(Հայտնություն 4:1-11)«Եվ սրանից հետո տեսա, և ահա մի բացված դուռ երկնքումը, և այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պես որ խոսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, և ես ցույց տամ քեզ ինչ որ լինելու է սրանից հետո: Եվ ես շուտով Հոգում եղա, և ահա մի աթոռ կար երկնքումը. և աթոռի վրա մեկը նստած: Եվ նստողը հասպիս և սարդիոն քարի երևույթի նման էր: Եվ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երևույթի նման. և աթոռի չորս կողմովը քսանչորս աթոռներ, և այն աթոռների վրա քսանչորս երեցներ նստած սպիտակ հանդերձներ հագած, և իրենց գլուխներին ոսկե պսակներ: Եվ աթոռիցը փայլատակումներ և որոտմունք և ձայներ էին դուրս գալիս. և յոթը ղամբարներ՝ կրակով բորբոքված աթոռի առաջին, որոնք Աստծո յոթը հոգիներն են: Եվ աթոռի առաջին ապակյա ծով կար ակնվանու նման, և աթոռի մեջ և աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից և ետևից լիքն աչքերով: Եվ առաջին կենդանին առյուծի նման էր, և երկրորդ կենդանին՝ զվարակի նման, և երրորդ կենդանին մարդի նման երես ուներ, և չորրորդ կենդանին թռչող արծվի նման: Եվ կենդանիների յուրաքանչյուրը վեց թև ունեին, իրենց չորս կողմովը և ներսևանց լիքն էին աչքերով, և հանգստություն չունեին ցերեկ և գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր Աստված ամենակարող, որ էր, և որ է, և որ գալու է: Եվ երբ որ այն կենդանիները փառք, և պատիվ, և գոհություն են տալիս աթոռի վրա նստողին որ կենդանի է հավիտյանս հավիտենից, քսանչորս երեցները ընկնում են աթոռի վրա նստողի առաջին և, երկրպագում նրան, որ կենդանի է հավիտյանս հավիտենից և իրենց պսակները գցում են աթոռի առաջին և ասում. Արժանի ես, Տեր, որ առնես փառքը, և պատիվը, և զորությունը. որ դու ստեղծեցիր ամեն բաները և քո կամենալովը կան և ստեղծվեցան»:
Մեկնություն
Հատված 1. «Եվ սրանից հետո տեսա, և ահա մի բացված դուռ երկնքումը, և այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պես որ խոսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, և ես ցույց տամ քեզ ինչ որ լինելու է սրանից հետո»:
Երկնքի դարպասներն առաջ փակ էին: Սակայն դրանք լայն բացվեցին, երբ Հիսուսն ազատեց մեղավորներին իրենց մեղքերից և անօրինություններից այս երկիր գալով, մկրտվելով Հովհաննեսի կողմից, մեռնելով Խաչի վրա և հարություն առնելով կրկին: Իր հրեշտակի միջոցով Աստված հայտնեց Հովհաննես առաքյալին, թե ինչ է սպասվում աշխարհին վերջին ժամանակներում:
Հատված 2. «Եվ ես շուտով Հոգում եղա, և ահա մի աթոռ կար երկնքումը. և աթոռի վրա մեկը նստած»:
Երկնքի բաց դարպասների միջոցով Հովհաննեսը տեսավ, որ մեկ այլ գահ կամ աթոռ կա պատրաստված Երկնքում: Եվ, որ դրա վրա նստած էր Հիսուս Քրիստոսը: Գահի շուրջը չորս կենդանիներ կային, 24 երեցներ և Աստծո յոթ Հոգիները:
Տերը ստացավ Աստծո գահը Հորից իրականացնելու համար մեղավորներին փրկելու Նրա գործը աշխարհի մեղքերից: Այս երկրի վրա Տերն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը Հովհաննեսի կողմից Իր մկրտության միջոցով և ազատեց բոլոր մեղավորներին իրենց մեղքերից մահանալով Խաչի վրա և կրկին հարություն առնելով մեռելներից: Սա է պատճառը, որ Հայր Աստվածը Երկնային գահը տվեց Իր Որդուն:
Կա միտում տեսնելու Հիսուսին փոքր ինչ սահմանափակ՝ ճանաչելով Նրան որպես Աստծո Որդի և Փրկիչ, բայց ոչ ավելին: Բայց Հիսուս Քրիստոսը այժմ գտնվում է Աստծո գահին որպես ինքնիշխան Թագավոր, ով տիրում է Երկնքին:
Անշուշտ սա չի նշանակում, որ Հիսուսը պայքարով է վերցրել գահը Իր Հորից: Հայր Աստծո գահը դեռ այնտեղ է: Նա մեկ այլ Երկնային գահ տվեց Իր Որդուն, թագադրելով Նրան որպես Երկնքի Թագավոր և հաստատելով Նրան որպես բոլոր նրանց Դատավոր, ովքեր հակառակվում են Աստծո դեմ: Հայրը բարձրացրեց Հիսուս Քրիստոսին ամեն ինչից և բոլորից բարձր, որպես Աստված: Հիսուս Քրիստոսն հիմա Աստված է, հավասարակից Հորը: Մենք պետք է փառաբանենք ու երկրպագենք Հիսուսին, ով մեր Փրկիչն է և Աստվածը:
Հատված 3. «Եվ նստողը հասպիս և սարդիոն քարի երևույթի նման էր: Եվ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երևույթի նման»:
Այս հատվածը նկարագրում է Տիրոջ փառքը՝ նստած նոր գահին:
Հատված 4. «և աթոռի չորս կողմովը քսանչորս աթոռներ, և այն աթոռների վրա քսանչորս երեցներ նստած սպիտակ հանդերձներ հագած, և իրենց գլուխներին ոսկե պսակներ»:
Հիսուս Քրիստոսի գահի շուրջը նստած էին Նրա ծառաները: Այս հատվածում ասում է, որ Աստծո գահը շրջապատված էր 24 գահերով, և որ այդ գահերի վրա նստած էին 24 երեցներ, որոնց գլխին կային ոսկե պսակներ: Այս երեցների համար մեծ օրհնություն էր նստել 24 գահերի վրա: Այս երեցները նրանք էին, ովքեր դեռ այս երկրի վրա չարչարվել և նահատակվել են Տիրոջ Թագավորության համար: Այդ Խոսքը մեզ ասում է, որ Երկնքի Արքայությունը այժմ դարձել է մեր Տեր Աստծո Թագավորությունը, հավերժ Թագավորություն Նրա իշխանության ներքո:
Հատված 5. «Եվ աթոռիցը փայլատակումներ և որոտմունք և ձայներ էին դուրս գալիս. և յոթը ղամբարներ՝ կրակով բորբոքված աթոռի առաջին, որոնք Աստծո յոթը հոգիներն են»:
Աստված մեկն է, ով ստեղծում և իշխում է բոլոր հոգիներին:
Հատված 6. «Եվ աթոռի առաջին ապակյա ծով կար ակնվանու նման, և աթոռի մեջ և աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից և ետևից լիքն աչքերով»:
Չորս կենդանիները 24 երեցների հետ Աստծո Արքայության ծառաներն են: Նրանք միշտ փնտրում են Աստծո կամքը և փառաբանում Նրա սրբությունը և փառքը: Եվ նրանք հնազանդությամբ իրականացնում են Աստծո կամքը:
Հատված 7. «Եվ առաջին կենդանին առյուծի նման էր, և երկրորդ կենդանին՝ զվարակի նման, և երրորդ կենդանին մարդի նման երես ուներ, և չորրորդ կենդանին թռչող արծվի նման»:
Չորս կենդանիներն Աստծո սպասավորներն են, որոնցից ամեն մեկին Աստված տվել է տարբեր հանձնարարություններ, որոնք հավատարմորեն ծառայում են Նրա կամքի համեմատ:
Հատված 8. «Եվ կենդանիների յուրաքանչյուրը վեց թև ունեին, իրենց չորս կողմովը և ներսևանց լիքն էին աչքերով, և հանգստություն չունեին ցերեկ և գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր Աստված ամենակարող, որ էր, և որ է, և որ գալու է»:
Ինչպես որ Աստված չի քնում, այնպես էլ չորս կենդանիները միշտ արթուն են Նրա կողքին՝ մշտապես փառաբանելով Նրա փառքը և սրբությունը: Նրանք փառաբանում են Աստծո սրբությունը, ով դարձավ Գառը և Նրա ամենազոր իշխանությունը: Նրանք փառաբանում են Աստծուն, ով եղել է, կա և կլինի: Նա, որին փառաբանում էին, Հայր Աստվածն էր և Հիսուս Քրիստոսը, ով Աստվածն է:
Հատված 9. «Եվ երբ որ այն կենդանիները փառք, և պատիվ, և գոհություն են տալիս աթոռի վրա նստողին որ կենդանի է հավիտյանս հավիտենից»:
Աստծո սպասավորները փառաբանում են, երկրպագում և գոհություն հայտնում Նրան, ով նստած է գահին հավիտյանս հավիտենից:
Հատված 10. «քսանչորս երեցները ընկնում են աթոռի վրա նստողի առաջին և, երկրպագում նրան, որ կենդանի է հավիտյանս հավիտենից և իրենց պսակները գցում են աթոռի առաջին և ասում»:
Երբ չորս կենդանիները փառաբանում էին Աստծուն, 24 երեցները, որ նստած էին գահերին, ընկնում են Աստծո առաջ և բարձր փառք տալիս Նրան. «Արժանի ես, Տեր, որ առնես փառքը, և պատիվը»:
Հատված 11. «Արժանի ես, Տեր, որ առնես փառքը, և պատիվը, և զորությունը. որ դու ստեղծեցիր ամեն բաները և քո կամենալովը կան և ստեղծվեցան»:
Այն փառաբանությունը, որ 24 երեցները բարձրացնում էին, գալիս էր նրանց այն հավատքից, որ Աստված արժանի է ստանալու ամբողջ փառքը, պատիվը և զորությունը, քանի որ Նա ստեղծեց ամեն բան, և ամեն բան գոյություն ունի Նրա շնորհիվ: