառուցել: Աստծո եկեղեցին չի կառուցվում աղյուսներից: Աստված մեզ ասում է, որ մենք Աստծո տաճարն ենք և Աստծո Հոգին բնակվում է արդարների սրտերում:
Ճիշտ կլինի կառուցել ավելի մեծ եկեղեցի, եթե իրականում դրա կարիքը կա, բայց մի՞թե մեծ եկեղեցաշենքը ինքնին փառք կբերի Աստծուն: Ոչ: Մի՞թե եկեղեցում շատ մարդ հավաքելը ավելի շատ կփառավորի Աստծուն: Ոչ: Մենք չենք կարող հաճելի լինել Աստծուն նման բաներով: Ովքեր մարմնով են, չեն կարող հաճելի լինել Տիրոջը:
Երբեմն հանդիպում են մարդիկ, որոնք արդար են և հետապնդում են միայն մարմնի շահը: Այս մարդիկ չեն կարող հաճելի լինել Տիրոջը: Արդարների մեջ կան այնպիսիները, որոնք մեղավորների նման իրենց մտքերով դեռ կապված են մարմնին: Այս մարդիկ չեն կարող հաճելի լինել Աստծուն: Նրանք իրականում չեն կարող ապրել եկեղեցական առողջ կյանքով: Նույնիսկ եկեղեցում նրանք բողոքում և նեղանում են Աստծուց և ի վերջո լքում եկեղեցին:
Ուստի, մենք՝ արդարներս, պետք է ապրենք Աստվածահաճո կյանքով, ոչ թե ձգտենք միայն մարմնի շահը: Մենք պետք է խորհենք Աստծո գործերի և Նրա արդարության մասին, ծառայենք Նրա արդարության գործին և օգտագործենք մեր մարմինները, միտքը ու իրերը որպես Նրա արդարության գործիքներ: Մենք պետք է ապրենք Աստծուն հաճելի կյանքով:
Ովքեր Քրիստոսի Հոգով են
Եկեք կարդանք 9 հատվածը. «Բայց դուք մարմնով չեք՝ այլ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ»:
Այս հատվածը նշանակում է, որ եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, այլ կերպ ասած, եթե մենք հավատում ենք Աստծո արդարությանը և արդեն մաքրված ենք մեր մեղքերից, այլևս մարմնով չենք, այլ՝ Հոգով: Եթե որևէ մեկն իր սրտում ունի Հոգի, այդ մարդը Քրիստոսինն է, և եթե որևէ մեկը չունի Քրիստոսի Հոգին, այդ անձը Նրանը չէ:
Հետևաբար մենք ապրում ենք ոչ թե մարմնով, այլ՝ Հոգով: Մենք, որ ապրում ենք Հոգով և արդեն ազատված ենք մեր մեղքերից ջրի և Հոգու ավետարանի միջոցով, պետք է չմոռանանք, որ արդարության զինվորներ ենք, ովքեր կարող են հաճելի լինել Աստծուն, որպես Քրիստոսով արդարներ: Մենք չպետք է հուսահատվենք մեր մարմնային տկարությունների պատճառով, այլ հաճելի լինենք Աստծուն այն հավատքով, որ չնայած տկար ենք մարմնով, մենք պատկանում ենք Նրան և Նրա ծառաներն ենք:
Մենք պետք է գիտենանք, որ վերստին ծնվելուց հետո չի կարելի փնտրել միայն մարմնի շահը: Մենք պետք է գիտենանք, որ արդարները պետք է ծառայեն միայն Աստծո արդարությանը: 10 հատվածը ցույց է տալիս մեզ, թե ինչպես պետք է ապրեն քրիստոնյաները: «Եվ եթե Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար»:
Իրականում մեր մարմինները խաչվեցին և մահացան Հիսուս Քրիստոսի հետ մեր մեղքերի պատճառով: Մենք փրկվեցինք մեր բոլոր մեղքերից Աստծո արդար գործի շնորհիվ: Այդ արդարության պատճառով արդարների հոգիներն ունեն հավիտենական կյանք: Մենք պետք է իմանանք, որ ովքեր արդարացված են, այլևս չեն կարող ապրել միայն իրենց սեփական մարմնի համար: Նրանք, ովքեր վերստին ծնվելուց հետո չեն ապրում Աստծո արդարության համար, հեռու են Նրա օրհնություններից:
Մեզ վիճակված է ապրել Աստծո արդարության համար: Միգուցե ձեզանից ոմանք վերստին ծնվելով ջրից և Հոգուց, հուսահատության մեջ են և մտածում են. «Աստվածաշունչն ասում է, որ ովքեր մարմնով են, չեն կարող հաճելի լինել Աստծուն: Ես հավանաբար նրանցից մեկն եմ»: Բայց դա այդպես չէ: Աստված մեզ բարեփոխել է, որ պայքարենք Իր արդարության համար:
Ոմանք այդպես են կարծում, որովհետև հավանաբար սխալ են հասկացել Աստվածաշունչը: Եթե նույնիսկ որոշ արդարներ կարծում են, որ իրենք չեն կարող ապրել Աստծո կամքի համեմատ, որովհետև իրենց մարմինները տկար են, ճշմարտությունն այն է, որ նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգի, ցնծում են Աստծո գործերը կատարելով: Աստծո գործը նրանց երջանկացնում է, ուրախացնում և տալիս դրական լիցքեր: Մյուս կողմից, կյանքն առանց Աստծո գործերի դառնում է աննպատակ ու անպետք, դառնում է անիծված կյանք:
Ջրի և Հոգու ավետարանն ընդունելուց հետո և Աստծո արդարության մեջ բնակվելով՝ Սուրբ Հոգին բնակվում է մեզանում: Սուրբ Հոգին գալիս և բնակվում է այն մարդու սրտում, ով ստացել է մեղքերից ազատում: Ի՞նչ է պատահում նրանց, որոնց մեջ բնակվում է Սուրբ Հոգին: Նրանց վիճակված է ծառայել Աստծո արդարության և Նրա արդար գործերը կատարելու համար:
Կարճ ասած, նրանք, ովքեր ստացել են մեղքերի ներում և արդեն արդարացել են, պետք է ապրեն միայն հավատքով: Արդարները կարող են պահել իրենց հավատքը միայն այն ժամանակ, երբ ապրում են հավատքով և կատարում Աստծո գործերը: Եթե կարծում եք, որ չնայած արդարացված լինելուն, ապրելու եք այս աշխարհում մարմնով, ուրեմն դուք չեք հասկացել, որ ստացել եք մեղքերի ներում և ձեր ճակատագիրն արդեն փոխվել է:
Արդարների ճակատագիրը փոխվել է: Նախքան վերստին ծնվելը, նրանք ապրում էին աշխարհի համար և իրենց սեփական նպատակների, նրանք երջանիկ էին, քանի դեռ ապրում էին իրենց մարմնական ցանկություններով: Սակայն վերստին ծնվելուց հետո անհնար է ապրել այդպես: Մենք ստացել ենք մեղքերի ներում: Մի՞թե մենք ուրախ կլինենք, եթե վաստակենք վեցանիշ գումար: Երբ մենք նվիրված ենք այս աշխարհի հոգիները փրկելուն, ինչպե՞ս կարող ենք գոհ լինել միայն նյութական բաներով:
Այլ կերպ ասած, ես խնդրելու եմ ձեզ, որ լավ մտածեք մարմնային և հոգևոր բաների մասին: Պարտադիր չէ, որ դուք անեք ամեն մարմնային բան, այն ճանաչելու համար, պարզապես պետք է լուրջ մտածել այս հարցի շուրջ:
Նախորդ իմ քարոզում ես խոսում էի Հռոմեացիս 1-6 գլուխների մասին, իսկ այս գրքում խոսում եմ 7-16 գլուխների մասին: Քարոզների այս երկու գրքերը, այսինքն մեր քրիստոնեական գրքերի 5 և 6 հատորներն առաքվելու են աշխարհով մեկ տարածված քրիստոնյաներին: Ես համոզված եմ, որ շատերը կծանոթանան Աստծո արդարությանը իմ քրիստոնեական գրքերի հատորների միջոցով: Նախորդ երեք քարոզների գրքերում ես խոսում եմ Աստծո փրկության հիմնական ուսմունքների մասին: Առաջին հատորը խոսում է ավետարանի մասին, երկրորդ հատորը քննարկում է աստվածաբանական խնդիրները և երրորդ հատորը Սուրբ Հոգու մասին է և թե որն է Հոգի ստանալու ճիշտ եղանակը: Հռոմեացիս գրքի այս հինգերորդ և վեցերորդ հատորները խոսում են այն մասին, թե որքան հաճախ են սխալվում շատ աստվածաբանական վարդապետությունները, ինչու մարդու մեղքերը չեն անհետանում, նույնիսկ երբ քրիստոնյաները հավատում են Հիսուսին, և թե ինչպես է ջրի և Հոգու ավետարանը հայտնում Աստծո արդարությունը:
Ես հավատում եմ, որ ավետարանն այս գրքի միջոցով ավելի լայն տարածում է ունենալու ամբողջ աշխարհում: Ավետարանի քարոզչության հետաքրքիր առաջընթաց նկատվեց, երբ մենք հրատարակեցինք երրորդ հատորը, քան երբ հրատարակել էինք միայն առաջին երկու հատորները: Երրորդ հատորից հետո ավելի ու ավելի շատ մարդիկ են խնդրում իմ քրիստոնյա գրքերի առաջին և երկրորդ հատորները:
Այս երկու գրքերի հրատարակվելուց հետո կիմանանք, թե որքան մեծ զորություն ունի ջրի և Հոգու ավետարանը: Ես աղոթում եմ, որ Աստված իր առատ օրհնությունները տա նրանց, ովքեր ճանաչելու են Աստծո արդարությունը: Նրանք իմանալու են, թե ինչպես պետք է հասկանալ Հռոմեացիս գիրքը: Այն պետք է հասկանալ ավետարանին հավատալով, որ պարունակում է Աստծո արդարությունը:
Մենք բոլորս ծառայում ենք ավետարանին: Մի՞թե դուք նույնպես չեք ծառայում Աստծո գործին: Դուք կարող եք աջակցել ավետարանի քարոզչությանը մեղավորներին իրենց մեղքերից փրկելու համար: Երբ մենք հավատարիմ ենք մնում մեր ծառայությանը, շատ հոգիներ են ազատվում իրենց բոլոր մեղքերից: Ինչպե՞ս կարող ենք նման մեծ ծառայությունը փոխարինել աշխարհիկ գործով:
Ես ուզում եմ հստակեցնել, որ արդարներին վիճակված է այլևս չապրել միայն սեփական մարմնով: Հիմա մեր ճակատագիրն այն է, որ կատարենք Աստծո արդարությունը, որպեսզի փրկենք հոգիներին և ապրենք այս արդարության համար: Դուք պետք է գիտենաք սա և ապրեք ձեր կյանքի մնացած մասը Աստծո համար, ճշմարիտ ավետարանի և մեղքի մեջ կորած հոգիների փրկության համար:
Սրա մասին է խոսում Հռոմեացիս գիրքը այս հատորում: Եկեք նայենք 10 և 11 հատվածները: «Եվ եթե Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար: Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է»:
Վերոհիշյալ հատվածը նշանակում է, որ մեր մարմինները վաղուց մեռած էին մեր մեղքերի պատճառով: Բայց մեր հոգիները կենդանի են Աստծո արդարության և հավատքի պատճառով: Եթե որևէ մեկը հավատում է Աստծո արդարությանը, ապա նա ստանում է նոր կյանք: Մենք նոր կյանք ենք ստանում Աստծո արդարությանը հավատալով:
11 հատվածն ասում է. «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է»: Սա նշանակում է, որ Նա հարություն է տալու մեզ, երբ որ լինի աշխարհի վերջը: Կյանքն արդեն անցել է, երբ ապրում էինք մարմնով, և մեր ճակատագիրն է ապրել մեր կյանքի մյուս մասը Աստծո և Նրա արդարության համար:
Ձեզ կարող է ձանձրացնի արդարի կյանքը և մտածեք. «Արդարները շատ հաճախ են հավաքվում և խոսում են նույն բանի մասին»: Սակայն, վերստին ծնվածի հորանջն անգամ լսելուց, նրա կողքին նստելով և լսելով նրա փառաբանությունը, թարմություն կմտցնի ձեր մտքի մեջ, եթե մնաք եկեղեցում: Որովհետև Սուրբ Հոգին գործում է Աստծո եկեղեցում և հավատացյալների սրտերում: Ձեր միտքը կնորոգվի և կստանաք նոր ուժ ձեր սրտում, որպեսզի սնվելով կյանքի հոգու հացով՝ ստանաք հոգևոր պարտականություններ և գնաք կատարելու հոգևոր գործը:
Դուք կարող եք ուժեղանալ հավատքի մեջ, երբ մնաք հավատացյալների հետ: Այն փաստը, որ դուք առանձնացված եք աշխարհից, ցույց է տալիս, որ ձեր ճակատագիրը փոխվել է: Դա է պատճառը, որ նրանք, ովքեր ապրում են մարմնով, կենտրոնացած են մարմնավոր բաների վրա, բայց նրանք, ովքեր ապրում են Հոգով, կենտրոնանում են հոգևոր բաների վրա: Մենք, որ արդարացել ենք, այլևս չենք ապրում մարմնով: Արդարներն այլևս չեն ցանկանում լինել մեղքի ստրուկները: Մենք ուզում ենք ապրել Հոգով և մեր միտքը կենտրոնացնել հոգևոր բաների վրա: Արդարներն անում են Հոգու գործը, որն է հոգիներ շահել Քրիստոսի համար:
Մենք պետք է չարչարվենք Աստծո գործի համար՝ մերժելով մեր մտքերն ու կենտրոնանալով դրա վրա: Մենք պետք է արդեն շարունակենք ապրել այդպես: Ձեր ճակատագիրը փոխվել է, դուք ապրելու եք միայն Աստծո արդարության համար, որովհետև փրկություն ստացել եք՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Հուսով եմ, որ դուք ընդունել եք այս ճշմարտությունը:
Կներեք, բայց դուք այլևս չեք կարող վերադառնալ աշխարհ և դառնալ մեղքի ստրուկ: Եթե դուք վերադառնաք աշխարհ, դա կնշանակի ձեր մահը: Մարմնային մտածելակերպը մահ է: Ձեր ոգին կմահանա, ձեր միտքն ու մարմինը նույնպես, եթե դուք ձգտում եք մարմնական ցանկություններին: Իսրայելացիները Եգիպտոսից դուրս գալուց հետո չվերադարձան այլևս այնտեղ, և դժվար թե երջանիկ լինեին եգիտացիներին կրկին հանդիպելուն այն ժամանակներից, ինչ անցան Կարմիր ծովը: Նմանապես, մենք, որ արդարացված ենք, այլևս չենք կարող վերադառնալ դեպի Եգիպտոս:
Եթե վերստին ծնված մի արդար մարդ գնում է աշխարհ և ապրում մեղավորների հետ, նա պիտի անպայման ցանկանա վերադառնալ դեպի Աստծո եկեղեցին: Նա կարոտելու է Աստծո եկեղեցուն: Եկեք ուրեմն յուրաքանչյուրս ապրենք մտքով կենտրոնացած հոգևոր բաների վրա:
Ի՞նչ է նշանակում «հոգևոր բաներ» արտահայտությունը: Դա Աստծո բաները չե՞ն: Մի՞թե դա Աստծո ավետարանին ծառայելը չէ: Սակայն մի՞թե մենք տկար չենք ու թերի: Մենք տկար ենք ու թերի: Բայց մի՞թե չենք ստացել մեղքերի ներում, նույնիսկ եթե տկար ու թերի ենք: Իհարկե ստացել ենք: Արդյո՞ք Սուրբ Հոգին բնակվում է ձեր մեջ: Պատասխանը հստակ է, այո:
Հիմա ի՞նչ, մի՞թե ի վիճակի չենք կենտրոնանալու հոգևոր բաներ վրա: Իհարկե ի վիճակի ենք: Բոլորս էլ կարող ենք մեր միտքը կենտրոնացնել հոգևոր բաների վրա: Գիտե՞ք, որ Աստված փոխել է ձեր ճակատագիրը, որպեսզի կատարեք հոգևոր գործեր: Հավատո՞ւմ եք սրան:
Մեր միտքն արդեն փոխվել է: Եթե չգիտեք, որ ձեր միտքը փոխվել է, երբ իրականում փոխվել է, այն փորձության առաջ կբերի ձեզ: Դուք պետք է մտքով կենտրոնանաք Աստծո արդարության վրա: Աստծո եկեղեցին կդառնա ձեր տունը, ձեր հավատակից եղբայրները, քույրերը, ծնողները, կդառնան ձեր ընտանիքի անդամները, այլ կերպ ասած` նույն հոգին: Ձեր եկեղեցում յուրաքանչյուր մարդ կդառնա ձեր ընտանիքի անդամը: Եթե դուք այդպես չեք մտածում, այժմ ժամանակն է վերանայել ու համաձայնվել այս մտքին:
Մի կարծեք, թե միայն միսն ու արյունն է ձեր ընտանիքը: Ահա ձեր տունը և ամեն վերստին ծնված մարդու տունը, այսինքն եկեղեցին: Դուք բոլորդ Աստծո ընտանիքի մի մասն եք: Ահա, թե ինչու մենք պետք է ապրենք Հոգով: Մենք պետք է ապրենք Աստծո համար, քանզի հոգևոր մտքերը կօգնեն ձեռք բերել խաղաղություն: