Ջրի և Հոգու ավետարանը ինչպես իսրայելացիների համար, այնպես էլ հեթանոսների
Ինչո՞ւ Պողոսն ասեց, որ ինքը վշտացած է ու սրտնեղած իր ժողովրդի համար: Քանի որ Պողոսը ցանկանում էր, որ իր հայրենակից եղբայրները չլինեին բաժանված Քրիստոսի սերից, որ այդքան թանկ էին իր սրտին: Նա իսկապես ուզում էր, որ իր ժողովուրդը փրկվեր:
Այս վերջին ժամանակներում մենք մեծապես հետաքրքրված ենք քարոզելու ջրի և Հոգու ավետարանը ողջ աշխարհում: Այս ճշմարիտ ավետարանի տարածումը Աստծո մեծագույն մտահոգությունն է և միևնույն ժամանակ շատ կարևոր նպատակ վերստին ծնված քրիստոնյաների համար: Ջրի և Հոգու ավետարանի նրանց ընդունումը նույնպես կարևոր է մեր համար: Մենք պետք է շարունակենք աղոթել իսրայելցիների համար, որպեսզի նրանք փրկվեն, քանզի գիտենք, որ երբ նրանք ընդունեն ավետարանը, Տիրոջ Երկրորդ Գալուստը կմոտենա:
Այս տարի ես որոշել եմ, որ աղոթելու եմ հրեաների կողմից ճշմարիտ ավետարանի ընդունման և համաշխարհային ավետարանչության համար: Ես նաև աղոթում եմ, որ իսրայելացիների միջից դուրս գան Աստծո հավատարիմ ծառաներ: Աստված մի անգամ իսրայելացիներին տվեց Իր Օրենքը, և Իր աչքի առաջ նրանց դարձրեց քահանայական սերունդ: Քրիստոսն Ինքը հրեաներից եկավ մարմնով, սակայն նրանք հրաժարվեցին հավատալ Նրան և դեռ չեն հավատում Աստծուն և շարունակում են ընդդիմանալ Նրա կամքին:
Տերն ասեց մեզ, որ դժվարությամբ հավատք կգտնի, երբ կրկին գա այս աշխարհ
Դա Աստծո կամքն է, որ ջրի և Հոգու ավետարանը, որ սկիզբ է առել Երուսաղեմում, տարածվի ամբողջ աշխարհով մեկ: Այնուամենայնիվ, մարդկանց սրտերը կարծրացած են մեր օրերում: Շատ մարդիկ հեռացել են ճշմարտությունը փնտրելուց:
Վերջերս մի ֆիլմ դիտեցի հետևյալ վերնագրով՝ «Քրիստոսի Վերջին Գայթակղությունը», որտեղ Հիսուսը պատկերված էր որպես անօրեն ծնված զավակ: Ֆիլմը հայհոյություն էր Աստծո դեմ և ցույց էր տալիս, որ Հիսուսը բոլորովին էլ Աստված չէ, այլ հասարակ մարդ, ինչպես արքայազն Սիդհարթան՝ Հնդկաստանում, կամ ավելի շուտ, ինչպես Բուդդան: Այս ֆիլմը շեղում է Հիսուս Քրիստոսի Փրկիչ լինելու ճշմարտությունը: Դրա համար Աստված ասում է. «Սակայն մարդի Որդին գալիս՝ արդյոք հավատք կգտնե՞ երկրի վրա» (Ղուկաս 18:8):
Հիսուս Քրիստոսը, որին մենք հավատում ենք, Աստված է, Նա ավելին է, քան Իր ստեղծած ցանկացած ստեղծագործություն և արժանի է հավերժ գովասանքի: Ծնված լինելով իսրայելացիների մեջ, Նա վերցրեց բոլոր մարդկության մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսի կողմից, արյուն թափելով և մահանալով Խաչի վրա, երրորդ օրը կրկին հարություն առնելով և դառնալով բոլոր նրանց Փրկիչը, ովքեր հավատում են Իրեն: Տերը, որ դարձավ Աստծո արդարությունը, մեզ ազատեց մեր մեղքերից՝ արդարացնելով նրանց, ովքեր հավատում են Իրեն:
Պողոս առաքյալն ասում է, որ անկախ նրանից, թե որքան իսրայելացիներ են համարվում Աբրահամի հետնորդ, Աստծո զավակ է համարվում նա, ով հավատում է Հիսուսին:
Իսրայելացիները ապագայում շատ փորձություններ և հալածանքներ են կրելու: Աստծո կամքն է, որ նրանց մի մասը ի վերջո հավատալու է մեր Տիրոջը, որպես իրենց Փրկիչ: Չնայած որ մեր Տերը վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը, այդ թվում նաև Իսրայելի, նրանք դեռ չեն հավատում Հիսուսին որպես իրենց Փրկիչ:
Դուք տկա՞ր եք: Մեզանից ոմանք կարող են թույլ կամ ուժեղ լինել մյուսներից: Սակայն Աստծո առաջ մենք բոլորս անկարող ենք: Մենք կարող ենք դառնալ Աստծո զավակներ, որոնք ազատ են մեղքից, միայն հավատալով, որ մեր Տերը եկավ այս երկիր, վերցրեց մեր մեղքերն Իր վրա Իր մկրտությամբ և դատապարտվեց ու խաչվեց Խաչափայտի վրա: Մենք պետք է փառաբանենք և հավատանք Աստծո զորությանը, որը մեզ դարձրեց Իր ժողովուրդը՝ ազատված մեղքերից: Մեր Տերն իսկապես մեծ է:
Ոմանք կարծում են, որ ամեն ինչ գոյություն ունի միայն մարդու շնորհիվ: Օրինակ, նրանք կարծում են, որ օրենքները սահմանում են մարդիկ և դրանք մարդկանց համար են: Սակայն պետք է ընդունենք, որ ոչ բոլոր բաներն են ստեղծվել մարդու շնորհիվ, բայց ամեն բան հնարավոր է Աստծո կամքով: Աստված ստեղծեց այս աշխարհն ու ողջ տիեզերքը: Նույնիսկ մարդու կողմից ստեղծված օրենքները, որոնք կառավարում են մեզ, իրականում իրենց էությունով հիմնավորված են Աստծո կամքի համաձայն:
Քանի որ Աստված գործում է և հանդես է գալիս ամեն ինչի մեջ, և ամեն բան տեղի է ունենում Իր կամքի համեմատ, մենք պետք է ամեն բանի մեջ բացահայտենք Նրա արդարությունը: Երբ մենք տկար էինք, երբ մենք մեղանչում էինք Աստծո դեմ, և երբ մենք կտրված էինք Նրանից մեր մեղավոր լինելու պատճառով, Աստված խոստացավ մեզ ուղարկել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Նա իրականացրեց Իր խոստումը Հիսուսի մարմնավորումով և մկրտությամբ, որի միջոցով Նա ազատեց մեզ աշխարհի մեղքերից:
Այժմ, երբ ջրի և Հոգու ավետարանը տարածվում է աշխարհի ցանկացած անկյունում, Աստծո սկզբնական ծրագիրը կավարտվի: Երբ նայում ենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում աշխարհում, կարող ենք տեսնել, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը այդ դեպքերի կենտրոնում են: Ես հավատում եմ, որ առանց Աստծո միջամտության, ևս մեկ համաշխարհային պատերազմը կլիներ անխուսափելի:
Երբ Առևտրի Համաշխարհային Կենտրոնները փլուզվեցին, այն մեծ ազդեցություն թողեց ողջ աշխարհի վրա: Եթե աշխարհը կրկին պատերազմ սկսի մեր ժամանակներում և հիմա, ի՞նչ կլինի մեզ հետ: Մենք անշուշտ չենք կարողանա վերականգնվել այդ համաշխարհային պատերազմի հետևանքներից: Նույնիսկ բնությունը չի կարողանա վերականգնվել մարդու կողմից թողած վնասներից: Հուսով եմ, որ դուք բոլորդ աղոթում եք, որպեսզի ջրի և Հոգու ավետարանը քարոզվի ողջ աշխարհին: Մեր անհանգստությունն այն է, որ առանց աշխարհում խաղաղության, չենք կարողանա դա անել: Մենք պետք է բոլորս աղոթենք խաղաղության համար և ձգտենք վերացնել պատերազմն ու ահաբեկչությունը:
Մարդու կողմից ստեղծված ոչ մի կրոն չի կարող վերացնել մարդու մեղքերը: Միայն Հիսուս Քրիստոսը կարող է ազատել մեզ մեր մեղքերից: Միայն Հովհաննեսից ստացած Իր մկրտության և Խաչին թափած արյան շնորհիվ մեր մեղքերը կարող են սրբվել: Այս օրհնությունը տրված է նրանց, ովքեր հավատում են Աստծո արդարությանը: Միակ ճանապարհը, որով կարող ենք ազատվել մեր մեղքերից, դա Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը հավատալն է: Չկա ուրիշ ճանապարհ: Մենք չենք կարող ստանալ մեղքերի թողություն ապաշխարության ծիսական աղոթքների միջոցով, չնայած որ շատ կրոնական մարդիկ այդպես են անում: Փոխարենը, միակ ճանապարհը դեպի քավություն, դա Աստծո արդարությանը հավատալն է, որը մեզ ազատեց մեր բոլոր մեղքերից: Դա տեղի ունեցավ Հիսուսի մարմնավորման միջոցով, ով Իր մկրտության և Խաչի մահվան շնորհիվ վերցրեց մեր բոլոր մեղքերը:
Մենք փրկված ենք մեր բոլոր մեղքերից հավատալով ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը
Այս ճշմարտությունը պետք է քարոզվի աշխարհի յուրաքանչյուր անկյունում: Մենք պետք է գիտակցենք, որ այս ճշմարտությանը չհավատալը իսրայելացիների և հեթանոսների մեղքն է: Բոլորը պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին:
Բոլոր ժողովուրդները՝ իսրայելցիները և հեթանոսները չեն կարող մեղք չգործել այս աշխարհում: Բայց մեր Տերը վերցրեց այս բոլոր մեղքերը մեկընդմիշտ Իր մկրտության միջոցով: Կարո՞ղ է արդյոք լինել ավելի պարզ և հստակ ճշմարտություն, քան Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան ճշմարտությունը: Ինչո՞ւ Հովհաննեսը մկրտեց Հիսուսին: Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և խաչվեց, որպեսզի միանգամից մաքրեր մեր բոլոր մեղքերը: Չհավատալով այս ճշմարտությանը կամ չընդունելով այն իրենց սրտերում, մարդիկ գնում են դեպի կործանում իրենց մեղքերի պատճառով:
Մկրտությունը, որ Հիսուսն ընդունեց «այսպես» (Մատթեոս 3:15), իրականացրեց ողջ արդարությունը: «Այսպես» բառը հունարեն «hoo`-tos gar» բառն է, որը նշանակում է «այս ճանապարհով», «ամենահարմար» կամ «չկա ուրիշ ճանապարհ»: Այս բառը ցույց է տալիս, որ Հիսուսը անդառնալիորեն վերցրեց մարդկության մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսի կողմից: Մկրտվելով Հովհաննեսի կողմից՝ Նա կարողանում է մինչև Խաչը տանել այդ մեղքերը և արյուն թափել դրանց համար: Մենք պետք է հասկանանք, որ սա մեղքերի քավության ճշմարտությունն է, որով ողջ մարդկությունը կարող է մաքրվել իր մեղքերից:
Մեր Տերն ասում է մեզ. «Եթե դուք իմ խոսքերի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք: Եվ ճշմարտությունը կճանչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ»: Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը Աստծո ճշմարտությունն է, որը ազատում է մեզ մեր մեղքերից, և այն հիմնված է Աստծո գրավոր Խոսքի վրա: Ջրի և Հոգու ավետարանի միջոցով քավության ճշմարտությունը մնալու է հավիտյան: Հայր Աստվածը որոշել է, որ մեղավորները պետք է ստանան մեղքերի թողություն Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան միջոցով: Դա Նրա կամքն է: Երբ մենք հավատում ենք Նրա մկրտությանը և արյանը մեր փրկության համար, մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված սահմանել է մեզ համար: Մեր մեղքերը ստանում են քավություն այն ժամանակ, երբ մենք հավատում ենք ջրի և Հոգու ճշմարտությանը:
Եթե ամեն րոպե հավատում եք Քրիստոսի մկրտությանը և Նրա թափած արյանը, քավության ճշմարտությանը, որպես ձեր փրկության միջոց, նշանակում է դուք արդեն արդարացված եք: Մյուս կողմից, եթե դուք չեք հավատում, ապա դուք դեռ մեղավոր եք: «Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասուած են»: Մենք կարող ենք ստանալ ներում մեր բոլոր մեղքերի համար և դառնալ Աստծո զավակներ միայն, եթե հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչը: Չկա ոչ մի պատճառ, որով ինչ-որ մեկը չպետք է հավատա այս ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը: Ոչ ոք այս աշխարհում չի կարող ասել, որ այս փրկության ավետարանի կարիքը չունի: Բոլորը սրա կարիքն ունեն: Ինչո՞ւ որևէ մեկը պետք է չուզենա հավատալ դրան, երբ ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը այդքան հստակորեն է հայտնված նրանց, կարծես նրանք բոլորովին մեղքերից մաքրվելու կարիք չունեն:
Շատերը ողջ աշխարհում ընդունել են ջրի և Հոգու ավետարանը և քարոզում են այն մյուսներին: Նրանցից մի քանիսը խնդրեցին կամավոր բաժանել մեր քրիստոնեական գրքերը: Եթե դուք կարողանայիք ազատվել ձեր մեղքերից միայն հավատալով Խաչին թափված արյանը, ապա բոլորն այս աշխարհում կարդարանային իրենց մեղքերից: Եթե մեկը հավատում է միայն Խաչին թափված արյանը, ապա դեռ մեղքի մեջ է, չնայած իր ապաշխարության բազմաթիվ աղոթքների, քանի որ այդպիսի աղոթքները արտասանվում են ինքստինքյան, զգացմունքների ազդեցության արդյունք են և զուտ կրոնական սովորություն:
Եթե դուք փորձում եք ապաշխարության աղոթքներով մաքրվել ձեր մեղքերից, ապա իրականում մեծ մեղք եք գործում Աստծո դեմ, որովհետև այդպիսով դուք նվաստացնում եք Աստծո արդարությունը, որը կարող է իրականանալ ոչ թե ձեր սեփական ջանքերի միջոցով, այլ միայն Հիսուսի մկրտության և Խաչի վրա Նրա կատարած զոհաբերության միջոցով: Միայն այդպես Հիսուսը վերցրեց ձեր բոլոր մեղքերը և պատժվեց ձեր փոխարեն:
Եթե ընդունում եք Հիսուսին որպես ձեր Փրկիչ, հավատացեք, որ ստացել եք մեղքերի քավություն Հիսուսի մկրտության և Նրա Խաչի շնորհիվ: Հիսուսը խոստացավ ազատել մեղավորներին իրենց մեղքերից, և Նա իրականացրեց Իր խոստումը՝ մկրտվելով Հովհաննեսի կողմից Հորդանան գետում և թափելով Իր արյունը Խաչի վրա, որով իրականացավ Աստծո արդարությունը: Ի՞նչ իմաստ ունի այս ճշմարտությանը չհավատալը: Դուք պետք է հավատաք Հիսուսի մկրտությանը և Խաչին Նրա թափած արյանը որպես ձեր փրկություն:
Այն ճշմարտությունը, որ Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության ժամանակ, կարելի է գտնել Մատթեոս 3:13-17-ում: Միայն նրանք, ովքեր չեն ցանկանում ստանալ մեղքերի ներում, հրաժարվում են հավատալ այս ճշմարտությանը: Դուք կարող եք դառնալ Աստծո զավակներ և ստանալ հավերժական կյանք միայն հավատալով ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, ուրիշ ոչինչ չի կարող ազատել ձեզ ձեր մեղքերից: Ավելի հրաշալի ոչինչ չկա, քան այս ճշմարտությանը հավատալը, ավելի լավ բան չկա, քան Աստծո ողորմության պարգևը: Աստծո շնորհած բազմաթիվ նվերների մեջ մեր մեղքերի քավությունը լավագույն նվերն է բոլորիս համար:
Երկրորդ լավագույն նվերը, որ Աստված տվել է մեզ, դա Հազարամյա թագավորության գալուստն է, որի ժամանակ մենք թագավորելու ենք երկրի վրա: Իսկ երրորդ պարգևը այն է, որ Հազարամյայից հետո բնակվելու ենք Երկնքի Արքայության մեջ ու հավերժորեն թագավորելու ենք Աստծո հետ: Աստված թույլ է տվել, որ այս վերջին ժամանակներում փրկության այս ճշմարտությունը հայտնվի ինչպես իսրայելացիներին, այնպես էլ հեթանոսներին:
Ինչպես որ մարգարեացել են Աստվածաշնչում, Աստծո երկու ծառաները կբարձրանան Իսրայելի մեջ, և նրանց միջոցով Աստված կկատարի ավետարանի հրաշքները: Այնուհետև Իսրայելի ժողովուրդը այս երկու ծառաների միջոցով լսելու է ջրի և Հոգու ավետարանը, և շատերը հավատալու են Հիսուսին որպես իրենց Մեսիա: Մենք սպասում ենք այդ օրվան, ինչպես որ սպասում էր Հովհաննեսը. «Եկ, Տեր Հիսուս» (Հայտնություն 22:20):
Երբ Տիրոջ երկրորդ գալուստի ժամանակը գա, դուք կհասկանաք, թե որքան երախտապարտ եք, որ հավատացիք այս ճշմարտությանը, որի միջոցով ստացաք ներում և փրկություն: Իմ սրտի անկեղծ ցանկությունն այն է, որ դուք ազատվեք ձեր բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը: Աշխարհը կարող է փոխվել, բայց ջրի և Հոգու ավետարանը, որով Աստված փրկեց մեզ մեր մեղքերից, երբեք չի փոխվի և կմնա հավերժ ճշմարտություն: Մենք պետք է հավատանք այս ճշմարտությանը, որպեսզի ստանանք քավության անփոփոխ փրկությունը: Թող որ Աստծո փրկության ճշմարտությունը լինի ձերը:
Աստված ազատեց մեզ՝ դարձնելով ողորմության անոթներ
Հռոմեացիս 9 գլուխը ցույց է տալիս, որ Աստված փրկեց Հակոբին, որովհետև նրան ավելի էր սիրում, քան Եսավին: Դրա համար Հակոբը դարձավ ողորմության անոթ, իսկ Եսավը՝ բարկության անոթ: Սա ծնում է հետևյալ հարցը՝ ինչո՞ւ: Այսինքն, մի՞թե Աստված Հակոբին տվեց նախընտրություն Եսավի նկատմամբ: Անշուշտ կլինեն շատ մարդիկ, ովքեր պնդելու են, որ՝ «Քանի որ Աստված միակողմանիորեն և նախատրամադրվածությամբ ընտրեց մեկին և անվերապահորեն ատեց մյուսին, Նրա նախասահմանումը և ընտրությունը սխալ են»:
Երբ նայում ենք Աստծո կողմից ստեղծված աշխարհին, կարող ենք տեսնել, թե որքան գեղեցիկ ու մաքուր է Նրա ստեղծագործությունը: Բույսերը, կենդանիները և բոլոր մյուս բաները, որ ստեղծվել են Աստծո կողմից, թվում են այնքան կատարյալ: Իսկ ինչպե՞ս կարող է Աստված սիրել մեկին և ատել մյուսին կողմնակալությամբ: Բայց դա այդպես չէ:
Ադամի և Եվայի անհնազանդության պատճառով մեղքը մտավ աշխարհ և այդ իսկ պատճառով բոլոր նրանք, ովքեր եկան նրանցից հետո, վիճակված էին շարունակելու մեղանչել և գնալ դեպի դժոխք: Այն, որ Աստված փրկեց Հակոբին և թողեց Եսավին, չի նշանակում, որ Նա սխալ է: Աստված բոլոր պատճառներն ուներ դա անելու համար:
Մենք կարող ենք շատերին գտնել, ովքեր նման են Եսավին, նույնիսկ քրիստոնյաների մեջ: Որպես կանոն, նման անձը երբեք չի բաց թողնում պաշտամունքը, անկախ նրանից, թե երբ կամ որտեղ է այն անցկացվում՝ վաղ առավոտյան, թե գիշերը: Ոմանք կարող են նույնիսկ ավելի շատ ժամանակ անցկացնել եկեղեցում, քան տանը, տունը փոխելով եկեղեցու հետ: Մենք կարող ենք նրանց անվանել. «կրոնական վազողներ»: Նրանց մեջ, սակայն շատ են այնպիսիները, որոնք լրջորեն չեն վերաբերվում Աստծո արդարությանը: Դա պայմանավորված է նրանով, որ փորձում են կառուցել իրենց արդարությունը և դա անում են՝ անտեսելով Աստծո արդարությունը:
Նույնիսկ նրանք, ովքեր անտեսում են Աստծո արդարությունը, դեռ ուզում են գնալ դեպի երկինք և ստանալ մեղքերի թողություն: Բայց նրանց ջանքերը փորձում են հաստատել իրենց արդարությունը Աստծո առաջ և մարդկանց, ոչ թե փորձում են փրկվել իրենց մեղքերից: Աստված ասեց նրանց, ովքեր չեն հավատում Իր արդարությանը, որ Աստծո արդարությանը հավատալը բոլորի համար չէ:
Իսկ ինչպիսի՞ մարդիկ կարող են հավատալ Աստծո արդարությանը: Այն մարդիկ, ովքեր ընդունում են իրենց մեղավոր լինելը, որոնք իրենց մտքում գիտակցում են, որ արժանի չեն ոչնչի: Ահա այսպիսի մարդիկ, երբ բացահայտում են Աստծո արդարությունը Նրա քավության միջոցով՝ հայտնված ջրի և Հոգու ավետարանում, անմիջապես հավատում են դրան և փառաբանում Աստծուն: Այն, որ մենք հավատում ենք Աստծո արդարությանը և փրկված ենք, նշանակում է, որ մենք խեղճ մարդ ենք, որ ունենք Աստծո արդարության կարիքը: Հակառակ դեպքում, մենք ստիպված կլինեինք մեր կյանքի մնացած մասն ապրել մեղքի մեջ:
Բայց նրանք, ովքեր Աստծո առաջ փնտրում են իրենց արդարությունը, նրանք են, ովքեր ունեն հպարտություն: Նման մարդը կարող է ասել. «Տեր, ես տալիս եմ իմ տասանորդը, ամբողջ գիշեր մնացել եմ աղոթելու համար, երբեք բաց չեմ թողել առավոտյան պաշտամունքերը և բարի գործեր եմ արել Քո համար»:
Սակայն, Աստված ավելի ուրախ կլիներ, եթե նա հասկանար, որ ինքը չունի արդարություն, և հետևաբար Աստծո արդարությանը հավատալու կարիքն ունի ջրի ու Հոգու քավության շնորհիվ, այլ ոչ թե փորձել սեփական ջանքերով ապացուցել մի բան, որ ինքը չունի և չի կարող անել:
Նույնիսկ հիմա, քրիստոնեական համայնքներում կան շատ մարդիկ, որոնք անում են ամեն տեսակի բաներ, որ փորձեն ցույց տալ իրենց արդարությունը: Ոմանք նույնիսկ հավատարմորեն ապրում են այն, ինչ խոսում են: Բայց քանի որ նրանք չեն հավատում Աստծո արդարությանը, որը հայտնվեց ջրի և Հոգու ավետարանի միջոցով, նրանց մեղքերը ամբողջությամբ մաքրված չեն: Աստված որոշելու է նրանց ավարտը: Մենք բոլորս հուսով ենք, որ նրանք դառնալու են Աստծո ճշմարիտ զավակները մեղքերի թողության միջոցով՝ հավատալով Տիրոջ մկրտությանը և արյանը որպես քավության ճշմարտություն:
Փրկության անոթների մասին Պողոս առաքյալն ասում է, որ Աստված ողորմում է ում որ կամենում է և գթած է նրա հանդեպ, ում որ կամենում է: Այդ դեպքում ովքե՞ր են ընդունում Աստծո ողորմությունը: Բոլոր մարդիկ չեն կարող ապրել Աստծո Խոսքով, թեպետ նրանք իսկապես ուզում են դա անել: Նրանք կրկին ու կրկին սխալվում են, չնայած իրենց ճշմարիտ ցանկություններին հավատալ և ապրել ըստ Նրա Խոսքի: Նրանք ի վերջո զգում են իրենց մեղքի բաժինն Աստծո առաջ և կարծում են, որ արժանի են դժոխքին: Դրա համար նրանք խնդրում են Աստծուց ողորմություն իրենց վրա՝ ընդունելով, որ իրենք ողորմելի են, ինչպես այս երկրի վրա, այնպես էլ Աստծո Արքայության մեջ: Քանի որ գիտակցում են, որ իրենք չեն կարող փրկվել առանց Աստծո ողորմության, նրանք հուսահատորեն խնդրում են դրա համար:
Այլ խոսքերով, մեղքից ազատումը գտնում են նրանք, ում Աստված ողորմում է և որի հանդեպ կլինի գթառատ: Այս մարդկանց Աստված շնորհեց ջրի և Հոգու ավետարանը՝ ուղարկելով իր Միածին Որդին, որ Նա վերցներ բոլոր մեղքերն Իր մկրտության, Խաչի արյան և Իր հարության միջոցով: Մեր Հայրը գթասիրտ է նրանց համար, ովքեր խեղճ են:
Բայց կարծես աշխարհում ավելի շատ մարդիկ կան, որոնց հանդեպ Աստված լի է Իր բարկությամբ, քան թե ողորմությամբ: Աստված ասում է մեզ, որ այսօր քրիստոնեական համայնքում կան ինչպես ողորմության անոթներ, այնպես էլ բարկության անոթներ: Այլ կերպ ասած, կան մարդիկ, որոնց Աստված սիրում է և որոնց չի սիրում:
Հռոմեացիս 9:17 ասում է. «Որովհետև Գիրքն ասում է փարավոնին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ որ քեզանում ցույց տամ իմ զորությունը, և իմ անունն ամեն երկրի մեջ պատմվի»: Աստված փարավոնի նման մարդկանց թույլ տվեց բարձրանալ, որպեսզի ցույց տա Իր զորությունը: Այնուամենայնիվ, ողորմության անոթներին Նա ցույց է տալիս Իր սերը, որ Իր անունը ամբողջ աշխարհում հայտնի լինի: Մեր մեղքերի և Աստծո զայրույթի պատճառով մենք բոլորս գնալու էինք դժոխք: Բայց մենք փրկվեցինք մեր բոլոր մեղքերից, երբ Աստված շնորհեց մեզ Իր արդարության սերը, որովհետև Նա գթասիրտ էր նրանց համար, ովքեր հավատացին Իրեն:
Նրանք, ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը և միայն շահագրգռված են իրենց սեփական արդարությանը հետևել, հակառակվում են Աստծուն: Սրանք այն մարդիկ են, որոնց Աստված թողել է Իր բարկության համար: Նրա բարկությունն արտահայտվելու համար պետք է լինեն նրանք, ովքեր հակառակվում են Իրեն և դրանով իրականանում է Աստծո արդար դատաստանը:
Փարավոնի նման մարդիկ նրանք են, ովքեր մերժել են Աստծո արդարության սերը: Փարավոնի վրա Աստված ուղարկեց տասը պատուհասներ, իսկ վերջինը մահացու էր: Ովքեր որ մերժել են Աստծուն արժանանալու են միայն հավերժ կրակի լճին: Սա է Աստծո բարկության զորությունը: Կան բազմաթիվ հզոր մարդիկ այս աշխարհում և շատերը, որ մերժում են Աստծուն, բայց Աստված ի վերջո նրանց խոնարհեցնելու է, որ հռչակի Իր բարկության զորությունը: Ահա, թե ինչու է Նա կարծրացած սիրտ թողնում նրանց, ովքեր մերժում են Իրեն:
Մեզ համար կարևոր է այն, թե ինչպես կարող ենք դառնալ ողորմության անոթներ, որովհետև այդպես մենք կարող ենք հավատալ Աստծո արդարության սիրուն: Մենք ոչինչ չենք կարող ցույց տալ Աստծո առաջ, հակառակը մենք ծնվել ենք, որպեսզի հավատանք Նրա արդար սիրուն: Աստվածաշնչում գրված է մի պատմություն մի մաքսավորի և փարիսեցու մասին, որ աղոթում էին Աստծո առաջ: Աստված ողորմում է առաջինին: Մարդիկ, ովքեր նման են մաքսավորին, նրանք են, ովքեր Աստծո առաջ ընդունում են, որ իրենք որևէ լավ բան չեն արել, և որ իրենք ընկել են Աստծո փառքից, ուստի խնդրում են Աստծո ողորմությունը:
Սրանք այն մարդիկ են, ովքեր հագնելու են Աստծո արդարության սերը: Իսկ, ովքեր որ նման են փարիսեցուն, անընդհատ պարծենում են, թե որքան բան են արել Աստծո համար, որ տվել են իրենց տասանորդը, որ շաբաթական երկու անգամ ծոմ են պահել, որ աղոթել են, և որ իրենք կրոնական բարեպաշտ կյանք են վարում: Կախված այն բանից, թե որտեղ ենք կանգնում Աստծո առաջ, մենք կամ հագնված կլինենք Աստծո արդարության սիրով, կամ կենթարկվենք Նրա բարկության պատժին: Եթե մենք կարծրացնում ենք մեր սրտերն Աստծո առաջ, մեր մեղքերը հավերժ մնալու են չներված: Առանց ներման, մեր ճակատագիրը կլինի միայն դժոխքը:
Ջրի և Հոգու ավետարանն արդեն քարոզվում է ամբողջ աշխարհում: Չփրկվածները մնալու են չփրկված միայն այն պատճառով, որ նրանց սրտերը կարծր են: Մարդու մեջ արդար ոչինչ չկա և միայն հավատքով ենք մենք կարող հագնել Աստծո արդարության սերը: Աստված ատում է նրանց, ովքեր, չնայած որ ստեղծված են Աստծուց, հրաժարվում են ճանաչել Նրա արդարությունը: Բայց նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին և Աստծո արդարությանը, միշտ կլինեն Աստծուց սիրված և կստանան հավերժական կյանք:
Շատ քրիստոնյաներ այս աշխարհում ապրում են որպես Աստծո բարկության անոթներ: Ահա, թե ինչու մենք պետք է սովորենք Հռոմեացիս գրքից, թե ինչ է Աստծո արդարությունը: Պատճառը, որ Աստված սիրում է ոմանց և չի սիրում մյուսներին, այն է, որ ոմանք հավատում են Նրա արդարությանը, իսկ ոմանք էլ չեն հավատում: Սա է այն ճշմարտությունը, որի մասին ցանկանում էի խոսել: Այն, ինչ Աստված արեց Հակոբին և Եսավին, ճիշտ էր: Ովքեր որ հավատում են Հիսուսին, ցանկանում են, որ Աստված սիրի իրենց, բայց իրենք չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին: Այս մարդիկ նման են Եսավին, և Աստված դատելու է նրանց իրենց մեղքերին համապատասխան:
Աստված ուղարկեց Իր Որդուն, որպեսզի Նա մկրտվեր Հովհաննեսի կողմից և հավիտյանս մաքրեր աշխարհի բոլոր մեղքերը: Դուք հավատո՞ւմ եք այս ճշմարտությանը: Արդյո՞ք դուք իրոք հավատում եք այս ճշմարտությանը ձեր սրտի խորքում: Մենք միանգամից կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից, հենց որ հավատանք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, որով հայտնվեց Աստծո արդարությունը: Հիսուսը վերցրեց այս աշխարհի բոլոր մեղքերը, և դրանք տարավ դեպի Խաչը, մահացավ Խաչի վրա և երրորդ օրը կրկին հարություն առավ, այնպես, որ մենք կարող ենք միանգամից ազատվել մեր բոլոր մեղքերից:
Սակայն, եթե մենք փորձում ենք ստանալ մեղքերի քավություն չհավատալով Աստծո արդարությանը, մենք մեղք ենք գործում Նրա դեմ: Եթե մենք չենք հավատում Նրա արդարությանը, դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը պետք է ամեն օր մկրտվի և մեռնի մեր մեղքերի համար: Մի՞թե Աստված Իր անսահման իմաստությամբ կարող էր ընտրել այս եղանակը: Աստված մի անգամ ուղարկեց Իր Որդուն մեզ մեր մեղքերից ազատելու համար: Նա պետք է միայն մեկ անգամ մկրտվեր, խաչվեր և հարություն առներ մեր բոլոր մեղքերի պատճառով, որպեսզի կարողանար մեզ լիովին փրկել մեր մեղքերից:
Մեր Աստվածը արդար Աստված է: Աստված Իր արդարության մեջ ծրագրեց մեր մեղքերի թողությունը: Աստված չի մաքրել մեր մեղքերը պարզապես նրա համար, որ մենք աղոթում ենք ներում ստանալու համար: Փոխարենը, Նա մաքրեց բոլոր նրանց մեղքերն, ովքեր ազատվել են իրենց մեղքերից ՝ հավատալով Նրա արդարությանը:
Ի՞նչ է այդ դեպքում պատահելու մեր առօրյա մեղքերին, որոնք գործում ենք և գործելու ենք ապագայում: Այն ամենն, ինչ կարող ենք անել այդ մեղքերի հետ, դա Աստծուն երկրպագելն է Իր արդարությամբ և փառաբանել Նրան: Աստծո տեսակետից, Հիսուսը միանգամից Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, Խաչի վրա մահացավ և մեր փոխարեն դատապարտվեց և հետևաբար մեկընդմիշտ վերցրեց մեր բոլոր մեղքերը՝ մեզ տալով կատարյալ փրկություն: Աստծո արդարության սերն իրականացավ Իր ծրագրի համաձայն, որպեսզի մաքրի աշխարհի բոլոր մեղքերը:
Հռոմեացիս 9:25 ասում է. «Ինչպես որ Ովսէէի գրքումն էլ ասում է. Այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կանչեմ»: Այո, Աստված ասում է, որ Ինքը Իր ժողովուրդն է համարելու նրանց, ովքեր Իր ժողովուրդը չէին: Քանի որ Աստծո արդարությունը, որին հավատում ենք, տեսություն չէ, այլ իրականություն է, մենք ազատվել ենք մեր բոլոր մեղքերից՝ հավատալով Նրա արդարությանը: Քանի որ այն իրականություն է, ովքեր որ անտեսում են Նրա արդարությունը, Եսավի նման արժանանալու են ատելության և դատաստանի: Չկա որևէ մեկը, ով կարող է Աստծո առաջ պարծենալ իր արդարությամբ:
Մեզ մեր բոլոր մեղքերից ազատելու համար Աստված փրկեց մեզ Իր արդարության միջոցով: Ինչպե՞ս կարող ենք այդ դեպքում շնորհակալ չլինել Նրանից: Մենք չենք կարող չտարածել Աստծո արդարության ավետարանը գոհությամբ և հավատքով: