(Ծննդոց 15:1-21)«Այս բաներից հետո տեսիլքում Եհովայի խոսքը Աբրամին եղավ ասելով. Մի վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է: Եվ Աբրամն ասեց. Ով Տեր Եհովա, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է: Նաև ասեց Աբրամը, Որովհետև ինձ սերունդ չտվիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կլինի: Եվ ահա Եհովայի խոսքը եղավ դեպի նրան ասելով, Նա չի ժառանգի քեզ. Այլ նա որ քու մեջքիցը դուրս կգա, նա կլինի քո ժառանգը: Եվ նա դուրս հանեց նրան և ասեց. Դեպի երկինքը մտիկ արա, և աստղերը համրիր, եթե որ կարող ես նրանց համրել. և ասեց նրան. Այսպես կլինի քո սերունդը: Եվ նա հավատաց Եհովային, և նա նրա համար արդարություն համարեց այս: Եվ ասաց նրան. Ես եմ Եհովան, որ քեզ Քաղդեացոց Ուր քաղաքիցը հանեցի այս երկիրը քեզ տալու համար: Եվ նա ասեց. Ով Տեր Եհովա, ի՞նչով գիտենամ թե ես նրան կժառանգեմ: Եվ նա ասեց նրան. Ինձ համար մի երեք տարեկան երինջ, և մի երեք տարեկան այծ, և մի երեք տարեկան խոյ, և մի տատրակ, և մի աղավնու ձագ առ: Եվ նա այս բոլորն առավ նրա համար, և նրանց մեջտեղիցը կտրտեց, և ամեն մեկ կտորը մյուս կտորի դեմ ու դեմ դրավ. բայց թռչունները չկտրեց: Եվ կտրած դիերի վրա գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նրանց: Եվ երբ որ արևը մար էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն եկավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ: Եվ Եհովան ասեց Աբրամին. Ստույգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կլինի, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն: Բայց այն ազգն էլ, որին արդեն կծառայեն, ես կդատեմ. և նրանցից հետո մեծ ստացվածքով դուրս կգան: Եվ դու խաղաղությամբ քո հայրերի մոտ կգնաս. լավ ծերացած կթաղվիս: Եվ չորրորդ դարումը այստեղ կդառնան, որովհետև Ամորհացիների անօրենությունը դեռ կատարյալ չէ: Եվ եղավ երբ որ արևը մար մտավ, և խավար եղավ, ահա մի մեծ ծուխի հնոց և մի կրակի բոց այն կտորների մեջտեղովն անցավ: Այն օրը Եհովան Աբրամին հետ ուխտ դրավ ասելով, Քո սերունդին տվի այս երկիրը Եգիպտոսի գետիցը մինչև մեծ գետը այսինքն Եփրատ գետը. Կենեցիները, և Կենեզացիները, և Կեդմոնացիները, և Քետացիները, և Ռափայիմները, և Ամորհացիները, և Գերգեսացիները, և Հեբուսացիները»:
Աբրահամի հավատքն Աստծո Խոսքի հանդեպ
Ես խորապես հարգում եմ և հիանում Աբրահամի հավատքով, որը նկարագրված է Աստվածաշնչում: Երբ մենք նայում ենք Աբրահամի հավատքին, ապա մենք տեսնում ենք բոլոր փորձանքներն ու անհաջողությունները, որի միջով Նա ստիպված է եղել անցնել, որպեսզի հետևի Եհովայի Խոսքին, և դրա համար մենք չենք կարող չհիանալ այդ հավատքով: Աստված առատաձեռնորեն օրհնել էր Աբրահամին: Ծննդոց 12:3. «Եվ քեզ օրհնողներին կօրհնեմ և քեզ անիծողներին կանիծեմ. և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն»: Այս մեծ օրհնությունը նաև ներկայացված է Ծննդոց 15:1, որտեղ Աստված հայտարարեց Աբրահամին. «Ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է»: Աստված Աբրահամի հանդեպ յուրահատուկ սեր էր տածում, որի շնորհիվ Նա դարձավ Աստծո մարդը:
Այն բանից հետո, երբ Աստված Աբրահամին հանեց Քաղդեացիների Ուր քաղաքից, Նա Իրեն հայտնեց Աբրահամին և ասեց. «Ես քո վահանն եմ, քո վարձքը խիստ շատ է»: Երբ Աստված ասեց դա, Աբրահամը հարցրեց Նրան. «Դու ի՞նչ կտաս ինձ»: Աբրահամի այս խոսքերը անհավատության խոսքեր չէին, որը բխեց թերահավատ սրտից, թե Աստված ինչ կարող է տալ իրեն, այլ՝ ընդհակառակը, այն պարունակում էր Աբրահամի մաքուր սրտից բխող ցանկություն՝ Աստծուց ստանալ օրհնություններ: Ինչպիսի՞ն էր օրհնությունը, որն Աբրահամը ձգտում էր ստանալ Աստծուց: Մեզ համար դա պարզ է դառնում նրանից, ինչ Աբրահամն ասեց Աստծուն. «Ի՞նչ կտաս ինձ, ես անզավակ եմ, իմ տան վերակացուն՝ Եղիազարն է Դամասկոսից, ահա նա է իմ ժառանգը, որովհետև նա կդառնա իմ որդեգիր զավակը և կժառանգի այն ամենը, ինչ պատկանում է ինձ: Ի՞նչ կտաս Դու ինձ»: Մենք պետք է հասկանանք, թե որքան անկեղծ էր նա երազում սեփական զավակ ունենալու մասին: Նրանք, ովքեր գիտակցաբար որոշել են զավակներ չունենալ, դժվար թե կարեկցեն Աբրահամի այսպիսի անկեղծ ցանկությանը, սակայն նա անկեղծորեն երազում էր այն մասին, որպեսզի իր ժառանգը լիներ Իր սեփական զավակը:
Այնպես, ինչպես Աստված է տալիս Իր օրհնությունները Իր զավակներին, ովքեր ստեղծված են Իր պատկերով և նմանությամբ, ցանկանում են տալ իրենց երեխաներին լավագույնը: Դրա համար, երբ Աբրահամն ասեց Աստծուն. «Իմ ծառան կլինի իմ ժառանգը», մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես էր նա ցանկանում ստանալ օրհնություն Աստծուց և որպես ժառանգ ունենալ իր սեփական որդուն: Այնուհետև Աստված ասեց Աբրահամին. «Նա չի լինի քո ժառանգը: Նա, ով քո որովայնից դուրս կգա, նա կլինի քո ժառանգը: Նա ով դուրս կգա քո կնոջ որովայնից, նա կլինի քո ժառանգը և ոչ թե քո վերակացու Եղիազարը՝ Դամասկոսից»:
Աբրահամը նայեց աստղերին: Անհամար աստղեր և հրաշալի գալակտիկաներ, որոնք ցրված էին ամբողջ երկնքով մեկ: Երբ Աստված պատվիրեց նայել աստղերին և մտածել, կարող է նա հաշվել դրանք, Աբրահամը պատասխանեց, որ դրանք շատ են, որպեսզի հնարավոր լիներ հաշվել: Այդ ժամանակ Աստված խոստացավ Աբրահամին, որ Նա կտա իրեն այնքան ժառանգներ, որքան աստղեր որ կան երկնքում:
Աբրահամը հավատաց խոստումի խոսքին, որը նրան տվեց Տերը: Հենց այդպես Նա դարձավ հավատքի հայր, ճշմարտապես հավատալով Աստծո յուրաքանչյուր խոսքին: Դրա համար Աստված ասեց նրան. «Քո հավատքն արդար է: Դու իսկապես հավատում ես Իմ Խոսքին: Ես կօրհնեմ քեզ՝ տալով այնքան ժառանգներ, որքան որ աստղ կա երկնքում»:
Աբրահամի զոհաբերությունը և Աստծո՝ Քանանի երկիրը նրան տալու խոստումը
Աստված դուրս բերեց Աբրահամին Քաղդեացիների երկրից և խոստացավ նրան և նրա սերունդներին տալ Քանանի երկիրը: ի՞նչն էր հանդիսանում այն բանի վկայությունը, որ Աստված կկատարի Իր խոստումը: Այդպիսի վկայությունն էր Աստծո խոսքերը Աբրահամին. «Մատուցիր ինձ երեք տարեկան երինջ, երեք տարեկան այծ և երեք տարեկան խոյ, տատրակ և աղավնու ձագ: Նրանք կդառնան ուխտի վկաները, որը Ես կապում եմ քեզ հետ, որպեսզի քո սերունդներին տամ Քանանի երկիրը»: Սա ցույց է տալիս մեզ, որ Աբրահամի սերունդները զոհեր կմատուցեն Աստծուն, որպեսզի մաքրվեն իրենց մեղքերից: Եվ սա էր Աստծո խոստումը, որ այսպիսի հավատքով նրանք կմտնեն Քանանի երկիր:
Երբ Աբրահամը զոհեր մատուցեց, նա խոր քուն մտավ և Աստված հայտնվեց նրան և խոստացավ. «Ստույգ գիտենաս, որ քո սերունդը, մի երկրում, որն իրենցը չէ, պանդուխտ կլինի և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն: Բայց այն ազգն էլ, որին արդեն կծառայեն, ես կդատեմ. և նրանցից հետո մեծ ստացվածքով դուրս կգան: Եվ դու խաղաղությամբ քո հայրերի մոտ կգնաս. Լավ ծերացած կթաղվիս: Երբ չորրորդ դարում, այստեղ կդառնան, որովհետև Ամորհացիների անօրենությունը դեռ կատարյալ չէ» (Ծննդոց 15:13-16):
Այլ խոսքով, Տերը խոստացավ, որ Իսրայելի ժողովրդին կծաղկեցնի Եգիպտոսի երկրում և այնուհետև նրանց կտանի քանանացիների երկիրը: Եվ որպեսզի այս ամենն անի, Նա որոշեց, որ իսրայելացիները պետք է զոհեր մատուցեն խորանում, որը կմաքրի նրանց իրենց մեղքերից: Աստված, որպեսզի ցույց տա Աբրահամին, որ կկատարի Իր խոստումը, ուղարկեց ծուխն ու կրակը, կարծես հնոցից, որոնք անցան կտրատված զոհի միջով:
Այսպիսով, Աստծո տված խոստումը Աբրահամին և նրա սերունդներին, եկավ նրանց մեղքերը մաքրվելուց, որը մարմնավորվեց զոհաբերությամբ: Աստված նաև խոստացավ Աբրահամին. «Քո սերունդին տվի այս երկիրը Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը այսինքն Եփրատ գետը.Կենեցիները, և Կենեզացիները, և Կեդմոնացիները, և Քետացիները, և Փերեզացիները, և Ռափայիմները, և Ամորհացիները, և Քանանացիները և Գերգեսացիները և Յեբուսացիները»: Պատճառը, թե ինչու Աստված խոստացավ սա, կայանում է նրանում, որ ցույց տա, որ զոհաբերության միջոցով կլվա Աբրահամի և նրա սերունդների մեղքերը: Միջոցը, որով Աստված կատարեց Իր Խոսքը, որը խոստացել էր Աբրահամին, ներկայացված է Հին Կտակարանի ողջ պատմության մեջ:
Աստված Հովսեփին դարձրեց Եգիպտոսի վարչապետը և Հակոբի ողջ ընտանիքը բերեց Եգիպտոսի երկիր, որպեսզի բազմապատկի նրանց քանակը (Ծննդոց 41:37-45, 47): Սակայն, ժամանակի ընթացքում ուրիշ փարավոն եկավ, ով չգիտեր Հովսեփի արժանիքների և Եգիպտոսի ծաղկման մեջ նրա ունեցած ներդրման մասին, և նա սկսեց հետապնդել Իսրայելի ժողովրդին, ով այդ ժամանակ զարգանում էր այդ երկրում: Շուտով, նույնիսկ իսրայելացիներին քշեցին ստրկության և ստիպեցին աշխատել եգիպտացիների համար (Ելից 1:8-14): Նույնիսկ այդ ժամանակ, Իսրայելի ժողովուրդը բարգավաճում էր, և դրա համար փարավոնը ավելի խստացրեց առանց այն էլ դժվարին պայմանները, որի մեջ ապրում էր Իսրայելի ժողովուրդը: Միայն 400 տարի Եգիպտոսում տառապելուց հետո, Իսրայելի ժողովուրդը վերջապես սկսեց փնտրել իր փրկչին:
Մովսեսի միջոցով Աստված իսրայելացիներին դուրս բերեց Եգիպտոսից՝ ազատելով ստրկության կախվածությունից (Ելից 14:21-25): Իսրայելի ժողովրդի համար, ով փախնում էր Եգիպտոսի երկրից, Աստված սահմանեց խորանի զոհաբերության արարողությունը և Մովսեսի միջոցով փոխանցեց իսրայելացիներին: Աստված պատվիրեց նրանց մաքրվել իրենց մեղքերից՝ Իրեն մատուցված կենդանիների զոհաբերության միջոցով: Այս կերպ, Իսրայելի ժողովուրդը Աստծուց ստացավ Օրենքը (Ելից 20) և խորանի զոհաբերության արարողությունը (Ղեվտացիս 1-4): Շնորհիվ Օրենքի և խորանի զոհաբերության արարողության, իսրայելացիները իմացան զոհի մասին, որի միջոցով նրանց բոլոր մեղքերը կներվեն: Եվ Աստված բոլոր նրանց, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, դարձրեց Իր ժողովուրդը և օրհնեց Իսրայելին, որ դառնան թագավորական քահանայություն և Աստծո սուրբ ժողովուրդ (Ելից 19:6) :
Վերջում կարող ենք բացահայտել, որ ի շնորհիվ զոհաբերության, Աստված իսկապես կատարեց Աբրահամին տված խոստումն այն մասին, որ Նա կտա նրան այնքան սերունդ, որքան որ աստղ կա երկնքում և կտա նրան Քանանի երկիրը: Երբ իսրայելացիները լքեցին Եգիպտոսը, տղամարդկանց քանակը, ովքեր 20 տարեկանից ավագ են և կարող են պատերազմել, կազմում էին 600.000 մարդ: Աստված իսկապես ամենաճշգրիտ կերպով կատարեց Աբրահամին տված Իր խոստումը:
Աբրահամի հավատքին նայելով և այն բանին, թե ինչպես էր նա հավատում Աստծո խոստումի Խոսքին՝ Աստված ընդունեց նրա հավատքը: Աստված օրհնեց Աբրահամին իր հավատքի պատճառով: Այլ բառերով ասած, այն պատճառը, որի համար Աստված սիրեց և օրհնեց Աբրահամին, կայանում է նրանում, որ Նա հավատաց Աստծո Խոսքին: Աստված գոհ էր Աբրահամի հավատքից, քանի որ նա հավատաց Իր Խոսքին: Տերը ցանկանում էր, որպեսզի Աբրահամը դառնար Իսրայելի ժողովրդի նախահայրը և նրա սերունդների կողմից կատարված զոհաբերության միջոցով սահմաներ թլփատության ուխտը:
Մենք տեսնում ենք, որ Աբրահամի հավատքը ճանաչվեց Աստծո կողմից, քանի որ նա Աստծուն զոհեր էր մատուցում: Այդ հավատքը մեզ նույնպես թույլ տվեց ստանալ մեր բոլոր մեղքերի թողությունը, և դա ոչ թե մեր գործերով, այլև՝ Աստծո Խոսքի նկատմամբ ունեցած հավատքով: Աստված, որպես իր օրհնություն, պարգևեց Քանանի երկիրը նրանց, ովքեր ստացան հոգևոր թլփատություն, որն Աստծո Խոսքին նկատմամբ ունեցած հավատքով կատարված զոհաբերության միջոցով կտրում էր նրանց մեղքերը, ինչպես դա արեց Աբրահամը: Այսպիսով Աստված մեզանից ուզում է նույն հավատքը, որն ուներ Աբրահամը: Նա ցանկանում է, որ դուք և ես այսօր ստանանք մեղքերի թողությունը՝ մեր սրտերի մեջ հավատալով Նրա Խոսքին, ինչպես դա արեց Աբրահամը և այդպիսով ժառանգեց Երկնային Թագավորությունը: Հայր Աստվածը փոխանցեց բոլոր մեղքերը Հիսուս Քրիստոսին նրա մկրտության ժամանակ և բոլոր մարդկության համար Նրան դարձրեց «Աստծո Գառնուկը»: Աստված ցանկանում է, որ մենք նույնպես հավատանք այդ ճշմարտությանը, ինչպես դա արեց Աբրահամը: Նա ցանկանում է, որ այդպիսի հավատացյալներին հավիտյանս դարձնի Իր սեփական ժողովուրդը:
Աստված ցույց է տալիս մեզ, որ ինչպես Աբրահամը առատաձեռնորեն վարձատրվեց՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ, այսօր, դուք և ես, նույնպես կարող ենք ստանալ Աստծո օրհնությունները՝ ունենալով հավատք, որն ուներ Աբրահամը: Աստված կանչեց Մովսեսին բարձրանալու Սինա սարը, տվեց նրան Օրենքը և զոհաբերության արարողությունը և օրհնեց նրանց դառնալու Իր ժողովուրդը, նրանց, ովքեր հավատում են Իր Խոսքին:
Աստված մեր մեղքերը ներելու միջոցով մեզ դարձրեց Իր ժողովուրդը՝ մարմնավորելով խորանը, անկախ նրանից, որ մենք ի վիճակի չենք կատարելու Իր օրենքները: Շնորհիվ ճշմարտության հանդեպ մեր հավատքի, որը բացվում է խորանի միջոցով, Աստված թույլ տվեց մեզ ստանալ Իր հավիտենական օրհնությունները: Եվ քանի որ դա այդպես է, ապա մենք բոլորս պետք է դառնանք Աստծո ժողովուրդ՝ հավատալով այդ ճշմարտությանը, որը բացվում է մեզ խորանի մեջ: Միայն այդ ժամանակ, երբ մենք ամբողջ սրտով կհավատանք այն բանին, որ Աստված ցույց տվեց մեզ Հիսուս Քրիստոսին և խորանի միջոցով տվեց մեզ փրկություն, մենք կարող ենք ձեռք բերել Նրա անվերջանալի շնորհքը:
Ինչպես Աբրահամն էր հավատում Աստծո Խոսքին, այնպես էլ մենք պետք է հավատանք Աստծուն՝ հիմնվելով Նրա Խոսքի վրա
Աբրահամը օրհնությունը չստացավ, որովհետև բարի գործեր էր կատարում, այլ՝ որովհետև հավատում էր Աստծո Խոսքին: Օրենքի միջոցով Աստված ճանաչեցրեց մեզ մեր մեղքերը, իսկ խորանի զոհաբերության արարողության միջոցով թույլ տվեց մեզ ստանալ մեղքերի ներում՝ փոխանցելով դրանք զոհաբերության անարատ կենդանուն և նրա արյունը տվեց Աստծուն: Այսպիսով, Հիսուս Քրիստոսը գալով աշխարհ՝ Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և կրեց դրանց պատիժը մեր փոխարեն, Նա ընդունեց մահը խաչի վրա և ներեց մեզ մեր բոլոր մեղքերը՝ հարություն առնելով մեռելներից: Մեր բոլոր մեղքերը կարող են ներվել և միայն այս ճշմարտությանը հավատալով՝ մենք կարող ենք դառնալ Աստծո զավակներ: Աստվածաշունչն ասում է մեզ, որ միայն նրանք, ովքեր իրենց ամբողջ սրտով հավատում են այս ճշմարտությանը, կարող են ստանալ Աստծո օրհնությունները: Հավատալով Աստծո Խոսքին՝ մենք պետք է փրկության Խոսքը դարձնենք ամենաթանկ օրհնությունն այս աշխարհում, դարձնենք մեր սեփական օրհնությունը:
Ինչո՞ւ Աբրահամը Աստծուց ստացավ առատ օրհնություններ: Նա ստացավ օրհնություններ, որովհետև հավատաց նրան, ինչ Աստված իրեն ասեց: Նույնիսկ այսօր, եթե մենք հավատում ենք Աստծո Խոսքին, որը գրված է Աստվածաշնչում, մենք կարող ենք ունենալ այդպիսի հավատք, ինչպիսին Աբրահամինն էր և ստանալ բազմաթիվ ուրիշ երկնային օրհնություններ: Դա այնքան էլ բարդ չէ անել: Եթե մենք ուզում ենք ունենալ վկայություն, որը ցույց է տալիս, որ մենք Աստծո ժողովուրդն ենք, մենք չպետք է փորձենք սիրաշահել Աստծուն մեր բարեպաշտ գործերով, այլ՝ պետք է մեր ամբողջ սրտով հավատանք Նրա Խոսքին:
Աստված խոստացավ Աբրահամին, որ նրա սերունդներին կտա Քանանի երկիրը: Մենք, բոլորս այսօր պետք է հավատանք, որ Հիսուսի չորս գործերը, որի մասին մարգարեացան խորանի կահավորանքները կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերը և ոստայնագործ քաթանը, փրկեցին մեզ մեղքից: Եվ հավատալով այս կերպ, մենք պետք է ստանանք մեղքերի թողություն, դառնանք Աստծո զավակներ և ժառանգենք Երկնային Թագավորությունը:
Մենք պետք է բացարձակապես հավատանք Նրա Խոսքին, որովհետև Աստծո ոչ մի Խոսքը զուր չի ասված, և որովհետև Նրա Խոսքը հանդիսանում է ճշմարտություն և շատ կարևոր է մեր հավատքի համար: Մենք պետք է հաստատապես գիտենանք Նրա ջրի և Հոգու Խոսքը և անխոս հավատանք դրան: Իչո՞ւ, որովհետև դա բացարձակ ճշմարտություն է: Իսկ հիմա, դուք հավատու՞մ եք: Եթե դուք ձեր սրտով հավատում եք այս ճշմարտությանը և ձեր շուրթերով դավանում եք այն, ապա դուք էլ կճանաչվեք Աստծո կողմից: «Որովհետև, սրտով հավատում են արդարության համար և շուրթերով դավանում՝ փրկության համար» (Հռոմեացիս 10:10): Ահա, թե ինչու է կարևոր հավատքը: Եվ ծայրաստիճան կարևոր ամբողջ սրտով հավատալ Աստծո Խոսքին: Այն, ինչ մեզ համար բացարձակապես անհրաժեշտ է, ապա հավատալ ոչ թե նրան, ինչ ասում են մարդիկ, այլ՝ հավատալ Աստծո գրված Խոսքին և այն, ինչ ավելի կարևոր է, դա Խոսքին հավատալն է ոչ թե մեր սեփական հասկացողությամբ կամ զգացմունքներով, այլև մեր ամբողջ և անկեղծ սրտով: Ահա, թե ինչու Աստծո ծառաները և նրանք, ովքեր փրկվեցին նախօրոք, քարոզում են Աստծո Խոսքը, այնպիսին, ինչպիսին այն կա:
Թլփատության նշանով Աստված Իր ուխտն հաստատեց Աբրահամի և նրա սերունդների հետ և նրանց տվեց խորանի զոհաբերության ծեսը, որպեսզի նրանք կարողանային հավատալ Հիսուս Քրիստոսին՝ Մեսիային, ով գալու էր: Նա ցանկանում էր, որ նրանք հավատային, որ Նա ներել է իրենց բոլոր մեղքերը Իր մկրտությամբ և Խաչի վրա թափած Իր արյունով, և որպեսզի այդ հավատքով կարողանային մտնել Աստծո Թագավորությունը:
Ես հավատում եմ Աստծո ուխտի Խոսքին: Ոչ միայն Աբրահամը Աստծո Խոսքի հավատքով օրհնվեց, այլև մենք բոլորս նույնպես կարող ենք ստանալ օրհնություն՝ հավատալով Աստծո Խոսքին: Ես հավատում եմ, որ Աստված կառուցեց խորանը, որպեսզի փրկի մեզ մեր բոլոր մեղքերից: Ահա, թե ինչու Աստված այս բոլոր ժամանակ տանում էր Աբրահամի սերունդներին Սինա սարի մոտ և այնտեղ տվեց նրանց Օրենքը և խորանի զոհաբերության ծեսը: Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ այս ճշմարտությունը հանդիսանում է Աստծո նախախնամությունը: