(Հայտնություն 2:8-11)
Վաղ եկեղեցու ժամանակ շատ քրիստոնյաներ պարզապես թափառում էին՝ փնտրելով ապահով տեղ ապրելու համար և որտեղ կարող էին թաքնվել հռոմեական կայսրության հետապնդումներից: Հռոմեական կայսրությունը շարունակում էր իր հետապնդումների քաղաքականությունը նույնիսկ Ներոն կայսրի մահից հետո, քանի որ քրիստոնյաները շարունակում էին չհնազանդվել հաջորդ կայսրերին: Վաղ սրբերն ընդունում ու ճանաչում էին հռոմեական իշխանությունների աշխարհիկ դիրքը, սակայն նրանք հրաժարվում էին հնազանդվել դրան, եթե իրենցից պահանջում էին հրաժարվել իրենց հավատքից: Եվ քանի որ նրանք հակառակվում էին հռոմեական իշխանությունների պահանջներին, վաղ եկեղեցու գրություններում հանդիպում ենք նշումներ հետապնդումների և նահատակությունների մասին:
Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, թե արդյոք Հայտնության Խոսքն ունի որևէ կարևորություն այսօրվա հավատացյալների համար: Վերջ ի վերջո, այն գրվել է գրեթե երկու հազար տարի առաջ, և Ասիայի յոթ եկեղեցիներին, ոչ թե մեզ: Ինչպե՞ս կարող էր այն վերաբերվել մեզ:
Այն կարևոր է մեզ համար, քանի որ դա Աստծո Խոսքն է, որը ցույց է տալիս մեզ այն գաղտնիքները, թե ինչ է լինելու ապագայում: Մենք պետք է հասկանանք, որ հիմա ապրում ենք Սև ձիու ժամանակաշրջանում, որը «չորս ձիերի ժամանակաշրջանի» երրորդ ժամանակաշրջանն է՝ նկարագրված Հայտնության 6 գլխում: Արդեն անցել են սպիտակ և կարմիր ձիերի ժամանակաշրջանները, մենք հիմա ապրում ենք սև ձիու ժամանակաշրջանում, որը գրեթե ավարտվում է: Ամբողջ աշխարհում շուտով ֆիզիկական և հոգևոր մեծ սով է լինելու: Իրականում կարելի է ասել, որ այդ ժամանակաշրջանն արդեն եկել է: Երբ ներկա սև ձիու ժամանակաշրջանն անցնի, կգա դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը:
Յոթ կնիքները, որի մասին կարդում ենք Հայտնության 6 գլխում, նշանակում է, որ Աստված տիեզերքը ստեղծելուց Քրիստոսի մեջ նախատեսել էր ընդհանուր առմամբ յոթ ժամանակաշրջաններ: Առաջին ժամանակաշրջանը, դա սպիտակ ձիու դարաշրջանն է, որը ավետարանի ժամանակաշրջանն է, երկրորդ ժամանակաշրջանը, դա կարմիր ձիու ժամանակաշրջանն է, երբ սատանան մեծ խառնաշփոթություն կբերի աշխարհին, ինչպես նաև պատերազմներ և շարունակում է հետապնդել Աստծո եկեղեցին: Սրան հաջորդում է սև ձիու ժամանակաշրջանը, որը ֆիզիկական և հոգևոր սով է բերում աշխարհին: Սև ձիու այս դարաշրջանն արդեն սկսվել է:
Երբ այս դարաշրջանն ավարտվի, կսկսվի դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը, որի ժամանակ կգա հակաքրիստոսը, ինչպես նաև յոթ փողերի մեծ պատուհասները, ինչպես նկարագրված է Հայտնության 8 գլխում: Երբ յոթ փողերից վերջինը փչի, կլինի սրբերի հափշտակություն, որին կհետևի յոթ գավաթների պատուհասները: Ապա հափշտակված սրբերը կմասնակցեն Գառան ամուսնական ընթրիքին երկնքում, և երբ բոլոր յոթ պատուհասներն անցնեն, Տերը մեզ հետ կվերադառնա երկիր ու կթագավորի Հազարամյա Թագավորության մեջ: Հազարամյա Թագավորությանը հաջորդելու է Նոր Երկինքն ու Երկիրը, որը ժառանգելու են այն սրբերն, ովքեր ապրել են Հազարամյա Թագավորության մեջ իրենց առաջին հարությունից հետո:
Այսպիսով Հայտնության գրքի հետևյալ հատվածները՝ «հավատարիմ եղիր մինչև ի մահ, և կյանքի պսակը կտամ քեզ» և «Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վախենա», ուղղակիորեն վերաբերում են մեզ: Այլ կերպ ասած, Հայտնության Խոսքը անմիջականորեն առնչվում է մեր օրերի քրիստոնյաներին: Եթե Հայտնությունը մեզ չվերաբերվեր, Աստծո այս ամեն խոսքերը ոչ մի իմաստ չէին ունենա:
Յոթ ժամանակները, որոնց մասին խոսում է Հայտնության գիրքը, ծրագրել և իրականացվում է մեր Տիրոջ՝ Քրիստոսի մեջ: Երբ դեղնականաչ ձիու ժամանակը գա, կհայտնվի նաև հակաքրիստոսը: Աստծո Խոսքով մենք պետք է պարզենք, թե ինչ է Տերը ծրագրել մեզ համար այդ ժամանակաշրջանի մեջ: Մեզ համար բացարձակապես կարևոր է, որպեսզի բոլորս հասկանանք Հայտնության Խոսքը, որով հայտնվում է Աստծո ծրագիրը մեզ համար, և թե ինչպես է Նա իրականացնելու այն, թե ինչ պատուհասներ են գալու աշխարհի վրա, ինչ է լինելու հավատացյալների հետ, ինչ է սպասվում անհավատներին և այլն: Պետք է ընդունեք և հավատաք, որ այս մարգարեության Խոսքը բացարձակ կարևորություն ունի ձեզ համար:
Դուք պետք է նաև ճիշտ հասկանաք Հայտնության գիրքը, թե ինչ է նշանակում յոթ Մեծ նեղության տարիները և Քրիստոսի երկրորդ Գալուստը: Այսօր շատ քրիստոնյաներ հավատում են մինչ-նեղության տարիների հափշտակության վարդապետությանը, որի մասին առաջին անգամ խոսվեց Անգլիայում 1830 -ականներին և հետագայում լայնորեն տարածվեց Ս. Ի. Սքոֆիլդ անունով գիտնականի շնորհիվ, ով Մուդիի անվան ինստիտուտի դասախոսներից էր:
Այս տեսությունը հայտնում է, որ սրբերի հափշտակությունը տեղի կունենա մինչև Նեղության յոթ տարիները: Այս տեսակետի համաձայն, հեթանոսները կհափշտակվեն առաջինը և հետո Աստված Իր փրկության գործը կսկսի Իսրայելի համար: Բացի այդ, սրբերի հափշտակությունը կլինի մինչ հակաքրիստոսի հայտնվելը և յոթ գավաթների պատուհասների սկսվելը:
Ընդհանուր առմամբ, քրիստոնյաների մեծ մասը հավատում են կամ հակամիլենիումին (մերժել Հազարամյա Թագավորությունը) կամ այս մինչ-նեղության հափշտակությանը (սրբերի հափշտակությունը կլինի մինչ մեծ նեղության ժամանակաշրջանը): Սակայն դրանք ընդամենը վարկածներ են, որոնք կառուցվել են Աստվածաշնչի սխալ ըմբռնումի և անհիմն գիտելիքների վրա: Փոխարենը պատասխանել այն բազմաթիվ հարցերին, որն ունենում են հավատացյալները Հայտնության գիրքը կարդալիս, այդ վարկածներն ավելի են շփոթության մեջ գցում նրանց և ավելի շատ հարցեր ու կասկածներ բերում Հայտնության Խոսքի վերաբերյալ:
Եթե «մինչ նեղության տարիների հափշտակության» տեսությունը ճիշտ է, ինչ կապ կունենար Հայտնության գիրքը հեթանոս հավատացյալների համար: Մեծ Նեղության տարիները և դրան հետևող իրադարձությունների շարքը, որոնց մասին մարգարեանում է Հայտնության գիրքը, ոչ մի կարևորություն չեն ունենա մեզ համար, քանի որ բոլորս, ըստ այդ վարկածների, կհափշտակվենք մինչ այդ իրադարձությունները: Ահա, թե ինչու մարդիկ խաբված այդ տեսություններով, շատ հաճախ Հայտնության Խոսքը կարդում են հետաքրքրասիրությունից դրդված և ոչ թե հավատքից:
Բայց մենք պետք է գիտակցենք, որ Հայտնության Խոսքը անմիջապես առնչվում է մեզ: Թույլ տվեք մի հարց տամ. «Դուք հավատո՞ւմ եք Աստծո Խոսքին» կամ «Դուք հավատո՞ւմ եք աստվածաբաններին»: Գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ, սկսած հակամիլենիումից մինչև հետմիլենիում, երբ սրբերի հափշտակությունը կլինի Հազարամյա Թագավորությունից հետո, Նեղության Տարիներից հետո, Նեղության Տարիներից առաջ, Նեղության Տարիների ընթացքում և այլն: Այս տեսությունները զուտ ենթադրություններ են, որը ոմանց վառ երևակայության արդյունքն է:
Այդ տեսություններից որի՞ն եք հավատում: Շատերն ասում են, որ հավատում են մինչ նեղության տարիների հափշտակության տեսությանը, որովհետև չեն լսել իրենց հոգևոր հովիվներից: Բայց թույլ տվեք ձեզ մի հստակ և ճշմարիտ բան ասեմ: Դուք և ես անցնելու ենք այս յոթ փողերի պատուհասների միջով և ապրելու ենք մեծ նեղության տարիների մեջ: Քանի որ մեզ վիճակված է անցնել այս մեծ նեղության տարիների միջով, մեր հավատքը պետք է բավականին ամուր և իրական լինի, որ կարողանանք հաղթահարել այս փորձություններն ու նեղությունները, որոնք սպասում են մեզ:
Ի՞նչ կպատահի, եթե դուք հավատալով մինչ-նեղության ժամանակների հափշտակության տեսությանը մտածեք. «Ես հափշտակվելու եմ Մեծ Նեղությունից առաջ, այնպես որ ինձ չի հետաքրքրում այն» և չպատրաստվեք այդ վերջին ժամանակներին: Երբ յոթ տարվա նեղության ժամանակները սկսվեն, ինչպես որ տեղեկանում ենք Աստծո Խոսքից, նրանք, ովքեր պատրաստ չեն, ում հավատքը, որ տկար է, ընկնելու են շփոթմունքի, տառապանքի, և թերևս նույնիսկ, մահվան մեջ: Այսինքն, նրանց հավատքը Հիսուսով կարող է ցնցվել: Նրանցից շատերը չեն կարողանա հաղթահարել նեղությունները և արդյունքում պարտվելու են այդ հավատքի ճակատամարտում:
Մինչև «մինչ-նեղության ժամանակների հափշտակության» տեսության հայտնվելը, շատ քրիստոնյաներ հավատում էին, որ իրենք պիտի անցնեն բոլոր յոթ տարիների նեղությունների միջով և հափշտակվելու են միայն դրանից հետո, երբ Քրիստոսը երկրորդ անգամ գա երկիր: Մտածելով, որ իրենք կրելու են յոթ տարիների նեղությունները, նրանք ջանասիրաբար և վախով պատրաստվում էին դրան: Այս պատուհասների մասին միտքը նրանց զարհուրեցնում էր: Սակայն նման կարծիքը զուտ աստվածաբանական տեսություն էր, որն Աստծո Խոսքը չիմանալու արդյունքն էր:
Կան նաև պահպանողականներ, ովքեր հավատում են հակամիլենիումին: Այս մարդկանց համար Հազարամյա Թագավորությունն ունի խորհրդանշական իմաստ: Նրանք կարծում են, որ դա Քրիստոսով փրկություն ստանալու հավատացյալների խաղաղության խորհրդանիշն է: Եթե այս գիտական տեսությունը ճիշտ լիներ, մենք չէինք անհանգստանա, թե ինչ կլինի աշխարհի հետ, քանի որ բոլորս կհափշտակվեինք մինչ մեծ նեղությունների սկսվելը:
Բայց, եթե նրանք սխալ են, ի՞նչ կլինի մեզ հետ: Թույլ հավատքով Մեծ Նեղություններին հանդիպելով մենք կընկնենք մեծ վախի մեջ: Մենք անկարող կլինեինք պաշտպանելու մեր հավատքը, կընկնեինք փորձությունների ու նեղությունների հորձանուտի մեջ, իսկ վերջում մնացած աշխարհի հետ կգնայինք կործանման: Բայց Աստված ասել է, որ նրանց, ում անունները գրված են Կյանքի Գրքում, այսինքն, նրանք, ովքեր վերստին ծնված են ջրով և Հոգով, երբեք չեն հանձնվում:
Աստված Իր Հայտնության Խոսքում ասում է մեզ, որ նրանք, ովքեր ունեն վերստին ծնունդ, հավատքով հաղթահարելու են Մեծ Նեղության տառապանքներն ու դժվարությունները, իսկ այդ նեղությունները դեռ չավարտված, Նա կհափշտակի նրանց երկինք: Այսպիսով մինչ նեղության ժամանակների հափշտակության տեսությունն աստվածաշնչյան ճշմարտություն չէ, ինչը նշանակում է, որ այն միայն շինծու գաղափարախոսություն է: Այլ կերպ ասած, այդ տեսությունը սուտ է, ճշմարիտ չէ:
Սակայն շատ մարդիկ ամբողջ աշխարհում ընդունում են այս տեսությունը: Ովքեր որ հավատում են Սքոֆիլդի ուսուցումներին, հավատում են հետևյալին.
1. Մեծ Նեղության յոթ տարիները սկսվելու են վերջին ժամանակներում հակաքրիստոսի հայտնվելով:
2. Հակաքրիստոսը իշխելու է աշխարհի վրա Մեծ Նեղության յոթ տարիների ընթացքում: Այդ յոթ տարիների առաջին կեսին նա իշխելու է որպես բարի առաջնորդ, իսկ երկրորդ կեսը իշխելու է որպես չար բռնակալ:
3. Երուսաղեմի տաճարը վերակառուցվելու է և կրկին իրականացվելու են զոհաբերություններ:
4. Հակաքրիստոսը յոթ տարվա ուխտ է կնքելու Իսրայելի հետ:
5. Նեղության երեք և կես տարիներից հետո հակաքրիստոսը խախտելու է Իսրայելի հետ կնքած այդ ուխտը:
6. Հաջորդող երեք ու կես տարիները լինելու են մեծ նեղությունների և հալածանքների ժամանակներ իսրայելացիների համար: Այդ ընթացքում Հազարամյա Թագավորության ավետարանը կքարոզվի շնորհքի ավետարանի փոխարեն:
7. 144.000 իսրայելացիներ կկրեն այդ նեղությունները:
8. Նեղությունները կավարտվեն Արմագեդոնի ճակատամարտով:
Մեծ Նեղությունները նկարագրելիս Սքոֆիլդը ոչ մի տեղ չի հիշատակում, թե ինչ է լինելու հեթանոսների հետ այդ ժամանակներում: Այլ կերպ ասած, Սքոֆիլդը պնդում էր, որ բոլոր հեթանոսներն, ովքեր հավատում են Քրիստոսին, հափշտակվելու են նեղություններից առաջ, իսկ դրանից հետո միայն կհափշտակվեն իսրայելացիները: Աստծո գործը կավարտվի, երբ փրկվեն 144.000 իսրայելացիներ: Դրանից հետո կսկսվի Հազարամյա Թագավորությունը:
Սքոֆիլդի վրա ազդեցություն է ունեցել ոմն Ջոհն Նելսոն Դարբին, ով այսպես ասած հայտնի Պլիմուտյան Եղբայրների հիմնադիրն էր: Նա մինչ նեղության ժամանակների հափշտակության տեսությունն առաջ քաշեց հոգեգալստական եկեղեցիներից մեկի առաջնորդի հետ հանդիպելուց հետո: Այդ առաջնորդն իրականում տասնհինգամյա աղջիկ էր, անունը Մարգարեթ ՄաքԴոնալդ Շոթլանդիայից, ով պնդում էր, որ 1830 թվ-ին տեսիլք էր ստացել Աստծուց: Այդ տեսիլքում նա տեսել էր, որ քրիստոնյաները հափշտակվում են մինչև Մեծ Նեղությունները: Այս աղջկան այցելելուց հետո Դարբին սկսեց սովորեցնել նեղության ժամանակների հափշտակության տեսությունը:
Դարբիի ուսմունքները գրավեցին Սքոֆիլդին՝ ամերիկյան աստվածաբանին: Սքոֆիլդն, ով իր ողջ կյանքն անցկացրել էր լայնորեն տարածված Սքոֆիլդի Տեղեկագրական Աստվածաշնչի վրա, այդ պահին հետաքրքրված էր այն հարցով, թե արդյոք հափշտակությունը տեղի է ունենալու նեղություններից առաջ, թե հետո: Երբ Սքոֆիլդը լսեց Դարբիի տեսությունը, ամբողջությամբ տարվեց դրանով և համոզված լինելով այդ տեսության ճշմարտության մեջ՝ ներառում է այն իր Սքոֆիլդի Տեղեկագրական Աստվածաշնչում: Ահա, թե ինչպես է Սքոֆիլդը հավատացել այս տեսությանը, և ինչպես են այսօր շատ քրիստոնյաներ հավատում այդ տեսությանը:
Մինչ Դարբիի և Սթոֆիլդի տեսությունը կտարածվեր աշխարհով մեկ, շատ քրիստոնյաներ հավատում էին, որ սրբերը հափշտակվելու են Մեծ Նեղություններից հետո: Բայց Սքոֆիլդը, որ Միացյալ Նահանգներում Մուդիի աստվածաշնչյան ինստիտուտի դասախոս էր, հսկայական ազդեցություն ուներ շատ վարդապետական գրականությունների վրա, և նամանավանդ իր Սքոֆիլդի Տեղեկագրական Աստվածաշունչը: Ահա, թե ինչպես Սքոֆիլդի ազդեցության պատճառով մինչ-նեղության հափշտակության տեսությունը դարձավ այդպես տարածված քրիստոնեական համայնքներում ամբողջ աշխարհում:
Ցավոք սրտի, այսօր շատ քրիստոնյաներ իրենց հավատքի մեջ արթուն չեն: Նրանք քնած են, քանի որ սխալմամբ կարծում են, որ հակաքրիստոսի գալուստը ոչ մի կապ չունի իրենց հետ: Նրանք անհրաժեշտ չեն համարում, որ պետք է հավատքը պատրաստել Մեծ Նեղությունների ժամանակների համար, որովհետև հավատում են, թե պետք է հափշտակվեն մինչ մեծ նեղությունների սկսվելը: Սակայն մեր Տերն ասել է, միշտ արթուն լինել, քանի որ ոչ ոք չգիտի, թե երբ է գալու Նա: Բայց, ցավոք սրտի, նրանք, ովքեր անտեսում են Աստծո Խոսքը և փոխարենը ապավինում են մինչ-նեղության հափշտակության ուսմունքներին, դեռ գտնվում են խորը քնի մեջ:
Բայց հիմա ժամանակն է արթնանալ: Հիմա ժամանակն է, որպեսզի դուք մի կողմ նետեք մինչ նեղության հափշտակության ձեր սխալ հավատքը և հավատաք ճշմարտության Խոսքին: Ոչ մինչ նեղության հափշտակության, և ոչ հետ հափշտակության տեսությունները չունեն որևէ աստվածաշնչյան հիմքեր: Դուք պետք է վերադառնաք Աստծո ճշմարիտ Խոսքին: Հայտնության Խոսքը (6:8) մեզ ասում է. «Եվ ես տեսա, և ահա մի դեղնականաչ ձի, նրա վրա մի նստող՝ անունը Մահ, և դժոխքը գնում էր նրա ետևից . և իշխանություն տրվեցավ նրանց՝ աշխարհքի չորրորդ բաժնի վրա սրով և սովով և մահով և երկրի գազաններովն սպանել»:
Այստեղ ասվում է, որ դեղնականաչ ձին նստածի անունը մահ էր, և որ դժոխքը գնում էր նրա ետևից: Սա նշանակում է, որ հակքրիստոսը մարդասպան է, որ իր զոհերին տանում է դեպի դժոխք: Այստեղ նաև ասվում է, որ իշխանություն տրվեց նրան երկրի չորրորդ մասի վրա, որ սրով, սովով և երկրի գազաններով սպանի մարդկանց: Այլ կերպ ասած, հակաքրիստոսն իրականացնելու է այն նույն դաժանություններն, ինչ հռեմեական կայսրերը, միայն թե այս անգամ ավելի վատ. նա սպանելու, չարչարելու և հալածելու է քրիստոնյաներին և ոչնչացնելու նրանց հավատքը:
Դուք պետք է գիտակցեք, որ դեղանականաչ ձիու դարաշրջանը, հակաքրիստոսի դարաշրջանն է: Տերը մեզ ասում է. «Երկնքի երեսը գիտեք քննել, բայց ժամանակների նշանները չե՞ք կարող» (Մատթեոս 16:3): Եթե չենք կարող կռահել ժամանակների նշանները, չենք կարողանա իմանալ, թե ինչպիսի հավատք ունենք, հետևաբար չենք կարողանա ոչ ցանել, ոչ էլ բերքը հավաքել, այսինքն չենք կարողանա աշխատել Տիրոջ համար: Այսօր կարմիր ձիու ժամանակն անցել է և մենք սև ձիու ժամանակաշրջանում ենք: Աշխարհը շուտով կընկնի տնտեսական մեծ աղետների մեջ և մեծ սովեր կսկսվեն: Սովն ու քաղցը կտարածվեն ամբողջ աշխարհով, և շատերը կղզջան իրենց գործած մեղքերի համար: Մի դարձեք նրանցից մեկը, փոխարենը, եղեք մեկն, ով կարող է տարբերել ժամանակների նշանները:
Մենք սև ձիու ժամանակաշրջանում ենք: Երբ սև ձիու ժամանակաշրջանն անցնի, կգա դեղնականաչ ձիու ժամանակը: Հակաքրիստոսը այս ժամանակ անողոքաբար կսպանի ու կհալածի սրբերին՝ ազդարարելով այս ժամանակաշրջանը որպես նահատակության ժամանակաշրջան:
Հայտնություն 13:6-8. «Եվ նա իր բերանը բացավ Աստծո դեմ հայհոյանքով, որ հայհոյե նրա անունին և նրա խորանին, և երկնքումը բնակողներին: Եվ նրան իշխանություն տրվեցավ որ սրբերի հետ պատերազմ անե և նրանց հաղթե. և իշխանություն տրվեցավ նրան ամեն ցեղի և լեզվի և ազգի վրա. Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակողները, որոնց անունները գրված չեն Գառի կյանքի գրքի մեջ որ աշխարհքի սկզբիցը հետե մորթված է»: «Նա» այստեղ վերաբերվում է հակաքրիստոսին: Այս հատվածը ասում է մեզ, որ աշխարհի տիրակալներից մեկին կտրվի սատանայի ուժը, որ հայհոյի Աստծուն և անարգի սրբերին: Նա սատանայի զավակն է հրեշի զորությամբ: Իր իշխանությամբ նա պայքարելու և «հաղթելու» է սրբերին: Սակայն այդ հաղթանակը նշանակում է, որ նա սրբերին կդարձնի նահատակներ: Սա վերաբերվում է միայն սրբերի ֆիզիկական մահին, որովհետև հակաքրիստոսը երբեք չի կարող խլել սրբերի հավատքը:
Սքոֆիլդը պնդում էր, որ սրբերը բոլորովին չեն տեսնելու նեղության ժամանակները: Սակայն առանց Մեծ Նեղության յոթ տարիների, չի կարող լինել ոչ մի Հազարամյա Թագավորություն սրբերի համար: Սրբերը նեղության տարիներից դուրս կգան որպես նահատակներ: Աստվածաշնչի այս մարգարեությունը ծրագրված էր Քրիստոս Հիսուսում աշխարհի սկզբից ի վեր: Աշխարհի ամբողջ պատմությունը կավարտվի Քրիստոսի գործերով:
Դուք պետք է կարողանաք տարբերել յոթ ժամանակաշրջանները, որ Աստված ստեղծել է մեզ համար: Առաջին ժամանակաշրջանը սպիտակ ձիու ժամանակաշրջանն է, երբ Աստծո Խոսքը սկսում է իր գործունեությունը: Երկրորդ ժամանակաշրջանը կարմիր ձիու ժամանակաշրջանն է: Երրորդ ժամանակաշրջանը սև ձիու ժամանակաշրջանն է, որի ժամանակ կլինեն ֆիզիկական և հոգևոր սով: Չորրորդ ժամանակաշրջանը դեղնականաչ ձիու ժամանակաշրջանն է, որի ժամանակ կգա հակաքրիստոսը: Սա յոթ փողերի պատուհասների ժամանակաշրջանն է, այսինքն նահատակության ժանակաշրջանն է: Եվ հենց այս դեղնականաչ ձիու ժամանակաշրջանը չզանազանելը ստիպում է մարդկանց ընկնել շփոթմունքի մեջ:
Այս ժամանակաշրջանի մասին տեղեկութուն չունենալով մենք չենք կարող ապրել մեր կյանքը որպես վերստին ծնված քրիստոնյա: Եթե մենք կրկին մոռացության տանք այն, ինչ սպասում է մեզ, ինչպե՞ս կարող ենք երբևէ պատրաստ լինել ապագային: Նույնիսկ բիզնեսմենները պետք է իմանան, թե ինչ փոփոխություններ են սպասվում շուկայում հաջողակ բիզնես ունենալու համար: Ինչպե՞ս կարող ենք մենք, Քրիստոսով հավատացյալներս, պատրաստ լինել Նրա երկրորդ գալուստին, երբ գաղափար չունենք, թե ինչ է սպասվում մեզ:
Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք Մեծ Նեղության ժամանակների մասին, որպեսզի պատրաստ լինենք դրան: Սրբերն ապրելու են Նեղության յոթ տարիների առաջին երեք ու կես տարիները, և այդ ժամանակ նրանք կնահատակվեն: Նրանք չեն անցնի բոլոր յոթ տարիների միջով, նահատակվելուց հետո հարություն կառնեն ու կհափշտակվեն: Երբ սրբերը հափշտակվեն, դա չի նշանակում, որ Քրիստոսը գալու է այդ ժամանակ, այլ, որ Տերը բարձրացնելու է նրանց, որ մասնակցեն Գառան հարսանիքին:
Իսկ այդ ընթացքում երկրի վրա կթափվեն յոթ գավաթների պատուհասները: Քրիստոսի հետ երկիր կվերադառնան նրանք, որոնց մեղքերը ներվել են և դարձել ձյունի պես սպիտակ, քանի որ հավատացին Աստծո տված ջրի և Հոգու ավետարանին: Ահա, թե ինչու մենք պետք է պատրաստվենք, որ ամուր հավատքով դիմավորենք այդ ժամանակաշրջանը:
Մեր Տերն ասում է Զմիուռնիայի եկեղեցու հրեշտակին. «Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը. բայց դու հարուստ ես. և գիտեմ նրանց հայհոյանքը որ ասում են, թե իրանք Հրեա են և չեն, այլ սատանայի ժողովք են: Բնավ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցվելու, որ փորձվիք, և նեղություն կունենաք տասն օր. հավատարիմ եղիր մինչև ի մահ, և կյանքի պսակը կտամ քեզ»: Այս հատվածից հասկանում ենք, որ Զմիուռնիայի եկեղեցին հրեաների կողմից խիստ հալածանքների մեջ էր: Բայց Տերն ասում է, որ այդ հրեաներն իրականում հրեաներ չեն, այլ սատանայի ժողովք: Սա Նա ասում է ոչ միայն Զմիուռնիայի եկեղեցուն, այլ՝ Ասիայի բոլոր յոթ եկեղեցիներին: Զմիուռնիայում կար մի մեծ հրեական համայնք, ովքեր, չնայած նրան, որ երկրպագում էին նույն Աստծուն, միևնույն ժամանակ հալածում էին Զմիուռնիայի եկեղեցու սրբերին, ինչպես որ անում էին հռոմեացիները: Այս հալածվող սրբերին Աստված ասում է. «Հավատարիմ եղիր մինչև ի մահ, և կյանքի պսակը կտամ քեզ» և «Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վախենա»: Աստված ասում է սրբերին, որ հաղթեն: Նմանապես, մենք էլ պետք է պայքարենք հակաքրիստոսի հետ մինչև վերջ և հաղթենք նրան մեր հավատքի ճակատամարտում: Եվ մեր Տերը կտա մեզ կյանքի պսակը, այլ կերպ ասած, կօրհնի մեզ՝ թույլ տալով մեզ ապրելու Հազարամյա Թագավորության և Նոր Երկնքի և Երկրի մեջ:
Արդյոք ունե՞ք քաջություն նահատակություն ընդունելու համար: Այժմ ժամանակն է պատրաստել հավատքը նահատակություն ընդունելու համար: Դա անելու համար դուք պետք է հավատաք փրկագնմանը, որ լիովին հնարավորություն է տալիս կանգնել Տիրոջ առաջ այն հավատքով, որ կարող է առանց վարանելու ընդունել նահատակությունը:
Մենք պետք է հավատքով նախապատրաստվենք: Մեր Տերն ասում է, որ ոչ ոք չի կարող մտնել կամ նույնիսկ տեսնել Աստծո Արքայությունն առանց հավատալու ջրի և Հոգու ավետարանին: Նա մեզ ասում է, որ այս ավետարանի հավատքը վերջին ժամանակների նահատակության հավատքն է:
Եթե մարդկանց սրտերում մեղք կա, ապա ինչպե՞ս կարող են նահատակվեն: Ավելի, նրանք կարող են ուրիշների համար պատճառ լինել գազանի նշանը ստանալու հարցում: Միայն ջրի և Հոգու ավետարանը կարող է մաքրել մեր մեղքերը: Նույնիսկ ձեր ամենօրյա ապաշխարության աղոթքները չեն կարող մաքրել ձեր մեղքերը: Ապաշխարության աղօթքներով փորձել մաքրվել մեղքերից, նշանակում է զուր տեղը վատնել ժամանակ և ջանք:
Նրանք, ովքեր փորձում են դա անել, ավելի շատ հավատում են աստվածաբանների խոսքերին, քան թե Աստծո Խոսքին: Մի՞թե այն փաստը, որ գիտնականները, որոնց այդքան շատ քրիստոնյաներ են վստահում, վիճում և հավատում են հակամիլենիումին, ցույց չի տալիս, որ նրանք լավ ծանոթ չեն Աստվածաշնչին, թեև համարվում են Սուրբ Գրքի մասնագետներ: Հակամիլենիումի այս կողմնակիցների համաձայն չի լինի ոչ Հազարամյա Թագավորություն, և ոչ էլ Մեծ Նեղության տարիներին սրբերի նահատակություն: Նրանց համար, ովքեր հավատում են մինչ-նեղության տարիների հափշտակությանը կամ հակամիլենիումին, Հայտնության գիրքը չի ունենա ոչ մի նշանակություն: Հայտնության Խոսքն Աստծո Խոսքն է: Այն Աստծո գրված Խոսքն է, որը գրեց Հովհաննես առաքյալը՝ Քրիստոսի սիրելի աշակերտը: Ոչ ոք չի կարող ժխտել այս փաստը:
Ես առանց պատճառի չեմ քննադատում աստվածաբանների սահմանված տեսություններն ու վարդապետությունները, այլ դա անում եմ, որ պատրաստ լինեք հավատարիմ մնալու Տիրոջը մինչև ի մահ: Աստծո Խոսքը կօգնի մեզ պատրաստվել նահատակության գնով դիմակայելու Մեծ Նեղության ժամանակները:
Դա անելու համար պետք է ջրի և Հոգու ավետարանի հավատքով պատրաստվել: Նրանք, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, խոնարհվում են սատանային և Աստծո թշնամիներն են, քանի որ նրանք, որոնց անունները գրված չեն կյանքի գրքում, պաշտում են սատանային: Սա է ասում Աստծո Խոսքը:
Աստծո սրբերը նահատակվելու են Մեծ Նեղության տարիների կեսին: Երբ Մեծ Նեղության յոթ տարիների առաջին երեք ու կես տարիներն անցնեն, ովքեր որ հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կնահատակվեն: Եվ այդ նահատակությունից քիչ անց նրանք հարություն կառնեն և կհափշտակվեն: Սա է Հայտնություն գրքի ընդհանուր ամփոփումը, և այդ պատճառով եմ ես վերահաստատում այս հիմնական կետերը:
Դուք պետք է հիշեք, որ երբ հակաքրիստոսի ժամանակաշրջանը գա, շատերը կլինեն, որ հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ կնահատակվեն և հարություն կառնեն: Երբ դեղնականաչ ձիու ժամանակները սկսվի, հավատքի ծաղիկները կծաղկեն նրանց նահատակությամբ: Երբ ժամանակը գա, ճիշտ հավատքը կծաղկի և կտա գեղեցիկ ծաղիկներ:
Անապատում կան որոշ բույսեր, որ բողբոջում, ծաղկում և պտուղ են տալիս ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ այդ բույսերը ընտելացած են անապատային պայմաններին, որտեղ անձրևներ քիչ են պատահում և ջուրը սակավ է: Դրանք պետք է բողբոջեն, ծաղկեն և պտուղ տան շատ արագ, քանի որ ջուրը բավարարում է միայն այդ ժամանակահատվածում:
Նրանց հավատքն, ովքեր Մեծ Նեղության յոթ տարիների ընթացքում հավատում են ջրի և Հոգու ավետարանին, նման են այդ անապատային բույսերին: Նրանց համար հավատալը, հետևելը և նահատակվելն այս ավետարանի համար, կարճ ժամանակահատված է: Հակաքրիստոսի խելագարությունն իր գագաթնակետին կհասնի Մեծ Նեղության երեք ու կես տարիներից հետո:
Հենց այս ժամանակ սկսվելու է սրբերի նահատակությունը: Նույնիսկ նրանք, ովքեր արդեն լսել են ջրի և Հոգու ավետարանի մասին, բայց դեռ իրենց սրտերում չեն ընդունել այն, կարող են ունենալ: Դա կարող են անել միայն, եթե Մեծ Նեղության տարիներին հավատան այս ավետարանին: Ահա, թե ինչու ենք տարածում ավետարանը, որ իրենց քնից արթնացնենք ամբողջ աշխարհի քրիստոնյաներին: Մենք քարոզելու ենք ջրի և Հոգու ավետարանը մինչև աշխարհի վերջը, մինչև մեր նահատակությունը: Եթե նահատակություն չի լինելու, ինչո՞ւ է պետք այս ավետարանը, որ մենք տարածում ենք: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են վերջին ժամանակներում նահատակվել: Մենք պետք է ունենանք ամուր հավատք:
Եթե մեր հավատքը չպատրաստենք նահատակության համար, որ պաշտպանենք ջրի և Հոգու ավետարանը, խաղաղ ժամանակ Աստծո առաջ զղջալու ենք մեր արածների համար: Երբ վերջին ժամանակները սկսվեն, մենք զբաղված կլինենք ու կասենք. «Տեր, ես շատ զբաղված եմ հիմա: Պարզապես սպասիր մի քիչ և ես կապաշխարեմ»: Եթե այսպիսին լինի մեր հավատքը վերջին ժամանակներում, Տերը պիտի ասի մեզ. «Ինչո՞ւ միանգամից չցատկե՞ք կրակի լիճը: Դուք ինքներդ էլ գլուխ կհանեք դրանից»: Նրանք, ովքեր մեղքեր ունեն, այժմ պետք է գիտակցեն, որ այսպիսին կլինի իրենց վերջը: Ահա, թե ինչու Աստված ասեց. «ով որ ականջ ունի, թող լսի, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին»:
Երբ որ սրբերը նահատակվեն, աշխարհը կլինի քաոսի մեջ: Անտառները կայրվեն, ծովերը, գետերը և գետակները կվերածվեն արյունի ու արևը, լուսինը և աստղերը կկորցնեն իրենց լույսը՝ աշխարհը ընկղմելով խավարի մեջ: Նրա բնակիչները լցված չար ոգիներով՝ կկորցնեն իրենց բանականությունը, նրանց վարքագիծը կդառնա անկառավարելի, իսկ նրանց միակ նպատակը կլինի Աստծո բոլոր զավակներին սպանելը: Սա է պատճառը, որ պետք է հասկանաք և հավատաք Հայտնության Խոսքին:
Այսօրվա եկեղեցիները մտահոգված են, թե ինչպես կարող են ունենալ ավելի մեծ, ավելի ընդարձակ ու բարձր շենքեր: Նրանք միլիոնավոր դոլարներ են ծախսում եկեղեցաշենքեր կառուցելու համար, իսկ իրենց սրտերում միայն մեղք է, ոչ թե հավատք: Նրանք չեն կարող ընդունել նահատակությունը Հիսուսի անունով: Այս մարդիկ պետք է առաջին հերթին մաքրեն իրենց սրտերը:
Աշխարհը շուտով կմտնի Մեծ Նեղության ժամանակաշրջանի մեջ, որը դեղնականաչ ձիու ժամանակաշրջանն է: Հուսով եմ և աղոթում եմ, որ դուք ունենաք այնպիսի հավատք, որ կարողանաք ընդունել նահատակությունը և հավատարիմ մնալ Քրիստոսին մինչև մահ: Մենք պետք է հավատանք Հայտնության Խոսքին մինչև վերջ: