(Հայտնություն 3:14-22)«Եվ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամենը, հավատարիմ և ճշմարիտ Վկան, Աստծո արարածների Սկիզբը: Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես և ոչ տաք. ոհ, թե ցուրտ լինեիր կամ տաք: Ուրեմն որովհետև գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը: Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ բանի կարոտ չեմ. բայց չգիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր, և մերկ ես: Ես խրատ եմ տալի քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ՝ որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևվի. և դեղ դիր աչքերիդ որ տեսնես: Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ, և խրատում եմ. ուրեմն ջանք արա և ապաշխարիր: Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ: Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ նրա աթոռի վրա: Ով որ ականջ ունի, թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
Մեկնություն
Հատված 14. «Եվ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամենը, հավատարիմ և ճշմարիտ Վկան, Աստծո արարածների Սկիզբը»:
Մեր Տերն եկավ այս երկիր և հնազանդվեց Հայր Աստծուն մինչև ի մահ, որ կատարվի Նրա կամքը: Այսինքն Նա հնազանդվեց բոլոր պատվերներին «Ամեն» ասելով, եթե դա էր Հոր կամքը: Մեր Տերը Աստծո Թագավորության հավատարիմ ծառան է և ճշմարիտ վկան, որը վկայում է Իր մասին, որպես Աստծո Որդի և Փրկիչ: Մեր Տերը ստեղծելու Աստվածն է:
Հատված 15. «Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես և ոչ տաք. ոհ, թե ցուրտ լինեիր կամ տաք»:
Աստված հանդիմանեց Լավոդիկեի եկեղեցու ծառային իր անտարբեր հավատքի համար: Այս ծառան արժանի էր Աստծո բարկությանը: Եթե ինչ-որ մեկի հավատքը գաղջ է Աստծո առջև, նա պետք է հստակեցնի այն՝ դարձնելով կամ սառը, կամ տաք: Հավատքը, որ Աստված պահանջում է մեզանից, հստակ սահմանված հավատք պետք է լինի, այսինքն՝ սառը կամ տաք: Այս պարզ հավատքն է պետք ջրի և Հոգու ավետարանին հավատալու համար:
Երբ խոսքը վերաբերվում է Աստծուն հավատալուն, կան երկու տեսակի հավատացյալներ: Մի կողմից, մեր մեջ կան մարդիկ, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին որպես ճշմարիտ ավետարան, և որ չկա այլ ավետարան սրանից բացի: Մյուս կողմից, մեր մեջ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ ջրի և Հոգու ավետարանից բացի կան նաև այլ ավետարաններ: Նման հավատքը գաղջ է:
Նրանք կարծում են, որ Հիսուսին հավատալը բավական է փրկվելու համար, և որ պետք չէ խորանալ ճիշտ ու սխալ ավետարանների մեջ: Նրանցից ոմանք նույնիսկ կարծում են, որ Հիսուսը միակ Փրկիչը չէ, նրանք մտածում են, որ փրկվել կարելի է նաև այլ կրոնների միջոցով: Այսպիսի հավատք ուներ Լավոդիկեի եկեղեցու ծառան, որ չէր տարբերում ճշմարիտ և կեղծ ավետարանները, չէր տարբերում, որ ջրի և Հոգու ավետարանն է միակ ճշմարիտ ավետարանը: Սա է պատճառը, որ Աստված մտահոգված էր և բարկացած այս եկեղեցու վրա:
Հատված 16. «Ուրեմն որովհետև գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը»:
Մեր Տեր Աստվածը պահանջում էր հստակ հավատք Իր ծառաներից: Մենք պետք է գիտակցենք, որ Աստված չի գնահատում այն հավատքը, որ ոչ տաք է, ոչ սառը: Երբ մենք հավատում ենք Տիրոջը, պետք է լինենք հստակ և հաստատուն՝ չափելով մեր սրտերը Աստծո Խոսքով և ամուր կանգնել Նրա կամքի մեջ ու հավատալ դրան: Նրանք, ովքեր ունեն վերստին ծնունդ, պետք է հստակորեն կանգնեն ջրի և Հոգու աստվածաշնչյան ավետարանի կողքին և անզիջում պայքար մղեն նրանց դեմ, ովքեր տարածում են այլ ավետարաններ: Աստված մեզ ասում է, որ եթե արդարները չեն կանգնում ճիշտ հավատքի կողքին, Նա կփսխի նրանց Իր բերանից: Ուրեմն, որտե՞ղ է ձեր հավատքը հիմա:
Հատված 17. «Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ բանի կարոտ չեմ. բայց չգիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր, և մերկ ես»:
Նրանք, ում հավատքը գաղջ է, կարծում են, որ իրենք ճիշտ են հավատում և ուշադրություն չեն դարձնում իրենց աղքատ հավատքի վրա: Քանի որ Լավոդիկեի եկեղեցու ծառաների հավատքը գաղջ էր, նրանք չկարողացան հասկանալ, թե որքան աղքատ են իրենք: Հստակ և վերջնական հավատք ունենալու համար պետք է դիմակայել փորձություններին ու հետապնդումներին ճշմարտության համար և հակառակվել կեղծավորներին հավատքի պայքարում: Միայն այդ ժամանակ նրանք կկարողանային տեսնել, թե որքան աղքատ և մերկ են իրականում: Մենք բոլորս պետք է ունենանք հստակ հավատք Տիրոջ առաջ:
Հատված 18. «Ես խրատ եմ տալի քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ՝ որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևվի. և դեղ դիր աչքերիդ որ տեսնես»:
Աստված Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին ասում է, որ նա նորոգի իր հավատքը: Լավոդիկեի եկեղեցու ծառան պետք է նորոգի իր հավատքի հիմքը ջրի և Հոգու ավետարանի մեջ և հագնի կատարյալ արդարությունը: Նա պետք է նաև նայի իր ներսը, վերադառնա դեպի իր ճշմարիտ հավատքը և հստակորեն ամրապնդվել հավատքի մեջ: Նա պետք է պահի իր հավատքը և սովորի իր հույսն իրականացնել հավատքը նորոգելով:
Դուք նույնպես պետք է անցնեք ծանր ճնշումների և հալածանքների միջով հանուն ջրի և Հոգու ավետարանի, որը Աստծո տված ճշմարիտ ավետարանն է: Միայն այդ ժամանակ դուք կարող եք հասկանալ, թե որքան թանկարժեք է այս ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը: Երբևէ պատահե՞լ է, որ ձեր սեփական արդարությունը կոտրեք հանուն Աստծո արդարության, որ վաստակել եք ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Նրանք, ովքեր կոտրել են մարդկային արդարությունը, գիտեն, թե որքան թանկարժեք է և օրհնյալ Աստծո արդարությունը: Դուք պետք է հասկանաք, որ առանց ձեր հավատքի, որը վստահում է Տիրոջը, ձեր հավատքի կյանքը կդառնա պարզապես անհեթեթություն: Հետևաբար, դուք պետք է սովորեք հավատալ, որ Տերն Իր առաջին ծառաներին տվեց փրկություն և ծածկեց ձեր անհավատության խայտառակությունը:
Մենք չպետք է մոռանանք այն փաստը, որ մեծ զոհաբերություն է անհրաժեշտ ճշմարիտ հավատքը հասկանալու համար: Քանի որ ճշմարիտ հավատքը սովորում են քայլ առ քայլ անցնելով հավատքի նախակարապետների ճանապարը, մենք պետք է վճարենք զոհաբերության գինը: Մենք պետք է նաև պատրաստ լինենք կորցնել աշխարհի բարեկեցությունը հանուն Տիրոջ Արքայության կառուցման և հանուն մեր հավատքի տարածման և թողնենք ամեն ինչ հանուն Աստծո:
Հատված 19. «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ, և խրատում եմ. ուրեմն ջանք արա և ապաշխարիր»:
Տերը հանդիմանում և պատժում է նրանց, ովքեր գիտեն և հավատում են Իր սիրուն, եթե նրանց հավատքը առանց գործերի է: Նրանք, ովքեր սիրված են Տիրոջ կողմից, պետք է քրտնաջան աշխատեն Նրա համար և հետևեն Նրան ճշմարիտ հավատքով:
Հատված 20. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ»:
Նրանք, ովքեր դարձել են Աստծո ծառաները, կիսում են իրենց կյանքը Նրա հետ թե ուրախության, և թե վշտի մեջ: Նրանք, ովքեր գործում են Տիրոջ համար, ապրում են միշտ հավատալով Տիրոջ Խոսքին, և նրանց հավատքի միջոցով մեր Տերն իրականացնում է Իր բոլոր ծրագրերը:
Հատված 21. «Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ նրա աթոռի վրա»:
Ճշմարիտ հավատքը ձեռք է բերվում կամ կորցվում կախված նրանից, թե մարդը պատրաստ է ընդունել նահատակությունը, թե ոչ: Նրանք, ովքեր պայքարում են սատանայի դեմ՝ հավատալով Տիրոջ Խոսքին, հաղթելու են և փառավորվելու Տիրոջ հետ: Սրբերը և Աստծո ծառաները միշտ գտնվում են հոգևոր պայքարի մեջ սատանայի դեմ: Այս ճակատամարտում նրանք կարող են միշտ հաղթել հավատալով Տիրոջ Խոսքին: Նրանք, ովքեր հաղթում են սատանայի դեմ իրենց պայքարում, փառավորվելու են Տիրոջ հետ:
Հատված 22. «Ով որ ականջ ունի, թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»:
Սրբերը պետք է միշտ լսեն Աստծո ձայնը և հետևեն Սուրբ Հոգուն: Այդպես անելով նրանց հավատքը կսկսի հետևել Սուրբ Հոգուն, իսկ հոգևոր հաղթանակը միշտ կառաջնորդի նրանց: