(Մաթևոս 7:21-23)«Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնե երկնքի արքայությունը. այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է: Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, Տեր, չէ՞ որ քո անունովը մարգարեացանք, և քո անունովը դևեր հանեցինք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք: Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե Երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ»:Միգուցե Ես Մեկն Եմ
Մի՞թե ամեն Տեր, Տեր ասողը կմտնի երկնքի արքայություն
Ոչ: Ով որ կատարում է Հոր կամքը, նա կմտնի երկինք
Հիսուս Քրիստոսն ասում է. «Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնե երկնքի արքայությունը. այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է»: Այս խոսքերը վախ են ներշնչում շատ քրիստոնյաների սրտում` ստիպելով նրանց շատ չարչարվել Հոր կամքը կատարելու համար:
Շատ քրիստոնյաներ կարծում են, որ պետք է հավատալ միայն Հիսուսին և կմտնեն երկնային արքայություն, բայց Մաթևոս 7:21 ասում է, որ ոչ բոլոր Հիսուսին «Տեր, Տեր» ասողները կմտնեն երկինք:
Ովքեր կարդում են այս տողերը, ակամայից մտածում են. «Միգուցե ես մեկն եմ»: Նրանք համոզում են իրենք իրենց. «Երևի Հիսուսը նկատի ուներ անհավատաներին»: Բայց մտքերը շարունակաբար տանջում են նրանց:
Եվ նրանք կենտրոնանում են այս հատվածի միայն հետագա նախադասության վրա, որն ասում է. «այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է»: Նրանք կառչում են այս խոսքերից. «որ կատարում է իմ Հոր կամքը» և կարծում են, որ կարող են սա կատարել` մշտապես եկեղեցուն տալով տասանորդ, առավոտ շուտ աղոթելով, քարոզելով, բարի գործեր կատարելով և մեղքեր չգործելով: Նրանք շատ են չարչարվում, որը նույնիսկ խղճահարություն է առաջացնում:
Շատերը սխալներ են թույլ տալիս, որովհետև չեն հասկանում այս հատվածի իմաստը: Դրա համար ուզում եմ բացատրել այս հատվածը, որպեսզի բոլորս հասկանանք, թե որն է Աստծո կամքը և ապրենք դրանով:
Առաջին, մենք պետք է գիտենանք, որ Աստծո կամքն այն էր, որ Իր Որդին վերցներ բոլորի մեղքերը և ազատեր մեզ այդ մեղքի լծից:
Եփեսացիս 1:5. «Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռովն` իր կամքի հաճության պես»:
Այլ կերպ ասած, Նրա մտադրությունը բոլորիս համար այն էր, որ գիտենանք ճշմարիտ ավետարանը, որ Հիսուս Քրիստոսը մաքրել է մեր բոլոր մեղքերը և մեզ տվել վերստին ծնվելու հնարավորություն: Նա ուզում է, որ մենք վերստին ծնվենք ջրից և Հոգուց` մեր բոլոր մեղքերը փոխանցելով Աստծո Որդուն` Հիսուսին: Սա է Աստծո կամքը:
Լոկ Խոսքեր. «Տեր, Տեր»
Հիսուսին հավատալու համար ի՞նչ է պետք գիտենալ
Հոր կամքը
«Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնե երկնքի արքայությունը. այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է» (Մաթևոս 7:21):
Մենք պետք է հասկանանք Հոր կամքը: Նախ, պետք է գիտենանք, որ Հոր կամքն էր, որ մենք ստացանք մեղքերի թողություն և վերստին ծնվեցինք ջրից և Հոգուց: Երկրորդ, պետք է ապրենք այդ հավատքին համեմատ:
Նրա կամքն է, որ մաքրվեն աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը: Սատանան առաջին մարդկանց անկումը տարածեց մեղքի միջոցով: Բայց Հոր կամքն է մաքրել բոլորի մեղքերը: Մենք պետք է հասկանանք, որ Հոր կամքն այն չէ, որ մենք անընդհատ տանք տասանորդ և առավոտ շուտ աղոթենք, այլ մեզ փրկելն էր: Նրա կամքն էր, որ մեզ փրկի մեղքի ծովում խեղդվելուց:
Աստվածաշունչն ասում է, որ ոչ բոլորը, որ ասում են. «Տեր, Տեր», կարող են մտնել երկնքի արքայություն: Սա նշանակում է, որ միայն Հիսուսին հավատալը բավական չէ, այլ պետք է գիտենալ, թե ինչ է ուզում Հայրը մեզանից: Նրա կամքն է, որ փրկի մեզ մեր բոլոր մեղքերից և հավիտենական դատաստանից` գիտենալով, որ Ադամից և Եվայից եկած ժառանգությունը ցույց է տալիս, որ մենք չենք կարող մեղք չգործել:
Աստծո Կամքը
Ո՞րն է Աստծո կամքը
Դարձնել մեզ Իր զավակներն`ազատելով մեղքերից
Մաթևոս 3:15. «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Այսպես պետք է իրականանար Աստծո ծրագիրը, որ Հիսուսը գար աշխարհ և փրկեր մարդկանց: Աստծո կամքն իրականացավ, երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից:
Նա ուզում էր փրկել մեզ և դարձնել մեզ Իր զավակները: Դա անելու համար, Նա պետք է վերցներ մեր բոլոր մեղքերը: Նրա կամքն էր, որ բոլորը դառնան Իր զավակները: Եվ Նա ուղարկեց Իր Որդուն, որ փրկեր բոլոր նրանց, ովքեր ընկել էին սատանայի ծուղակը: Նրա կամքն էր, որ Իր Որդու կյանքը մատուցեր մարդկանց մեղքերի քավության համար, և նրանք դառնային Իր արդարացած զավակները:
Երբ Հիսուսը մկրտվեց և մահացավ Խաչի վրա, իրականացավ Աստծո կամքը: Նրա կամքն է նաև, որ մենք հավատանք, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության ժամանակ, իսկ Խաչի վրա կրած Իր մահով` Նա կրել է այդ մեղքերի դատապատիժը մեր անօրենությունների փոխարեն:
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվավ. որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննու 3:16): Աստված փրկեց Իր ժողովրդին մեղքի ծանր բեռից: Եվ Իր հասարակական ծառայության մեջ առաջին բանը, որ արեց Հիսուսը, դա մկրտվելն էր Հովհաննես Մկրտչի կողմից:
«Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան» (Մաթևոս 3:15): Դա Աստծո կամքն էր, որ Հիսուսը գար աշխարհ, վերցներ մարդկանց մեղքերն Իր մկրտության միջոցով, մահանար Խաչի վրա և հարություն առներ:
Մենք պետք է անպատճառ իմանանք սա: Շատ մարդիկ կարդում են Մաթևոս 7:21 և կարծում, որ Աստծո կամքն այն է, որ ծառայենք Իրեն, նույնիսկ մահվան գնով` մեր ամեն ունեցվածքը և կարողությունը տալով եկեղեցաշենքերի և հոգևոր գործի համար:
Սիրելի քրիստոնյաներ, մենք` հավատացյալներս, պետք է գիտենանք, թե որն է Աստծո կամքը և հետո ապրենք դրանով: Սխալ է, երբ մարդիկ նվիրվում են եկեղեցուն, առանց գիտենալու Նրա կամքը:
Մարդիկ հարց են տալիս իրենք իրենց, թե ուրիշ ինչ պետք է անել իրենց ուղղափառ եկեղեցու ծառայություններից բացի: Բայց ես Երեցական Եկեղեցում ուսանել եմ Կալվինիզմ և մեծացել եմ ինձ որդեգրած կրոնավոր մոր մոտ: Ես սովորել եմ այսպես ասած ուղղափառ եկեղեցում:
Պողոս առաքյալն ասում էր, որ ինքը հպարտանում էր Բենյամինի ցեղից լինելու համար և Օրենքը սովորել էր Գամաղիելի մոտ, որն այդ ժամանակների մեծագույն ռաբբիներից էր: Նախքան Պողոսը վերստին կծնվեր, ձերբակալում էր Հիսուսին հավատացողներին: Բայց Դամասկոսի ճանապարհին նա հանդիպեց ու ճանաչեց Հիսուսին և արդարացավ` ջրից և Հոգուց վերստին ծնվելու օրհնության շնորհիվ:
Մենք Պետք է Իմանանք Աստծո Կամքը, Նախքան Այն Կատարելը
Ի՞նչն է անհրաժեշտ նախքան Հիսուսին հավատալը
Պետք է գիտենալ Նրա կամքը
Մեր սրբացումը, դա Աստծո կամքն է: «Որովհետև սա է Աստծո կամքը` ձեր սրբությունը. որ դուք ետ կենաք պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիս 4:3): Մենք գիտենք, որ Աստծո կամքն է մեզ կատարելապես սրբացնելը ջրի և Հոգու միջոցով և այդ հավատքով ապրելը:
Եթե կա մեկը, որ հավատում է Հիսուսին, բայց դեռ մեղք ունի իր սրտում, ուրեմն չի ապրում Նրա կամքի համեմատ: Նրա կամքը պահանջում է, որ մենք Հիսուսի փրկության միջոցով ձեռք բերենք սրբություն:
Երբ հացնում եմ ձեզ. «Դուք դեռ ունե՞ք մեղքեր, չնայած նրան, որ հավատում եք Հիսուսին», և դուք պատասխանում եք` այո, ապա անկասկած դուք պետք է ծանոթանաք Աստծո կամքի հետ: Աստծո կամքն այն է, որ մենք սրբանանք և փրկվենք մեր բոլոր մեղքերից` հավատալով ջրին և Հոգուն:
Մի մարդ կար, որ ուներ հնազանդ որդիներ: Եվ մի օր կանչում է մեծ որդուն, որն ամենահնազանդն էր եղբայրների մեջ, և ասում. «Որդիս, դաշտի միջով գնա գյուղ»:
Նախքան նա կավարտեր իր խոսքը, որդին ասում է. «Այո, հայր» և գնում է: Նա չսպասեց, որ իմանա, թե ինչ է անելու, ուղղակի գնում է:
Հայրը կանչում է նրա ետևից. «Որդիս, շատ լավ է, որ դու այսքան հնազանդ ես, բայց լավ կլինի, որ մինչև վերջ լսես ինձ»:
Որդին պատասխանում է. «Այո, հայր իմ, ես կլսեմ քեզ: Ո՞վ կարող է ինձանից շատ հնազանդ լինել քեզ»:
Բայց նա վերադառնում է դատարկաձեռն: Նա չէր կարող անել հոր կամքը, քանի որ չգիտեր, թե ինչ էր պետք իր հորը: Նա կուրորեն հնազանդվում էր իր հորը:
Մենք կարող ենք նմանվել այս որդուն, եթե լավ չճանաչենք Հիսուս Քրիստոսին: Շատերը նվիրվում են Հիսուսին, հետևում աստվածաբանական վարդապետություններին, տալիս տասանորդ և մշտապես ծոմապահությամբ աղոթում, առանց գիտենալու Աստծո կամքը:
Երբ նրանք մահանան, հայտնվելու են դժոխքի դարպասների առջև: Նրանք այնքան շատ են ձգտում անել Աստծո կամքը, բայց իրականում չգիտեն, թե որն է այդ կամքը:
Ի՞նչ է անիրավությունը
Հավատալ Հիսուս Քրիստոսին, առանց իմանալու ջրի և Հոգու ավետարանը
«Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, Տեր, չէ՞ որ քո անունովը մարգարեացանք, և քո անունովը դևեր հանեցինք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք: Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե Երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ» (Մաթևոս 7:22-23):
Կան բաներ, որ Աստված ուզում է, որ անենք, և բաներ, որ պետք է հավատանք, ինչպես նաև բաներ, որ պետք է ունենանք: Նա ուզում է հավատանք, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերը: Շատերը մարգարեանում են, հանում դևեր և հրաշքներ գործում Նրա անունով, առանց գիտենալու ջրի և Հոգու ճշմարտությունը:
Հրաշքներ գործել, նշանակում է եկեղեցիներ կառուցել, վաճառել ունեցվածքը և նվիրել եկեղեցուն, կյանքը նվիրել Տիրոջը:
Մարգարեանալ Նրա անունով, նշանակում է լինել առաջնորդ: Այս մարդիկ նմանվում են փարիսեցիներին, որոնք պարծենում էին օրենքով ապրելու համար, բայց անարգում էին Հիսուսին: Սա նաև նմանվում է այսպես ասած ուղղափառ քրիստոնյա լինելուն:
Դևեր հանելը նշանակում է ցուցադրել զորություն: Նրանք այնքան եռանդուն են իրենց հավատքի մեջ, բայց Տերը ասելու է նրանց, որ չի ճանաչում նրանց: Նա հարցնելու է նրանց, թե որտեղից են ճանաչում Իրեն, եթե Ինքը չի ճանաչում նրանց:
Տերն ասում է. «Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե Երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ»: Այդ օրը մարդկանց ամբոխը կանչելու է. «Տեր, հավատում ենք քեզ, դու մեր Փրկիչն ես»: Նրանք ասելու են, որ սիրում են Նրան, բայց դեռ մեղքեր ունեն իրենց սրտում: Տերը անվանելու է նրանց անօրենություն գործողներ (մեղավորներ, որ փրկված չեն) և ասելու է նրանց հեռանալ Իրենից:
Այդ օրը վերստին ծնունդ չունեցած մարդիկ, որ մահացել էին, ասելու են. «Մենք մարգարեացանք, կառուցեցինք եկեղեցիներ և 50 միսիոներներ ուղարկեցինք Քո անունով»:
Բայց Հիսուսն ասելու է այդ մեղավորներին. «Երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ»:
«Ի՞նչ նկատի ունես: Դու գիտես, որ մենք մարգարեացանք Քո անունով, երկար տարիներ ծառայել ենք եկեղեցու մեջ: Մյուսներին քաջալերել ենք հավատալ Քեզ: Ինչպե՞ս կարող էիր մեզ չճանաչել»:
Նա պատասխանելու է. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել: Դուք մեղքեր ունեք ձեր սրտում և ասում եք, թե ճանաչում եք Ինձ, հեռացեք Ինձանից»:
Աստծո առաջ անօրենություն կլինի հավատալ Նրան, բայց մեղքեր ունենալ սրտում կամ չհավատալ Նրա փրկության օրենքի համեմատ: Նաև անօրենություն կլինի Աստծո կամքը չգիտենալը: Անօրենություն կլինի Նրա կամքը կատարելը, առանց իմանալու այն և կամ առանց իմանալու ջրից և Հոգուց վերստին ծնվելու օրհնության մասին: Անօրենություն կլինի հետևելը Հիսուսին, առանց Նրա կամքին հնազանդվելը: Անօրենությունը մեղք է:
Աստծո Կամքը Աստվածաշնչում
Ովքե՞ր են Աստծո զավաները
Արդարները, որ մեղքեր չունեն
Նրա կամքն է, որ հավատանք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանին: Ճշմարիտ ավետարանը նպաստում է մեր վերստին ծնունդին: Նրա կամքն է, որ մենք ապրենք ավետարանի համար որպես Նրա զավակները: Մենք պետք է գիտենանք Աստծո կամքը, բայց շատերը չգիտեն ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը:
Երբ հարցնում եմ մարդկանց, թե ինչու են հավատում Հիսուսին, շատերը պատասխանում են, որ հավատում են Հիսուսին փրկվելու համար:
-Իսկ մեղքեր ունե՞ք,-հարցնում եմ ես:
-Իհարկե, -պատասխանում են նրանք:
-Եվ ինչ է, փրկվա՞ծ եք:
-Իհարկե:
-Իսկ կարո՞ղ է մեղավորը մտնել երկնային արքայություն, եթե մեղքեր ունի սրտում:
-Ոչ, երբեք:
-Եվ դուք ո՞ւր եք պատրաստվում գնալ, դրա՞խտ:
Նրանք ասում են, որ գնալու են երկնային թագավորություն, բայց մի՞թե դա հնարավոր է, եթե ունես մեղքեր:
Ոմանք կարծում են, որ հավատալով Հիսուսին, կարող են մտնել երկնային արքայություն, նույնիսկ եթե նրանք ունենան մեղքեր: Բայց Աստված չի ընդունում մեղավորներին:
Ո՞րն է Աստծո կամքը: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կամքը այն է, որ հավատանք Նրա Որդուն, հավատանք Հիսուսի մկրտության և արյան միջոցով փրկության օրհնությանը:
Ովքեր հավատում են ջրից և Հոգուց վերստին ծնվելու օրհնությանը, դառնում են Նրա զավակները: Մենք փառավորվում ենք, երբ դառնում ենք Նրա զավակները: Նրա զավակներն արդար են:
Երբ Աստված համարում է մեզ արդար, մի՞թե մեղավորներին տեսնում է արդարացած: Աստված երբեք չի ստում: Աստծո առաջ մենք կամ մեղավոր ենք, կամ արդար: Հնարավոր չէ լինել «գրեթե արդար»: Նա արդարացած է համարում միայն նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:
Ինչպե՞ս կարող ենք դառնալ Աստծո զավակը
Ընդունելով ջրի և արյան ավետարանը
Քանի որ Աստված փոխանցեց մարդկանց բոլոր մեղքերն Իր Որդուն, նույնիսկ Իր Որդին դատապարտվեց Խաչի վրա: Աստված երբեք չի ստում: «Մեղքի վարձքը մահն է» (Հռոմեացիս 6:23): Երբ Նրա Որդին մահացավ, խավար տիրեց երկրում մոտ երեք ժամ:
«Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասեց. Էլի, Էլի լամա սաբաքթանի. այսինքն. իմ Աստված, իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մաթևոս 27:46):
Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, որ փրկեր մարդկանց: Նա վերցրեց մարդկանց մեղքերը` գիտենալով, որ խաչվելու է, և Աստված լքելու է Իրեն: Աստված Հիսուսի վրա դրեց այն մեղքերի դատաստանը, որը Նա վերցրել էր Հորդանան գետում, և երեք ժամ Իր երեսը դարձրեց Հիսուսից:
«Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու` նրանց, որ նրա անունին հավատում են» (Հովհաննու 1:12):
Դուք Աստծո զավա՞կ եք: Մենք վերստին ծնված ենք, որովհետև ընդունեցինք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը: Ովքեր վերստին ծնված են ջրից և Հոգուց, արդարացած են իրենց մեղքերից:
«Եթե Աստված մեր կողմն է` ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8:12): Երբ արդարն իրեն անվանում է արդարացած, մյուսները փորձում են դատել նրան: Պողոս առաքյալն ասում է. «Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է» (Հռոմեացիս 8:33): Աստված Հիսուսի միջոցով վերցրեց մեր մեղքերը և սրբացրեց մեզ, արդարացրեց ու դարձրեց Իր զավակները: Նա իրավունք տվեց մեզ դառնալու Նրա փառավորյալ երեխաները:
Ովքեր վերստին ծնված են ջրից և Հոգուց, Աստծո զավակներն են: Նրանք ապրում են Նրա հետ հավիտյան: Նրանք այլևս պարզապես ստեղծագործություն չեն, այլ` Աստծո զավակներ, որ պատկանում են երկնքին:
Հիմա, որ նրանք Աստծո արդար զավակներն են, չկա ոչ մեկը, որ մեղադրի նրանց, դատի նրանց կամ բաժանի Աստծուց:
Մենք պետք է ճանաչենք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը, որ հավատանք Հիսուսին: Մենք պետք է գիտենանք Աստվածաշունչը: Շատ էական է, որ գիտենանք և հավատանք Աստծո կամքին, որպեսզի հետևենք դրան:
Աստծո Կամքն է, Որ Մեղավորները Վերստին Ծնվեն Ջրից և Հոգուց
Ինչո՞ւ Աստված ուղարկեց Իր Որդուն մեղավոր մարդու կերպարանքով
Որ նրան փոխանցվեր աշխարհի բոլոր մեղքը
Աստծո կամքն է, որ մենք արդարանանք և վերստին ծնվենք ջրից և Հոգուց: «Որովհետև սա է Աստծո կամքը` ձեր սրբությունը» (1 Թեսաղոնիկեցիս 4:3):
Աստծո կամքն էր, որ Իր Որդին գար աշխարհ և բոլոր մեղքերը փոխանցվեին Նրան և մենք կարողանայինք փրկվել: Սա Հոգու օրենքն է, որ թույլ է տալիս մեզ վերստին ծնվել ջրից և Հոգուց: Այն ազատում է մեզ մեղքից:
Մենք փրկված ենք: Հիմա հասկանում եք, թե ո՞րն է Աստծո կամքը: Նրա կամքը մեզ փրկելն է: Նա չի ուզում, որ մենք փոխզիջման գնանք աշխարհի հետ, այլ ուզում է, որ հավատանք Իր Խոսքին և պաշտենք Աստծուն:
Աստծո կամքն է նաև այն, որ վերստին ծնվածները վկայեն ավետարանը և ապրեն եկեղեցում` նվիրելով իրենց մարդկանց դարձի բերելուն:
Մենք մեղանչում ենք ոչ թե մեր կամքով, այլ որովհետև տկար ենք: Բայց Հիսուսը վերցրեց այդ մեղքերը: Աստված աշխարհի բոլոր մեղքերը փոխանցեց Նրան Հովհաննես Մկրտչի միջոցով: Նա Իր Որդին ուղարկեց այն նպատակով, որ Հովհաննես Մկրտիչը մկրտեր Նրան: Մենք փրկված ենք այս հավատքով: Սա Աստծո կամքն է:
Աստծո Կամքն է, Որ Մենք Հավատանք Հիսուսին
Ինչո՞ւ Հիսուսն եկավ մեղավոր մարդու կերպարանքով
Վերցնելու մարդկանց մեղքերը
Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կամքը Նրան հավատալն է, որին ուղարկեց Աստված: «Արդ նրան ասեցին. Ի՞նչ անենք, որ Աստծո գործերը գործենք: Հիսուսն էլ պատասխանեց և նրանց ասեց. Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց: Եվ նրան ասեցին. Ապա դու ի՞նչ նշան ես անում, որ տեսնենք և հավատանք, ի՞նչ ես գործում: Մեր հայրերը անապատումը մանանան կերան. ինչպես գրված է թե Երկնքիցը հաց տվավ նրանց ուտելու» (Հովհաննու 6:28-31):
Մարդիկ ասում են Հիսուսին, որ Աստված Մովսեսին նշան տվեց, երբ նրանք ուղևորվում էին դեպի Քանան` տալով նրանց մանանա, և Իսրայել ժողովուրդը հավատաց Աստծուն (Հովհաննու 6:32-39): Մարդիկ հարցնում էին. «Ի՞նչ անենք, որ Աստծո գործերը գործենք»:
Հիսուսը պատասխանում է, որ նրանք պետք է հավատան Իրեն: Եթե մենք ուզում ենք անել Աստծո գործը, ապա պետք է հավատանք Հիսուս Քրիստոսի գործերին: Աստծո կամքն է, որ ոչ միայն հավատանք և քարոզենք ավետարանը, այլ ապրենք այն:
Աստծո պատվերն է. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը. նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի` պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը» (Մաթևոս 28:19-20):
Հիսուսը հստակորեն ասում է մկրտվել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Հոր և Հոգու գործը ամփոփված է Հիսուսի մկրտության մեջ: Երբ հասկանում ենք սա, կարողանում ենք հավատալ Աստծուն և տեսնել Հիսուսի բոլոր գործերն այս աշխարհում, և թե ինչպես է Հոգին վկայում դրանք:
Հիսուսն ուղարկվեց Աստծուց` վկայելու ջրի և Հոգու ավետարանը: Դրա համար միայն Աստծո Խոսքին և Իր ծառային հավատալու միջոցով կարող ենք փրկվել:
Կատարել Աստծո Գործը
Ո՞րն է մեր կյանքի նպատակը
Կատարել Աստծո կամքը` տարածելով ավետարանն աշխարհով մեկ
Եթե ուզում ենք անել Աստծո կամքը, նախ պետք է հավատանք Հիսուսի մկրտության և Խաչի մահի ավետարանին: Աստծո գործն այն է, որ հավատանք Նրան, որին Աստված ուղարկեց: Հիսուսին հավատալու համար նախ պետք է հավատանք, որ Նա փրկել է մեզ ջրի և արյան շնորհիվ:
Աստծո կամքը կատարվում է մեզանում, երբ հավատում ենք Հիսուսին և քարոզում ավետարանը: Այսպես մենք կատարում ենք Աստծո կամքը: Նա ասել է, որ միայն ջրից և Հոգուց վերստին ծնվելու օրհնությանը հավատացողները կարող են մտնել երկնային արքայություն:
Եկեք բոլորս մեր տեղն ունենանք երկնային տաճարում` ճանաչելով Աստծո կամքը, գիտենալով և հավատալով, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով, ապրելով Նրա թագավորության տարածման համար և քարոզելով ավետարանը մինչև մեր կյանքի վերջը:
Սիրելի քրիստոնյաներ, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կատարում են Աստծո գործը: Աստծո գործը կատարելը այն է, որ հավատանք Նրան, որին Աստված ուղարկեց: Մենք պետք է հավատանք, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Նրան, որին ուղարկեց Աստված, և որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:
Մարդկանց մեղքերից ազատագրվելն իրականացավ Հիսուսի մկրտության միջոցով Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում: Աստծո գործի երկրորդ մասն այն է, որ հավատանք Նրան, ում Աստված ուղարկեց, Փրկչին, որը վերցրեց աշխարհի մեղքերը, և քարոզել ավետարանն աշխարհով մեկ:
Հիմա վերստին ծնվածներս պետք է ապրենք և քարոզենք ավետարանը մինչ աշխարհի վերջը:
Ո՞ւր են գնում այն մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին, բայց չգիտեն, թե որն է Աստծո կամքը
Նրանք գնում են դժոխք
«Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, Տեր, չէ՞ որ քո անունովը մարգարեացանք, և քո անունովը դևեր հանեցինք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք: Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե Երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ» (Մաթևոս 7:22-23):
Այս հատվածը մեզ սովորեցնում է, թե ովքեր են մեղավորներն ու անօրեններն Աստծո առաջ:
Այնքան շատ քրիստոնյաներ կան, որ ասում են «Տեր, Տեր», բայց վերստին ծնված չեն: Նրանք դեռ տառապանքի ու դժվարությունների մեջ են, որովհետև դեռ մեղքեր ունեն իրենց սրտում: Եվ իրենց դժվարության մեջ կանչում են Աստծուն. «Տեր, Տեր»:
Նրանք հավատում են, որ իրենց խիղճը հանգստանում է, եթե նրանք աղոթքով ու աղաչանքով դիմեն Աստծուն, բայց դա անհնար է, քանի որ մեղքը չի մաքրվում նրանց սրտից: Նրանք աղոթում են սարերում առանձնացած կարծես Աստված շատ հեռու է մեզանից: Երբ չունենք կատարյալ հավատք, հակված ենք ավելի շատ ասելու «Տեր, Տեր»:
Որոշ եկեղեցիներում, որտեղ չկան վերստին ծնվածներ, աղոթում են այնպիսի մեծ եռանդով, որ բեմը կարծես փուլ է գալիս:
Բայց Աստվածաշնչում կարող ենք տեսնել, որ ոչ բոլոր «Տեր, Տեր» ասողներն են մտնում երկնային արքայություն: Միայն ջրի և Հոգու ավետարանին հավատացողներն ունեն հավատք, որը կարող է առաջնորդել կատարելու Աստծո գործը:
Աստվածաշունչն ասում է, որ մեղավոր սրտով Աստծո անունը կանչելն անօրենություն է: Երբևէ ներկա եղե՞լ եք աղոթաժողովներին սարերի վրա: Կին սարկավագները լացում ու լացում են` կանչելով Աստծո անունը, որովհետև նրանք ճշմարտությամբ չեն հանդիպել Հիսուսին, և ոչ էլ ընդունել Հոգին իրենց սրտերում, ոչ էլ վերստին ծնվել ջրից ու Հոգուց: Նրանք կանչում են Նրա անունը, որովհետև վախենում են, որ կարող է ընկնեն դժոխք:
Ենթադրենք, որ մեկն իր կյանքը նվիրել է եկեղեցական ծառայությանը, բայց Աստված չի ընդունում նրան: Եթե մեկին լքում են ծնողները կամ կողակիցը, արդեն սա բավական է դառնում, որ կոտրվի նրա սիրտը, պատկերացնում եք, թե ի՞նչ տեղի կունենա, եթե մարդուն լքում է Աստված, թագավորների Թագավորը, դատավորների Դատավորը: Ո՞ւր կգնա այդ մարդը մահից հետո:
Հույս ունեմ, որ ոչ մեկիդ սա չի պատահի: Խնդրում եմ լսեք ինձ և հավատացեք ջրի և Հոգու ավետարանին: Աստծո կամքն է, որ վերստին ծնվենք և ապրենք ջրի և Հոգու ավետարանով:
Մենք, քրիստոնյաներս պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին և զորություն ստանանք աստվածաշնչյան ճշմարտություններից: Միայն այդ ժամանակ կարող ենք խուսափել Աստծո դատաստանից: