(Հռոմեացիս 10:16-21)
«Բայց ոչ թե ամենքը հնազանդ եղան ավետարանին: Որովհետև Եսայիան ասում է. Տեր, ո՞վ հավատաց մեր լուրին, Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը՝ Աստծո Խոսքիցը: Բայց ես ասում եմ. մի՞թե չլսեցին. Մանավանդ որ նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. և նրանց խոսքը՝ մինչև աշխարհքի ծայրերը: Բայց ասում եմ. մի՞թե Իսրայելը չգիտաց. առաջ Մովսեսն է ասում. Ես ձեզ նախանձավոր կշինեմ մի ոչինչ ժողովրդով, և մի անմիտ ազգով կկսկծացնեմ ձեզ: Բայց Եսայիան ավելի համարձակում է և ասում. Ես գտնվեցա նրանցից որ ինձ չէին որունում. հայտնի եղան նրանց որ ինձ համար չէին հարցնում: Բայց Իսրայելին ասում է. Բոլոր օրն իմ ձեռքերը մեկնեցի դեպի մի անհնազանդ և հակառակող ժողովուրդ»:
17 համարն ասում է. «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը՝ Աստծո Խոսքիցը»: Որտեղի՞ց է գալիս այն հավատքը, որ ազատում է մարդուն իր բոլոր մեղքերից: Ճշմարիտ հավատքը գալիս է Աստծո Խոսքը լսելուց:
Ես կցանկանայի շարունակել վկայել Աստծո արդարության ավետարանը Նրա Խոսքի միջոցով: Եկեք սկսենք նայելով Հռոմեացիս 3:10-20.
«Ինչպես որ գրված է, Թե արդար չկա՝ մեկն էլ չկա: Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող: Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. չկա բարություն անող, մինչև մեկն էլ չկա: Նրանց կոկորդը բաց գերեզման է , և իրենց լեզուներովը նենգություն են անում. Իժերի թույն կա նրանց շրթունքների տակ: Որոնց բերանը անեծքով և դառնությունով լիքն է: Որոնց ոտները շուտագնաց են արյուն թափելու համար: Կործանում և թշվառություն է նրանց ճանապարհներումը: Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին: Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ:
Բայց գիտենք, թե ամեն ինչ որ օրենքն ասում է նրանց է ասում, որ օրենքի տակ են. որ ամեն բերան խփվի, և բոլոր աշխարհք Աստծո առաջին դատապարտ լինի: Որովհետև օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նրա առաջին. որովհետև օրենքովը լինում է մեղքի գիտություն»:
Ինչպե՞ս հասկանանք և հավատանք Հռոմեացիների գրքի այս հատվածները փրկություն ստանալու համար: Ի սկզբանե չկային ոչ արդարներ, ոչ էլ մարդիկ, որ փնտրեին Աստծուն, բոլորը մեղավոր էին: Նրանց կոկորդները բաց գերեզմաններ էին, նրանց լեզուները՝ օձի թույն, որ ստում ու անիծում էին: Նրանց ոտքերը արագ էին արյուն թափելու համար: Նրանք չգիտեին խաղաղության ճանապարհը և չունեին Աստծո վախը: Նրանք միայն քայլում էին իրենց սեփական ավերվածության ու թշվառության մեջ: Բոլորը մեղավոր էին նախքան Աստծո արդարության մասին իմանալն ու դրան հավատալը: Իսկ օրենքի միջոցով նրանք իմացան, որ Աստծո առաջ մեղավոր են:
Ինչպե՞ս կարող էինք առանց օրենքի գիտենալ մեր մեղքերը: Ինչպե՞ս կարող էինք իմանալ Աստծուն: Երբևէ վախեցե՞լ ենք արդյոք Աստծուց: Հռոմեացիս 3:18 ասում է. «Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ»: Արդյո՞ք մեր մարմնի աչքերը երբևէ տեսել է Նրան: Մենք կարող է ինչ-որ բան գիտենք Աստծո գոյության մասին, բայց մենք չենք տեսել ու վախեցել Նրանից: Այդ դեպքում ինչպե՞ս կարող էինք իմանալ, որ մենք մեղավոր ենք: Մենք իմացանք Աստծո գոյության մասին՝ լսելով Նրա գրավոր Խոսքը: Ահա, սրա համար Գիրքն ասում է՝ լսելը գալիս է Աստծո Խոսքից:
Մենք գիտենք, որ Աստված ստեղծեց աշխարհը, քանի որ այդպես է գրված Աստվածաշնչում. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1:1): Այս խոսքը լսելով է, որ մենք իմացանք և հավատացինք Նրա գոյությանը և հավատացինք, որ Նա է ողջ տիեզերքի Արարիչը: Եթե չլիներ Աստծո Խոսքը, ոչ ոք չէր ճանաչի Աստծուն և ոչ էլ կվախենար Նրանից: Առանց Աստծո Խոսքի մենք չէինք իմանա, որ մեղավոր ենք:
Այլ կերպ ասած, մենք բացարձակապես չէինք ճանաչում Աստծուն, երկրպագում էինք դատարկ բաների, և անտեղյակ էինք մեր սեփական մեղքերից: Բայց Աստված մեզ տվեց օրենքը և ահա, թե ինչպես մենք հասկացանք, որ մեղավոր ենք Աստծո առաջ: Նրա օրենքի Խոսքը, տասը պատվիրանները և 613 հոդվածները լսելով մենք իմացանք մեր թերությունների և մեղքերի մասին:
Ոչ ոք չի կարող իմանալ, նույնիսկ սեփական մեղքերի մասին, առանց օրենքի Խոսքի: Գրեթե յուրաքանչյուր դատապարտյալ ճաղերի ետևում պնդում է, թե ինքը չգիտի, թե ինչումն է իր հանցագործությունը կամ ինչու են իրեն ձերբակալել: Նրանցից շատերը պնդում են, որ իրենք անմեղ են, որ իրենց ազատազրկել են սխալմամբ և անարդարացիորեն: Առանց իմանալու Աստծո օրենքը, մենք չենք կարող իմանալ մեր մեղքերի մասին՝ ասելով. «Ես միշտ այսպես էի վարվում: Բոլորն էլ այդպես էին անում: Մի՞թե դա մեղք է»:
Միայն տեսնելով ու լսելով Աստծո օրենքը՝ մենք հասկացանք, որ մեղավոր ենք: Մենք հասկացանք, որ այլ աստվածների երկրպագելով, Աստծո անունը զուր տեղը կանչելը, Կիրակին սուրբ չպահելը, սպանելը, ամուսնական անհավատարմությունը, գողությունը, ստելը, նախանձելը, Աստծո Խոսքին համեմատ չապրելը, կարճ ասած, այս բոլոր գործողությունները մեղքեր էին, ինչպես որ ասում է Աստծո օրենքը: Ահա, թե ինչպես մենք հասկացանք և ընդունեցինք, որ մեղավոր ենք Աստծո առաջ ըստ օրենքի Խոսքերի: Մինչ այս օրենքը, մենք նույնիսկ չէինք գիտակցում, որ ունենք մեղքեր:
Գիտակցելով, որ մեղավոր ենք, ինքներս մեզ հարցնում ենք՝ իսկ ի՞նչ անել Աստծո առաջ: Մենք պետք է հարցնենք մեզ, թե ինչպես կարող են ներվել մեր մեղքերը: Աստծո Խոսքը լսելով մենք կճանաչենք մեր մեղքերը և կգիտակցենք փրկության անհրաժեշտությունը: Ինչպես որ սոված մարդը զգում է սննդի անհրաժեշտություն, այնպես էլ նրանք, ովքեր ընդունում են, որ իրենք խախտել են Աստծո օրենքը և ծանր մեղավորներ են, գիտակցում են փրկության անհրաժեշտությունը: Ահա, թե ինչպես մենք սկսեցինք փնտրել Աստծուն և ընդունել մեր անհրաժեշտությունը Նրա արդարությանը հավատալու համար Հիսուս Քրիստոսով, որին Նա ուղարկեց մեզ համար: Ինչպես որ «հավատքը գալիս է լսելուց», մենք էլ իմանում ենք մեր մեղքերի մասին լսելով Աստծո Խոսքը:
Մենք հիմա գիտենք, որ մենք մեղավոր ենք: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ազատվենք մեր մեղքերից
Փրկությունը գալիս է Նրա Խոսքի հավատքից, որ հաստատվում է մեր սրտերի կենտրոնում, հենց որ գիտակցում ենք, որ մեղավոր ենք՝ լսելով և ընդունելով Աստծո Խոսքը: Ինչպես ասում է Հռոմեացիս 3:21-22. «Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտված է, օրենքից և մարգարեներից վկայված լինելով. Այսինքն Աստծո արդարությունը որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են»:
Մեզ Իր օրենքը տալով՝ Աստված հասկացրեց, որ մենք մեղավոր ենք Նրա առաջ, քանի որ չկարողացանք ապրել Նրա Խոսքով: Հետևաբար, մենք ունենք իրարից տարբեր երկու կարիքներ: Մենք ուզում ենք ապրել օրենքով, բայց միևնույն ժամանակ հուսահատորեն ձգտում ենք փրկվել մեր մեղքերից: Բայց, քանի որ «...հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտված է» նրանց, ովքեր պետք է ազատվեն իրենց մեղքերից, պետք է գտնեն մեղքերի թողություն հավատալով Աստծո արդարությանը, ոչ թե՝ օրենքով: Մենք գիտենք, որ այս ազատումը չի գալիս Աստծո օրենքին հնազանդվելով: Այն գալիս է հավատալով Աստծո տված փրկությանը, Աստծո արդարության հավատքով, որ փրկեց մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ի՞նչ է, այդ դեպքում, Աստծո արդարությունը և Նրա փրկությունը: Դա ջրի և Հոգու ավետարանն է, որի մասին խոսում է ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանը: Ջրի և Հոգու ավետարանը հայտնվում է Հին Կտակարանում որպես փրկություն՝ հավատալով զոհաբերության համակարգին, և Նոր Կտակարանում որպես փրկություն՝ հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչին: Հռոմեացիս 3:21-22 ասում է. «օրենքից և մարգարեներից վկայված լինելով. Այսինքն Աստծո արդարությունը որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են»:
Իսկ ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծո արդարությունը: Այն կարող ենք ստանալ Աստծո Խոսքի միջոցով, որի մասին վկայում են օրենքն ու մարգարեները, ինչպես նաև այն խոսքի միջոցով, որ Հիսուսն Աստված է և մեր Փրկիչը, և Նրան հավատալով մեր մեղքերից փրկվելու միջոցով:
Այլ կերպ ասած, մենք ստանում ենք Աստծո արդարությունը հավատալով Նրա Խոսքին, որի մասին վկայում են օրենքն ու մարգարեները Հին Կտակարանում: Այն, որ օրենքը և մարգարեները վկայել են Աստծո Խոսքի մասին, ցույց է տրված Հռոմեացիս և Եբրայեցիս գրքերի հենց առաջին գլուխներում:
Այն, որ Հիսուսն եկավ մեզ փրկելու համար, Աստծո խոստումն էր մեզ փրկելու համար: Այս խոստումը, փրկել մեղավորներին, ովքեր օրենքի տակ են և ենթակա կործանման, Աստված տվեց հազարավոր տարիներ առաջ: Նա բազմիցս կրկնում է այդ խոստումը, և հայտնում, թե ինչպես է մտադրվել իրականացնել այն Իր բազմաթիվ ծառաների միջոցով, որոնք հասան մեզ:
Եկեք օրինակի համար նայենք ևս մեկ հատված: Ղևտացիս 16:21. «Եվ Ահարոնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնե, և խոստովանե նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքները իրանց բոլոր մեղքերովը. և նրանց դնե նոխազի գլխին և մի պատրաստ մարդու ձեռքով ուղարկե անապատը»: Հռոմեացիս 3:21-22 հատվածը, որ Աստծո արդարությունը վկայված էր օրենքով և մարգարեներով, նշանակում է, որ Հիսուսի կատարյալ փրկությունը հայտված էր Հին Կտակարանի խորանի զոհաբերությունների միջոցով, այնպիսի մարգարեների միջոցով, ինչպիսիք են Եսայիան, Եզեկիելը, Երեմիան և Դանիելը:
Այլ կերպ ասած, Աստված Հին Կտակարանի Խոսքի միջոցով արդեն հայտնել է, թե ինչպես է իրականացնելու փրկության Իր խոստումը, որ դա անելու է՝ ուղարկելով Հիսուս Քրիստոսին, որ Նա աշխարհի բոլոր մեղքերը մաքրելու համար դրանք վերցնի Իր մկրտությամբ և մահանա Խաչի վրա մեր փոխարեն՝ վճարելով մեր բոլոր մեղքերի վարձքն Իր սեփական մարմնով, որպեսզի մենք ազատվենք մեր մեղքերից Աստծո արդարության միջոցով: Մեր փրկությունը, հետևաբար, օրենքով չէ, այլ Աստծո արդարության մեր հավատքով, Հիսուս Քրիստոսին հավատալով, ինչպես որ վկայում էին օրենքն ու մարգարեները:
Աստված մեզ ասում է, որ մենք փրկված ենք հավատալով Նրա արդարությանը, որն իրականացավ Հիսուս Քրիստոսով: Մեր հավատքը գալիս է Աստծո այս Խոսքը լսելուց, Հիսուս Քրիստոսի Խոսքը: Ինչպե՞ս կարող ենք իմանալ և հավատալ, որ Հիսուսը մեր Փրկիչն է: Մենք գիտենք և հավատում ենք, որ Հիսուսը մեր Փրկիչն է՝ լսելով Աստծո Խոսքը, որը խոսեցին Նրա ծառաները: Մենք գիտենք, որ Նա խոստացավ փրկել մեզ Իր ծրագրի համեմատ, իսկ Հիսուսը եկավ փրկելու մեզ այդ խոստման ու ծրագրի համեմատ: Ինչպես գրված է Դանիել 9:24. «Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա, հանցանքը վերջացնելու և մեղքերը կնքելու և անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեքը կնքելու և ամենասուրբը օծելու համար»:
Աստված յոթանասուն շաբաթներ հաստատեց մեր ժողովրդի համար
Մենք շարունակենք մեր խորհրդածությունը Դանիել գրքից: Վերոհիշյալ հատվածը նկարագրում է Իսրայելի անկումը Բաբելոնից, երբ Աստված որոշել էր, որ Իսրայելն իր կռապաշտության պատճառով ընկնելու է Բաբելոնի ձեռքը, և յոթանասուն շաբաթ գերի էին լինելու այնտեղ, որպես ստրուկներ: Ինչպես և սահմանել էր Աստված, Իսրայելի վրա հարձակեցին ու հաղթեցին բաբելոնացիները, և չդիմանալով ավերվածությանը՝ քաղաքը հանձնվեց զավթիչներին: Գերեվարվածների թվում էին նաև իմաստուն մարդիկ, որոնցից Դանիելին բաբելոնյան թագավորը դարձրեց իր խորհրդատուն:
Այսպիսով Աստված պատժեց Իսրայելացիներին իրենց մեղքերի համար, բայց քանի որ Նա ողորմած Աստված է, հավիտյան չմնաց Նրա բարկությունը և փոխարենը 70 շաբաթ անց ազատագրեց հրեաներին գերությունից:
Երբ Դանիելը ամբողջ ազգի անունից զղջաց Աստծո առաջ և աղոթեց ողորմության և փրկության համար: Աստված էլ հրեշտակ ուղարկեց, ով ասեց հետևյալ խոսքերը. «Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա, հանցանքը վերջացնելու և մեղքերը կնքելու և անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեքը կնքելու և ամենասուրբը օծելու համար»: Այս հատվածը Աստծո խոստումն է Դանիելին, որ Ինքը ներելու է Իր ժողովրդի բոլոր մեղքերը 70 շաբաթ անց, երբ իրենց հանցանքներն ավարտվեն: Այն նաև հայտնում է մեզ Աստծո խոստացած փրկությունը Հիսուս Քրիստոսի միջոցով:
Քանի որ իսրայելացիները գործել էին բազմաթիվ մեղքեր, Աստված պատժեց նրանց և 70 շաբաթյա ստրկության գնով ներեց նրանց բոլոր անցյալ մեղքերը: Երբ հանցանքը ներված է և մեղքին վերջ դրված, իսրայելացիների բոլոր մեղքերն այլևս համարվում են անհետացած: Երբ հաշտություն է հաստատվում ապօրինի գործողությունների համար, հավիտենական արդարություն, տեսիլք և մարգարեություն է կնքվում: Իրականանում է այն ամենը, ինչ Աստված ասել էր Երեմիային: 70 շաբաթյա ստրկության միջոցով իրականացավ այս ամենը, և 70-րդ շաբաթում իսրայելացիները վերադարձան իրենց հայրենիք:
Ահա, թե ինչ Աստված հայտնեց Դանիելին Իր հրեշտակի միջոցով: Այս խոստումը իսրայելացիների համար էր, սակայն այն ունի նաև հոգևոր նշանակություն, ինչպես որ Աստված 70 շաբաթ սահմանեց Իսրայել ազգի և նրանց սուրբ քաղաքի համար: Աստված մեզ բոլորիս համար պատրաստել է Սուրբ Քաղաք, ովքեր հավատում են Իրեն, մեր Աստծո Արքայությունը:
Հռոմեացիս գիրքն ասում է. «Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտված է, օրենքից և մարգարեներից վկայված լինելով. Այսինքն Աստծո արդարությունը որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար և ամենի վրա, որ հավատում են»: Երբ Հիսուսն եկավ այս աշխարհ, մկրտվեց, մահացավ Խաչի վրա և մեր բոլոր հանցանքները մաքրվեցին, մեր մեղքերն ավարտվեցին, հավիտենական արդարությունը հայտնվեց և կնքվեց տեսիլքն ու մարգարեությունը: Դանիելի գրքի մեր հատվածն ավարտվում է այսպես. «ամենասուրբը օծելու համար»: Ի՞նչ է սա նշանակում: Ամենասուրբը վերաբերում է ոչ այլոք, քան՝ Հիսուս Քրիստոսին, ով գալու է այս երկիր օծվելու:
Ի՞նչ է նշանակում լինել օծված: Նշանակում է, որ Հիսուսը վերցնելու է երեք դիրքերը՝ Թագավոր, Աստծո Թագավորության Բարձրյալ քահանա և Մարգարե: Որպես մեր Թագավոր, Բարձրյալ քահանա և մարգարե, Հիսուս Քրիստոսն իրականացնելու է Աստծո կամքը, որը կազատի մեզ մեր բոլոր մեղքերից: Ինչպես որ մարգարեացել էր հրեշտակը Դանիելին, Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և մեր փոխարեն դատապարտվեց երկիր գալով ու մկրտվելով:
«Հավատքը գալիս է լսելուց»: Իսկ ինչպե՞ս ենք լսելու և հավատալու Աստծո արդարության այս ավետարանին: Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Մենք կարող ենք լսել և հավատալ Աստծո Խոսքով, որ խոսվում է Հին և Նոր Կտակարաններում Աստծո մարգարեների և Նրա ծառաների միջոցով: Սա է պատճառը, որ Պողոսն ասում է, որ հավատքը գալիս է լսելուց, Աստծո Խոսքը լսելուց:
Հին Կտակարանի մարգարեները, ինչպիսիք են Դանիելը և Եսայիան, մարգարեանում էին Հիսուս Քրիստոսի գալստյան մասին: Եսայիան, մասնավորապես, մարգարեանում էր. «Հիրավի նա մեր ցավեր վեր առավ, և մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված էինք համարում, Աստվածանից զարկված և նկուն եղած» և «Նա անիրավություն կրեց և չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար որ մորթվելու է տարվում, և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ» (Եսայիա 53:4, 7):
Ո՞վ Եսայիայի ժամանակներում կհավատար, որ Հիսուս Քրիստոսը ծնվելու է կույսից և աշխարհ կգա հասարակ մարդկանց նման կապրի 33 տարի, կմկրտվի, կխաչվի և երրորդ օրը հարություն կառնի: Սակայն, Եսայիան տեսավ և մարգարեացավ Հիսուսից մոտ 700 տարի առաջ, որ այս բոլոր բաները լինելու են: Նա վկայում էր, որ Քրիստոսը վերցնելու է մեր վիշտերն ու մեր բոլոր մեղքերը:
Ահա, թե ինչու Պողոսը Հռոմեացիս նամակը գրելիս օգտագործում է Հին Կտակարանի Խոսքերը, որ բացատրի, թե ինչպես են Աստծո ծառաները վկայում, որ Հիսուսը դառնալու է մեր Փրկիչն՝ աշխարհ գալով մաքրելով մեր բոլոր մեղքերը և փրկելով մեզ Աստծո արդարությամբ:
Որովհետև ամենքը մեղանչեցին
Հռոմեացիս 3:23-24 ասում է. «Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են. Ձրի են արդարանում նրա շնորհքովը՝ այն փրկության ձեռովը՝ որ Հիսուս Քրիստոսումն է»: Քանի որ մենք ծնվել ենք մեղքով և բոլորս մեղանչել ենք Աստծո առաջ, մենք զրկվել ենք Նրա փառքից և Նրա Թագավորությունից: Բայց մենք արդարացանք Աստծո շնորհով Հիսուս Քրիստոսի պարգևած փրկության միջոցով: Մեր արդարացումը ձրի էր, պարզապես պարգև: Մենք կարիք չունեինք վճարելու մեր մեղքերի համար, որովհետև Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը և վճարեց դրանց համար Իր կյանքը Խաչի վրա, որպեսզի ազատի բոլոր նրանց, ովքեր լսելու են և հավատալու Իրեն:
Ի՞նչ նկատի ունենք բոլոր մեղքերից փրկվելուն հավատալով: Մենք նկատի ունենք Աստծո արդարությանը հավատալը: Աստծո արդարությանը հավատալը ոչ մի կապ չունի մեր գործերի հետ, բայց կապ ունի մեր սրտի հետ: Մենք արդարանում ենք լսելով մեր Տիրոջ Խոսքը և մեր սրտերում հավատալով դրան: Մեզ մեր մեղքերից փրկելու համար մեր Տերն եկավ այս երկիր, դարձավ Աստծո Գառը, Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելով՝ վերցրեց աշխարհում բոլոր մեղքերը և մահացավ Խաչի վրա: Երրորդ օրը Նա մեռելներից հարություն առավ և այժմ գտնվում է Հայր Աստծո աջ կողմը:
Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, վճարեց դրանց վարձն Իր կյանքի գնով և հարություն առավ մահվանից հետո: Այս ամենը Նա արեց մեզ մահից փրկելու համար: Մենք փրկվեցինք հավատալով սրան: Մեր փրկությունը գալիս է հավատքից, իսկ մեր հավատքը՝ Աստծո գրավոր Խոսքը լսելուց, և լսելն էլ գալիս է Քրիստոսի Խոսքից:
«Հավատքը գալիս է լսելուց»: Մենք հավատում ենք ամբողջ սրտով: Մեր գիտակցությունը գիտելիքի համար է ստեղծված, իսկ մեր մարմինը՝ գործի, և մեր սրտով ենք մենք հավատում: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հավատանք: Աստծո Խոսքը լսելով մենք կարող ենք իմանալ Նրա ավետարանը, և Նրա ավետարանը լսելով մենք կարող ենք հավատալ և փրկվել: Երբ հավատում ենք, հավատում ենք Աստծո Խոսքին, այսինքն, հավատում ենք գրավոր Խոսքին, որ հայտարարում է, որ Քրիստոսն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա և հարություն առավ մահից հետո:
Հավատալ Աստծո Խոսքին, նշանակում է հավատալ Նրա արդարությանը: Այնպես որ, հավատքն առանց Աստծո Խոսքը լսելու, անօգուտ է ու անիմաստ: Պնդել, թե Աստված հայտնվել է ինչ-որ մեկին երազների միջոցով, բոլորովին սուտ է:
Մենք փրկված ենք հավատքով և միայն հավատքով: Եկեք ևս մեկ անգամ կարդանք Հռոմեացիս 3:24-26. «Ձրի են արդարանում նրա շնորհքովը՝ այն փրկության ձեռովը՝ որ Հիսուս Քրիստոսումն է: Որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունովը, որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին: Որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար և արդարացնող նրան՝ որ Հիսուսի հավատքիցն է»: Ամեն: Մեր Տերն եղավ քավություն մեր մեղքերի համար: Մեր մեղքերը մեզ դարձրին Աստծո թշնամիները, բայց Հիսուսը կրկին հաշտեցրեց մեզ Աստծո հետ՝ դառնալով քավության զոհ մեր մեղքերի համար Իր մկրտությամբ, մահով և հարությամբ:
Հռոմեացիս 3:25 հատվածի կեսերին «...որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին: Որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը»: Այս հատվածը մեզ ասում է, որ Աստված համբերությամբ սպասում է շատ երկար ժամանակ, և որ Նա սպասելու է մինչև Դատաստանի Օրը: Նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, ովքեր հավատում են ջրի և արյան միջոցով փրկությանը, ովքեր հավատում են Որդու փրկությանը, ով դարձավ քավություն Հայր Աստծուն, իրենց բոլոր մեղքերն Աստված վերցրել է: «Փոխանցել մեղքերը» նշանակում է, որ Աստված վերցրել է նրանց մեղքերն, ովքեր լսում ու հավատում են Աստծո Խոսքին և Իր ավետարանին, նրանց, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչին թափած արյանը:
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ սայթաքել մեր կյանքում, բայց դա պատահում է մեր մարմնի և մտքի տկարության պատճառով, և եթե մենք չհերքենք Հիսուսի փրկությունը, Աստված չի նայի այդ բոլոր մեղքերին որպես մեծ մեղքեր: Այլ կերպ ասած, Աստված մեղք չի համարում նրանց գործերն, ովքեր փրկված են Հիսուս Քրիստոսի ջրին և արյանը հավատալով և մաքրում է այդ բոլոր մեղքերը:
Ուրեմն ինչո՞ւ է Աստված ոչնչացնում մեր մեղքերը: Ինչպե՞ս Նա կարող է անտեսել այդ մեղքերը, երբ Ինքը սուրբ է և արդար: Դա պայմանավորված է նրանով, որ Քրիստոսն եկավ այս աշխարհ և մկրտվեց: Քանի որ Հիսուսը մաքրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, խաչելությամբ, Աստված մաքրում է մեր նախկին մեղքերը: Արդյո՞ք նախկինում գործած մեղքերը վերաբերում են միայն մեր սկզբնական մեղքին: Ոչ, քանի որ եթե մեր համար մեղքը սկզբնական է, մեր հավիտենական Հայր Աստծո համար այդ ամենը անցյալում է:
Հավերժության տեսակետից ժամանակն այս աշխարհում միշտ հանդիսանում է որպես անցյալ: Այս աշխարհն ունի սկիզբ և վերջ, բայց Աստված հավիտենական է, և երբ համեմատում ենք մեր ժամանակը Նրա ժամանակի հետ, աշխարհի բոլոր մեղքերը դառնում են անցյալում գործած մեղքեր Նրա առաջ: «...որ իր արդարությունը ցույց տա՝ այն առաջուց գործված մեղքերի թույլտվության համար՝ Աստծո ներելու ժամանակին: Որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը»: Ահա, թե ինչու Աստված չի տեսնում մեր մեղքերը: Ոչ թե Նա աչքեր չունի դրանք տեսնելու համար, այլ՝ որովհետև Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, վճարեց մեր մեղքի վարձքը: Քանի որ Քրիստոսի մկրտությունը և խաչելությունը մաքրեց մեր մեղքերը, մենք իրականում Աստծո առաջ դառնում ենք անմեղ:
Ինչպե՞ս կարող է Աստված տեսնել մեր մեղքերը, երբ Հիսուս Քրիստոսը, որն իրականացրեց Աստծո արդարությունը, մաքրեց բոլոր նրանց մեղքերն, ովքեր հավատում են դրան: Ահա, թե ինչպես է Աստված հիմա ցույց տալիս Իր արդարությունը՝ մաքրելով նախկինում գործած մեղքերը, որոնց համար արդեն վճարել է Հիսուս Քրիստոսը:
Աստծո արդարության հավատքը գալիս է Քրիստոսի Խոսքից, որովհետև Քրիստոսի Խոսքը պարունակում է Աստծո արդարությունը: Ցույց տալով Իր արդարությունն՝ Աստված ցույց է տալիս ոչ միայն Իր արդարությունը, այլև նրանց արդարությունն, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին: Աստված հեռացրեց մեր բոլոր մեղքերը, և մենք նույնպես մեր սրտերում կհավատանք, որ Հիսուսը մաքրել է մեր բոլոր մեղքերը: Ահա, թե ինչու մենք դարձանք այնքան անմեղ և այնքան արդար, որքան որ մեր վրա վերցրինք Նրա արդարությունը (Գաղատացիս 3:27): Քանի որ մենք և Աստված արդար ենք, բոլորս մեկ ընտանիքի անդամ ենք դառնում և Նրա զավակները: Հավատո՞ւմ եք այս գեղեցիկ նորությանը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք ունենք մի սեփական բան, որով կարող ենք պարծենալ: Իհարկե, ոչ: Ինչո՞վ կարող ենք պարծենալ, երբ իրականում մեր փրկությունը հնարավոր է միայն Քրիստոսի Խոսքը լսելով և հավատալով: Մի՞թե փրկվել եք ձեր սեփական գործերի շնորհիվ: Ինչո՞վ կարող եք պարծենալ: Ոչ մի բան չկա մեզանում, որ կարողանաք պարծենալ: Մի՞թե փրկվել եք առավոտյան պաշտամունքերին հաճախելու համար: Մի՞թե փրկվել եք, որովհետև երբեք բաց չեք թողել կիրակնոօրյա եկեղեցական ծառայությունները: Մի՞թե փրկվել եք տասանորդը տալու պատճառով: Իհարկե, ոչ:
Սրանք բոլորը գործեր են, իսկ գործերի վրա հիմնված հավատքը սխալ հավատք է: Մենք փրկվեցինք մեր մեղքերից միայն հավատալով Աստծո արդարությանը: Հավատքը գալիս է լսելուց, իսկ փրկությունը գալիս է Քրիստոսի Խոսքին հավատալով:
Հիսուսին հավատալուց հետո փորձել ստանալ մեղքերի թողություն ապաշխարության աղոթքների միջոցով նույնպես կեղծ հավատք է: Ճշմարիտ հավատքը գալիս է միայն Աստծո արդարությանը հավատալով, ոչ թե օրենքը պահելով: Ինչպես ասում է Աստծո Խոսքը. «Հիմա ո՞ւր է պարծանքը. խափանվեցավ. ո՞ր օրենքով, գործերի՞ օրենքովը, ոչ, այլ հավատքի օրենքովը: Ուրեմն համարում ենք, որ մարդը հավատքով է արդարանում առանց օրենքի գործերի: Մի՞թե Աստված միայն Հրեաներինն է, և հեթանոսներինն էլ չէ. այո, հեթանոսներինն էլ է»:
Փրկությունը գալիս է թե իսրայելացիների, և թե հեթանոսների համար, երբ նրանք իրենց սրտերում լսում և հավատում են, որ Հիսուս Քրիստոսը փրկեց իրենց Իր ջրով և արյունով: Մենք փրկվում ենք մեր մեղքերից, երբ հավատում ենք Աստծո արդարությանը: Երբ մենք հավատում ենք այս արդարությանը, որը Հիսուս Քրիստոսն է, մենք փրկվում ենք մեր մեղքերից: Աստված դառնում է մեր Հայրը, իսկ մենք՝ Նրա զավակները: Այսպիսին է Աստծո արդարությանը հավատալով փրկությունը՝ լսելով և հավատալով Քրիստոսի Խոսքին: Մեր հավատքը գալիս է Աստծո արդարությանը հավատալով:
Մեր փրկությունը գալիս է Քրիստոսի Խոսքին հավատալով: Հավատո՞ւմ եք, որ Քրիստոսն եկավ այս աշխարհ որպես Փրկիչ, որ Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, քավություն եղավ Աստծուն և մահացավ Խաչի վրա, իսկ երրորդ օրը հարություն առավ, և հիմա Հայր Աստծո աջ կողմը նստած բարեխոսում է մեր համար: Իրո՞ք հավատում եք այս փրկությանը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս քավությանը:
Շատ մարդիկ կան, ովքեր խնդրում են, որ Աստված երևա իրենց երազներում, ովքեր ասում են, որ կհավատան, եթե մի անգամ տեսնեն Նրան իրենց սեփական աչքերով: Ոմանք նույնիսկ պնդում են, որ տեսել են Հիսուսին իրենց երազներում, որ իրենց Հիսուսն ասել է այսպես անել, այնպես անել, եկեղեցի կառուցել այստեղ, աղոթքի տուն՝ մեկ այլ տեղ, և այլն: Բայց սովորաբար սրանք պահանջում են դրամ, և խաբված լինելով նման կեղծ պնդումներից, բազմաթիվ մարդիկ մոլորվում ու գնում են սխալ ճանապարհով: Չափազանց շատ տխուր իրադարձություններ կան այս քրիստոնեական աշխարհում: Դուք պետք է հասկանաք, որ այս ամենը ոչ թե մեր Տիրոջ գործն է, այլ՝ սատանայի:
Եթե ինչ-որ ձևով տեսել եք Հիսուսին ձեր երազներում, մի ընդունեք դա շատ լուրջ: Երազները միայն երազներ են: Հիսուսը չի հայտնվում մարդկանց այդպես, այլապես Աստվածաշնչի կարիքը չէինք ունենա: Եթե Հիսուսն հայտնվի մեր առաջ թեկուզ մեկ անգամ, մենք կարող ենք փակել Աստվածաշունչը, քանի որ կարիք չի լինի այլևս կարդալ այն: Սակայն դա կործանարար ազդեցություն կթողնի Քրիստոսի փրկության գործի վրա:
Եթե մենք պետք է հավատայինք Հիսուսին առանց Աստվածաշնչի, Նա ստիպված կլիներ երևալ բոլորին: Բայց դրա կարիքը չկա: Մեր Տերն արդեն իրականացրել է փրկության բոլոր պահանջները: Դրա համար հավատքը գալիս է լսելուց և Քրիստոսի Խոսքին հավատալուց: Իսկ արդյո՞ք բոլորն են լսել Հիսուս Քրիստոսի մասին: Միգուցե լսել են Հիսուս Քրիստոս անունը, բայց ոչ բոլորն են լսել ճշմարիտ ավետարանը: Սրա համար Պողոսը հարցնում է. «Եվ ինչպե՞ս լսեն առանց քարոզողի»:
Հետևաբար մենք պետք է քարոզենք այս ավետարանը, որ պարունակում է Աստծո արդարությունը: Բայց ինչո՞վ և ինչպե՞ս: Ինչ եղանակով կամ ինչպես է քարոզվում ավետարանը, կարևոր չէ, ավետարանը պետք է տարածվի բոլոր մեթոդներով՝ բանավոր պատմելով, տպագիր նյութերով և այլն: Հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը՝ Քրիստոսի Խոսքից: Տպագիր նյութերը, որոնք քարոզում են ավետարանը, նույնպես կարող են բերել դեպի ճշմարիտ հավատքը: Անկախ մեթոդից, դուք պետք է հիշեք, որ հավատքը կարող է գալ միայն լսելով, իսկ լսելը՝ միայն բարի լուրը քարոզելով:
Եթե դուք իսկապես հավատում եք Աստծո Խոսքին, ձեր սրտում կհասկանաք, որ դուք ճշմարիտ քրիստոնյա եք: Հուսով եմ և աղոթում եմ, որ դուք գիտենաք այս մասին, որ դուք արդեն մաքրված եք ձեր մեղքերից: Ես նաև հույս ունեմ և աղոթում եմ, որ դուք ապավինեք ջրի և Հոգու Խոսքին: Եկեք ավարտենք մեր քննարկումը՝ միասին կարդալով Հռոմեացիս 10:17-ը:
«Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը՝ Աստծո խոսքիցը»: Ամեն: Նրանք, ովքեր հավատում են իրենց սրտերում՝ լսելով Աստծո գրավոր Խոսքը, ունեն ճշմարիտ հավատք: Ունե՞ք այսպիսի ճշմարիտ հավատք: Մեր Տերն ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից:
Ինչ շնորհակալ և ուրախ ենք մենք, որ Տերը վերցրեց մեր բոլոր մեղքերը: Առանց ավետարանի մարդիկ միշտ կլինեն հուսալքված, բայց հենց որ լսում են, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, մեր սրտերը լցվում են ուրախությամբ, և մեր հավատքը սկսում է աճել:
Շնորհակալ եմ Տիրոջից մեզ փրկելու համար: