(Մաթևոս 3:13-17)«Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրիցը. և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնիի պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»:
Հովհաննես Մկրտչի Մկրտությունը
Ի՞նչ է ապաշխարությունը
Ետ դառնալ մեղավոր կյանքից և փրկվելու համար հավատալ Հիսուսին
Աշխարհում շատ մարդիկ չգիտեն, թե ինչու Հիսուսը եկավ աշխարհ և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Դրա համար եկեք խոսենք Հիսուսի մկրտության և Նրան մկրտող Հովհաննես Մկրտչի նպատակի մասին:
Նախ խոսենք այն մասին, թե ինչու էր Հովհաննես Մկրտիչը մկրտում մարդկանց Հորդանան գետում: Սրա մասին խոսվում է Մաթևոս 3:1-12 հատվածում, Հովհաննես Մկրտիչը մկրտում էր մարդկանց, որ նրանց վերադարձներ իրենց մեղքերից դեպի Աստված:
«Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար» (համար 11), իսկ «Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արեք Տիրոջ ճանապար, ուղիղ արեք նրա շավիղները» (համար 3): Հովհաննես Մկրտիչը, որ հագնում էր ուխտի մազից հագուստ և մարախ ու վայրի մեղր էր ուտում, կանչում էր անապատում և քարոզում մեղքերի թողության ապաշխարություն:
Նա կանչում էր բարձրաձայն. «Ապաշխարեցեք, մարդկության Փրկիչը գալիս է, ճանապարհ պատրաստեցեք Նրա համար, ուղիղ արեք Նրա փրկության շավիղները: Դադարեք հեթանոսների աստվածներին հավատալուց և Աստծուն ընդունեք ձեր սրտում»:
Վերադառնալ ինչի՞ց: Կուռքերին պաշտելուց և մեղավոր կյանքի չար գործերից: Ուրեմն ի՞նչ պետք է անենք: Պետք է մկրտվենք Հիսուսով, որպեսզի սրբանանք: Հովհաննես Մկրտիչն ասում էր. «Մկրտվեք և լվացեք ձեր մեղքերը: Փրկիչը` ձեր Մեսիան, գալիս է: Նա վերցնելու է ձեր բոլոր մեղքերը որպես Հին Կտակարանի զոհաբերվող գառ և դուք բոլորովին կազատվեք դրանցից»:
Հին Կտակարանում օրվա մեղքերը փոխանցվում էին մեղքի պատարագին ձեռքերը գլխին դնելու միջոցով: Իսրայելացիների տարվա մեղքերը նույնպես փոխանցվում էին զոհաբերվող նոխազին բարձրյալ քահանայի միջոցով Քավության Օրը, այսինքն ամեն տարվա յոթներորդ ամսի տասներորդ օրը (Ղևտացիների 16:29-31):
Նմանապես, մարդկության մեղքերը պետք է փոխանցվեին Հիսուսին Նրա մկրտության միջոցով, որպեսզի դրանք բոլորովին ջնջվեին: Եվ Հովհաննեսը համոզում էր մարդկանց վերադառնալ Հիսուսին և մկրտվել:
Հովհաննես Մկրտչի կողմից կատարվող մկրտության առաջնային կարևորությունը ապաշխարությունն էր, որը Իսրայելի ժողովրդին վերադարձնում էր դեպի Հիսուսը, որը գալու էր ավելի ուշ: Ապաշխարություն նշանակում է ետ դառնալ մեղավոր կյանքից և մեղքերից ազատվելու համար հավատալ Մեսիային:
Իսրայել ժողովուրդը կարող էր փրկվել Մեսիայի հույսով, որը գալու էր իրենց մեղքերը ջնջելու համար: Նմանապես մենք փրկվում ենք Հիսուսին հավատալու միջոցով, որն եկավ 2000 տարի առաջ և ջնջեց աշխարհի բոլոր մեղքերը: Բայց Հին Կտակարանում իսրայելացիները խախտեցին Աստծո օրենքը և մատուցեցին սխալ զոհաբերություններ` մոռանալով Մեսիային:
Հովհաննես Մկրտիչը մարդկանց Աստծո օրենքի և Մեսիայի մասին հիշեցնելու համար նրանց մկրտում էր, և ի վերջո Հորդանան գետում մկրտեց նաև Հիսուսին:
Շատ մարդիկ գալիս էին Հովհաննեսի մոտ և մկրտվում, նրանք ապաշխարում էին իրենց կատարած կռապաշտության և Աստծո օրենքը խախտելու համար: Կար երեք անհրաժեշտ պայման օրինական զոհաբերության համար` կենդանի այծ կամ ցուլ, ձեռքերը գլխին դնելը և կենդանու արյունը: Աշխարհի բոլոր մարդիկ կարող են փրկվել Հիսուսին հավատալու միջոցով:
Երբ փարիսեցիները և սադուկեցիներն եկան մկրտվելու, Հովհաննեսն ասեց նրանց. «Իժի զավակներ, ո՞վ ցույց տվեց ձեզ փախչել այն գալիք բարկությունիցը: Արդ ապաշխարության արժանի պտուղ արեք: Եվ մի կարծեք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. որովհետև ասում եմ ձեզ, թե Աստված կարող է այս քարերից էլ որդիներ հարուցանել Աբրահամի համար» (Մաթևոս 3:7-9):
Այս փարիսեցիները և սադուկեցիները, քաղաքական գործիչների և կռապաշտների խմբերը, կարծում էին, որ իրենք Աստծո զավակներ են, չնայած որ չէին հավատում Աստծո Խոսքին:
Երբ նրանք եկան Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու, նա ասեց նրանց. «Դուք այլևս չպետք է սխալ զոհաբերություններ մատուցեք, այլ պետք է ետ դառնաք մեղքից և հավատաք, որ Մեսիան գալու է և ջնջելու ձեր մեղքերը: Հավատացեք սրան»:
Ապաշխարել, նշանակում է ետ դառնալ սխալ ճանապարհից: Ճշմարիտ ապաշխարությունը, դա մեղքից և կեղծ հավատալիքներից ետ դառնալն է դեպի Հիսուսը: Պետք է հավատալ Նրա մկրտության և Դատաստանի փրկությանը:
Հետևաբար Հովհաննես Մկրտիչն ասում էր մարդկանց, որոնք խախտել էին Աստծո օրենքը և զոհաբերության համակարգը, վերադառնալ Աստծուն և փրկվել: Հովհաննես Մկրտչի դերն էր վերադարձնել մարդկանց դեպի Հիսուսը, որպեսզի նրանք հավատան Նրան և ազատվեն իրենց մեղքերից:
Հավատո՞ւմ եք Հիսուսի Մկրտության Միջոցով Փրկությանը
Ի՞նչ պետք է անեն մարդիկ
Նրանք պետք է հավատան Հիսուսին, որ փրկվեն
Առաջին բանը, որ Հիսուսն արեց Իր հասարակական ծառայության մեջ, Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, և աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան:
Դրա համար Հիսուսի մկրտությունը հանդիսացավ Աստծո փրկության սկիզբը, ինչպես նաև Հիսուսի արդարության քայլը, որը մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը: Աստված փրկում է բոլոր նրանց, ովքեր հավատում են այն ճշմարտությանը, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց բոլորի մեղքերը:
Երբ Հիսուսն եկավ աշխարհ և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, սկիզբ դրեց երկնային թագավորությանը: Երկնքի դարպասները բացվեցին Նրա մկրտության շնորհիվ և ինչպես նկարագրված է Մաթևոս 3:15 -ում, այն բոլորովին նույն զոհաբերությունն էր, ինչը նկարագրված էր Հին Կտակարանի Ղևտացիների 1:1-5, 4:27-31:
Ամեն բան Հին Կտակարանում ունի իր նմանությունը Նոր Կտակարանում և հակառակը: «Որոնեցեք Տիրոջ գրքումը և կարդացեք, սրանցից մեկ հատը չի պակասիլ. մեկի մոտ իր ընկերը պակաս չի լինիլ» (Եսայիա 34:16):
Հին և Նոր Կտակարանները Խոսում են Համայն Մարդկության Մեղքերի Քավության Մասին
Մի՞թե պետք է ամեն օր ապաշխարենք
Ոչ: Ճշմարիտ ապաշխարությունը դա ընդունելն է սեփական մեղքերը և վերադառնալ Հիսուսի մկրտությանը և փրկվել
Հին Կտակարանում օրվա մեղքերը փոխանցվում էին մեղքի պատարագին ձեռքերը դնելու միջոցով: Զոհաբերվող կենդանու արյունը թափում էին և այն կրում էր դատապատիժը մեղավորի փոխարեն: Ամբողջ տարվա մեղքերը նույնպես փոխանցվում էին մեղքի պատարագին ձեռքերը դնելու միջոցով, և բոլոր ժողովրդի այդ տարին գործած մեղքերը ներվում էին:
Նոր Կտակարանում, բոլորովին նույն կերպ, Հիսուս Քրիստոսն եկավ և մկրտվեց Հորդանանում, որ վերցներ մարդկության մեղքերը: Դրանով իրականացավ Աստծո խոսքը, որ մարգարեացել էին Հին Կտակարանում:
Հովհաննես Մկրտիչը, որը մկրտեց Հիսուսին, Աստծո ծառան էր և ուղարկվել էր Հիսուսից 6 ամիս շուտ: Նա վկայում էր, որ Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Հովհաննու 1:29. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»:
Հովհաննես Մկրտիչը մարդկության ամբողջ մեղքը փոխանցեց Հիսուսին` մկրտելով Նրան Հորդանան գետում: Այս կերպ Աստված քավեց բոլորի մեղքերը: Մեզ մնում է միայն հավատալ:
Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին: Հիսուսի աշակերտներն ասեցին. «Ուրեմն զղջացեք և ետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվին» (Գործք Առաքելոց 3:19):
Նրանք համոզում էին մեզ, որ հասկանանք, թե ինչու Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին, ինչու էր մարդկանց ասում հետևել Նրան: Նա ասում էր. «Ապաշխարեցեք և դարձի եկեք: Հավատացեք Հիսուսի մկրտության փրկությանը: Մաքրվեք ձեր մեղքերից»:
Մեսիան եկավ և Իր մկրտությամբ մեկընդմիշտ մաքրեց մեր բոլոր մեղքերը: Այսպիսով աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին: Եվ իրականացավ Աստծո Ուխտը, ինչպես գրված է Մաթևոս 3:13-17:
«Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրիցը. և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնիի պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»:
Աստծո փրկությունն իրականացնելու համար Հիսուսն եկավ Հովհաննեսի մոտ մկրտվելու: Հովհաննես Մկրտիչն Աստծո հատուկ ծառան էր: Ղուկասի ավետարանի առաջին գլուխն ասում է, որ Հովհաննեսն առաջին բարձրյալ քահանայի` Ահարոնի, սերնդից էր: Աստված ընտրեց Հովհաննեսին, Ահարոնի ժառանգին, որովհետև մարդկության ներկայացուցիչը պետք է իրականացներ ամեն արդարությունը:
Եվ Աստված Հովհաննեսին լույս աշխարհ բերեց բարձրյալ քահանայի ընտանիքում: Հովհաննես Մկրտիչը ճանապարհ պատրաստեց Հիսուսի համար. «Ապաշխարեցեք, իժի զավակներ: Ապաշխարեցեք ու դարձի եկեք: Մեսիան գալու է: Դարձի եկեք դեպի Հիսուսը, հակառակ դեպքում կգնաք դժոխք: Հավատացեք Նրա մկրտությանը և Նրա արյանը: Ապաշխարեցեք և մկրտվեք, որպեսզի փրկվեք»:
Փրկության ավետարանը նկարագրված է Գործք Առաքելոց 3:19 -ում: Երբ Հովհաննես Մկրտիչն անապատում խոսում էր մարդկային մեղքերի մասին, շատերն էին ապաշխարում:
Քանի որ Հովհաննես Մկրտիչը փոխանցեց աշխարհի մեղքերն Հիսուսին, այդ բոլոր մեղքերը միանգամից մաքրվեցին: Հասկանում ենք, որ կարող ենք փրկվել հավատալով ջրի և արյան փրկության ավետարանին, քանի որ Հովհաննես Մկրտիչն էր վկայում, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերը:
Ինչու Պետք է Հովհաննես Մկրտիչը Գար Հիսուսից Առաջ
Ո՞րն է «այսպես»-ի իմաստը
① Ամենահարմար
② ամենաճիշտ
③ ամենաանհրաժեշտ եղանակով
(չկա այլ եղանակ)
Որոնց մեղքերը, որ մաքրվել են Հիսուսին հավատալու միջոցով, կարող են հստակորեն ասել, որ փրկված են` հիմք ընդունելով Մաթևոսի ավետարանը: Մաթևոս 3:15-16, Հիսուսն եկավ Հովհաննեսի մոտ և ասեց. «Մկրտիր ինձ»: Հովհաննեսը պատասխանում է. «Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս»:
Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին` նախօրոք ճանաչելով Նրան: Հովհաննեսն Աստծո ծառան էր, որն ուղարկված էր աշխարհի մեղքերն Հիսուսին փոխանցելու: Քանի որ Հիսուսն եկավ որպես Փրկիչ իրականացնելու Հին Կտարակարանի մարգարեությունը, պատվիրեց Հովհաննես Մկրտչին մկրտել Իրեն, որպեսզի վերցներ աշխարհի մեղքերը:
Ինչո՞ւ: Որովհետև Հիսուսն Ամենակարող Աստծո, Որդին է, Փրկիչը: Նա եկավ, որ վերցնի մեր բոլոր մեղքերը: Եվ մեզ փրկելու համար Նա պետք է մկրտվեր Հովհաննեսի կողմից:
«Այսպես» Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և մաքրեց մեր բոլոր մեղքերը: Նա դատապարտվեց Խաչի վրա մեր փոխարեն: Հիսուսի մկրտությունը մեր փրկության վկայությունն է: Ինչպես որ Աստված խոստացել էր Հին Կտակարանում, որ բոլոր մեղքերը փոխանցվելու են զոհաբերվող գառին, այնպես էլ Աստծո Որդին դարձավ այդ խոստացված Գառը և Իր վրա վերցրեց մեր մեղքերը:
Եվ ուրեմն ձեռքերը կենդանու գլխին դնելը Հին Կտակարանում և Հիսուսի մկրտությունը Նոր Կտակարանում հանդիսանում էին մեղքերը փոխանցելու միջոց, իսկ ովքեր հավատում էին ջրի և Հոգու ավետարանին, հավիտենական կյանք ու փրկություն էին ստանում:
Հիսուսի Մկրտությունը Մաքրեց Մեր Բոլոր մեղքերը
Ինչպե՞ս կարող ենք հագնել Հիսուսին
Մկրտվելով Քրիստոսով
Երբ Հիսուսն ուզեց մկրտվել, Հովհաննես Մկրտիչը փորձեց կանխել Նրան. «Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս»:
Բայց Հիսուսը պատասխանեց. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Թույլ տուր, որ հիմա այդպես լինի: Թույլ տուր: «Դու պետք է համայն մարդկության մեղքերը փոխանցես Ինձ, որպեսզի ես կարողանամ դեպի Ինձ բերել բոլոր նրանց, ովքեր հավատում են փրկության ավետարանին: Ապա Ես կրելու եմ այդ մեղքերի դատապարտությունը, որպեսզի բոլոր Իմ մկրտությանը հավատացողներն ազատվեն իրենց բոլոր մեղքերից: Ինձ փոխանցիր աշխարհի մեղքերը մկրտության միջոցով, որպեսզի բոլոր հավատացողները միանգամից ազատվեն իրենց մեղքերից: Դրա համար թույլ տուր հիմա, որ այդպես լինի»:
Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որը Աստծո փրկության արդարության օրենքին համեմատ էր: Հավատալով Հիսուսին բոլորս կարող ենք մեկընդմիշտ փրկվել, քանի որ բոլոր մեղքերը փոխանցվել են Նրան Իր մկրտության ժամանակ: Նա Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը ձեռքերը գլխին դնելու միջոցով, մահացավ Խաչի վրա մեր փոխարեն և հիմա նստած է Աստծո աջ կողմը, և մենք կարող ենք փրկվել` հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Նա Հիսուսն է, որ փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Մենք կարող ենք փրկվել` հավատալով Հիսուսի փրկությանը, և որ Նա Խաչի վրա կրեց այդ մեղքերի դատապատիժը: Հիսուսի մկրտությունը փրկության ավետարանի սկիզբն էր:
Փրկության մկրտությունը հաճախ է նշված Աստվածաշնչում, Պողոս առաքյալը նույնպես խոսում էր այս մասին Գաղատացիների թղթում, որ ինքը խաչվել է Քրիստոսի հետ, որովհետև մկրտվել է Քրիստոսով և հագել է Քրիստոսին: Պողոս առաքյալն իր փրկության մասին խոսում է` նշելով Հիսուսի մկրտությունը և մահը Խաչի վրա:
«Թույլ Տուր Հիմա»
Ո՞րն էր Հովհաննես Մկրտչի դերը
Նրա դերը աշխարհի բոլոր մեղքերը Հիսուսին փոխանցելն էր որպես բարձրյալ քահանա
Հիսուսն ասեց. «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Ամեն արդարությունը նշանակում է քավել բոլոր մեղքերը Նրա մկրտության միջոցով և ազատել բոլորին իրենց սրտի մեղքերից: «Այն ժամանակ թույլ տվավ նրան»: Հիսուսը մկրտվեց Հորդանանում:
Ինչպես որ բարձրյալ քահանան իր ձեռքերը դնում էր նոխազի գլխին, այնպես էլ Հովհաննես Մկրտիչն իր ձեռքերը դրեց Հիսուսի գլխին և Նրան փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերը: Հովհաննես Մկրտիչը բարձրյալ քահանա էր, որի հանձնարարությունն էր որպես մարդկության ներկայացուցիչ, աշխարհի բոլոր մեղքերը փոխանցել Հիսուսին: «Տեր Աստված, ես աշխարհի բոլոր մեղքերը փոխանցում եմ Քո Գառի գլխին, Հիսուսին»: Այսպես ամբողջ մարդկության մեղքերը փոխանցվեցին Հիսուսին:
Հովհաննես Մկրտիչն իր ձեռքերը դրեց Հիսուսի գլխին, Նրան ընկղմեց ջրի մեջ և երբ Նա դուրս եկավ ջրից, իր ձեռքերը հանեց Նրա գլխից: Հիսուսի մկրտությունը արդարացրեց մեղավորներին: Այսպիսով Հիսուսը փրկում է բոլոր նրանց, ովքեր հավատում են Իր մկրտությանը:
Երկինքը Բացվեց և Ձայն Լսվեց Երկնքից
Ե՞րբ բացվեց երկնքի թագավորությունը
Հովհաննես Մկրտչի օրերից (Մաթևոս 11:12)
«Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրիցը. և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին որ վայր էր իջնում աղավնիի պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի» (Մաթևոս 3:16-17):
Երբ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, երկինքը բացվեց Նրա համար: Այսպիսով իրականացավ Աստծո Ուխտը, որը կատարվել էր հազարավոր տարիներ առաջ:
Այսպես Հիսուսը` Աստծո Գառը, փրկեց աշխարհի բոլոր մարդկանց իրենց մեղքերից: Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, որով իրականացավ Աստծո կամքը:
Հովհաննու 1:29. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Եվ քանի որ բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, Նա գնաց դեպի Գողգոթայի Խաչը: Աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ վերցնելուց հետո, Նա շրջեց շատ վայրեր և ամենուր պատմեց, որ Իրեն հավատացողների մեղքերը ներվում են:
Հովհաննու 8:11, շնության մեջ բռնված կնոջն ասեց. «Ես էլ չեմ քեզ դատապարտում»: Նա չմեղադրեց այդ կնոջը, որովհետև մեկը, որ դատապարտվելու էր, դա Ինքն էր, որ վերցրել էր աշխարհի մեղքը: Դրա համար բոլորին ասում էր, որ Ինքը Փրկիչն է:
Քանի որ Աստծո Որդին վերցրեց աշխարհի մեղքերը, ամեն հավատացող կարող է փրկվել իր մեղքերից: Երկինքը բացվեց Իր մկրտության ժամանակ: Երկնքի թագավորության դարպասները բացվեցին և Հիսուսի մկրտությանը հավատացողները ազատորեն կարող են մտնել այդ դարպասներից ներս:
Աշխարհի Մեղքերն Իր Մկրտությամբ Վերցնելուց Հետո Հիսուսը Խաչվեց
Ինչպե՞ս Հիսուսը ջախջախեց սատանայի գլուխը
Մեր բոլոր մեղքերի համար դատապարտվելուց հետո հարություն առնելով
Քանի որ բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, Նա պետք է կրեր դատապարտությունը Խաչի վրա: Նա վշտացավ, երբ մտածեց այդ ամբողջ չարչարանքի մասին, որ կրելու էր Խաչի վրա: Նա աղոթեց այնքան, մինչ քրտինքը դարձավ արյան կաթիլներ: Երբ Իր աշակերտների հետ Նա գնաց Գեթսեման կոչվող պարտեզը, դառը լաց եղավ. «Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի» (Մաթևոս 26:39): «Ես մկրտվեցի և Իմ վրա վերցրեցի աշխարհի բոլոր մեղքը, բայց թող որ չմահանամ դրա համար»: Բայց Աստված չպատասխանեց:
Քավության Օրը Հին Կտակարանում մեղքի պատարագը մորթվում էր, որպեսզի դրա արյունը քսեին Սրբության Սրբոցի քավության առջևը և կողքերը: Նմանապես Հիսուսը պետք է զոհաբերվեր, և Աստված որոշեց, որ Հիսուսի խաչելությունը միակ ճշմարիտ քավությունն է:
Զոհասեղանն Աստծո դատաստանն է, իսկ մեղքի պատարագի արյունը` կյանք: Քավության առջև յոթ անգամ արյուն քսելը նշանակում էր, որ ամբողջ դատաստանը փոխանցվել է կենդանուն (Ղևտացիների 16:1-22):
Հիսուսն աղոթեց, որ եթե կարելի է այդ բաժակն անցնի Իրենից: Բայց Հայրը թույլ չտվեց, և Հիսուսն ասեց. «Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մաթևոս 26:39): Նա աղոթեց, որ Աստված անի, ինչպես գտնում է ճիշտ: Նա ավարտեց աղոթքը և հետևեց Հոր կամքին:
Հիսուսը հրաժարվեց Իր կամքից և հնազանդվեց Հոր կամքին: Ինչո՞ւ: Որովհետև, եթե մեղքերն Իր վրա վերցնելուց հետո չդատապարտվեր, փրկությունը չէր լինի կատարյալ: Նա խաչվեց, որովհետև վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով: «Որովհետև մեղքի վարձքը մահն է» (Հռոմեացիս 6:23):
Աստված իրականացրեց Ուխտը, որով խոստացել էր մարդկության փրկության համար ուղարկել Փրկչին: Հիսուսը հնազանդվեց Աստծո կամքին և մեր փոխարեն ընդունեց մեղքի դատապարտությունը:
Նա նաև Ծննդոց 3:15 -ի մարգարեական իրականացումն է. «Եվ ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերունդի և նրա սերունդի մեջտեղը. նա քո գլուխը ջախջախե, և դու նրա գարշապարը խայթես»: Աստված խոստացավ Ադամին ուղարկել Մեսիային, Եվայի սերնդից, որը հաղթելու էր սատանայի զորությանը:
Երբ մենք իմանում ենք և հավատում Հիսուսի մկրտությանը և Խաչի մահին, մեր բոլոր մեղքերը մաքրվում են, իսկ մենք ազատվում մեղքի դատաստանից:
Մենք պետք է ունենանք առողջ հավատք, երբ կենտրոնանում ենք Հիսուսի մկրտության և Խաչի մահի վրա: Հավատացեք ձեր սրտում և փրկվեք:
Հիսուսի Մկրտությունը Երկնային Ավետարանի Սկիզբն է
à՞րն էր Տիրոջ վերջին պատվիրանը, նախքան Նա կհամբարձվեր երկինք
Նա պատվիրեց աշակերտներ պատրաստել ամբողջ աշխարհով մեկ` մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով
Հիսուսի մկրտությունն ավետարանի սկիզբն էր, և Նա փրկեց բոլոր մեղավորներին Իր մկրտության և արյան միջոցով: Մաթևոս 28:19. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը»: Հիսուսն ասեց իր աշակերտներին վկայել, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին փրկել են բոլորին:
Հիսուսն Իր աշակերտներին զորություն տվեց, որ նրանք աշակերտներ պատրաստեն բոլոր ազգերից, սովորեցնեն նրանց Իր մկրտության մասին, այսինքն փրկության մկրտության, մի մկրտության, որը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը:
Մոտ 2000 տարի առաջ Հիսուսն աշխարհ եկավ մարդկային մարմնով և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Հիսուսի մկրտությամբ աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան:
Որքա՞ն մեղքեր փոխանցվեցին Նրան: Իսկ վաղվա մեղքերը՞: Նա ասում է, որ նույնիսկ մեր ապագա մեղքերը փոխանցվեցին Նրան: Մեր երեխաների մեղքերը, մեր բոլոր սերունդների, թե անցյալ, թե ներկա, և թե ապագա, բոլորը փոխանցվեց Հիսուսին:
Ինչպե՞ս կարող է լինել, որ մարդն ընդհանրապես մեղք չունենա: Հնարավոր է, որովհետև Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը և աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, և բոլոր հավատացյալները կարող են ազատվել իրենց մեղքերից` ստանալով հավիտենական կյանք երկնքում:
«Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը, որ նրա գործերը հայտնվին, որ Աստծով գործվեցան» (Հովհաննու 3:21):
Հիսուսն Իր մկրտության, արյան, մահի և հարության միջոցով մաքրեց մեր բոլոր մեղքերը: Դրա համար հավատալով Նրա մկրտությանը և Նրա մահին` կարելի է փրկվել: Սա է փրկության ավետարանը:
Երբ հավատում ենք Քրիստոսի մկրտությանը և արյանը, փրկվում ենք: Երբ հավատում ենք Հիսուսին, արդարանում ենք Աստծո առաջ: Եվ մի՞թե բոլորովին մաքրվում ենք մեր մեղքերից: Այո, մենք բոլորովին մաքրվում ենք մեր մեղքերից: Հիսուսի մկրտությանը և Խաչի դատաստանին հավատալը նշանակում է ունենալ ճշմարիտ և անհրաժեշտ հավատք:
Մկրտել և Մկրտվել Հիսուսի Անունով
Ո՞րն է երկնային ավետարանի սկիզբը
Հիսուսի մկրտությունը
Քանի որ մարդը կատարյալ չէ, եկեղեցու առաջնորդները մկրտում են այն անձանց, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և արյանը, որ հաստատվի նրանց հավատքը: Վերստին ծնվածը հաստատվում է իր փրկության մեջ` մկրտվելով այնպես, ինչպես Հիսուսն էր մկրտվել, որը հանդիսանում է նրանց հավատքի երաշխիքը:
Եկեղեցու առաջնորդը նախ աղոթում է և իր ձեռքերը դնում վերստին ծնվածի գլխին` խնդրելով Աստծուց օրհնություն, որ այդ անձը մինչև իր կյանքի վերջին օրը նվիրված պաշտի Աստծուն: Հետո նա մկրտում է այդ մարդուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:
Մենք մկրտվում ենք Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալով: Այս մկրտությունը ցույց է տալիս, որ բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, որ մկրտվողը մահանում է Հիսուսի հետ և հարություն է առնում Նրա հետ:
Մկրտվելով հռչակվում է անձի հավատքը նրանում, որ իր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով, կրել են դատապարտությունը Հիսուսի հետ և հարություն են առնելու Հիսուսի հետ: Սա նշանակում է հռչակել հավատքը Հոր, Որդու, Սուրբ Հոգու, սատանայի և եղբայրների ու քույրերի առջև: Սա խոստովանություն է, որ տվյալ անձը վերստին ծնվել է ջրից և Հոգուց:
Ովքեր հավատում են Հիսուսին` գիտենալով Նրա մկրտության և արյան իմաստը, փրկվում են աշխարհի բոլոր մեղքերից: Դրա համար նրանք մկրտվում են Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:
«Հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ» (2 Կորնթացիս 5:17): Մեր հին բաներն անցան և մենք վերստին ծնվեցինք որպես հավատքի մարդիկ: Սրանում համոզվելու համար մկրտվում ենք: Մենք մկրտվում ենք Հիսուսով` հավատալով Նրա մկրտությանը:
Հոգևոր Կյանքը Հիսուսի Մկրտությամբ և Խաչի Վրա Նրա Արյամբ Վերստին Ծնվելուց Հետո
Ինչի՞ համար են ապրում վերստին ծնվածները
Նրանք ապրում են Աստծո արքայության և Նրա արդարության համար` քարոզելով ավետարանն աշխարհով մեկ
Փրկվելուց և վերստին ծնվելուց հետո հոգևոր կյանքը պետք է ներառի հավատք Աստծո Խոսքի հանդեպ: Այն չպետք է լինի զգացմունքային կյանք, որտեղ մարդը ստիպված է ամեն մեղքի համար ապաշխարել, այլ այն պետք է լինի հավատքի կյանք, երբ վստահությամբ հավատում ենք, որ Հիսուսն Իր մկրտությամբ ներել է մեր բոլոր մեղքերը:
Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության միջոցով: Հետո Նա ապրեց ևս երեք տարի այդ լուծն Իր ուսերին տանելով, մինչև որ կրեց այդ մեղքերի դատապարտությունը Խաչի վրա:
Դրա համար մենք պետք է հավատանք Աստծո գրավոր Խոսքին, և ոչ թե մեր զգացմունքներին: Եթե ձախողվենք, ապա վերստին ծնվելուց հետո միայն մտածելու ենք մեր ամենօրյա մեղքերի մասին:
Մենք պետք է թողնենք մեր սուբյեկտիվ կարծիքը մեղքի վերաբերյալ և հավատանք միայն ջրի և արյան ավետարանին: Ահա այսպիսի կյանքով պետք է ապրի փրկված անձնավորությունը:
Ի՞նչ էր ասում Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մասին: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննու 1:29): Նա վկայում էր, որ Հիսուսը վերցրել է այսօրվա, վաղվա և բոլոր անցյալ մեղքերը, մինչև մեր սկզբնական մեղքերը:
Մի՞թե Նա չի վերցրել այդ բոլոր մեղքերը: Մի՞թե այդ բոլոր մեղքերը չեն փոխանցվել Հիսուսին: Աշխարհի մեղքերը ներառում են մեր անցյալ, ներկա և ապագա բոլոր մեղքերը: Մենք պետք է հաստատենք փրկության ավետարանը Հիսուսի մկրտությամբ:
Ով որ հավատում է Հիսուսի մկրտության և արյան ճշմարտությանը, կարող են փրկվել: Ով որ հավատում է Հիսուսի մկրտությանը, այլևս չունի մեղքեր իր սրտում:
Սակայն, շատերը կարծում են, որ դեռ մեղքեր ունեն, քանի որ նրանք չգիտեն, որ Հիսուսը վերցրել է նրանց բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով: Նրանք խաբված են սատանայի կողմից: Սատանան անընդհատ շշնջում է նրանց. «Դուք մեղանչում ենք ամեն օր, ինչպե՞ս կարող եք մեղքեր չունենալ»:
Նրանք միայն պետք է հավատան Աստծուն, որ փրկվեն: Բայց սատանան խաբում է նրանց, որ մտածեն, թե դեռ մեղավորներ են: Ոչ ոք մեղք չունի, եթե հավատում է Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը:
Քանի որ ապրում ենք աշխարհում որպես տկար և ոչ կատարյալ էակներ, երբեք չենք կարող ասել, որ մեր գործերի շնորհիվ ենք արդարացել: Բայց հավատքով կարող ենք ասել, որ փրկված ենք Հիսուսի մկրտության և Նրա արյան ճշմարտության շնորհիվ: Հենց որ հասկանում ենք, որ Հիսուսի մկրտության և արյան հավատքով այլևս ազատված ենք մեր մեղքերից, գիտակցում ենք, որ արդեն բոլորովին մաքուր ենք:
«Ես փրկվել եմ, դուք փրկվել եք, մենք բոլորս փրկվել ենք»: Այնպիսի ուրախություն է ապրել` ավետարանը բոլորին քարոզելու ցանկությամբ և իմանալ, որ բոլորս առաջնորդվում ենք Սուրբ Հոգով:
Իհարկե հավատացյալներս ամեն օր մեղանչում ենք, բայց մեր սրտում մեղքեր չեն մնում, դրանք մաքրված են: Մեր սրտում ունենք Հիսուսի մկրտությունը և խաչելությունը: Մեր սրտերը լցված էին մեղքով, բայց հիմա հավատալով Հիսուսի մկրտությանը` ինչպես կարող ենք մնալ մեղքերի մեջ:
«Սա է այն ուխտն որ կդնեմ նրանց հետ այն օրերից հետո, ասում է Տերը, կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ, և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց» (Եբրայեցիս 10:16):
Մեր սրտերն ազատ են մեղքից: Հիսուսն Իր մկրտությամբ և արյամբ հնարավոր դարձրեց մեր մեղքերից ազատվելը: Փրկությունը կախված է Աստծո Խոսքից:
Ով Որ Հավատա Հիսուսի Մկրտությանը և Խաչի Արյանը, Երբեք Չի Դառնա Մեղավոր
Մի՞թե մեղանչելուց նորից դառնում ենք մեղավոր
Ոչ, մենք երբեք չենք դառնա նորից մեղավոր
Երբ չենք հավատում Հիսուսի մկրտությանը և արյանը, ինչքան էլ որ շատ աղոթենք ներման համար, մեր սրտում կրկին կմնան մեղքեր: Բայց երբ հավատում ենք ճշմարիտ ավետարանին, մեր բոլոր մեղքերը մաքրվում են:
-Լսիր, այսօր կարծես ավելի ուրախ ու զվարթ ես երևում, ի՞նչ է պատահել:
-Գիտես, այլևս մեղքեր չունեմ իմ սրտում:
-Իրո՞ք: Ուրեմն հիմա կարող ես մեղանչել ինչքան ուզես:
-Գիտես, մարդը չի կարող չմեղանչել, այդպիսին է մարդն իր էությամբ: Բայց Հիսուսը վերցրեց բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով և Խաչի վրա կրեց դրանց դատապատիժը: Այդ պատճառով ես հիմա նվիրված եմ ավետարանի ծառայությանը եկեղեցու մեջ: Հռոմեացիների վեցերորդ գլխում ասվում է, որ բոլորս պետք է այդպես ապրենք: Քանի որ այլևս մեղքեր չունեմ իմ սրտում, ուզում եմ անել արդարության գործեր: Մենք պետք է հավատանք Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը և քարոզենք ավետարանը ամբողջ աշխարհով մեկ: Երբ հավատում ենք Հիսուսին, մեր փրկության Տիրոջը, այլևս երբեք չենք դառնա մեղավորներ: Մենք պետք է հավատանք հավիտենական փրկությանը: Ես գոհ եմ Աստծուց:
Ո՞վ է Ստանում Հոգին
Ի՞նչ է վկայում Հովհաննես Մկրտիչը Հիսուսի համար
Նա վկայում է, որ Հիսուսն Աստծո Գառն է, որ վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը, անցյալ, ներկա և ապագա մեղքերը, նույնիսկ սկզբնական մեղքը
Ով որ հավատում է Հիսուսի մկրտությանը և արյանը, ստանում է փրկություն: Ինչպե՞ս ենք ստանում փրկություն: Գործք Առաքելոց 2:38-39. «Պետրոսն էլ նրանց ասեց. Ապաշխարեցեք և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը` մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք: Որովհետև ձեզ և ձեր որդկանց համար է այս խոստմունքը, և այն ամեն հեռավորների, որոնց մեր Տեր Աստվածը կանչե»:
Հիսուս Քրիստոսի անունով մկրտվել նշանակում է հավատալ Հիսուսի մկրտությանը և փրկվել դրա միջոցով: Եվ ապա Հոգին կընդունեք որպես Աստծո պարգև:
Մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով, նշանակում է սրբանալ` հավատալով Քրիստոսի մկրտությանը և արյանը: Երբ ընդունում ենք այս հավատքը, փրկվում ենք և արդարանում Աստծո առաջ: Հավատացյալները Հիսուսի մկրտության և արյան շնորհիվ դառնում են ձյունի պես սպիտակ:
«Եվ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»: Եթե համոզված լինենք մեր հավատքի մեջ, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով և Նա կրել է մեր մեղքերի դատաստանն Իր մահով Խաչի վրա, մեր սրտերը կմաքրվեն մեղքերից: Մեր նոր կյանքը սկսվում է, երբ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և արյանը և ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը` դառնալով Աստծո զավակներ:
«Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32): Մենք պետք է գիտենանք Տիրոջ դատաստանի իմաստը: Ճշմարտությունն այն է, որ Հիսուսն Իր մկրտության և Խաչի վրա թափած արյան միջոցով մաքրել է մեր բոլոր մեղքերը: Փրկությունը տրվում է, երբ մենք հավատում ենք ճշմարտությանը:
Հիսուսի Մկրտությունն Ազատում է Մեզ
Ո՞վ է ստանում Հոգին
Ով որ հավատում է Հիսուսի մկրտության և արյան փրկությանը
Մեղքերի քավությունը Հին Կտակարանի զոհաբերության համակարգի միջոցով ներկայացնում էր Հիսուսի մկրտությունը Նոր Կտակարանում: Հիսուսի մկրտությունը Հին Կտակարանի մարգարեությունների կորիզն է: Հին Կտակարանի ձեռքերը գլխին դնելու նմանությունը Նոր Կտակարանում Հիսուսի մկրտությունն է:
Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության միջոցով, ինչպես որ Իսրայել ազգի մեղքերը փոխանցվում էին զոհաբերվող նոխազին` ձեռքերը դնելու միջոցով:
Արդյո՞ք պետք է հավատալ Հիսուսի մկրտությանը փրկվելու համար: Այո, անշուշտ պետք է: Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով: Եթե չենք հավատում Հիսուսի մկրտությանը, մեր մեղքերը չեն կարող փոխանցվել Նրան: Պետք է հավատալ, եթե ուզում ենք, որ մեր փրկությունը լինի կատարյալ: Այլապես չենք կարող արդարանալ:
Հիսուսն Իր մկրտությամբ փրկեց աշխարհի բոլոր մեղքերն ամենաարդար եղանակով: Այլ կերպ հնարավոր չէր: Պետք է հավատալ Հիսուսի մկրտությանը, որպեսզի մեր սրտերը մշտապես մաքրվեն մեղքերից, քանի որ այն մի գործընթաց էր, որով մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան:
Մենք նաև պետք է հավատանք, որ Հիսուսի արյունը մեր մեղքերի դատաստանն էր: Հետևաբար ովքեր հավատան Հիսուսի մկրտությանը և արյանը, փրկված են իրենց մեղքերից:
Մենք պետք է հավատանք Հիսուսի մկրտությանը, որպեսզի մտնենք երկնային արքայություն: Սա է միակ ճանապարհը, որով կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից և խուսափենք դատաստանից:
Հիսուսի մկրտությունը Նոր Կտակարանում և ձեռքեր դնելը Հին Կտակարանում զույգ իմաստներ են Աստվածանչում: Սրանք միմյանց լրացնող հանգամանքներ են Հին և Նոր Կտակարանների միջև:
Նոր Կտակարանում Հովհաննես Մկրտիչն եկավ Հիսուսից 6 ամիս շուտ: Երբ Հիսուսը մկրտվեց, դա է «Աստծո Որդի` Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը» (Մարկոս 1:1): Ավետարանը սկսվում է այն ժամանակ, երբ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը:
Մարդկության փրկության գործը դեպքերի մի ամբողջ համակարգ է. Հիսուսի ծնունդը, մկրտությունը, մահը Խաչի վրա, հարությունը և համբարձումը երկինք: Երբ մենք հասկանում և հավատում ենք փրկության դեպքերի այս համակարգին, փրկվում ենք մեր մեղքերից: Հիսուսի մկրտությունն ավետարանի սկիզբն է, իսկ Խաչի վրա թափած արյունը` դրա ամբողջացումը:
«Աստծո Որդի` Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը» (Մարկոս 1:1): Մենք չենք կարող անտեսել Նրա արդարության գործերից և ոչ մեկը` թե Նրա մկրտությունը, թե արյունը, մահը, հարությունը, համբարձումը, և թե Նրա Երկրորդ Գալուստը:
Հիսուսն եկավ աշխարհ մարդկային մարմնում և մաքրեց մարդկանց բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով: Դա երկնային ավետարանի սկիզբն է: Եթե նույնիսկ մեկ հանգամանք բաց թողնենք, երկնային ավետարանը չի լինի կատարյալ:
Դրա համար, եթե մեկը պետք է վերստին ծնվի, պետք է անպայման հավատա Քրիստոսի մկրտությանը և արյանը: Մեր օրերում շատերը չեն հավատում Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը: Նրանք կարծում են, որ Հիսուսի մկրտությունն ունի զուտ ծիսական իմաստ: Սա լուրջ մոլորություն է: Ով որ հավատում է Հիսուսին, պետք է նաև հավատա Նրա մկրտությանը և արյանը:
Ինչպե՞ս կարող են մեր մեղքերը մաքրվել ամենօրյա աղոթքներով: Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, երբ Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Չկա այլընտրանք:
Մարդը պետք է վերստին ծնվի ջրից և Հոգուց, որպեսզի մտնի երկնային արքայություն: Չկա փրկություն առանց մկրտության ջրի, Խաչի արյան և Հոգու: Միայն վերստին ծնված անձը կարող է տեսնել Աստծուն, ինչպես Հիսուսն ասեց Նիկոդեմոսին Հովհաննու 3:5 -ում: Ճշմարիտ փրկությունը գալիս է, երբ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և արյանը:
Կարո՞ղ Ենք Արդյոք Փրկվել Առանց Հիսուսի Մկրտության
Ինչպե՞ս Հիսուսը դարձավ մեր Փրկիչը
Վերցնելով մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով
Եթե Տիրոջ հասարակական ծառայությունից բաց թողնենք այն փաստը, որ Հիսուսն եկավ և վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով, կամ շրջանցենք Հիսուսի սրբությունը, որ Նա ծնվել է Կույս Մարիամից, կամ բաց թողնենք Նրա խաչելության իրականությունը, քրիստոնեությունը կնմանվեր զուտ սնոտիապաշտ կրոնի, որն առաջնորդում է հավատացյալներին դեպի մոլորություն. «ներիր ինձ, ներիր ինձ, ներիր ինձ», ինչպես որ միշտ անում են բուդդիստներն իրենց տաճարներում:
Հիսուսի մկրտությունը բաց թողնելը նշանակում է, որ մեր մեղքերը չեն փոխանցվել Նրան: Մեր հավատքը կլինի անարժեք` նմանեցնելով մեզ պարտապանի, որ պնդում է, թե վճարել է իր բոլոր պարտքերը, մինչդեռ իրականում նա ոչինչ չի վճարել: Այն մեզ դարձնում է ստախոսներ: Եթե պարտապանն ասում է, որ վճարել է իր բոլոր պարտքերը, բայց իրականում նա չի վճարել ոչինչ, նա դեռ մնում է պարտապան թե իրականում, թե իր գիտակցությունում:
Հիսուսը մաքրեց հավատացյալներին Իր մկրտության ջրով և դարձրեց նրանց Աստծո զավակներ: Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը Հովհաննես Մկրտչի շնորհիվ, որպեսզի բոլոր հավատացյալները սրբանան: Երբ մենք գիտենք և հավատում ենք սրան, մեր սրտում մաքրվում ենք մշտապես:
Շնորհակալ ենք Աստծուց Իր մեծ շնորհքի համար: Ղուկաս 2:14. «Փառք Աստծո բարձունքումը, և երկրի վրա` խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն»: Մեր հավատքը Հիսուսի ջրի և արյան հավատքի հանդեպ, տալիս է մեզ բացարձակ փրկություն և դարձնում է մեզ Աստծո զավակներ: Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը փրկում է նրանց, ովքեր հավատում են այս երկուսին միաժամանակ:
Ոչինչ չի կարելի բաց թողնել Նրա գործերից: Ոմանք միայն հավատում են արյանը` ասելով, որ Պողոս առաքյալը պարծենում էր միայն Խաչով, բայց Հիսուսի մկրտությունը մաս էր կազմում Խաչի պատմության մեջ:
Հռոմեացիս գրքի վեցերորդ գլխում կարող ենք տեսնել, որ Պողոսը մկրտվեց Քրիստոսով և մահացավ Քրիստոսի հետ: Գաղատացիս 2:20. «Եվ կենդանի եմ այլևս ոչ թե ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. և ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով` Աստծո Որդու հավատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց և իր անձը ինձ համար մատնեց»:
Գաղատացիս 3:27-29. «Վասնզի ամենքդ` որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք: Այլևս ոչ Հրեա կա և ոչ էլ Հույն, ոչ ծառա և ոչ ազատ, ոչ արու կա և ոչ էգ. որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսումը: Ապա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի զավակ եք` և խոստմունքի համեմատ ժառանգներ»:
Քրիստոսով մկրտվել, նշանակում է հավատալ Նրա բոլոր գործերին, որ արեց այս աշխարհում` Նրա մկրտությունը և արյունը: Հավատալ Հիսուսի մկրտությանը և արյանը, նշանակում է հավատալ այն ճշմարտությանը, որ Հիսուսը մոտ 2000 տարի առաջ մաքրել է մեր բոլոր մեղքերը: Չկա փրկության այլ ճանապարհ:
Մենք Փրկվում ենք Աստծով, Երբ Հավատում ենք Հիսուսի Մկրտությանը և Նրա Արյանը
Կարո՞ղ են արդյոք մեր մեղքերը ներվել ապաշխարության աղոթքով
Ոչ: Մեր մեղքերը կարող են ներվել միայն հավատալով, որ դրանք փոխանցվեցին Հիսուսին, երբ Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կեղմից
«Քանի որ սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերանով դավանում ենք փրկվելու համար» (Հռոմեացիս 10:10):
«Վասնզի ամենքդ` որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք» (Գաղատացիս 3:27): Մեր հավատքը պահանջում է, որ մկրտվենք Քրիստոսով, հագնենք Քրիստոսին և դառնանք Աստծո զավակները: Երբ Հիսուսն աշխարհ եկավ և մկրտվեց, մեր բոլոր մեղքերը և աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան:
Մեր հավատքը միավորում է մեզ Քրիստոսի հետ: Մենք մահացանք Նրա հետ և հարություն առանք Նրա հետ: Հիմա հավատալով Հիսուսի մկրտությանը, արյանը, Նրա հարությանը, համբարձվելուն և Երկրորդ Գալստյանը` կարող ենք մտնել երկնային արքայություն և ապրել հավիտյան:
Երբ մարդիկ հավատում են միայն Հիսուսի արյանը, չեն կարող բոլորովին ազատվել իրենց սրտի մեղքից: Ինչո՞ւ: Որովհետև նրանք չգիտեն ու չեն ընդունում Հիսուսի մկրտության իմաստը, որն ազատեց նրանց բոլոր մեղքերից և մաքրեց իրենց մեղքերով լի սրտերը` դարձնելով դրանք ձյունի պես սպիտակ:
Դուք հավատո՞ւմ եք Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը, որը փրկում է ձեզ բոլոր մեղքերից: Խնդրում եմ, հավատացեք սրան: Առանց Հիսուսի մկրտության հավատքի, ձեր հավատքը կլինի դատարկ: Առանց Հիսուսի մկրտության հավատքի, չեք կարողանա ազատվել ձեր մեղքերից, դուք կմտնեք անհատույց սիրո մեջ:
Ովքեր միայն հավատում են Խաչին, ասում են. «Հիսուսն իմ Տերն է, իմ Փրկիչը, որը մահացավ Խաչի վրա իմ փոխարեն: Նա հարություն առավ նորից և մինչև Իր համբարձումը դեպի երկինք 40 օր մնաց երկրի վրա, և հիմա Նա նստած է Աստծո աջ կողմը: Ես հավատում եմ, որ Նա գալու է երկրորդ անգամ դատելու մեզ և վերափոխելու մեզ, որ հանդիպենք Իրեն: Իմ սիրելի Հիսուս, իմ Տեր»:
Նրանք ներում են խնդրում իրենց մեղքերի համար և հույս ունեն, որ մաքրվելու են իրենց մեղքերից, բայց մեղքը մնում է նրանց սրտերում: «Ես հավատում եմ Հիսուսին, բայց մեղք ունեմ իմ սրտում: Ես սիրում եմ Հիսուսին, բայց մեղք ունեմ իմ սրտում: Ես չեմ կարող ասել. «Արի Փեսա», որովհետև ես մեղավոր եմ և վստահ չեմ իմ փրկության համար: Եվ հույս ունեմ, որ Հիսուսը կգա, երբ որ պատրաստ կլինեմ և շատ կապաշխարեմ մեղքերից ազատվելու համար: Ես սիրում եմ Հիսուսին իմ ամբողջ սրտով, բայց չեմ համարձակվում հանդիպել Նրան, որովհետև մեղք ունեմ սրտումս»:
Եթե Հիսուսը հարցներ նրանց. «Ինչո՞ւ եք կարծում, որ կատարյալ չեք»:
Նրանք կպատասխանեն. «Տեր, ես գիտեմ, որ արդար չեմ, որովհետև մեղանչում եմ ամեն օր, ուրեմն խնդրում եմ կանչիր ինձ մյուս մեղավորների հետ»:
Նրանք չգիտեն, որ Աստված, Ստեղծիչն ու Դատավորը, չի ընդունելու մեղավորներին որպես Իր զավակները:
Փեսան եկավ և լուծեց մեղքի բոլոր խնդիրները հարսնացուի համար, բայց քանի որ հասնացուն չգիտեր սա, չարչարվեց: Երբ մտածում ենք, որ մեղավոր ենք, մեր հավատքը նվազում է: Երբ չգիտենք և չենք հասկանում Աստծո խոսքը, մեր սրտի մեղքը բազմապատկվում է:
Ինչո՞ւ են ոմանք տառապում իրենց սրտում մնացած մեղքի պատճառով
Որովհետև նրանք չգիտեն, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրել է նրանց բոլոր մեղքերը
Փեսան վերցրել է աշխարհի բոլոր մեղքը: Որտե՞ղ: Հորդանանում, Իր մկրտության միջոցով: Ովքեր չեն հավատում սրան, դեռ մեղքի մեջ են: Նրանք պիղծ հարսնացուներ են:
Փեսան հարցնում է Իր հարսին. «Ինչպե՞ս կարող ես Ինձ սիրել, եթե Իմ հարսնացուն չես: Նախքան Ինձ կհամարես քո Փեսացուն, պետք է մաքրվեն քո բոլոր մեղքերը»:
Կարո՞ղ ենք արդյոք ստանալ փրկություն առանց Հիսուսի մկրտության: Ոչ: Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, դրա համար էլ արդարություն ենք փնտրում մեր սրտում, և մեր խիղճն ուզում է մաքրվել: Բայց մեզ համար անհնար է կարծելը, որ անմեղ ենք, մինչդեռ մեր սրտում մեղք ունենք: Միայն երբ որ հավատանք Հիսուսի մկրտությանը, կկարողանանք ազնվորեն ասել, որ այլևս մեղք չունենք մեր սրտում և արդար ենք:
Մեր խիղճը երբեք չի մաքրվի, եթե կարծենք, որ մեղքեր չունենք, բայց իրականում ունենանք բազում մեղքեր մեր սրտերում: Եվ ոչ էլ Աստված կընդունի մեզ, Աստված չի ստում:
Աստված Մովսեսին ասեց մարդահամար անցկացնել իսրայելացիների մեջ և իրենց կյանքի համար փրկագին վճարեն: Հարուստները չպետք է տային կես սիկղից ավել, իսկ աղքատները չպետք է տային դրանից պակաս: Բոլորը պետք է վճարեին փրկագին իրենց կյանքի համար:
Հետևաբար, ինչպե՞ս կարող է մարդը սրբանալ, եթե չի հավատում Հիսուսին, որը փրկագին վճարեց նրանց փոխարեն:
Երբ մենք հավատում ենք միայն Հիսուսի արյանը, ապա մեղքեր ունենք մեր սրտում և պետք է խոստովանենք, որ մեղավոր ենք: Բայց երբ հավատում ենք Նրա մկրտության և Խաչի ավետարանին, կարող ենք վստահությամբ ասել, որ այլևս մեղք չունենք:
Հայհոյանք Սուրբ Հոգու Դեմ
Ինչպիսի՞ մեղքն է մարդուն տանում դժոխք
Մեղքը Հոգու դեմ, այսինքն, Հիսուսի մրտությունը չընդունելը
Հռոմեացիս 1:17. «Որովհետև Աստծո արդարությունը նրանով հայտնվում է` հավատքից հավատքի մեջ»: Աստծո արդարությունը հայտնվեց ավետարանով: Հիսուս Քրիստոսն եկավ այս աշխարհ և մաքրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության և Խաչի մահի միջոցով: Հիսուսի մկրտությունը և արյունը հանդիսանում են ավետարանի զորությունը: Հիսուսը մեկընդմիշտ մաքրեց մեր մեղքերը:
Հավատալ, նշանակում է փրկություն, իսկ չհավատալ, նշանակում է հավիտենական դժոխք: Մեր Հայրը, որ երկնքում է, Իր միածին Որդուն ուղարկեց` Հիսուսին, և մկրտեց Նրան, որպես մեր մեղքերի քավություն: Հետևաբար ամեն Նրան հավատացողը, կարող է մաքրվել իր անօրենություններից:
Այս աշխարհում մնացած մեղքը, դա Նրա մկրտությանը և արյանը չհավատալն է: Չհավատալը հայհոյություն է Սուրբ Հոգու դեմ, որը արժանանալու է Աստծո դատաստանին: Սա ամենածանր մեղքն է: Ով որ գործի նման մեղք, պետք է ապաշխարի և ստանա փրկություն` հավատալով Հիսուսի մկրտությանը: Այլապես այդ մարդը կկործանվի հավիտյան:
Դուք փրկվա՞ծ եք Հիսուսի մկրտության և արյան փրկության վկայության միջոցով: Դուք ստացե՞լ եք Հովհաննու վկայությունը, 1:29. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Դուք հավատո՞ւմ եք Հիսուսի մկրտությանը և արյանը, ինչպես գրված է Եբրայեցիս 10:18. «Բայց որտեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ»:
Աստված ընդունում է նրանց, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և արյանը: Աստված նրանց կընդունի որպես Իր զավակներ: Ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և արյանը, փրկվում են Հիսուսի արդար սիրո շնորհիվ:
Ում որ Աստված ուղարկի, կքարոզի Աստծո Խոսքը, իսկ ով որ ուղարկված չէ Աստծուց, քարոզում է իր անձնական մտքերն ու կարծիքները: Շատերն են քարոզում Աստծո Խոսքը, և Աստծուց ուղարկվածները քարոզում են Հիսուսի մկրտությունը և արյունը:
Բայց ովքեր քարոզում են իրենց անձնական կարծիքները, ասում են. «Մենք ազատված ենք սկզբնական մեղքից, բայց պետք է ամեն օր ապաշխարենք մեր մեղքերի համար»: Նրանք ասում են, թե մարդիկ սրբանում են հետզհետե, և ոչ թե միանգամից:
Մի՞թե կարող ենք սրբանալ մեր ջանքերի միջոցով: Մի՞թե կարող ենք սրբանալ, որովհետև Աստված մաքրել է մեր բոլոր մեղքերը կամ որովհետև մենք փորձում ենք փրկվել մեր ուժերով:
Ճշմարիտ հավատքը միայն կարող է սրբացնել: Մի՞թե կարող ենք ածուխի կտորը հազար անգամ լվալով սպիտակեցնել: Մի՞թե սև մաշկը կարելի է ստելով սպիտակեցնել: Ոչ մի օճառ կամ սուտ չի կարող լվալ մեր մեղքերը, իսկ մեր արդարությունը նման է կեղտոտ փալասի: Մի՞թե մարդն արդարանում է Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալու միջոցով, թե՞ միայն արյանը հավատալը բավական է:
Ճշմարիտ հավատքը գալիս է Հիսուսի մկրտության ջրից և Խաչի վրա թափված արյունից: Փրկությունը չի գալիս մեր ջանքերի շնորհիվ: Միայն հավատալով Հիսուսի մկրտությանը և արյանը` կարող ենք ազատվել մեղքից և արդարանալ:
Հայրը բոլորին հանձնել է Իր Որդուն, և ամեն Նրան հավատացող կարող է ունենալ հավիտենական կյանք: Հավատալ Որդուն, նշանակում է հավատալ փրկությանը Նրա մկրտության և արյան միջոցով: Ով որ հավատում է սրան, դառնում է Աստծո զավակ և ստանում փրկություն: Իսկ փրկվածներն ապրում են Աստծո աջ ձեռքի հովանու տակ:
Հիսուսի մկրտությանը և Հայր Աստծո հետ Նրա միաբանությանը հավատալը նույնպես նշանակում է հավատք Հոգու հանդեպ: Ճշմարտության խոսքը թույլ է տալիս վերստին ծնվել: Մենք փրկված ենք Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալու միջոցով:
Հավատացեք սրան: Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալը տալիս է փրկություն: Հավատացեք ճշմարիտ ավետարանին և ձեռք կբերեք մեղքերի հավիտենական թողություն: